Վարդագույն ժապավեն. մի նշանի պատմություն

ՎԱՐԴԱԳՈՒՅՆ ԺԱՊԱՎԵՆ. ՄԻ ՆՇԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

«Վարդագույն ժապավենը» (անգլ. – pinc ribbon) միջազգային նշան է, որը խորհրդանշում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարը: Այս նշանը օգտագործվում է տարբեր կազմակերպությունների ու անձանց կողմից, որոնք այս կամ այն կերպ նպաստում են այդ հիվանդության դեմ իրականացվող տարբեր ծրագրերի ստեղծմանն ու իրագործմանը: Ողջ աշխարհում նման ծրագրերը հովանավորվում են պետությունների ղեկավարների, հայտնի մարդկանց, զանազան մասնավոր կազմակերպությունների ու ֆոնդերի կողմից:

90-կաններին հայտնվեց կարմիր ժապավենը, որը խորհրդանշում էր ՁԻԱՀ-ի դեմ պայքարը: Ընդհանրապես, այսօր աշխարհում ընդունված է օգտագործել տարբեր գույնի ժապավեններ՝ որպես ինչ-որ բանի նշան: Այդպիսի սովորույթը սկիզբ է առել մի ամերիկացի դիվանագետի կնոջ ակցիայից հետո: Նրա ամուսինը 40-ականներին պատանդ էր մնացել Թեհրանում՝ ԱՄՆ-ի դեսպանատանը: Նրա կինը, հիմք ընդունելով այն ժամանակ ամերիկյան զինվորականների մոտ համբավ վայելող դեղին ժապավենի մասին երգը, օգտագործեց այն՝ ի նշան իր ամուսնու՝ ապահով տուն վերադառնալու անսահման ցանկության: Նա դեղին ժապավենները կախել էր ծառի ճյուղերից: Այդ գործում նրա համախոհները շատացան, ու կարճ ժամանակում դեղին ժապավենը դարձավ իբրև անհայտ կորածների նշան:

Իսկ առաջին անգամ վարդագույն ժապավենն առաջ բերեց Սյուզան Կոմեն անունով մի կազմակերպություն, որը պայքարում էր կրծքագեղձի քաղցկեղի դեմ: Նյու Յորքում 1990թ. այս կազմակերպության անդամները բաժանում էին վարդագույն գլխարկներ բոլոր նրանց, ովքեր մասնակցում էին այդ հիվանդության դեմ պայքարին նվիրված խորհրդանշական վազքին: Մեկ տարի անց՝ նման խորհրդանշական վազք-մարաթոնի ժամանակ, արդեն բաժանվում էին վարդագույն ժապավեններ:

Վարդագույն ժապավենը հայտարարել որպես կրծքագեղձի դեմ պայքարի խորհրդանիշ առաջարկել էին Ալեքսանդրա Պեննին, ով կանանց առողջության մասին ինչ-որ ամսագրի գլխավոր խմբագիրն էր, և Էվելին Լաուդերը, ով հանրահայտ Էստե Լաուդեր կոսմետիկայի կորպորացիայի փոխնախագահն էր:

Հետագայում հենց նրանց նախաձեռնությամբ կատարված ակտիվ լուսաբանման շնորհիվ վարդագույն ժապավենը ձեռք բերեց մեծ համբավ ու հիմա, հայտնվելով ամենուր, ևս մեկ անգամ հիշեցնում է բոլորին կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի կարևորության մասին։

 

25 միֆ կրծքագեղձի քաղցկեղի մասին

25 ՄԻՖ ԿՐԾՔԱԳԵՂՁԻ ՔԱՂՑԿԵՂԻ ՄԱՍԻՆ

Պրակտիկորեն ամեն օր հանդիպում ենք հիվանդների, որոնք վստահ են կրծքագեղձի քաղցկեղին վերաբերող որոշ «փաստերի» ճշմարտության մեջ, մինչդեռ դրանք իրականությանը չեն համապատասխանում:

Ներկայացնում ենք կրծքագեղձի քաղցկեղի միֆերի մասին մի հետաքրքիր շարք՝ փորձելով փոխել հանրության պատկերացումն այս հիվանդության մասին: 

ՄԻՖ 1. Կրծքագեղձի քաղցկեղով հիվանդանում են միայն այն կանայք, ովքեր ունեն նման հիվանդության պատմություն իրենց հարազատների շրջանում:

Ո՛չ: Կրծքագեղձի քաղցկեղի միայն 10%-ն է զարգանում ժառանգական նախատրամադրվածությամբ պայմանավորված: Ավելին, 70% դեպքերում կանանց շրջանում կարելի է անգամ չգտնել կրծքագեղձի քաղցկեղի հիմնական ռիսկի գործոնների առկայությունը: Միաժամանակ հարկ է նշել, որ կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը կրկնապատկվում է, եթե ընտանեկան պատմության մեջ առկա է կրծքագեղձի քաղցկեղով հիվանդ հարազատ (ծնող, քույր, եղբայր, երեխա): Ռիսկը է՛լ ավելի բարձր է, եթե այդպիսիք երկուսն են, օրինակ՝ երկու քույր:

ՄԻՖ 2. Երկաթե բռնակներ ունեցող կրծկալները բարձրացնում են կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը:

Ո՛Չ: Սա ընդամենը վարկած է, որը, սակայն, մի շարք հետազոտությունների արդյունքում այդպես էլ չի հաստատվել: Այսինքն, չկա որևէ ապացույց, որ սեղմող կրծկալները կամ, առհասարակ, որևէ հագուստ կարող է նպաստել քաղցկեղի զարգացմանը: Միևնույն ժամանակ հարկ ենք համարում նշել, որ երկաթե բռնակներով կրծկալները կամ կրծկալի սխալ ընտրած չափը կարող են հանգեցնել կրծքում խրոնիկական ցավի։

