Իմպլանտները որպես կրծքի վերականգնման միջոց

Իմպլանտները որպես կրծքի վերականգնման միջոց

Գաղտնիք չէ, որ կնոջ կուրծքն ասոցացվում է սեքսուալության, գրավչության, կանացիության հետ: Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ տղամարդկանց համար կնոջ կուրծքը համարվում է ամենագրավիչը: Թերևս այս պատճառով կանայք միշտ առանձնակի ուշադրությամբ են հետևում իրենց կրծքագեղձի առողջությանը ու չափազանց ծանր են տանում այդ օրգանի կորուստը: Կանանց մշտապես խրախուսում են պարբերաբար հետազոտվել, որի արդյունքում հնարավոր քաղցկեղը կարելի է վաղ հայտնաբերել, ինչն էլ իր հերթին թույլ է տալիս բուժման ընթացքում պահպանել կուրծքը: Սակայն երբեմն ստացվում է այնպես, որ բուժման համար հնարավոր չէ խուսափել կրծքի հեռացումից: Ուստի անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ կրծքագեղձի պլաստիկ վիրահատություններին՝ և՛ հեռացումից հետո միաժամանակյա պլաստիկայի, և՛ հետաձգված պլաստիկայի (արդեն հեռացված կրծքագեղձի հետագա վերականգնման) դեպքերին:

ԱՄՆ-ում կրծքագեղձի հեռացման 90-95% դեպքերում անմիջապես վերականգնում են այն՝ օգտագործելով իմպլանտներ: Իրականում սա կատարվում է բոլոր վիրահատվող կանանց պահանջով՝ անկախ տարիքից և սոցիալական կարգավիճակից: Համեմատելով հայ և ամերիկացի կանանց՝ ակնհայտ է դառնում սեփական առողջության և մարմնի հանդեպ ունեցած վերաբերմունքի միջև ահռելի տարբերությունը: Ավելին. հաճախ ամերիկացի կանայք հենց իրենք են պահանջում հիվանդ կրծքից բացի հեռացնել նաև առողջ կրծքագեղձը՝ անմիջապես այն վերականգնելու պայմանով: Դա կատարվում է և՛ պրոֆիլակտիկ նկատառումներով, և՛ ավելի համաչափ ու գեղեցիկ կրծքագեղձեր ստանալու նպատակով:

Ամեն տարի ամբողջ աշխարհում հազարավոր կանայք դիմում են բժշկի՝ իմպլանտների միջոցով կրծքագեղձերի մեծացման համար: Սակայն վերջին ժամանակներս իմպլանտները լայնորեն սկսել են օգտագործվել նաև կրծքագեղձը հեռացնելուց հետո դրա վերականգնման համար:

Կրծքագեղձի իմպլանտներն ունեն հարյուր տարուց ավելի պատմություն, երբ որպես իմպլանտ օգտագործվում էին ճարպ, պարաֆին, բուսական յուղեր, մոմ, մետաղյա գնդիկներ և անգամ փղոսկր: Բնականաբար, այս ամենը դատապարտված էր անհաջողության: Բայց մարդկային համառությունն այս ոլորտում հանգեցրեց նրան, որ անցած դարի 40-ականներին ի հայտ եկավ սիլիկոնը, իսկ արդեն 1962թ. հայտնվեցին առաջին սիլիկոնե պրոթեզները:

Կրծքագեղձի ժամանակակից իմպլանտն իրենից ներկայացնում է սիլիկոնե փափուկ պարկ, որի մեջ լցված է բժշկական ջրիկ սիլիկոն, կամ սիլիկոնի փոխարեն՝ հասարակ ֆիզլուծույթ: Վերջինները կոչվում են սալինային իմպլանտներ: Իրենց ձևով հիմնականում լինում են կլոր կամ ֆիզիոլոգիական՝ փոքր-ինչ օվալաձև: Կրծքագեղձի վերականգնումը, կախված դրա տեսակից, կարող է պահանջել մեկ կամ մեկից ավելի վիրահատական միջամտություն: Հաճախ կրծքագեղձի ենթամաշկային հեռացումից անմիջապես հետո կրծքագեղձի մաշկի կամ մեծ կրծքամկանի տակ տեղադրվում է դատարկ սիլիկոնե պարկ և կարվում է մաշկը: Այնուհետև մեկ կամ երկու շաբաթը մեկ անգամ դրա մեջ լցվում է սովորական ֆիզլուծույթ, որի շնորհիվ լայնացվում են մաշկը և շրջակա հյուսվածքը, մինչև այն հասնում է առողջ կրծքագեղձի չափերին: Այնուհետև, երկրորդ վիրահատությամբ այդ պարկը հեռացվում է, և սրա փոխարեն տեղադրվում է հիմնական իմպլանտը, որն արդեն լցված է ջրիկ սիլիկոնով կամ կրկին ֆիզլուծույթով: Կատարվում է նաև մյուս կրծքագեղձի որոշակի կորեկցիա, որպեսզի հավասարեցվի առաջինին: Լինում են դեպքեր, երբ առաջին վիրահատությունն այնքան է գոհացնում կնոջը, որ նա հրաժարվում է երկրորդից: Հաջորդ փուլում ձևավորվում են պտուկը և արեոլան: Դրան հասնելու բազմաթիվ եղանակներ կան, օրինակ, գոյություն ունեն սիլիկոնե պտուկների պրոթեզներ, որոնք կարող են այլընտրանք լինել պտուկի վերականգնման համար:

Կրծքագեղձի քաղցկեղով հիվանդ կնոջ հոգեբանական վիճակը

Կրծքագեղձի քաղցկեղով հիվանդ կնոջ հոգեբանական վիճակը

Կրծքագեղձի քաղցկեղով հիվանդ կնոջ հոգեկան վիճակի մասին ներկայացվող այս նյութը հետաքրքրություն կառաջացնի համեմատաբար ավելի քիչ ընթերցողների մոտ: Դրա հիմնական պատճառներից են՝ «ջայլամի» քաղաքականությունը, երբ փախչելով հնարավոր քաղցկեղի մասին ինֆորմացիայից՝ մարդն իրեն պաշտպանված է զգում, և այն, որ բոլորս, չգիտես ինչու, վստահ ենք, որ քաղցկեղը կարող է հանդիպել բոլորի մոտ՝ բացի մեզնից և մեր մտերիմներց:

Վաղուց ապացուցված է, որ վախից ելնելով՝ հիվանդությունից փախչելն ամենաանարդյունավետ մեթոդն է. վախը հաղթահարելու միակ արդյունավետ միջոցը նրան ընդառաջ գնալն է: Հաշվի առնելով վերոնշյալը՝ ևս մեկ անգամ հիշեցնենք, որ «Առողջ կրծքագեղձ» նախագծի հիմնական նպատակն է կրթել հայ կնոջը, բարձրացնել նրա զգոնությունն առողջության վերաբերյալ և ստիպել հարգել սեփական առողջությունը:

Կրծքագեղձի քաղցկեղ ունենալու հիմնավորված կասկածը կնոջ մոտ կարող է խորը դեպրեսիայի պատճառ դառնալ: Միաժամանակ մակերեսային ինֆորմացիան, ոչ մասնագիտական գիտելիքները, հարազատների ողբերգական միմիկան, հիվանդության մասին խոսելուց բուժանձնակազմի խուսափողական պահվածքը, անկասկած, թողնում են իրենց բացասական ազդեցությունը կնոջ հոգեկան վիճակի վրա՝ իր նոր ախտորոշման վերաբերյալ կնոջ արձագանքին: Վախի խորը զգացումը և իրականության մերժումը հաճախ արհեստականորեն հետաձգում են կնոջ այցելությունը բժշկին, ինչն էլ երբեմն ճակատագրական է դառնում:

Կինը, ով կասկածում է կամ իմանում է իր մոտ կրծքագեղձի քաղցկեղի գոյության մասին, անցնում է մի շարք հոգեբանական փուլերով:

