Հորմոնալ խնդիրներ

Արդյոք ունե՞ք հորմոնալ խնդիրներ:

Վքնածությու՞ն, դյուրագրգռությու՞ն կամ վատ տրամադրությու՞ն: Հավանաբար «մեղավոր է» հորմոնալ անհավասարակշռությունը: Հորմոնները քիմիական նյութեր են, որոնք ազդում են օրգանիզմի բջիջների և օրգանների կենսագործունեության վրա: Հորմոնների մակարդակի տատանումը նորմալ է կնոջ կյանքի որոշակի շրջաններում, օրինակ` դաշտանից առաջ և դրա ընթացքում, հղիության ժամանակ, կամ էլ դաշտանադադարի շրջանում: Սակայն որոշ դեղամիջոցների օգտագործումը և առողջական խնդիրները նույնպես կարող են հանգեցնել հորմոնների մակարդակի տատանմանը:

Անկանոն դաշտան

Կանանց մեծամասնության մոտ դաշտանային պարբերաշրջանը տևում է 21 մինչև 35 օր: Եթե դաշտանը չի սկսվում ամեն ամիս կանոնավոր ժամանակահատվածում կամ բացակայում է մի քանի ամիս շարունակ, նշանակում է, որ օրգանիզմում առկա է համապատասխան հորմոնների (էստրոգեն և պրոգեստերոն) ավելցուկ կամ անբավարարություն: Եթե այս երևույթը նկատվում է 40-50 տարեկանում, ապա պատճառը կարող է լինել պերիմենոպաուզան` դաշտանադադարից առաջ և հետո ընկած ժամանակաշրջանները: Անկանոն դաշտանը կարող է լինել առողջական խնդիրների նախանշան, օրինակ` ձվարանների պոլիկիստոզի համախտանիշ (ՁՊԿՀ):

Քնի խանգարումներ

Քնի խանգարումները նույնպես կարող են պայմանավորված լինել հորմոնների մակարդակի տատանմամբ: Առողջ քնի ապահովմանը նպաստում է նաև ձվարանների կողմից արտադրվող պրոգեստերոն հորմոնը: Եթե վերջինիս մակարդակը նորմայից ցածր է, ապա խախտվում է քնի ընթացքը: Էստրոգենի ցածր մակարդակը կարող է առաջացնել գիշերային առատ քրտնարտադրություն, որն էլ բարդացնում է անհրաժեշտ հանգստի ընթացքը: 

Քրոնիկ կորյակներ (պզուկներ)

Դաշտանից առաջ կամ այդ ընթացքում առաջացած պզուկներն անվտանգ են: Բայց չանցնող կորյակները կարող են լինել հորմոնալ խնդիրների ախտանիշ: Անդրոգենների («տղամարդու» հորմոնների, որոնք առկա են և՛ տղամարդու, և՛ կնոջ օրգանիզմում) ավելցուկն ակտիվացնում է ճարպագեղձերի աշխատանքը: Անդրոգեններն ազդում են նաև մաշկի և մազարմատի գործունեությանը: Այս երկու գործոնները կարող են խցանել ծակոտիները և առաջացնել կորյակներ:

Գիտակցության մթագնում

Գիտնականները վստահ չեն, թե ինչպես են հորմոններն ազդում մարդու ուղեղին: Հայտնի է, որ էստրոգենի և պրոգեստերոնի մակարդակների տատանումները կարող են առաջացնել գիտակցության մթագնում և հիշողության հետ կապված խնդիրներ: Որոշ մասնագետներ կարծում են, որ էստրոգենը կարող է ազդել ուղեղի քիմիական նյութերի` նեյրոտրանսմիթերների վրա: Ուշադրության նվազումը և հիշողության վատացումը հատկապես հաճախակի են լինում մենոպաուզայի և պերիմենոպաուզայի ընթացքում: Բայց այս ախտանիշները կարող են նաև այլ հորմոն-կախյալ հիվանդությունների արտահայտությունը լինել, օրինակ` վահանագեղձի հիվանդությունների: Նման երևույթների առկայության դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի:

Նյութափոխանակության խնդիրներ

Աղիները պատված են մանր բջիջներով` ընկալիչներով, որոնք զգայուն են էստրոգենի և պրոգեստերոնի նկատմամբ: Եթե այդ հորմոնների մակարդակը նորմայից բարձր կամ ցածր է, ապա առաջանում են աղիների ֆունկցիայի խանգարումներ: Ահա, թե ինչու փորլուծությունը, ցավերը որովայնում, վքնածությունը և սրտխառնոցը կարող են առաջանալ կամ դառնալ ավելի ուժգին դաշտանից առաջ կամ հենց այդ օրերին: Եթե առկա են նյութափոխանակության խնդիրներ, ինչպես նաև կորյակներ և հոգնածություն, ապա հավանաբար օրգանիզմում հորմոնալ «մարած» վիճակ է:

Հոգնածություն

Անընդհատ հոգնածությու՞ն: Հոգնածությունը համարվում է հորմոնալ խանգարումների ամենատարածված ախտանիշներից մեկը: Պրոգեստերոնի ավելցուկը կարող է հանգեցնել քնկոտության: Եվ եթե վահանագեղձը (պարանոցում գտնվող «թիթեռի» տեսքով գեղձ) արտադրում է քիչ քանակությամբ հորմոններ, ապա դա հանգեցնում է ուժասպառության: Արյան տարրական քննությամբ` այսպես կոչված «վահանագեղձային սանդղակով», կարելի է ախտորոշել վահանագեղձի հորմոնների ցածր մակարդակը: Եթե այն հաստատվի, ապա անհրաժեշտ է ստանալ համապատասխան բուժում:

Տրամադրության անկայունություն և դեպրեսիա

Գիտնականները կարծում են, որ հորմոնների մակարդակի անկումը և հաճախակի տատանումները կարող են առաջացնել անտարբերություն և կամակորություն: Էստրոգենն ունի նույնպիսի ազդեցություն, ինչպես ուղեղային որոշ կարևոր նյութեր՝ սերոտոնինը, դոֆամինը և նորադրենալինը: Սակայն նեյրոտրանսմիթերների ուղիներով շրջանառվող այլ հորմոններ նույնպես մեծ ազդեցություն ունեն ինքնազգացողության վրա:

Ախորժակի բարձրացում և քաշի ավելացում 

Լարվածությունը կամ անտարբերությունը (ինչպես էստրոգենի ցածր մակարդակի դեպքում) կարող են առաջացնել անընդհատ ուտելու ցանկություն: Էստրոգենի մակարդակի անկումը կապված է քաշի ավելցուկի հետ: Էստրոգենային անբավարարությունը կարող է ազդել նաև լեպտինի՝ հագեցվածության զգացում առաջացնող հորմոնի մակարդակին:

Գլխացավեր

Շատ հանգամանքներ կարող են գլխացավեր առաջացնել: Բայց որոշ կանանց մոտ պատճառն էստրոգենի ցածր մակարդակն է: Ահա, թե ինչու հաճախ գլխացավեր են առաջանում դաշտանից անմիջապես առաջ կամ այդ օրերին, երբ էստրոգենը լինում է իր ամենացածր մակարդակի վրա: Պարբերական բնույթ կրող գլխացավերը կամ ամեն ամիս մոտավորապես նույն օրերին առաջացողները հուշում են էստրոգենի մակարդակի խախտման մասին:

Հեշտոցի չորություն

Այն նորմալ է, եթե լինում է հազվադեպ: Բայց եթե հեշտոցի չորությունը կամ գրգռվածությունը հաճախադեպ են, ապա պատճառ կարող է լինել էստրոգենի ցածր մակարդակը: Էստրոգենն ապահովում է հեշտոցի լորձաթաղանթի խոնավության և հարմարավետության զգացողությունները: Եթե հորմոնալ խանգարումների պատճառով էստրոգենի մակարդակի անկում է տեղի ունենում, ապա այն առաջացնում է հեշտոցային նորմալ խոնավության նվազում և տհաճ զգացողություն:

Սեռական հակման նվազում 

Շատերը կարծում են, թե տեստոստերոնը միայն տղամարդու հորմոն է, բայց այն արտադրվում է նաև կանանց օրգանիզմում: Եթե տեստոստերոնի մակարդակն իջնում է, ապա հնարավոր է սեռական ցանկության նվազում: 

Փոփոխություններ կրծքագեղձում

Էստրոգենի մակարդակի իջեցումը կարող է նվազեցնել կրծքագեղձի հյուսվածքի առաձգականությունը, իսկ բարձրացումը, ընդհակառակը, կարող է առաջացնել պնդացումներ` հանգեցնելով նույնիսկ կիստաների և նորագոյացությունների առաջացման: Ուստի, կրծքագեղձում փոփոխություններ նկատելու դեպքում պետք է դիմել մասնագետի, եթե նույնիսկ որևէ այլ գանգատ չունեք:

Search

+