ՄԻՖ 3. Կրծքագեղձում շոշափվող ցանկացած գոյացություն քաղցկեղ է:

Ո՛Չ: Կրծքագեղձում շոշափվող գոյացությունների 80%-ից ավելին բարորակ է (ֆիբրոզ փոփոխություններ, կիստաներ և այլն): Այնուամենայնիվ, բժիշկները խրախուսում են բժշկի դիմել կրծքագեղձում ցանկացած բան շոշափելիս, քանի որ վաղ փուլում հայտնաբերված քաղցկեղի լիովին բուժման հավանականությունը մեծ է: Բժշկի ցուցումով կատարվում է կրծքագեղձի ուլտրաձայնային կամ մամոգրաֆիկ հետազոտություն, իսկ անհրաժեշտության դեպքում՝ բիոպսիա՝ գոյացության բնույթը վերջնականապես որոշելու համար:

ՄԻՖ 4. Վիրահատությունը նպաստում է ուռուցքի տարածմանը:

Ո՛Չ: Կրծքագեղձի վիրահատությունը չի կարող դառնալ քաղցկեղի առաջացման պատճառ կամ հանգեցնել առկա ուռուցքի տարածմանը: Համենայն դեպս, այսօրվա դրությամբ, գիտնականները այդպիսի կապ չեն գտել: Կան հետազոտություններ կենդանիների շրջանում, երբ հիմնական ուռուցքը հեռացնելուց հետո կարճ ժամանակում աճում է արդեն առկա մետաստատիկ օջախների զարգացման տեմպը: Սակայն նման բան չի նկատվել մարդկանց մոտ:

ՄԻՖ 5. Կրծքագեղձի սիլիկոնե իմպլանտները բարձրացնում են քաղցկեղի առաջացման ռիսկը:

Ո՛Չ: Կատարվել են բազմաթիվ հետազոտություններ այս խնդրի շուրջ, և չի հայտնաբերվել որևէ կապ սիլիկոնե իմպլանտների ու կրծքագեղձի քաղցկեղի առաջացման միջև: Սակայն պետք է նշել, որ իմպլանտների առկայությունը դժվարացնում է ստանդարտ մամոգրաֆիան, և լրացուցիչ ինֆորմացիայի համար հնարավոր է նաև կրծքագեղձի մագնիս-ռեզոնանսային հետազոտության անհրաժեշտություն:

ՄԻֆ 6. Ամեն 8-րդ կին հիվանդանում է կրծքագեղձի քաղցկեղով:

Հաճախ կարելի է նման ինֆորմացիա հանդիպել հանրային հոդվածներում, երբ լուսաբանվում է խնդրի արդիականությունը և հիվանդության տարածվածությունը: Սակայն մոռանում են նշել, որ դա հավաքական ռիսկն է: Այսինքն՝ հիվանդության առաջացման ռիսկը մեծանում է տարիքին զուգահեռ: Տարբեր հետազոտությունների տվյալներով մինչև 30-40 տարեկան կանանց շրջանում կրծքագեղձի քաղցկեղով հիվանդանում է միջինում 250-500 կանանցից 1-ը, իսկ արդեն մինչև 85 տարեկան ապրած կանանց շրջանում ռիսկը չափազանց մեծանում է` միջինում 8-ից 1-ը:

ՄԻՖ 7. Հակաքրտնարտադրության միջոցների օգտագործումը բարձրացնում է կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկը:

Իրականում այս խնդրի շուրջ ԱՄՆ-ում կատարվել են լուրջ հետազոտություններ: The American Cancer Society-ն հերքել է կապը հակապերսպերանտների և կրծքագեղձի քաղցկեղի միջև՝ ավելացնելով սակայն, որ նման հետազոտությունները դեռ կշարունակվեն: Բանն այն է, որ մի փոքր հետազոտության ժամանակ կրծքագեղձի ուռուցքի մեջ հայտնաբերվել էին պարաբեններ: Դրանք նյութեր են, որոնք օգտագործվում են հակաքրտնարտադրության միջոցների արտադրության մեջ և ունեն թույլ արտահայտված էստրոգենային (էստրոգեններ՝ կանացի հորմոններ) հատկություն: Խորացված հետազոտությունների արդյունքում դրանց օգտագործումից որևէ վտանգ չեն հայտնաբերել: Ավելին, կասկածի տակ է դրվել պարաբենների՝ ուռուցքում հայտնվելու աղբյուրը: Իրարամերժ արդյունքներով բազմաթիվ հետազոտություններ կան նաև ալյումինում պարունակող հակաքրտինքային միջոցների և կրծքագեղձի քաղցկեղի միջև կապի վերաբերյալ, բայց դեռևս չկա որևէ հստակ պատասխան: Այնուամենայնիվ խրախուսելի չէ օգտագործել այնպիսիք, որոնց բաղադրության մեջ առկա է որևէ երկաթի, և հատկապես ալյումինումի պարունակություն:

ՄԻֆ 8. Մեծ կրծքագեղձ ունեցող կանանց մոտ այդ օրգանի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը բարձր է, և հակառակը:

Իրականում կրծքագեղձի չափերը չունեն որևէ կապ քաղցկեղի առաջացման ռիսկի հետ: Իհարկե, մեծ կուրծքը դժվարացնում է կրծքագեղձի ինքնազննումը և կլինիկական քննությունը բժշկի կողմից, երբեմն դժվարացնում է անգամ մամոգրաֆիկ կամ մագնիս-ռեզոնանսային հետազոտությունը, բայց ոչ ավելին: Սակայն, միաժամանակ պետք է նշել նաև, որ չափազանց փոքր կուրծքը ևս դժվարացնում է մամոգրաֆիկ հետազոտության ընթացքը: Բոլոր կանանց պրոֆիլակտիկ հետազոտությունների ժամանակացույցը կազմվում է առանց կրծքագեղձի չափերը հաշվի առնելու:

ՄԻՖ 9. Կրծքագեղձի քաղցկեղը հայտնվում է կրծքում միայն շոշափվող գոյացության տեսքով: (Նշենք, որ կրծքագեղձում շոշափվող գոյացությունների մեծ մասը բարորակ է:)

Այո, մեծամասամբ քաղցկեղը հայտնվում է գոյացության տեսքով, սակայն կարող է ոչինչ չշոշափվել, և հիվանդությունը կարող է ի հայտ գալ, օրինակ` մաշկի այտուցով, մաշկի ծածանք-կարմրությամբ, մաշկի փոփոխությամբ` «լիմոնի կեղևի» տեսքով, պտուկի հաստացմամբ կամ թեփոտմամբ, պտուկի ներքաշվածությամբ, պտուկից առատ արտադրությամբ: Հազվադեպ, բայց պատահում են դեպքեր, երբ կրծքագեղձի առաջնային քաղցկեղը հայտնաբերվում է անութափոսի (թևատակի) ավշային հանգույցների ախտահարմամբ: Այսինքն՝ հայտնաբերվում են զգալի մեծացած ավշային հանգույցներ, սակայն կրծքում ոչինչ չի հայտնաբերվում: Սա կոչվում է օկկուլտ քաղցկեղ:

ՄԻՖ 10. Կուրծքը ամբողջովին հեռացնելուց հետո այլևս հնարավոր չէ քաղցկեղի տեղային զարգացումը:

Իրականում փոքր հավանականությամբ, բայց կուրծքը հեռացնելուց հետո կրծքագեղձի քաղցկեղը կարող է հայտնվել հետվիրահատական սպիի շրջանում հիվանդության կրկնության կամ տարածվածության տեսքով, իսկ շատ հազվադեպ՝ կրծքագեղձի մնացորդային ու չհեռացված հյուսվածքից՝ որպես առաջնային, այսինքն` նոր ուռուցք: Նման բան հանդիպում է (մոտ 5% դեպքերում) BRCA1 և BRCA2 գեների մուտացիայով պայմանավորված պրոֆիլակտիկ կրծքագեղձերի հեռացումից հետո: Հիշեցնենք, որ այս գեների մուտացիայի առկայության դեպքում բավական բարձր է կրծքագեղձի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը:

ՄԻՖ 11: Հայրական կողմից քաղցկեղով հիվանդ հարազատ ունենալը չի ազդում կրծքագեղձի քաղցկեղի ռիսկի գործոնի վրա:

Իրականում ռիսկի գործոնը մեծանում է նաև, եթե կնոջ հայրն է տառապել կրծքի քաղցկեղով (այո, նաև տղամարդկանց մոտ է հանդիպում կրծքագեղձի քաղցկեղ, բայց համեմատաբար ավելի հազվադեպ): Սակայն առավել մեծ ուշադրություն է պետք դարձնել հայրական կողմում կրծքագեղձի քաղցկեղով հիվանդ կին-հարազատներ ունենալու հանգամանքին: Կա նաև ինֆորմացիա, որ այս հիվանդության ընտանեկան նախատրամադրվածությունը մեծանում է, եթե հայրական կողմի տղամարդկանց մոտ հանդիպել է շագանակագեղձի կամ հաստ աղիքի քաղցկեղ, բայց երիտասարդ տարիքում:

ՄԻՖ 12. Կոֆեինը նպաստում է կրծքագեղձի քաղցկեղի առաջացմանը:

Ո՛չ: Գիտնականները չեն գտել որևէ պատճառահետևանքային կապ սննդային կոֆեինի և կրծքագեղձի քաղցկեղի զարգացման միջև: Ավելին, կան որոշ հետազոտություններ, որ կոֆեինը չնչին մակարդակով, բայց իջեցնում է այդ հիվանդության ռիսկը: Վերջերս գրականությունում սկսել են կասկածի տակ դնել այն տարածված միտքը՝ իբր կոֆեինը նպաստում է կրծքագեղձի ցավին:

ՄԻՖ 13. Եթե կինն ունի կրծքագեղձի քաղցկեղի առաջացման բարձր ռիսկ, ապա դրա դեմ ոչինչ անել հնարավոր չէ:

Ո՛չ իհարկե: Կինը շատ բան կարող է անել: Օրինակ՝ իջեցնել քաշը, եթե գեր է, կանոնավոր կատարել մարմնամարզություններ, հաճախել լողի, հրաժարվել ալկոհոլային խմիչքներից կամ նվազեցնել օգտագործումը, պարբերաբար հետազոտվել, ինչպես նաև կանոնավոր կատարել ինքնազննում: Ցանկալի է նաև ծխախոտից հրաժարվելը: Որոշ դեպքերում՝ շատ բարձր ռիսկի ժամանակ, պրոֆիլակտիկ նկատառումներով բժշկի հսկողության տակ կարելի է օգտագործել որոշ դեղամիջոցներ: Արևմտյան երկրներում քննարկում են նաև կրծքագեղձերի պրոֆիլակտիկ ենթամաշկային հեռացումը:

ՄԻՖ 14. Օջախային մաստոպատիան (կրծքագեղձում շոշափվող ֆիբրոզ-կիստոզ փոփոխությունները) անպայման համարվում է նախաքաղցկեղային հիվանդություն:

Նախկինում համարվում էր, որ օջախային մաստոպատիան քաղցկեղի վերածվելու շատ բարձր ռիսկ ունի, սակայն հետագայում հետազոտություններն ապացուցեցին, որ այդ միտքը շատ չափազանցված է: Հետևաբար կրծքագեղձում ինքնազննման ժամանակ հաճախ շոշափվող կոշտուկները կարող են անհիմն անհանգստության առիթ լինել: Պետք չէ ժամանակից շուտ խուճապի մատնվել, բայց ՀԱՐԿԱՎՈՐ Է ՊԱՐՏԱԴԻՐ դիմել կրծքագեղձի մասնագետի կամ կատարել կրծքագեղձի մամոգրաֆիկ կամ ուլտրաձայնային հետազոտություն:

Միֆ 15. Ամենամյա մամոգրաֆիան այնքան է ճառագայթում, որ դա կարող է կրծքագեղձի քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ:

Ո՛չ: Չնայած այն փաստին, որ ռադիացիոն ճառագայթը բարձրացնում է քաղցկեղի զարգացման ռիսկը, ճառագայթի այն չափը, որը կիրառվում է մամոգրաֆիկ քննության ժամանակ, ծայրահեղ չնչին է այդ հետազոտման պրոֆիլակտիկ օգտակարության համեմատ: Մամոգրաֆիան կարող է հայտնաբերել վտանգավոր հիվանդությունը դեռ չշոշափվող փուլում, ինչը շատերի մոտ զգալի բարձրացնում է լիովին բուժվելու հավանականությունը:

Միֆ 16. Կրծքագեղձի քաղցկեղի դեպքում բիոպսիան (բարակ կամ հաստասեղային ճանապարհով ուռուցքի նմուշի ստացումը) կարող է նպաստել ուռուցքի տարածմանը:

Իրականում չկա որևէ ապացույց դրա մասին: 
Դեռևս 2004 թվականին ամերիկացի գիտնականները լայնածավալ հետազոտության արդյունքում ապացուցվեց, որ բիոպսիայի ենթարկված հիվանդների մոտ չի բարձրանում ուռուցքի տարածման ռիսկը (թե՛ տեղային, թե՛ դեպի հեռակա օրգաններ)՝ ի տարբերություն հիվանդների, որոնց դեպքում չի կատարվել այդ միջամտությունը:


Միֆ 17. Սիրտ-անոթային հիվանդություններից հետո կրծքագեղձի քաղցկեղը զբաղեցնում է երկրորդ տեղը՝ որպես մահացության պատճառ: 

Իրականում կրծքագեղձի քաղցկեղից մահացությունը որոշ երկրներում, հատկապես զարգացած երկրներում (Անգլիա, Ֆրանսիա, ԱՄՆ, Դանիա, անգամ Հունգարիա) ունի իջնելու միտում: Օրինակ ԱՄՆ-ում այդ հիվանդությունից մահացության ցուցանիշը իջնում է տարեկան 1.7%-ով: ԱՄՆ-ն այդ հիվանդության պատճառով տարեկան կորցնում է մոտ 40 000 կին: Իսկ այդ երկրում դժբախտ պատահարներից մահանում է 96 000 կին, թոքի քաղցկեղից՝ 71 000, խրոնիկական ռեսպիրատոր հիվանդություններից՝ 67 000:

Միֆ 18. Եթե մամոգրաֆիկ քննությամբ կրծքագեղձում չի հայտնաբերվել քաղցկեղային գոյացություն, այլևս անհանգստանալու և բժշկի մոտ հետազոտվելու կարիք չկա: 

Չնայած մամոգրաֆիկ քննության բարձր նշանակությանը՝ կրծքագեղձի քաղցկեղը կարող է բաց թողնվել անգամ 10%-ից ավել դեպքերում: Դրա պատճառները տարբեր են՝ քաղցկեղի տեսակը, նրա կլինիկական դրսևորումը, տեղակայումը կրծքագեղձում և այլն: Ահա թե ինչու է կարևոր ստուգումը անցկացնել համալիր ձևով, որի մեջ անպայման պետք է ընդգրկվեն ինքնազննումը, մասնագետ-մամոլոգի զննումը և այդ ամենի կանոնավոր պարբերականությունը:

Միֆ 19. Եթե կինը կրծքով կերակրելու ընթացքում ունեցել է կրծքագեղձի քաղցկեղ, ապա նրա կաթը վնասել է նորածնին: 

Ո՛չ իհարկե: 
Հաճախ այս հարցը բարձրաձայնում են երիտասարդ պացիենտները, որոնց մոտ գոյացությունը հայտնաբերվել է կերակրելու ընթացքում: Նույնիսկ այդ դեպքերում մայրական կաթը բացարձակ անվնաս է երեխայի համար, եթե իհարկե այդ ընթացքում մայրը չի ստանում հակաուռուցքային քիմիաթերապիա կամ հորմոնոթերապիա: Որպես կանոն՝ սպեցիֆիկ բուժումն սկսելուց առաջ բժիշկը խորհուրդ է տալիս դադարեցնել կրծքով կերակրելը:

Միֆ 20. Կրծքագեղձի ամբողջական հեռացումը բարձրացնում է լիովին բուժվելու հավանականությունը՝ ի տարբերություն կրծքագեղձից միայն գոյացության լայնակի հեռացման՝ հետվիրահատական ճառագայթային բուժման հետ միասին: 

Բազմաթիվ հետազոտություններ արդեն վաղուց ապացուցել են, որ եթե կրծքագեղձից հեռացվում է միայն ուռուցքը (առողջ հյուսվածքների սահմանում), և այնուհետև կատարվում է ճառագայթային բուժում, ապա բուժման արդյունքները նույնն են, ինչ սպասվում է կրծքագեղձի ամբողջական հեռացումից հետո: Միաժամանակ կարևոր եմ համարում նշել, որ կան ուռուցքի տեսակներ, որոնց դեպքում կրծքագեղձի ամբողջական հեռացումը գերադասելի է: Այսօր գիտությունը կրծքագեղձը պահպանելու մեծ հնարավորություն է տալիս, և իր ուժերի վրա վստահ ու բանիմաց ուռուցքաբան-վիրաբույժը հիվանդին ճիշտ ուղղություն կտա:

Միֆ 21. Կա թյուր կարծիք՝ իբրև կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը նորմալ քաշ ունեցող և ծանրաքաշ կանանց մոտ հավասար է: 

Իրականում գեր կանանց մոտ ավելի մեծ է կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը, մանավանդ եթե կինը գիրացել է դաշտանադադարի ձևավորման ընթացքում կամ դրանից հետո: Հետևե՛ք Ձեր քաշին:

Միֆ 22. Կա կարծիք՝ իբր անպտղության դեմ երկարատև բուժումը մեծ հավանականությամբ կհանգեցնի կրծքագեղձի քաղցկեղի առաջացման: 

Այս ենթադրության համար հիմք է հանդիսանում այն հանգամանքը, որ անպտղության բուժման մեջ կիրառվում է կանացի հորմոն էստրոգենը: Այդ իսկ պատճառով կատարվել են բազմաթիվ հետազոտություններ այս ոլորտում, սակայն այդ կապն ապացուցել չի հաջողվել: Միայն մի փոքր ռիսկ է նկատվել այն կանանց շրջանում, ովքեր սկսում են էքստրակորպորալ բեղմնավորման փորձերը մինչև 24 տարեկանը: Այս ոլորտում կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկերի գիտական ուսումնասիրությունները շարունակվում են:

Միֆ 23. Կա կարծիք՝ իբրև կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը բարձր է այն կանանց շրջանում, որոնց բնակության վայրը մոտ է բարձր լարում ունեցող էլեկտրակայաններին կամ լարանցումներին: 

ԱՄՆ-ում անցկացված մի քանի ծավալուն հետազոտություններ հերքել են այդ կարծիքը՝ չգտնելով որևէ կապ դրանց միջև:

Միֆ 24. Հղիության արհեստական ընդհատումները բերում են կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկի բարձրացմանը:

Նման հայտարարությամբ հաճախ հանդես են գալիս այն կազմակերպությունները, որոնք պայքարում են հղիության արհեստական ընդհատման դեմ: Անգամ դատական ատյաններում վերոնշյալ կապն ապացուցելու փորձեր են արվել: Սակայն բազմաթիվ լուրջ հետազոտություններ չեն կարողացել գտնել պատճառահետևանքային կապ հղիության արհեստական ընդհատման և կրծքագեղձի քաղցկեղի առաջացման միջև: Այս միջազգային կոնսենսուսի հետ համաձայն են մի շարք հեղինակավոր բժշկական կառույցներ, որոնց թվում են Առողջապաhության համաշխարհային կազմակերպությունը (WHO), Ամերիկյան ուռուցքաբանական միությունը, Գերմանիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի մի շարք հեղինակավոր կազմակերպություններ:

Միֆ 25. Կրծքագեղձի քաղցկեղը հնարավոր է ամբողջովին կանխարգելել: 

Ցավոք, ոչ: Իհարկե, կարելի է որոշել և նշել ռիսկի գործոնները (օրինակ՝ ընտանեկան պատմություն, գենային մուտացիաներ), փոխել կենսաձևը (ալկոհոլի և ծխախոտի օգտագործման նվազեցում, քաշի նվազեցում, կանոնավոր ֆիզիկական ակտիվություն), ինչը կիջեցնի կրծքագեղձի քաղցկեղի զարգացման հավանականությունը: Կրծքագեղձի քաղցկեղով հիվանդ կանանց գրեթե 70%-ի մոտ չի հայտնաբերվում որևէ ռիսկի գործոն: Սա նշանակում է, որ հիվանդությունը կարող է առաջանալ հանկարծակի, սպոնտան և դեռևս անհայտ պատճառներով:

Քաղցկեղը որպես հիվանդության տեսակ

Ի՞նչ է քաղցկեղը

Շարունակ խոսում և լսում ենք քաղցկեղ հիվանդության մասին, լինի դա կրծքագեղձի, թոքի, մաշկի կամ այլ օրգանի: Բայց թերևս քչերը գիտեն, թե իրականում ինչ է իրենից ներկայացնում այն: Եկեք փորձենք հասկանալ, թե ինչ է քաղցկեղն ընդհանրապես, ինչպես է այն առաջանում, տարածվում (մետաստազավորում) և այլն:

Քաղցկեղը մոտ 100 տարբեր հիվանդությունների ընդհանուր անվանումն է: Չնայած գոյություն ունեն քաղցկեղի բազմաթիվ տարատեսակներ, բոլոր քաղցկեղներն առաջանում են, երբ ոչ նորմալ բջիջները սկսում են անկանոն բազմանալ:

Չբուժվելու դեպքում քաղցկեղը կարող է առաջացնել ծանր բարդություններ և մահվան պատճառ հանդիսանալ:

Օրգանիզմի նորմալ բջիջները

Մարդու օրգանիզմը կազմված է տրիլիոնավոր բջիջներից, որոնք աճում են, կիսվում՝ առաջացնելով նոր բջիջներ, և մահանում: Վաղ տարիքում նորմալ բջիջներն ավելի արագ են կիսվում, ինչը թույլ է տալիս մարդուն աճել: Երբ մարդն արդեն դառնում է հասուն, բջիջների մեծամասնությունը կիսվում է միայն մահացող բջիջները փոխարինելու կամ վնասվածքները վերականգնելու համար:

Ինչպե՞ս է առաջանում քաղցկեղը

Քաղցկեղն առաջանում է, երբ օրգանիզմի որևէ հատվածում բջիջները սկսում են անկանոն բազմանալ: Քաղցկեղային բջիջների աճը տարբերվում է նորմալ բջիջների աճից: Քաղցկեղի բջիջները մահանալու փոխարեն շարունակում են աճել և առաջացնել նոր՝ ոչ նորմալ բջիջներ: Քաղցկեղային բջիջները, ի տարբերություն նորմալ բջիջների, կարող են նաև ներխուժել այլ հյուսվածքներ և աճել նրանց մեջ: Այս երկու հիմնական հատկանիշներն են բնորոշ քաղցկեղի բջիջներին՝ անկանոն աճը և ներխուժումը դեպի օրգանիզմի այլ հյուսվածքներ:

Բջիջները դառնում են քաղցկեղային ԴՆԹ-ի (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) վնասման հետևանքով: ԴՆԹ-ն կա յուրաքանչյուր բջջում, և այն կարգավորում է նրա բոլոր գործողությունները: Եթե նորմալ բջջում ԴՆԹ-ն վնասվում է, բջիջը կամ վերանորոգում է այն, կամ ինքն է մահանում: Քաղցկեղային բջիջներում վնասված ԴՆԹ-ն չի վերանորոգվում, և, ի տարբերություն նորմալ բջիջների, քաղցկեղային բջիջներն այս դեպքում չեն մահանում, այլ, ընդհակառակը, այդ վնասված բջիջները սկսում են արտադրել օրգանիզմի համար անպետք նոր բջիջներ: Այս բոլոր նոր առաջացած բջիջներն ունենում են նույն վնասված ԴՆԹ-ն, ինչ վնասված ԴՆԹ-ով «մայր» բջիջը, որից իրենք առաջացել են:

Մարդը կարող է ժառանգել աննորմալ ԴՆԹ (ստանալ ծնողներից), բայց առավել հաճախ ԴՆԹ-ի վնասումն առաջանում է նորմալ բջիջների բազմացման ժամանակ առաջացած սխալների կամ շրջապատի որևէ ազդեցության հետևանքով: Երբեմն ԴՆԹ-ի վնասման պատճառը կարող է լինել շատ ակնհայտ, օրինակ՝ ծխելը կամ արևի չափից ավելի ճառագայթումը: Սակայն, հիմնականում, շատ դժվար է լինում պարզել անհատի մոտ քաղցկեղի առաջացման հիմնական պատճառը:

Հիմնականում քաղցկեղային բջիջները ձևավորում են ուռուցք, և ժամանակի ընթացքում ուռուցքը կարող է փոխարինել նորմալ հյուսվածքին, ներխուժել դրա մեջ կամ հրել նորմալ հյուվածքին մի կողմ: Քաղցկեղի որոշ տեսակներ, որոնցից է, օրինակ, լեյկեմիան, հազվադեպ են ձևավորում ուռուցքներ: Փոխարենը, այս քաղցկեղային բջիջները ներառում են արյունն ու արյուն առաջացնող օրգանները և պտտվում են այլ հյուսվածքների մեջ, որտեղ աճում են:

Ինչպե՞ս է տարածվում քաղցկեղը

Քաղցկեղային բջիջները հաճախ ճամփորդում են օրգանիզմի այլ մասեր, որտեղ նրանք աճում են և ձևավորում են նոր ուռուցքներ: Սա լինում է, երբ քաղցկեղային բջիջներն ընկնում են արյան հունի կամ ավշային անոթների մեջ: Քաղցկեղի բջիջների տարածման գործընթացը կոչվում է մետաստազավորում:

Անկախ նրանից, թե քաղցկեղային բջիջները որտեղ են տարածվում, քաղցկեղի անվանումը միշտ պայմանավորված է օրգանիզմի այն տեղով, որտեղ այն ի սկզբանե առաջացել է:

Օրինակ՝ հաստ աղու քաղցկեղը, որը տարածվել է դեպի լյարդ, կոչվում է ոչ թե լյարդի քաղցկեղ, այլ հաստ աղու մետաստատիկ քաղցկեղ: Այս դեպքում լյարդից վերցված քաղցկեղային բջիջները կլինեն նույնը, ինչ հաստ աղուց վերցվածները: Դրանց բուժումը նույնպես նույն ճանապարհներով կընթանա:

Տարբեր տեսակի քաղցկեղները կարող են ունենալ բոլորովին տարբեր պատկեր: Օրինակ՝ թոքի և մաշկի քաղցկեղները լրիվ տարբեր հիվանդություններ են: Դրանք ունեն աճի տարբեր տեմպեր և տարբեր կերպ են արձագանքում բուժման տարբեր տեսակների: Սա է պատճառը, որ քաղցկեղով հիվանդներին անհրաժեշտ է ստանալ հենց իրենց քաղցկեղի տեսակի համար նախատեսված բուժում:

Ուռուցքներ, որոնք քաղցկեղ չեն

Ուռուցքը բջիջներից կազմված աննորմալ գոյացություն է, բայց ոչ բոլոր ուռուցքներն են քաղցկեղ: Այն ուռուցքները, որոնք քաղցկեղ չեն, կոչվում են բարորակ: Բարորակ ուռուցքները ևս կարող են խնդիրներ առաջացնել. նրանք կարող են աճել և հասնել մեծ չափերի ու ճնշել հարակից առողջ օրգաններն ու հյուսվածքները: Բայց դրանք չեն կարող ներխուժել այլ հյուսվածքներ և տարածվել դեպի օրգանիզմի այլ մասեր (մետաստազավորել): Այս ուռուցքները հազվադեպ են կյանքի համար վտանգավոր լինում:

 

 

Կրծքագեղձի ավշային համակարգը

Բացի արյունատար ու նյարդային համակարգից կրծքագեղձն ունի նաև ավշային համակարգ, որը մասնակցում է նյութափոխանակությանը, մաքրում է բջիջներն ու հյուսվածքները։ Այն բաղկացած է ավշատար ուղիներից, որոնցով հոսում է ավիշը (լիմֆան), ու ավշային հանգույցներից։