  1. Շոկային և մերժման փուլ: Այս փուլը դրսևորվում է տագնապի, վախի, դեպրեսիայի միջոցով, երբեմն էլ՝ մահվան ցանկությամբ: Այս փուլում հաճախ կինը կարող է մեղադրել իրեն և կարծել, թե այս հիվանդությունը պատիժ է նախկինում կատարած ինչ-որ մեղքերի համար: Կինն այս փուլում անհանգստանում է կարիերայում, հասարակությունում, ընտանիքում ունեցած իր դիրքի կորստի մասին: Երբեմն էլ կարելի է լսել այն թյուր կարծիքը, թե իբր հիվանդությունը վարակիչ է, և հիվանդը փորձում է խուսափել հարազատներից: Այս փուլում շատ դժվար է հանգստացնել կնոջը: Այդ իսկ պատճառով նրան պետք չէ ուղղակիորեն ասել, որ նա ունի կրծքագեղձի քաղցկեղ: Այդ բառը ցանկալի է ժամանակավոր փոխարինել այլ բառերով: Հիվանդության առկայության մասին ասելուց հետո պետք չէ անմիջապես հեռանալ. անհրաժեշտ է մնալ պացիենտի մոտ այնքան ժամանակ, ինչքան անհրաժեշտ է: Այս փուլն ավարտվում է մերժումով: Դա ինքնապաշտպանական ռեակցիա է: Կինն իրեն և իր հարազատներին փորձում է համոզել, որ դա հնարավոր չէ, և ինքը չունի որևէ հիվանդություն, և որ ամեն ինչ լավ կլինի՝ անգամ առանց բուժման: Հիվանդը կասկածում է անգամ բժշկի կոմպետենտությանը: Նա փորձում է վերադառնալ իր առօրյային, կարծես ոչինչ չի եղել: Ցավոք, սա ամենավտանգավոր փուլն է, որը կարող է տևել երկար, ինչի արդյունքում և՛ պացիենտը, և՛ բժիշկը կորցնում են ամենակարևորը՝ ԺԱՄԱՆԱԿԸ: Այս փուլում չի կարելի գնալ վախեցնելու ճանապարհով՝ կյանքը կորցնելու սպառնալիքով, հիվանդին համոզել բուժվել: Դա կարող է բերել խորը դեպրեսիայի:
  2. Ագրեսիա կամ զայրույթ: Այս փուլում, երբ իրականությունը մասամբ արդեն ընդունված է, կարող ենք հանդիպել հիվանդի ագրեսիվ պահվածքին, որը կարող է դրսևորվել «մեղավորների» փնտրտուքով: «Մեղավոր» կարող են լինել թե՛ բժիշկը, թե՛ «նախանձ» հարևանը և թե՛ «վատ աչքը»: Այս փուլը կարճ է տևում, և կարիք չկա դիմադրել հիվանդի կարծիքին: Պետք է թողնել, որ նա արտահայտի իր հույզերը:
  3. Առևտուր: Հասկանալով զայրույթի անարդյունավետությունը` հիվանդը փորձում է գործարքի գնալ իրականության հետ: Այս փուլում հիվանդը փորձում է իրականությունից «գնել» սկզբում առողջացում, հետո` կյանքի երկարաձգում: Որպես գին այստեղ կարող են հանդես գալ որոշակի վարք ցուցաբերելու` «լավը լինելու» խոստումները:
  4. Դեպրեսիա: Այս փուլում կնոջը բնորոշ են ապատիան, անտարբերությունը, կյանքի նկատմամբ հետաքրքրության կորուստը: Կրծքագեղձի քաղցկեղով հիվանդ կինն այս փուլում ձգտում է միայնության: Սովորաբար այս ընթացքում կինն արդեն գտնվում է բուժման ընթացքում: Դեպրեսիայի շրջանում կարևոր է մի փոքր շեղել հիվանդին իր հիվանդությունից: Այստեղ մեծ դեր է խաղում հարազատների և մտերիմների պահվածքը: Օրինակ՝ կարելի է համատեղ թերթել ընտանեկան նկարները, դիտել դրական լիցքերով լի կինոֆիլմ, զբոսնել երեխաների հետ, զբաղվել ընթերցանությամբ կամ սիրած աշխատանքով:
  5. Ընդունում: Այս բոլոր փուլերն անցնելուց հետո հիվանդը վերջապես կարողանում է ընդունել իր հիվանդությունը, ձևավորվում է անձի նոր նույնականացում: Այստեղ գերակայում է հիվանդության հանդեպ ներդաշնակ տիպը, որն օգնում է հիվանդին ակտիվ և պատասխանատու կերպով մոտենալ բուժմանը:

Ցանկացած փուլում կարևոր է չկորցնել վստահությունը բուժման հաջող ավարտի վերաբերյալ: Ցանկացած փուլում դիմե՛ք ձեր բժշկին՝ ակնկալելով նրանից ոչ միայն նեղ մասնագիտական, այլ նաև հոգեբանական օգնություն: Այս ճանապարհն անհամեմատ հեշտ է հաղթահարել՝ պահպանելով պացիենտի կապը հոգեբանի հետ:

Հարգելի՛ կանայք, ամենից կարևոր ենք համարում նշել, որ կրծքագեղձի քաղցկեղը դեռևս դատավճիռ չէ, ընդամենը կարելի է անվանել կյանքի հերթական փորձություն: Ժամանակին և գրագետ բուժում ստանալու դեպքում այս հիվանդությունը հաղթահարելի է:

Դեպրեսիա բուժումից հետո

Դեպրեսիա բուժումից հետո

Կրծքագեղձի քաղցկեղի բուժման հիմնական եղանակներն են՝ վիրահատությունը, քիմիաթերապիան, հորմոնալ թերապիան և ճառագայթային բուժումը: Կրծքագեղձի վիրահատական բուժումը ենթադրում է ուռուցքի հեռացում, կրծքագեղձի մասնակի հեռացում կամ ամբողջ կրծքագեղձի հեռացում: Արևմտյան երկրներում ավելի հաճախ են իրականացվում օրգանապահպան վիրահատություններ, այսինքն՝ կուրծքը չի հեռացվում: Ցավալի է, բայց Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղի վիրահատական բուժման ահռելի տոկոս է կազմում կրծքագեղձի ամբողջական հեռացումը (մաստէկտոմիա): Սրա պատճառները տարբեր են: Առաջին պատճառն իհարկե այն է, որ կանայք ուշ են դիմում բժշկի, և հիվանդությունը հայտնաբերվում է արդեն տեղային տարածվածությամբ: Երկրորդ պատճառն է բժշկի մոտեցումը, երբ հիվանդն ունի ռեալ հնարավորություն իր կրծքագեղձը պահպանելու, սակայն վիրաբույժն իբրև հետագա հնարավոր խնդիրներից խուսափելու, այսպես ասած, «ապահովության» համար հիվանդին առաջարկում է ամբողջովին հեռացնել կրծքագեղձը: Պատճառներից մեկն էլ հիվանդի ցանկությունն է, երբ կինը (երբեմն էլ հարազատները), անկախ հիվանդության տարածվածությունից, ինքն է պահանջում հեռացնել իր կուրծքը՝ կարծելով, թե կրծքագեղձի ամբողջական հեռացումից է կախված իր ապաքինումը: Մինչդեռ ճիշտ որոշում կայացնելու համար նախ անհրաժեշտ է վստահ լինել, որ Ձեր բժիշկը քաջատեղյակ է ուռուցքաբանության ժամանակակից նվաճումներին, այնուհետև նրա հետ միասին ծանրութեթև անել ռիսկի բոլոր գործոնները:

Հիվանդների մոտ 80%-ի համար կրծքագեղձի կորուստը ոչ միայն համարվում է ֆիզիկական թերություն, այլև դառնում է էմոցիոնալ խանգարումների լուրջ հիմք: Կանայք գտնում են, որ կրծքագեղձը կորցնելով՝ կորցնում են իրենց հմայքը, կանացիությունը, սեքսուալությունը: Կրծքագեղձի քաղցկեղի բուժման դժվարին ճանապարհին, երբ կնոջ մոտ հաճախ անելանելիության զգացում է նկատվում, կրծքագեղձի կորստի հետևանքով առաջացած սթրեսը հանգեցնում է սեփական անձի թերարժեքության բարդույթի և դեպրեսիայի: Նման դեպրեսիան կոչվում է հետմաստէկտոմիկ դեպրեսիա: Այս դեպքում նկատվում են անդադար հոգնածության զգացում, քնի և ախորժակի խանգարում, անհանգստություն և ապատիա, ջղագրգռություն և շրջապատից օտարացած լինելու զգացում: 20-40% դեպքերում նվազում է ֆիզիկական ակտիվությունը, 40-70%-ի մոտ դեպրեսիան անդրադառնում է ընդհանուր առողջության վրա, 35-50% դեպքերում նվազում է սոցիալական ակտիվությունը, և կինը դուրս է մնում կյանքի նախկին սովորական հունից: Կարող է փոխվել վերաբերմունքը կենցաղի նկատմամբ՝ սննդի, քնի, աշխատանքի, փոխվում են զգացմունքները և մտքերը նաև սեփական անձի հանդեպ: Կինը նյարդայնանում է հարազատների ջերմ ուշադրությունից կամ էլ նրանց, հաճախ թվացյալ, անուշադրությունից: Հիվանդը կարող է կորցնել իր հետաքրքրությունը կյանքի նկատմամբ, ժամանակից շուտ իրեն դասել ծերերի շարքին: Այս վիճակը կարող է տևել ամիսներ և տարիներ:

Երիտասարդների մոտ կրծքագեղձի կորուստն ավելի խորը դեպրեսիայի պատճառ է դառնում: Գոյություն ունեն նման վիճակից դուրս գալու տարբեր մեթոդներ՝ ինքնուրույն կամ հոգեբանի օգնությամբ: Մասնագետների պնդմամբ ամենաարդյունավետ տարբերակը կրծքագեղձի վիրաբուժական վերականգնումն է: Կրծքագեղձը հնարավոր է վերականգնել անմիջապես հեռացնելուց հետո կամ հետագայում՝ ամիսներ, անգամ տարիներ անց: Որքան երիտասարդ է կինը, այնքան արտահայտված է կուրծքը վերականգնելու նրա ցանկությունը: Արևմտյան Եվրոպայում 90% դեպքերում մինչև 40 տարեկան կանայք կրծքագեղձը կորցնելուց հետո ցանկություն են հայտնում այն վերականգնելու: 40-50 տարեկանների շրջանում նման ցանկություն հայտնում է մոտ 55%-ը, 60-70 տարիքային խմբում՝ 15%-ը: Ցավոք, Հայաստանում այս տոկոսը չափազանց ցածր է անգամ երիտասարդ պացիենտների մոտ, և, որքան էլ զարմանալի է, 90% դեպքերում խոչընդոտ է հանդիսանում ոչ թե ֆինանսական գործոնը, այլ սեփական անձի հանդեպ ունեցած ցածր գնահատականը, հարմարվողականությունը և կնոջ՝ իր անձի հանդեպ ունեցած վերաբերմունքի տարբերությունը՝ մինչ քաղցկեղ ախտորոշումը և ախտորոշումից հետո: Սովորաբար ախտորոշումից հետո կանանց մոտ նկատվում է սեփական անձի հանդեպ ընդգծված անտարբերություն. հիվանդը կարծում է, որ ինքն այլևս որպես կին չի հետաքրքրի շրջապատին և իր կանացիությունը (կուրծքը) վերականգնելու փոխարեն նախընտրում է համակերպվել ճակատագրին: Կա նաև թյուր կարծիք, թե վերականգնողական վիրահատությունները բարձրացնում են կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը: Նման պնդումը չի համապատասխանում իրականությանը և չունի որևէ գիտական և անգամ տրամաբանական հիմնավորում:

Ավշահանգույցների հեռացում ռադիոիզոտոպով

Հայաստանում արդեն հասանելի է կրծքագեղձի քաղցկեղի վիրահատական բուժման նոր մեթոդը՝ «պահակային ավշահանգույցների հեռացում ռադիոիզոտոպային մեթոդով»։

Հայտնի է, որ կրծքագեղձի քաղցկեղի վիրահատական բուժման ժամանակ հաճախ անհրաժեշտ է լինում հեռացնել անութափոսի (թևատակի) ավշային հանգույցները, պարզելու՝ կա՞, արդյոք, ուռուցքի տարածում դրանց մեջ: Նման ծանր վիրահատությունը հաճախ հանգեցնում է հետվիրահատական բազմաթիվ անցանկալի երևույթների (տե՛ս նկարներում)` վիրահատված կողմի ձեռքի այտուց, ձեռքի շարժումների սահմանափակում, թմրածություն, քրոնիկ ցավ, թիակի տեղաշարժում և այլն:

 

Նման բարդություններից խուսափելու լավագույն հայտնի մեթոդն այսուհետ հասանելի է Հայաստանում։ Մեթոդի էությունը կայանում է հետևյալում. ցուցումները հաշվի առնելով` կրծքագեղձի վիրահատությունից առաջ կրծքում հատուկ ռադիո-իզոտոպային նյութ (Technetium-99m) ներարկելուց հետո վիրահատության ժամանակ հատուկ սարքի (գամմա-դետեկտոր) միջոցով հայտնաբերվում և հեռացվում են ընդամենը մի քանի անհրաժեշտ ավշահանգույցներ: Հիվանդը հաջորդ օրը կարող է գնալ տուն, և հաճախ անհրաժեշտություն չի լինում անգամ վիրակապությունների:

Երկար ժամանակ է, ինչ ցանկանում էի ներդնել այս մեթոդը Հայաստանում։ Եվ ահա 2018թ․ հունիսին հաջողությամբ կատարեցի առաջին երկու վիրահատություններն այս սարքի օգնությամբ, և դրանք առաջինն էին մեր հանրապետությունում: Հարկ է նշել, որ զարգացած երկրներում լայնորեն կիրառվող այս սարքի և մեթոդի ձեռքբերումը մեծ հաջողություն է Հայաստանի համար:

Կրծքագեղձի քաղցկեղի բուժման տեսանելի կողմնակի բարդությունները

Կրծքագեղձի քաղցկեղի բուժման տեսանելի կողմնակի բարդությունները

Կրծքագեղձի քաղցկեղի բուժման ընթացքում ի հայտ են գալիս որոշ կողմնակի երևույթներ (կրծքագեղձի փոփոխություններ, մազաթափություն, վերին վերջույթի՝ ձեռքի այտուց, քաշի ավելացում կամ կորուստ, մաշկի և եղունգների փոփոխություններ), որոնք հիվանդի համար դառնում են լրացուցիչ մտահոգության խնդիր:

Կրծքագեղձի քաղցկեղի բուժման կողմնակի բարդությունները, որոնք շրջապատի համար նկատելի են, կարող են բացասաբար անդրադառնալ հիվանդի հուզական վիճակին: Սակայն դրանք հաղթահարելու համար կարելի է ձեռնարկել մի շարք քայլեր:

Կրծքագեղձի փոփոխություններ

Տեսանելի կողմնակի բարդություններից է կրծքագեղձի մասնակի կամ ամբողջական հեռացումը, որի հետևանքով կրծքերի միջև անհամաչափություն է նկատվում: Եթե հեռացվել է կրծքագեղձը, ապա կարելի է կատարել կրծքագեղձի վերականգնողական վիրահատություն, իսկ (կամ) մինչ այդ արտաքին պրոթեզ կրել: Կրծքագեղձի պրոթեզը դնում են կրծկալի մեջ կամ ամրացնում մաշկին երկկողմանի կպչուն ժապավենով: Պրոթեզի ճիշտ ընտրության համար պետք է խորհրդակցել համապատասխան մասնագետի (կրծքագեղձի պրոթեզի գծով խորհրդատուի) հետ:

Մազաթափություն

Քիմիաթերապիայի հետևանքով կարող է մազաթափություն առաջանալ: Այդ տեսակ դեղամիջոցներn առավել մեծ ազդեցություն ունեն արագ աճող բջիջների վրա, ինչպիսիք են քաղցկեղային բջիջները: Բանն այն է, որ մազարմատի ֆոլիկուլների բջիջները նույնպես արագ են աճում, և հենց այդ պատճառով են դրանք վնասվում: Մազաթափությունը յուրաքանչյուր մարդու մոտ տարբեր բնույթի և ինտենսիվության կարող է լինել՝ կախված ընդունած քիմիաթերապիայի տեսակից: Մազաթափության պատճառ կարող է լինել նաև ճառագայթային և հորմոնալ բուժման այս կամ այն տեսակը: Եթե մազերը թափվում են քիմիաթերապիայի պատճառով, ապա, հավանաբար, մազաթափություն կլինի բուժման մեկնարկից 1-2 շաբաթների ընթացքում: Հնարավոր է, որ մազերն ամբողջությամբ միաժամանակ բարակեն կամ թափվեն: Երբեմն ոչ միայն գլխի, այլև ամբողջ մարմնի մազերն են թափվում (թարթիչների, հոնքերի, թևերի, ոտքերի և ցայլքի շրջանի):

Խորհուրդներ. Մազաթափությունը հնարավոր չէ կանխել, բայց մեղմ շամպուն և մազերի փափուկ խոզանակ օգտագործելու կամ մազերը չորացնելիս ֆենը ցածր ջերմաստիճանով կիրառելու դեպքում հնարավոր է մի փոքր նվազեցնել մազաթափությունը: Սակայն խրախուսելի է հետևել արևմտյան երկրների կանանց օրինակին և բուժումը սկսելուն պես ինքնակամ ամբողջովին ազատվել մազերից, կամ կարճ կտրել և ժամանակավոր կրել կեղծամ: Այդպիսով կինը զերծ է մնում լոգանք ընդունելիս մազերի զանգվածային կորստից կամ առավոտյան արթնանալիս բարձի վրա թափված մազեր տեսնելուց: Կարելի է գնել շարֆեր, չալմաներ, գլխարկներ նախքան մազաթափության սկսվելը: Նախապատրաստել սիրելիներին, հատկապես երեխաներին մազաթափությունից հետո արտաքին տեսքի փոփոխությանը՝ այսպիսով նրանց ևս մասնակից դարձնելով շարֆերի և այլ պարագաների ընտրությանը: Երբեմն մազերը սկսում են նորից աճել նույնիսկ նախքան բուժման ավարտը, բայց դրանք կարող են ավելի բարակ լինել կամ այլ գույն և խտություն ունենալ: Հաճախ ենք հանդիպում կանանց, ովքեր մազերի կորուստն ավելի ծանր են տանում, քան անգամ կրծքագեղձի հեռացումը: Հարկ ենք համարում նշել, որ հիմնականում քիմիաթերապիան ավարտելուց մոտ 2 ամիս անց մազերը սկսում են ինտենսիվ կերպով վերականգնվել: Այս հոգեբանական խնդրի լուծման մեջ մեծ դեր ունեն բուժող բժիշկը, հոգեբանը, հիվանդի հարազատները:

Ձեռքի այտուց

Բժիշկներն այս երևույթը լիմֆեդեմա են անվանում. թևի այտուց այն կողմից, որտեղ կրծքագեղձի և/կամ ավշային հանգույցների վիրահատություն է կատարվել: Այն կարող է լինել նաև ճառագայթային բուժման հետևանք: Հաճախ դա ժամանակավոր բնույթ է կրում, բայց կարող է դառնալ նաև մշտական՝ ազդելով հիվանդի կյանքի որակի վրա: Առավել հաճախ նման այտուց առաջանում է, երբ հեռացվում են թևատակի բոլոր ավշահանգույցները: Կրծքագեղձի ժամանակակից վիրաբուժությունը թույլ է տալիս որոշ դեպքերում հեռացնել միայն մի քանի ավշային հանգույց, կամ միայն նրանք, որոնք պետք է հեռացվեն, դրանով իսկ զգալիորեն նվազեցնել ձեռքի այտուցի առաջացման ռիսկը: Նախքան վիրահատությունը պետք է հարցնել բժշկին՝ արդյոք անհրաժեշտ է հեռացնել բոլո՞ր ավշային հանգույցները, թե կարելի՞ է սահմանափակվել միայն, այսպես կոչված, պահակային ավշահանգույցների հեռացումով: Թևի այտուցի ախտանիշները ժամանակին նկատելու դեպքում կարելի է նվազեցնել դրա զարգացման տեմպերը:

Խորհուրդներ.

  • Պետք չէ անտեսել ձեռքին առաջացող ցանկացած այտուց:
  • Խուսափել վնասված ձեռքի մաշկին այլ վնասվածք պատճառելուց:
  • Ձեռնոցներ կրել այգեգործություն կամ տնային գործեր անելիս:
  • Խուսափել ջրի ջերմաստիճանի կտրուկ փոփոխություններից:
  • Ձեռքը պաշտպանել արևի ազդեցությունից:
  • Խուսափել վնասված ձեռքից ներարկումներ կամ ներերակային միացումներ (սիստեմա) ստանալուց:
  • Խուսափել վնասված ձեռքով ծանր պայուսակներ վերցնելուց կամ ծանր ու սեղմող զարդեր կրելուց:

Այտուցի դեպքում հնարավոր է առաջանա նաև հագուստի ճիշտ ընտրության անհրաժեշտություն: Ավելի թույլ/ազատ նստող հագուստի հետ մեկտեղ կարող է անհրաժեշտ լինել նաև առաձգական թեզանիք (эластичный рукав)՝ այտուցը վերահսկելու համար: Այտուցի առաջացումից խուսափելու կամ դրա ազդեցությունը նվազեցնելու համար կարելի է խորհրդակցել լիմֆեդեմայի գծով հավաստագրված թերապևտի հետ, ով կարող է անվտանգ վարժություններ և այլ արդյունավետ միջոցներ առաջարկել:

Քաշի ավելացում կամ կորուստ

Բուժման ընթացքում հնարավոր է քաշի ավելացում կամ կորուստ: Քաշի կորուստը կարող է պայմանավորված լինել սրտխառնոցով, փսխումով կամ ախորժակի անկումով: Քաշի ավելացումը հաճախ պայմանավորված է քիմիաթերապիայով կամ հորմոնալ թերապիայով, որոնք երկուսն էլ կարող են վաղաժամ դաշտանադադարի պատճառ դառնալ: Սակայն ընդունած որոշ այլ դեղամիջոցները, սննդակարգի փոփոխությունները և սահմանափակ ակտիվությունը/նստակյաց կյանքը նույնպես կարող են նպաստել լրացուցիչ կիլոգրամների առաջացմանը:

Խորհուրդներ. Սահմանափակ սննդակարգով սնվելու փոխարեն պետք է օգտագործել սննդարար և հավասարակշռված սնունդ կանոնավոր քաշի ու էներգիայի պահպանման և ապաքինման համար:

  • Օգտագործել սպիտակուցներով հարուստ սնունդ, բայց սահմանափակել հագեցած ճարպերը, շաքարը, ալկոհոլը և աղը:
  • Ողջ օրվա ընթացքում ուտել հաճախ, բայց քիչ քանակությամբ, հատկապես եթե սրտխառնոց ունեք:
  • Կատարել ֆիզիկական վարժություններ, որոնք օգնում են վերահսկել քաշը և պահպանել ախորժակը: Ֆիզիկական վարժություններն օգնում են նաև կողմնակի այլ բարդությունների դեպքում, ինչպես, օրինակ, ուժասպառության ու դեպրեսիայի: Կարելի է բժշկից տեղեկանալ, թե կոնկրետ Ձեր դեպքում ակտիվության ո՞ր մակարդակն է նախընտրելի:
  • Հետևել ֆիզիկական վարժություններ կատարելու առօրյա կանոնավոր ռեժիմին: Նույնիսկ մի քանի րոպե տևողությամբ ամենօրյա մարզանքը կարող է ինքնազգացողությանը դրական փոփոխություն հաղորդել:

Մաշկի և եղունգների փոփոխություններ

Սրանք կարող են նկատվել քիմիաթերապիայից, ճառագայթային կամ հորմոնալ բուժումից հետո: Մաշկի հնարավոր փոփոխություններն են.

  • կարմրություն;
  • ցան;
  • չորություն;
  • բորբոքում;
  • երակների մգացում:

Ճառագայթային բուժման և քիմիաթերապիայի որոշակի տեսակներով պայմանավորված՝ կարմրությունը կարող է ավելի բարդանալ, եթե մաշկը նաև արևահարվի: Թեև հազվադեպ, բայց երբեմն հնարավոր է մաշկի քիմիական վնասում, երբ ներերակային միացմամբ քիմիաթերապիայի դեղորայքը թափվում է մաշկի վրա կամ մաշկի տակ: Մաշկի վրա առաջացած ցանկացած ճաքի կամ կտրվածքի մասին, որը կարող է վարակվել, պետք է տեղեկացնել բժշկին:

Խորհուրդներ

  • Խորհրդակցել բուժանձնակազմի հետ նախքան մաշկի խնամքի համար որևէ պարագա (լոսյոններ, փոշիներ, օծանելիք, կրեմներ/քսուքներ, հոտազերծիչներ, մարմնի յուղեր կամ տնական դեղամիջոցներ) օգտագործելը: Որոշ կոսմետիկ միջոցներում պարունակվող հավելանյութերը կարող են վատթարացնել մաշկային ռեակցիաները:
  • Բուժման ընթացքում խուսափել ներկանյութով համեմված և հոտավետ լվացքի միջոցներից:
  • Մաշկը պահել մաքուր և չոր, օգտագործել մեղմ օճառ և լոգանք ընդունելուց հետո սրբիչի թեթև հպումներով չորացնել մաշկը:
  • Բժշկի թույլտվությամբ օրվա ընթացքում մի քանի անգամ բարձր արդյունավետությամբ խոնավեցնող միջոց օգտագործել չոր մաշկի խնամքի համար:
  • Արևի ազդեցությանը ենթարկվելիս արևապաշտպան քսուք օգտագործել:
  • Թույլ/ազատ նստող և բնական գործվածքներից հագուստ կրել, օրինակ՝ բամբակե և մետաքսե:

Եղունգների հնարավոր փոփոխություններ

Եղնգահուները կարող են մգանալ կամ գունազրկվել: Հնարավոր է եղունգների ճեղքում, շերտավորում կամ կոշտացում: Երբեմն դրանք կարող են նաև անջատվել եղնգահունից: Նման դեպքում պետք է տեղեկացնել բժշկին, քանի որ դա մեծացնում է վարակման ռիսկը:

Խորհուրդներ

  • Եղունգները կարճ կտրել շերտատվելու հավանականությունը նվազագույնին հասցնելու համար:
  • Խուսափել արհեստական եղունգներից, որոնք կարող են մեծացնել վարակի ներթափանցման ռիսկը: Կարելի է եղունգների լաք օգտագործել, իսկ դրա մաքրման համար՝ ոչ ացետոնային հիմքով մաքրող նյութ, որը քիչ է չորացնում:
  • Կուտիկուլների հեռացման համար մեղմ քսուք կամ գել օգտագործել՝ մերսելով այն եղունգների մեջ:
  • Չի կարելի եղունգները կծել:
  • Ձեռնոցներ կրել այգի մշակելիս կամ տնային գործեր անելիս:
  • Խուսափել մասնագիտական մատնահարդարումից, իսկ օգտվելու դեպքում կիրառել ախտահանված սեփական գործիքները:
  • Խուսափել ձեռքերը ջրում երկար պահելուց՝ սնկային վարակների ռիսկի նվազեցման համար:

Մաշկի և եղունգների փոփոխությունները սովորաբար անհետանում են բուժման ավարտից հետո:

Կրծքագեղձի քաղցկեղի վիրահատման տարբերակները

Ինչպիսի՞ն է կրծքագեղձի քաղցկեղի վիճակագրական պատկերն աշխարհում և, մասնավորապես, Հայաստանում:

Նորություն չէ, որ ողջ աշխարհում կրծքագեղձի քաղցկեղի դեպքերը գնալով շատանում են, բայց միաժամանակ նվազում է այդ հիվանդությունից  մահացության ցուցանիշը: Վերջինս պայմանավորված է բուժման նորագույն մեթոդների և դեղորայքի կիրառմամբ: Բացի այդ, ողջ աշխարհում անցկացվում են ուռուցքաբանին ժամանակին դիմելու կամ պացիենտին նրա մոտ ուղղորդելու քարոզչական լայնածավալ միջոցառումներ, ինչի շնորհիվ ավելի շատ են քաղցկեղի վաղ հայտնաբերման դեպքերն ու զարգացման կանխարգելման հավանականությունը: Այս ամենը համապատասխանորեն անդրադառնում է բուժման արդյունքների վրա: Հայաստանում պատկերը գրեթե  նույնն է՝ կրծքագեղձի քաղցկեղի դեպքերի  շատացման առումով, սակայն մահացության ցուցանիշն ավելի քիչ է նվազել՝ զարգացած  երկրների համեմատ

Վերջին 8-9 տարվա ընթացքում ԱՄՆում կրծքագեղձի քաղցկեղից մահացությունը նվազել է 23%-ով, իսկ Մեծ Բրիտանիայում՝ 20%-ով: Քանի որ Հայաստանում մեծապես առկա է դիմելիության խնդիրը, մարդիկ, նույնիսկ տեղյակ լինելով իրենց մոտ չարորակ ուռուցքի մասին, ուշ են դիմում մասնագետին: Չնայած այս  հանգամանքին՝ ըստ պաշտոնական վիճակագրական տվյալների՝ վերջին տասնամյակում  կրծքագեղձի քաղցկեղից մահացության ցուցանիշը նվազել է 6.5%-ով: Մեկ այլ օրինակ՝ արդեն բացարձակ թվերով. դեռևս 1990թ. կրծքագեղձի քաղցկեղով  հիվանդ  663 մարդ  կար գրանցված, իսկ 2011թ.՝ 1140: Իսկ եթե հաշվի առնենք վերջին տարիների Հայաստանում միգրացիոն փոփոխությունները, ապա այս թվերն ավելի լուրջ տեսք են ստանում:

Որո՞նք են կրծքագեղձի քաղցկեղի բուժման հիմնական մեթոդները:

Կրծքագեղձի քաղցկեղի բուժման հարցում թե՛ պատմականորեն, և թե՛ ժամանակակից բժշկագիտության շրջանակներում առայժմ որպես հիմնական մաս մնում է վիրահատական միջամտությունը: Ժամանակի ընթացքում ավելացել են քիմիաթերապիան, հորմոնաթերապիան, իմունաթերապիան, ճառագայթային բուժումը և այլն: Շնորհիվ կոնսերվատիվ բուժման մեթոդների զարգացման և քաղցկեղի զարգացման նոր տեսությունների՝ վերջին 2-3 տասնամյակներում բավականին մեծ փոփոխություններ են տեղի ունեցել վիրաբուժական մեթոդների մեջ. գնալով նվազագույնի են հասցվում վիրահատության ծավալներն՝ ըստ  անհրաժեշտության: Անցյալում բացի կրծքագեղձից  հեռացվում էին նաև մեծ և փոքր կրծքամկանները, երբեմն՝ անգամ հարկրծոսկրային ավշային հանգույցները: Կար մոտեցում, ըստ որի, անկախ ուռուցքի չափսերից՝ որքան ավելի մեծ տրամագծով  հեռացվեն հյուսվածքներն, այնքան հիվանդության բուժման արդյունքներն ավելի լավը կլինենՆերկայում մկանները չեն հեռացվում, եթե անգամ կարիք կա. հեռացվում են անութափոսի ավշային հանգույցների 3 մակարդակներից 1-2-ը միայն:

Ըստ ի՞նչ գործոնների է որոշվում վիրահատության ծավալը:

Որոշում կայացնելիս պետք է հաշվի առնել կրծքագեղձի և ուռուցքի չափերը, երբեմն նաև՝ կրծքագեղձի մեջ ուռուցքի տեղակայումը:Ապացուցողական բժշկությունը, որը ներառում է բազմաթիվ բժիշկների և կլինիկաների փորձի ամփոփումը, եկել է եզրահանգման, որ կրծքագեղձն ամբողջությամբ հեռացնելը չի բարելավում բուժման արդյունքները(եթե իհարկե դրա համար չկան խիստ ցուցումներ, օրինակ՝ մի քանի օջախի առկայություն): 

Այսօր նախընտրելի է պարզապես հեռացնել ուռուցքը: Մինչև 3 սմոց ուռուցքի դեպքում կարելի է կրծքագեղձը մասամբ հեռացնել, իսկ 3-ից ավելի դեպքում ցանկալի է իրականացնել նախավիրահատական բուժում՝ քիմիաթերապիայի կամ էլ, ըստ ցուցումների, հորմոնալ թերապիայի տեսքով, փոքրացնել ուռուցքը, հասցնել այն օրգանպահպան վիրահատելի համապատասխան չափերի և նոր վիրահատել: Իհարկե, թերապիայից առաջ պետք է ուռուցքի բիոպսիա կատարել, մանրամասն տվյալներ ստանալ դրա մասին՝ ճիշտ բուժում անցկացնելու համար: Լինում են դեպքեր, երբ ողջ քիմիաթերապիայի կուրսը պացիենտը ստանում է նախավիրահատական շրջանում, և վիրահատությունից  հետո մնում է միայն ճառագայթային բուժումը: Վերջինս շատ կարևոր նշանակություն ունի օրգանպահպան վիրահատությունների դեպքում, քանի որ ամրապնդում է տեղային բուժման արդյունավետությունը

Բոլորովին վերջերս Ուռուցքաբանության ազգային կենտրոնում սկսել ենք իրականացնել ուռուցքի նշագրում՝ միկրոինվազիվ մեթոդով: Այն արվում է նախավիրահատական շրջանում՝ բիոպսիայի ժամանակ, սոնոգրաֆի հսկողության տակ: Այսինքն, ուռուցքի եզրերին դրվում են հատուկ ռենտգենդրական մարքերներ (հատուկ մետաղից): Դա թույլ է տալիս հետևել ուռուցքի չափերի փոփոխվելը նախավիրահատական կոնսերվատիվ բուժման ընթացքում: Նույնիսկ եթե  ուռուցքն այնքան փոքրանա, որ չհայտնաբերվի գործիքային մեթոդներով, տեղադրված մարքերների շնորհիվ մեզ հայտնի է մնում առաջնային ուռուցքի տեղակայումը: Իսկ սա  կարևոր է օրգանպահպան վիրահատության համար:  

Ի՞նչ քայլեր են արվում վիրահատությունից  հետո՝ ստացված արդյունքը հսկողության տակ պահելու նպատակով:

Սովորաբար, ուռուցքը հեռացնելուն պես այն ուղարկվում է հյուսվածքաբանական հետազոտության՝ պարզելու, արդյոք ուռուցքի եզրերը “մաքուրեն՝ զերծ ուռուցքային բջիջներից: Լինում են դեպքեր, երբ ռեռեզեկցիայի՝ վերամասնահատման կարիք է առաջանում: Բացի այդ, վերջերս Ուռուցքաբանության ազգային կենտրոնում ևս մի լրացուցիչ մեթոդ է կիրառվում. հեռացված ուռուցքի շրջանում տեղադրվում են հատուկ մետաղական ամրակներ, որոնք ռենտգենդրական են և հետագայում ճառագայթային թերապևտին հստակ ցույց են տալիս ուռուցքի նախկին տեղակայումը: Սա թույլ է  տալիս, որ ճառագայթային թերապիան ավելի դիպուկ և նպատակային լինի, նվազեցնի հիվանդության կրկնվելու հավանականությունը:

Կրծքագեղձը պահպանելուց բացի, մեծ նշանակություն է տրվում նաև դրա արտաքին էսթետիկ տեսքի պահպանմանը: Օնկոպլաստիկայի օրենքներին հետևելով և պարզապես ճիշտ ու հաճախ ոչ խորամանկ կտրվածքներ կատարելով՝ կարելի է նվազագույնի հասցնել գեղձի դեֆորմացիան, հմտորեն թաքցնել հետվիրահատական սպին

Ինչպես հայտնի է՝ շատ հաճախ ուռուցքային բջիջները կրծքագեղձի օջախից ավշային անոթներով տարածվում և տեղակայվում են անութափոսի ավշային հանգույցներում: Ըստ այդմ՝ ինչպե՞ս է որոշվում հանգույցների  հեռացման հարցը:

Ավշային հանգույցներում ուռուցքային բջիջների առկայությունը կամ բացակայությունը՝ այսպես կոչված նոդալ ստատուսը, շատ կարևոր է թե՛ բուժման ճիշտ մեթոդիկա ընտրելու, թե՛ հետագա հնարավոր զարգացման վերաբերյալ կանխատեսումներ անելու համար: Նոդալ ստատուսը մեզ ցույց է տալիս՝ ախտահարված են անութափոսի ավշային հանգույցները, թե  ո՛չ, եթե այո, ապա դրանցից քանիսը, ողջ հանգույցը, թե դրա մի մասը. յուրաքանչյուր տվյալ իր նշանակությունն ունի: Նոդալ ստատուսը պարզորոշելու համար սովորաբար բոլոր ավշային հանգույցների հեռացում է կատարվում, որից  հետո դրանք հյուսվածքաբանական հետազոտության են ենթարկվում: Բայց նման հեռացումը  բերում է մի շարք բարդությունների՝ 
1.պացիենտը շատ ավելի երկար ժամանակ է անցկացնում հիվանադանոցում
2.առաջանում են հետվիրահատական վաղ և ուշացումով (անգամ՝ մի քանի տարի անց) բարդություններ՝ վիրահատված կողմի վերին վերջույթի՝ տարբեր աստիճանի այտուցներ
3. սահմանափակվում են այդ վերջույթի ֆունկցիաները, ինչը կարող է  ուղեկցել մարդուն տարիներ շարունակ
4. առաջանում են զգացողական խանգարումներ:

Այս  ամենից  խուսափելու համար արևմտյան զարգացած երկրներում կիրառվում է այսպես կոչվածպահակայինավշային հանգույցի հեռացում

Համարվում  է, որ ուռուցքային բջիջները տարածվելով ախտահարում են իրենց ճանապարհին առաջին ավշային հանգույցը և հետո  նոր միայն շարժվում առաջ՝ դեպի այլ մակարդակներում գտնվող ավշային հանգույցներ: Հետևաբար, եթե պահակային հանգույցում չկան ուռուցքային բջիջներ, ապա շատ մեծ հավանականությամբ մյուս մակարդակներում էլ հանգույցներն ախտահարված չեն: Դա նշանակում է, որ հանգույցներն ամբողջովին հեռացնելու և կնոջը նման տրավմատիկ վիրահատության ենթարկելու կարիքը չկա:

Որքա՞ն է այս  դեպքում սխալվելու հավանականությունը, և ի՞նչ է արվում նման պարագայում:

Սխալվելու  հավանականություն միշտ կա: Բայց եթե  ամեն ինչ ճիշտ և գրագետ արվի, ապա չսխալվելու  հավանականությունը 85-90% է: Մնացյալ 10 -15%-ի դեպքում, եթե  հայտնաբերվում են ախտահարված հանգույցներ, դրանք կարող են էռադիկացվել (ոչնչացվել) ճառագայթային բուժման և քիմիաթերապիայի միջոցով: Հազվադեպ կարիք է լինում նաև կրկնակի վիրահատության: Սխալվելու հավանականությունը նկարագրելիս՝ լուծումը բարդ է թվում, բայց նաև շատ մեծ է կնոջ կուրծքը և վերին վերջույթի ֆունկցիոնալությունը պահպանելու հավանականությունը:

Ախտահարված ավշային  հանգույցների հայտնաբերման և հեռացման ընթացքը

Ուռուցքաբանության ազգային կենտրոնում լայնորեն կիրառվում է  հետևյալ մեթոդը. հատուկ լիմֆոտրոպ՝ հիմնականում կապույտ ներկերով, հատուկ մեթոդիկայով սրսկումներ են կատարվում կրծքագեղձի մեջ, որն ավշային անոթները ներկելով՝ տարածվում է դեպի հանգույցներ: Առաջինը ներկվում է վերը նշվածպահակայինմեկ կամ մի քանի հանգույց, որը հեռացնելուն պես ուղարկվում է հյուսվածքաբանական հետազոտության: Եթե ի պատասխան տեղեկացվում ենք, որ հանգույցն ախտահարված է, ապա վիրահատությունը շարունակվում է, և հեռացվում են նաև մնացածները: Իսկ եթե դրա անհրաժեշտությունը չի լինում, ապա վերը նշված բարդությունները գործնականորեն չեն առաջանում: Ժամանակակից գրականությանը և ուղեցույցներին հետևելը, բազմաթիվ արտասահմանյան գործուղումներն ու վերապատրաստումները մասնագետներին թույլ են տալիս Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղի բուժումն իրականացնել ժամանակակից մոտեցումներով

Քաղցկեղի բուժման ժամանակ ինֆուզիոն պորտ համակարգի կիրառում

ՔԱՂՑԿԵՂԻ ԲՈՒԺՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԻՆՖՈՒԶԻՈՆ ՊՈՐՏ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

Թերևս բոլորն են լսել չարորակ ուռուցքների դեպքում կիրառվող մեթոդի` քիմիաթերապիայի մասին: Քիմիաթերապիան հատուկ դեղամիջոցների կիրառումն է, որոնք կասեցնում են ուռուցքային բջիջների աճը և/կամ ոչնչացնում դրանք: Կրծքագեղձի քաղցկեղի դեպքում քիմիաթերապիան անց է կացվում ներարկման կամ դեղամիջոցը խմելու եղանակով: Ներկայացնենք ինֆուզիոն պորտ համակարգը (port-a-cath` պորտակատ), որը կիրառվում է քիմիաթերապիայի դեղերի ներարկման համար:

Քիմիաթերապևտիկ դեղամիջոցներն այս եղանակով ներարկելն անհամեմատ ավելի հեշտ ընթացք է ունենում պացիենտի համար և թույլ է տալիս խուսափել յուրաքանչյուր գործողության համար կրկնակի ներերակային ներարկումներ կատարելուց, մանավանդ, երբ բուժումը երբեմն կարող է տևել ամիսներ, կամ էլ ավելի երկար:

Պորտ համակարգն իմպլանտացվող համակարգ է և հնարավորություն է տալիս մուտք գործել դեպի կենտրոնական երակային համակարգ: Պորտ համակարգի միջոցով դեղը, մուտք գործելով կենտրոնական երակային համակարգ, անմիջապես խառնվում է մեծածավալ արյան հետ և առավել արդյունավետորեն է տարածվում քիմիաթերապիա ստացող հիվանդների ամբողջ օրգանիզմով:

Պորտ համակարգը կազմված է երկու մասից` պորտ և կաթետր: Պորտը ոչ մեծ տարա է, որն իմպլանտացվում է կրծքավանդակի վերին հատվածում` մաշկի տակ: Պորտին միանում է կաթետրը, որի միջոցով համակարգը միակցվում է կենտրոնական երակային համակարգին:

ԻՆՉՈՒ՞ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊՈՐՏ ԿԱԹԵՏՐԸ

Բուժման ժամանակ անընդհատ երակային մուտքի կարիք է լինում: Տոքսիկ դեղորայքը` հատկապես քիմիաթերապևտիկ դեղերը, վնասում են փոքր տրամաչափի երակները` հետագա ներարկումները դարձնելով ավելի ցավոտ: Ունենալով մուտք դեպի կենտրոնական երակային համակարգ` թերապիան իրականացվում է առավել արդյունավետ և անվտանգ:

ԻՆՉՊԵ՞Ս Է ՏԵՂԱԴՐՎՈՒՄ ՊՈՐՏ ԿԱԹԵՏՐԸ

Ինֆուզիոն պորտը մոտավորապես 4սմ տրամագծով և 2սմ հաստությամբ տարա է, որը ներսից ծածկված է բիոիներտ պոլիմերով: Վերին հատվածը ծածկված է բազմաշերտ սիլիկոնե թաղանթով, որտեղից իրականացվում է դեղերի ներարկումը: Տարային միացվում է կաթետր, որի դիստալ հատվածը միակցվում է կենտրոնական երակային համակարգին (ենթանրակային կամ ներքին լծային երակների):

Մոտավորապես 1 ժամ տևողությամբ միջամտությունն իրականացվում է ռենտգեն վիրաբուժական սենյակում տեղային կամ ներերակային անզգայացմամբ, որից հետո պացիենտը մնում է ստացիոնարում ևս 4 ժամ: Միջամտության ժամանակ կատարվում են փոքր կտրվածք և ներմաշկային գրպանիկի ձևավորում՝ կրծքավանդակի վերին հատվածում տարայի տեղադրման նպատակով: Այնուհետև միացվում է կաթետրը, որի դիստալ հատվածը, ռենտգեն հսկողության ներքո, իջեցվում է մինչև վերին սիներակի ստորին 1/3 հատվածը: Անհրաժշտության դեպքում հենց հաջորդ օրը հիվանդը կարող է քիմիաթերապիա ստանալ: Ցանկալի է պորտ կաթետրը տեղադրել քիմիաթերապիա ստանալուց առնվազն 10 օր առաջ:

ԻՆՉՊԵ՞Ս Է ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ՊՈՐՏԻ ԽՆԱՄՔԸ

Պորտի տեղադրումից հետո նվազագույնն ամիսը մեկ անգամ այն պետք է, այսպես ասած, լվանալ` կաթետրի խցանումից խուսափելու համար: Պորտը կարելի է հեռացնել բուժման ամբողջական կուրսն ավարտելուց հետո: Եթե խնդիրներ չեն առաջացել, կարելի է նաև թողնել, քանի որ տվյալ խմբի պացիենտներն անընդհատ երակային ներարկումների կարիք են ունենում: Հնարավոր է նաև լաբորատոր հետազոտությունների համար պորտի միջոցով արյուն վերցնել:

ՀՆԱՐԱՎՈՐ ՌԻՍԿԵՐԸ

Նորագույն տեխնոլոգիաները, ռենտգենի և ուլտրաձայնի առկայությունը թույլ են տալիս ռիսկերը նվազագույնի հասցնել: Պորտ համակարգի կիրառման դեպքում առկա են վերքի ինֆեկցվելու հետ կապված ոչ մեծ ռիսկեր: Բացի այդ, նախքան այս համակարգի կիրառումը պետք է տիրապետել օրգանիզմի` ալերգիաների նկատմամբ հակվածության տեղեկատվությանը:

Կրծքագեղձի քաղցկեղի վիրահատական բուժման փոփոխությունները Հայաստանում

Կրծքագեղձի քաղցկեղի վիրահատական բուժման փոփոխությունները Հայաստանում

Կրծքագեղձի քաղցկեղի բուժման հարցում թե՛ պատմականորեն, և թե՛ ժամանակակից բժշկագիտության շրջանում առայժմ, որպես հիմնական մեթոդ, եղել և մնում է վիրահատական միջամտությունը: Ժամանակի ընթացքում ավելացել են քիմիաթերապիան, հորմոնալ թերապիան, ճառագայթային բուժումը և այլն: Շնորհիվ բուժման նոր մեթոդների զարգացման և քաղցկեղի զարգացման նոր տեսությունների բավականին մեծ փոփոխություններ են տեղի ունեցել վիրաբուժական մեթոդների առումով. գնալով նվազագույնի են հասցվում վիրահատության ծավալները՝ ըստ անհրաժեշտության: Անցյալում կար թյուր կարծիք, ըստ որի՝ անկախ ուռուցքի չափսերից՝ որքան ավելի մեծ տրամագծով հեռացվեն հյուսվածքները, այնքան հիվանդության բուժման արդյունքներն ավելի հաջող կլինեն:

Վիրահատության ծավալը որոշելիս՝ պետք է հաշվի առնել կրծքագեղձի և ուռուցքի չափերը, երբեմն նաև՝ կրծքագեղձի մեջ ուռուցքի տեղակայումը: Ապացուցողական բժշկությունը, որը ներառում է բազմաթիվ բժիշկների և կլինիկաների փորձի ամփոփումը, եկել է այն եզրահանգման, որ կրծքագեղձն ամբողջությամբ հեռացնելը չի բարելավում բուժման արդյունքները (եթե, իհարկե, դրա համար չկան խիստ ցուցումներ, օրինակ՝ կրծքագեղձում մի քանի օջախների առկայությունը): Այսօր նախընտրելի է պարզապես հեռացնել ուռուցքը: Մինչև 2.5-3սմ ուռուցքի դեպքում, եթե կուրծքը շատ փոքր չէ, կարելի է կրծքագեղձից հեռացնել միայն գոյացությունը (իհարկե, առողջ հյուսվածքների սահմաններում), իսկ 3սմ-ից ավելի մեծ չափերի դեպքում ցանկալի է իրականացնել նախավիրահատական բուժում՝ քիմիաթերապիայի կամ, ըստ ցուցումների, հորմոնալ թերապիայի միջոցով փոքրացնել ուռուցքը, հասցնել այն հնարավորինս փոքր չափերի, այնուհետև վիրահատել՝ պահպանելով կրծքագեղձը:

Իհարկե, դեղորայքային բուժումից առաջ պետք է ուռուցքի բիոպսիա կատարել, մանրամասն տվյալներ ստանալ դրա մասին՝ ճիշտ բուժում անցկացնելու համար: Լինում են դեպքեր, երբ քիմիաթերապիայի ամբողջ կուրսը հիվանդը ստանում է նախավիրահատական շրջանում, և վիրահատությունից հետո մնում է միայն ճառագայթային բուժումը: Վերջինս շատ կարևոր նշանակություն ունի օրգանպահպան (այսինքն կուրծքը չհեռացնելու) վիրահատությունների դեպքում, քանի որ ամրապնդում է տեղային բուժման արդյունավետությունը: Նշենք նաև, որ վերջերս սկսել ենք իրականացնել ուռուցքի նշագրում միկրոինվազիվ մեթոդով: Այն արվում է նախավիրահատական շրջանում՝ բիոպսիայի ժամանակ, սոնոգրաֆիայի հսկողության տակ: Այսինքն, ուռուցքի եզրերին կամ հենց անմիջապես նրա մեջ դրվում են հատուկ մետաղից փոքրիկ մարկերներ, որոնք հետագայում պարզ երևում են մամոգրաֆիայի ժամանակ: Դա թույլ է տալիս հետևել ուռուցքի չափերի փոփոխվելուն դեղորայքային բուժման ընթացքում: Նույնիսկ եթե ուռուցքն այնքան փոքրանա, որ այլևս չշոշափվի կամ չհայտնաբերվի սոնոգրաֆիայով ու մամոգրաֆիայով, տեղադրված մարկերների շնորհիվ հայտնի է դառնում առաջնային ուռուցքի տեղակայումը: Իսկ սա շատ կարևոր է օրգանպահպան վիրահատության համար: Այս մեթոդը միայն վերջերս ենք սկսել կիրառել Հայաստանում, սակայն ցավոք, առայժմ Հայաստանում դա լայն կիրառություն չի ստացել, մինչդեռ ամբողջ աշխարհում այն լայն տարածում ունի: Վիրահատությունից հետո ստացված արդյունքը հսկողության տակ պահելու նպատակով, սովորաբար, ուռուցքը հեռացնելուն պես այն ուղարկվում է հյուսվածքաբանական հետազոտության՝ պարզելու համար՝ արդյոք ուռուցքի եզրերը «մաքուր» են, այսինքն՝ զերծ են արդյոք ուռուցքային բջիջներից:

Բացի այդ, վերջերս լրացուցիչ ևս մի մեթոդ է կիրառվում. հեռացված ուռուցքի շրջանում տեղադրվում են հատուկ մետաղական ամրակներ, որոնք հետագայում ճառագայթային թերապևտին հստակ ցույց են տալիս ուռուցքի նախկին տեղակայումը: Սա թույլ է տալիս, որ ճառագայթային թերապիան ավելի դիպուկ և նպատակային լինի, և ճառագայթները հասնեն հենց ուռուցքի հեռացված հատվածին՝ հետագայում դրա կրկնվելուց խուսափելու համար:

Կրծքագեղձը պահպանելուց բացի կարևոր ենք համարում նաև նրա արտաքին էսթետիկ տեսքի պահպանումը: Օնկոպլաստիկայի օրենքներին հետևելով և պարզապես ճիշտ ու հաճախ ոչ խորամանկ կտրվածքներ կատարելով՝ կարելի է նվազագույնի հասցնել գեղձի դեֆորմացիան, հմտորեն թաքցնել հետվիրահատական սպին:

Ամբողջ աշխարհում և, ցավոք, նաև Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղն ունի երիտասարդացման միտում, այսինքն՝ շատանում են դեպքերը, երբ այդ հիվանդությունը հանդիպում է ավելի երիտասարդ կանանց շրջանում: Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղի դեպքերի մոտ 30%-ը հանդիպում է ռեպրոդուկտիվ, այսինքն՝ ծննդաբերելու հնարավորություն ունեցող տարիքում: Սովորաբար երիտասարդ կինն ավելի ծանր է տանում կրծքագեղձի կորուստը: Այս ամենը հաշվի առնելով՝ առավել շատ է կարևորվում քաղցկեղը բուժել առանց կրծքագեղձի հեռացման:

Ֆիբրոադենոմա

Ֆիբրոադենոմաի՞նչ է դա և ի՞նչ անել։

Ֆիբրոադենոման բարորակ գոյացություն է, որը կազմավորվում է միաժամանակ կրծքագեղձի ինչպես գեղձային, այնպես էլ շարակցական հյուսվածքից: Դրանք կազմում են կրծքագեղձի գոյացությունների 13-15%: Այն ամենից հաճախ հանդիպում է աղջիկների սեռական հասունացման տարիքից մինչև 30 տարեկան ընկած ժամանակահատվածում: Մոտ 60% դեպքերում դրանք շոշափվում են, երբ մեծանում են չափերով: Շոշափելիս նրանք հիմնականում ունեն կլորավուն և հարթ եզրագծեր:

Ֆիբրոադենոմայի ամենաբնորոշ հատկանիշներից է նրա զգալի շարժողականությունը: Շոշափելիս մատերի տակից «փախչելու» հատկության պատճառով ֆիբրոադենոման երբեմն անվանում են «կրծքագեղձի մկնիկ»: 

