«ԱՌՈՂՋ ԿՐԾՔԱԳԵՂՁ» ՆԱԽԱԳԻԾ
Հարգելի՛ բարեկամ,
«Առողջ կրծքագեղձ» նախագիծը, որը «ՀԵՆԱՐԱՆ» բարեգործական հիմնադրամի ընթացիկ ծրագրերից մեկն է, ուրախ է ողջունել Ձեզ իր պաշտոնական www.breast.am կայքում (անգլերեն «breast»՝ կուրծք, կրծքագեղձ):
Մեր օրերում զանգվածային լրատվամիջոցները տեղեկատվական լայն հնարավորություններ են ընձեռում. կանայք կարող են համացանցում գտնել անհամար հոդվածներ կրծքագեղձի հիվանդությունների, բուժման մեթոդների, հաճախ նաև ժողովրդական միջոցներով ինքնաբուժության մասին։ Ցավոք, դրանց մեծ մասը արտատպում է և, մեղմ ասած, կասկածելի է իր ճշգրտությամբ, ինչը երբեմն շփոթություն է ստեղծում ոչ միայն պացիենտների, այլև անգամ ոչ նեղ մասնագետ-բժիշկների համար: Հետևելով «Առողջ կրծքագեղձ» նախագծի գործունեությանը՝ Դուք պարբերաբար կստանաք մասնագիտական հավաստի տեղեկություններ կրծքագեղձի ֆիզիոլոգիայի, հիվանդությունների, ախտորոշման ժամանակակից մեթոդների ու զանազան հիվանդությունների բուժման վերաբերյալ։ Կարևորն այն է, որ այստեղ հրապարակված նյութերը կազատեն Ձեզ հաճախ հանդիպող ապատեղեկատվության վտանգից, և Դուք ստիպված չեք լինի այլ տեղերում փնտրել կրծքագեղձի՝ Ձեզ հետաքրքրող հիվանդությունների մասին մասնագիտական ճշգրիտ տեղեկություններ: Բավական է կարդալ պարբերաբար թարմացվող հոդվածները, հետևել բժշկի խորհուրդներին, բարձրաձայնել թեմային առնչվող Ձեզ հուզող հարցերը կամ խորհրդատվության նպատակով այցելել բժշկին:
Շուրջ երկու տարի է, ինչ «Առողջ կրծքագեղձ» նախագիծը տրամադրում է կրծքագեղձի առողջության վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն, կազմակերպում է խորհրդատվություններ ու վիրահատություններ, նախաձեռնում մարզային հանդիպումներ, որոնց ընթացքում անցկացվում են նաև կրծքագեղձի անվճար հետազոտություններ և թեմային առնչվող դասախոսություններ: Ամեն տարի գումարվում են բժշկական համաժողովներ արտասահմանից հրավիրված առաջատար մասնագետների մասնակցությամբ, որոնք իրենց փորձով կիսվում են Հայաստանում այս խնդրով զբաղվող բժիշկների հետ: «Առողջ կրծքագեղձ» նախագծի շրջանակներում Դուք կգտնեք Ձեզ հետաքրքրող ամեն բան կրծքագեղձի վերաբերյալ՝ դրա կառուցվածքի, հիվանդությունների և դրանց կանխարգելման մասին, ինչպես նաև բժշկին կարող եք ուղղել Ձեզ հուզող հարցերը: Կրծքագեղձի հիվանդությունների ախտորոշման դժվարությունների դեպքում կրծքագեղձի մամոգրաֆիկ նկարների վերաբերյալ հնարավոր է անվճար խորհրդատվություն ստանալ Գերմանիայի և/կամ ԱՄՆ-ի` կրծքագեղձի հիվանդությունների ախտորոշման կենտրոնների կողմից. մասնագետները, զննելով մամոգրաֆիկ նկարները, կտան երկրորդ կարծիք, ինչն ընդունված է արևմտյան բոլոր զարգացած երկրներում:
«Առողջ կրծքագեղձ» նախագծի շրջանակներում ստեղծվել է «Եվրոպա Դոննա Արմենիա»-ն՝ առաջին պացիենտական կազմակերպությունը Հայաստանում:
«Առողջ կրծքագեղձ» նախագծի առաքելությունն է օգնել կանանց ունենալ առողջ կրծքագեղձ։ Նախագիծը ստեղծման օրից ի վեր մեկ նպատակ է հետապնդում. կրթել հայ կնոջը` սովորեցնելով նրան հարգել սեփական առողջությունը: Կարևորելով կնոջ դերը յուրաքանչյուր ընտանիքում և, առհասարակ, առողջ հասարակություն ունենալու գործում՝ ևս մեկ անգամ կոչ ենք անում․ ՀԵՏԵՎԵ՛Ք Ձեր առողջությանը, հետազոտվե՛ք, անգամ եթե որևէ գանգատ չունեք: Տեղին է նշել, որ պետք չէ վախենալ ախտորոշումից, ընդհակառակը․ ժամանակին և պարբերաբար հետազոտվելը միակ և ամենաարդյունավետ միջոցն է խուսափելու ուշ հայտնաբերված քաղցկեղի վտանգից:
Մեր նպատակն ավելին է, քան պարզապես փրկել Ձեր կյանքը:
Առո՛ղջ եղեք:
Ժամանակացույց
Այստեղ կարող եք օգտվել «Առողջ կրծքագեղձ» նախագծի կողմից մշակված հատուկ էլեկտրոնային ծրագրից, որը Ձեզ կօգնի ճիշտ կողմնորոշվել, թե երբ է պետք այցելել բժշկի:
Հայտարարություններ
ԿՐԾՔԱԳԵՂՁԻ ՔԱՂՑԿԵՂԻ ԲՈՒԺՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՊԼԱՍՏԻԿ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԱՆՎՃԱՐ ԻՄՊԼԱՆՏՆԵՐՈՎ ԵՎ ԷՔՍՊԱՆԴԵՐՆԵՐՈՎ, 2018թ․ մայիսի 19-հունիսի 20
«Առողջ կրծքագեղձ» նախագծի՝ արտասահմանյան բժիշկների հետ համագործակցության ծրագրի շրջանակներում հերթական այցով ԱՄՆ-ից Հայաստան է ժամանում պրոֆեսոր Արթուր Սալիբյանը, ում հետ… կարդալ ավելին