Ֆիբրոադենոման կրծքագեղձում կարող է լինել ինչպես մեկ գոյացության տեսքով, այնպես էլ տասնյակից ավելի: 

Ախտորոշման համար անհրաժեշտ է կատարել ուլտրաձայնային հետազոտություն (սոնոգրաֆիա) կամ մամոգրաֆիա (եթե կա ցուցում): Երբեմն կատարվում է նաև բիոպսիա, այսինքն՝ գոյացությունից վերցվում է մի հատված, որն ուղարկվում է հետազոտության մանրադիտակի տակ:

Ֆիբրոադենոման հիվանդի կյանքին վտանգ չի սպառնում: Դրա դեղորայքային բուժումը հազվադեպ է կիրառվում, քանի որ գործնականորեն անօգուտ է: Բուժումը վիրահատական է, սակայն ֆիբրոադենոմաների միայն մեկ երրորդը կարիք ունի հեռացման: Օրինակ՝ բարդ ֆիբրոադենոմաները, մեծ չափսերի կամ ցավոտ ֆիբրոադենոմաները, ֆիլոիդ կամ տերևանման ֆիբրոադենոմաները, շատ հին ֆիբրոադենոմաները, կամ եթե նրանք առաջացել են արդեն 40 տարեկանից հետո: Վիրահատության անհրաժեշտությունը որոշում է բժիշկը: Մնացած դեպքերում բժշկի թույլտվությամբ այն կարելի է միայն հսկել:

10% դեպքերում գոյացությունը կանոնավոր մեծանում է: Գոյացությունը կարող է մեծանալ հղիության ընթացքում կամ տարատեսակ հորմոնալ դեղամիջոց(ներ)ի ընդունման արդյունքում:

Հազվադեպ, բայց ֆիբրոադենոման կարող է փոքրանալ կամ նույնիսկ անհետանալ: Հասարակ ֆիբրոադենոմայի առկայությունը կրծքագեղձի համար վտանգավոր որևէ ռիսկ չի ներկայացնում: Կան հետազոտություններ, ըստ որոնց, այն կանանց մոտ, ովքեր ունեն բազմակի ֆիբրոադենոմաներ կամ բարդ ֆիբրոադենոմաներ (իրենց մեջ կիստոզ ներառուկներով), իրենց կյանքի ընթացքում կրծքագեղձի քաղցկեղի 1.5-2 անգամ ավելի մեծ ռիսկ ունեն: Այստեղ խոսքը չի գնում առկա ֆիբրոադենոմայի չարորակացման, այլ ընդհանրապես, կրծքագեղձի մասին:

Ինչ է մամոգրաֆիան

ՃԻՇՏ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ՄԱՄՈԳՐԱՖԻԱՅԻՆ: ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՑ 

2011 թվականին ամբողջ աշխարհում ավելի քան 500 հազար կին մահացել է կրծքագեղձի քաղցկեղից: Սա կանանց շրջանում ամենատարածված ուռուցքային հիվանդությունն է: Այն երկրներում, որտեղ առկա է մատչելի վաղ ախտորոշում և որակյալ բուժում, այդպիսի հիվանդների ապրելիությունը կազմում է մոտավորապես 80%՝ հիմնականում հիվանդության վաղ հայտնաբերման շնորհիվ:

Մամոգրաֆը կրծքագեղձի ռենտգենաբանական հետազոտման համար նախատեսված սարք է, որը հնարավորություն է տալիս հայտնաբերել չարորակ նորագոյացությունները: Մամոգրաֆիան կրծքագեղձի քաղցկեղի վաղ ախտորոշման առայժմոսկեստանդարտ եղանակ է, սակայն շատ կանանց անհանգստացնում է գործողության ժամանակ առաջացող ցավը:

Համաձայն Քաղցկեղի ամերիկյան ասոցիացիայի (American Cancer Society) ուղեցույցների՝ ԱՄՆում 40-44 տարեկան կանայք պետք է կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգ սկսելու հնարավորություն ունենան, 45-54 տարեկանում ահրաժեշտ է մամոգրաֆիան անցնել յուրաքանչյուր տարի: 55 տարեկանն անց կանանց կարելի է այն իրականացնել ավելի պակաս հաճախականությամբ ՝ երկու տարին մեկ անգամ, կամ պահպանել ամենամյա ռեժիմը: Որոշ դեպքերում սքրինինգն անհրաժեշտ է սկսել 25 տարեկանից, եթե նախկինում տվյալ հիվանդի կամ նրա ընտանիքի անդամների մոտ արդեն ախտորոշվել է կրծքագեղձի քաղցկեղ:

Մամոգրաֆիան տևում է մոտավորապես 20 րոպե: Այդ ընթացքում բժիշկը պացիենտի կրծքագեղձը տեղադրում է 2 թիթեղների միջև, որոնցից մեկն անշարժացնում է կուրծքը, իսկ երկրորդը գրանցում է պատկերը: Կրծքագեղձի սեղմումը հնարավորություն է տալիս ավելի հստակ պատկեր ստանալ, որն արտացոլում է հյուսվածքների ամբողջ կառուցվածքը:

Գործողության ցավոտությունը մի քանի գործոններով է պայմանավորված, ինչպիսիք են՝ բժշկի կամ բուժքույրտեխնիկի պատրաստվածությունը, պացիենտի անհանգստությունը կամ կրծքագեղձի կառուցվածքը: Եթե մամոգրաֆը սխալ դիրքում գտնվի, այն նույնպես կարող է խնդիրներ առաջացնել: Օրինակ, որոշ դեպքերում կանայք ստիպված են թեքվել՝ թիթեղների ոչ ճիշտ բարձրության պատճառով: Այդ դեպքում պացիենտները կարող են ցավ զգալ մեջքի կամ պարանոցի շրջանում: Բացի այդ, կրծքագեղձերում ֆիբրոզկիստոզ փոփոխություններ ունեցող կանայք ավելի են հակված մամոգրաֆիայի ընթացքում ցավ զգալու:

Ցավային զգացողություններից խուսափելու համար ը խորհուրդ եմ տալիս հետևել մի քանի կանոնների:

Անհրաժեշտ է ճիշտ որոշել գործողությունն իրականացնելու ժամանակը. մամոգրաֆիայի իրականացումը պետք է պլանավորել դաշտանային ցիկլից մեկ շաբաթ անց: Այլ ժամանակահատվածում հորմոնային տատանումները կարող են ավելացնել գործողության ցավոտությունը:

Անհրաժեշտ է գործողությունն իրականացնող մասնագետին տեղեկացնել ֆիբրոզկիստոզային փոփոխությունների առկայության կամ նախկինում մամոգրաֆիայի իրականացման ժամանակ առաջացած ցավերի մասին:

Սուրճ կամ կոֆեին պարունակող գազավորված ըմպելիքները չարաշահող կանայք պետք է սահամանափակեն դրանց ընդունումը երկու շաբաթ առաջ` նախքան մամոգրաֆիայի իրականացումը, քանի որ այն կարող է կրծքագեղձի հյուսվածքներն ավելի զգայուն դարձնել:

Անհրաժեշտ է դիտարկել ոչ ստերոիդ հակաբորբոքիչ դեղամիջոցների ընդունման հնարավորությունը գործողության իրականացումից 45-60 րոպե առաջ

Կրծքագեղձի և մամոգրաֆի թիթեղների միջև փափուկ շերտի առկայությունը կարող է զգալիորեն նվազեցնել գործողության ցավոտությունը:

Մամոգրաֆիայի ընթացքում անհրաժեշտ է շնչել դանդաղ և խորը. այն կարող է նվազեցնել տագնապի հետ կապված ցավի արտահայտվածությունը

Կանանց, ովքեր պլանավորում են շուտով ընդհատել երեխային կրծքով կերակրումը, մասնագետները խորհուրդ են տալիս վերանայել մամոգրաֆիայի իրականացման հետաձգման հնարավորությունը:

Ցավային զգացողությունների առաջացման դեպքում անհրաժեշտ է այդ մասին անմիջապես հայտնել բժշկին, հատկապես եթե ցավն անտանելի է: Մամոգրաֆիան չպետք է այնպիսի զգացողություններ առաջացնի, որոնց պատճառով կինը սկսի խուսափել գործողության կրկնությունից

Մամոգրաֆիան հարաբերականորեն անվտանգ է, թեև պահանջում է ճառագայթման ցածր չափաբաժինների կարճաժամկետ ազդեցություն: Գործողության հիմնական թերությունն այն է, որ հնարավորություն է տալիս հայտնաբերել քաղցկեղի ոչ բոլոր տեսակները: Հետազոտության բարձր զգայնության պատճառով երբեմն կարող են արձանագրվել կեղծ դրական արդյունքներ: Նախկինում մամոգրաֆիա անցած կանանց խորհուրդ եմ տալիս իրենց հետ վերցնել նախորդ նկարները, որը հնարավորություն կտա բժշկին համեմատել հին և նոր տվյալները` բարձրացնելու ախտորոշման ճշտությունը:

1 2 3 4

Search

+