Լիմֆան անցնում է լիմֆատիկ ուղիներով, որոնք գործում են որպես ֆիլտր ու մաքրում են այն մանրէներից ու այլ մասնիկներից։

Ավշային համակարգը մասնակցում է կրծքագեղձի դիմադրողականությանն ու բիոլոգիական պաշտպանությանը։

Ցավ կրծքագեղձում

ՑԱՎ ԿՐԾՔԱԳԵՂՁՈՒՄ

Կրծքագեղձի ցավը կամ մաստալգիան կանանց շրջանում ամենահաճախ հանդիպող գանգատն է: Կանանց գրեթե 75% իր կյանքի ընթացքում գանգատվում է կրծքագեղձի տարբեր ինտենսիվության ցավերից: Սակայն նրանցից միայն 15-20% բուժման կարիք ունի: Ցավը կարող է լինել և՛մեկ կրծքագեղձում, և՛ երկուսում միաժամանակ, անգամ՝ անութափոսերի (թևատակի) և ուսագոտու շրջաններում:

Կրծքագեղձի ցավը հիմնականում լինում է երկու տեսակի՝ ցիկլիկ և ոչ ցիկլիկ, այսինքն՝ կապված դաշտանային ցիկլի հետ և դրանից անկախ:

Ցիկլիկ ցավն ամենից հաճախ հանդիպում է 30-50 տարեկանում և, որպես կանոն, կրում է երկկողմանի բնույթ (երկու կրծքերում միաժամանակ): Սա հիմնականում լինում է ամսական նորմալ հորմոնալ փոփոխությունների ֆոնին: Ցիկլիկ ցավն ավելի հաճախ նկարագրվում է կրծքերում ծանրության և լցվածության զգացողությամբ, երբեմն ունենում է այրող կամ ծակծկող բնույթ, որոնք, որպես կանոն, արտահայտված են լինում նախադաշտանային օրերին և նվազում կամ անհետանում են դաշտանից հետո: Ցիկլիկ ցավը կախված է նրանից, թե ինչպես է կրծքագեղձի հյուսվածքն արձագանքում ցիկլի ընթացքում էստրոգեն և պրոգեստերոն հորմոնների մակարդակների տատանմանը: Կինը ցիկլի տարբեր օրերին և, հատկապես, նախադաշտանային շաբաթվա ընթացքում կարող է կրծքում շոշափել անհարթություններ, գնդվածություն, որոնց մեծ մասն անհետանում է դաշտանից հետո: Դաշտանային ցիկլի էական խախտումների ժամանակ ցավը կրծքագեղձում կարող է կորցնել իր պարբերականությունը:

Ոչ ցիկլիկ ցավերը սովորաբար կապված չեն դաշտանային ցիկլի հետ և չունեն հստակ պարբերականություն: Ոչ ցիկլիկ ցավերն ավելի հազվադեպ են հանդիպում: Դրանք երբեմն լինում են սուր կամ այրող, ավելի հաճախ՝ միակողմանի և կրծքագեղձի կոնկրետ հատվածում: Դրանց պատճառը կարող են լինել ֆիբրոադենոմաները, մեծացող կամ բորբոքված կիստաները, կրծքագեղձի տրավման, անրակ–կրծոսկրային շրջանի սուր կամ քրոնիկ բորբոքումը, եղանակի փոփոխությունը, քաշի ավելացումը, հակաբեղմնավորիչ հաբերի ընդունումը, փոխարինող հորմոնալ թերապիան, սթրեսը, անհարմար կրծկալները, ինֆեկցիան:

Ցավը շատ հաճախ կանանց մոտ խուճապի պատճառ է դառնում, և նրանք հաճախ թյուրիմացաբար կապում են այդ ցավը կրծքագեղձի ենթադրյալ քաղցկեղի հետ: Եվ չնայած, որ ճնշող մեծամասնության դեպքում այդ ցավը կապված չէ քաղցկեղի հետ, լինում են դեպքեր, երբ ցավն ուղեկցում է քաղցկեղը, ուստի լիովին հանգիստ լինելու համար անհրաժեշտ է դիմել բժշկի:

Թույլ ինտենսիվության ցավերը հաճախ կարիք չեն ունենում բուժման և, հետևելով բժշկի մի շարք խորհուրդների, կարելի է ազատվել դրանցից: Ավելի արտահայտված ցավերի բուժումն արդյունավետ է լինում, երբ հայտնաբերվում է դրանց պատճառը: Հաճախ և՛ ցիկլիկ, և՛ ոչ ցիկլիկ ցավերի պատճառ են լինում կրծքագեղձի ֆիբրոզ-կիստոզ փոփոխությունները։

 

ՑԱՎ ԿՐԾՔԱԳԵՂՁՈՒՄ ԵՎ ԿՐԾՔԱԳԵՂՁԻ ՔԱՂՑԿԵՂ. ԿԱՊՎԱ՞Ծ ԵՆ ԱՐԴՅՈՔ ԴՐԱՆՔ:

Կրծքագեղձի ցավերից գանգատվող պացիենտների հիմնական մասը թյուրիմացաբար կարծում է, որ եթե կա կրծքագեղձի ցավ, ուրեմն այն միանշանակ կրծքագեղձի քաղցկեղի ախտանիշ է: Բժշկի առաջին պարտականությունն է հանգստացնել նման պացիենտներին և բացատրել, որ ցավը դեռևս չի փաստում կրծքագեղձի քաղցկեղի գոյությունը:

Իհարկե, կրծքագեղձի քաղցկեղը նույնպես կարող է ուղեկցվել ցավերով, բայց սխալ է կարծել, թե կրծքագեղձի ցավը կրծքագեղձի քաղցկեղի պարտադիր ախտանիշ է: Կրծքագեղձի ցավերի հիմնական պատճառն այդ օրգանում ֆիբրոզ-կիստոզ փոփոխություններն են:

Մեկ այլ պատճառ կարող է լինել անրակի և կրծոսկրի միացման հատվածի բորբոքումը՝ այսպես կոչված Տիտցի համախտանիշը (կող-աճառային համակցման բորբոքում կամ costochondritis): Սա էլ իր հերթին հանդիպում է հազվադեպ և չի սպառնում կյանքին:

Կրծքագեղձերում ցավի զգացողություն կարող է առաջանալ երկար և ծանր ֆիզիկական աշխատանքից հետո, երբ իրականում ցավում են մկանները: Ցավը կարող է լինել նաև կրծքագեղձի տրավմայի հետևանք:

Քրոնիկ սթրեսը կամ անհարմար կրծկալը նույնպես կարող են ցավ առաջացնել կրծքագեղձում:

Կրծքագեղձի ցավի տարածված պատճառներից է որոշ սննդամթերքների և խմիչքների չարաշահումը: Ֆիբրոզ-կիստոզ փոփոխությունների դեպքում կրծքագեղձի ցավը հիմնականում կրում է ցիկլիկ բնույթ: Ցավը սրանում է, որպես կանոն, դաշտանային ցիկլի վերջին շաբաթում, երբ կուրծքը գտնվում է դաշտանային ցիկլի երկրորդ փուլի հորմոնալ գրոհի ներքո: Ցիկլի ավարտից հետո ցավը, որպես կանոն, զգալիորեն մեղմանում է կամ ընդհանրապես անցնում: Բացարձակ անընդունելի է ապրել ցավով կամ դիմանալ դրան, ընդհակառակը. կրծքագեղձի ցավի բուժման հիմքում ընկած է դրա պատճառի հայտնաբերումը:

Այսպիսով՝ այս ամենից կարևոր է եզրակացնել, որ կրծքագեղձի ցավը կրծքագեղձի քաղցկեղի պարտադիր նշաններից չէ: Սակայն հազվադեպ դրանք կարող են և զուգահեռվել միմյանց:

Ֆիբրոզ-կիստոզ մաստոպատիա

ՖԻԲՐՈԶ-ԿԻՍՏՈԶ ՄԱՍՏՈՊԱՏԻԱ

Հաճախ կանայք մամոգրաֆիայից կամ կրծքագեղձերի ուլտրաձայնային (սոնոգրաֆիա) հետազոտությունից հետո եզրակացության մեջ հանդիպում են հենց այս ախտորոշմանը, երբեմն` «դիֆուզ», երբեմն էլ «օջախային» կամ «խառը տիպի» նախաբառով: Մեծ քանակ են կազմում այն կանայք, ովքեր, անգամ որևէ լուրջ գանգատ չունենալով, տարիներ շարունակ փորձում են բուժվել այդ հիվանդությունից, սակայն ամեն անգամ հերթական հետազոտությունը ցույց է տալիս նույն ախտորոշումը:

Նախ հասկանանք՝ ինչ է մաստոպատիան: «Մաստո» արմատը նշանակում է կուրծք, իսկ «պատիան»՝ հիվանդություն: Կրծքագեղձը հիմնականում բաղկացած է գեղձային և շարակցական հյուսվածքներից: Առաջինն ապահովում է կաթնարտադրության ֆունկցիան, երկրորդը՝ կրծքագեղձի կառուցվածքը և ձևը: Երբ այս հյուսվածքների հարաբերակցությունը փոփոխվում է, առաջ է գալիս մաստոպատիան: Եվ կախված նրանից, թե որ հյուսվածքն է սկսում գերակշռել, պաթոլոգիայի անվանմանն ավելանում է համապատասխան բառը՝ գեղձային կամ ֆիբրոզ մաստոպատիա: Իսկ եթե առկա են նաև կիստաներ, ապա անվանմանն ավելանում է կիստոզ բառը՝ ֆիբրոզ-կիստոզ, գեղձային-կիստոզ մաստոպատիա: Նախկին Խորհրդային Միության երկրներում դեռ ընդունված է հիվանդության «մաստոպատիա» անվանումը: Իսկ արևմտյան երկրներում այն հաճախ անվանվում է ֆիբրոզ-կիստոզ վիճակ կամ ֆիբրոզ-կիստոզ փոփոխություններ, կամ էլ ֆիբրոզ-կիստոզ կուրծք, սակայն հիվանդություն (պատիա) բառն այլևս չի կիրառվում: Արևելքում կարելի է հանդիպել բժիշկների, ովքեր հրաժարվում են կիրառել անգամ ֆիբրոզ-կիստոզ վիճակ բառակապակցությունը՝ փոխարինելով այն «ավելի զգայուն կուրծք» տերմինով: Ֆիբրոզ-կիստոզ վիճակը բավական հաճախ է հանդիպում, և կանանց 50% ավելին իր կյանքի ընթացքում ունենում է կրծքագեղձի նման փոփոխություններ: Առավել հաճախ այդ տեսակ փոփոխությունները հանդիպում են 30–50 տարեկան կանանց մոտ: Ֆիբրոզ-կիստոզ վիճակին բնորոշ են կիստաներ (պարկեր հեղուկով), ցավ՝ հատկապես նախադաշտանային շրջանում, որը երբեմն ճառագայթում է դեպի թևատակ կամ ուսագոտի, կարող է հանդիպել նաև գնդվածություն կրծքագեղձում: Նշված գնդվածությունները (հատկապես կրծքագեղձի դրսային հատվածներում) դաշտանային ցիկլից առաջ կարող են մեծանալ, իսկ ցիկլից հետո՝ փոքրանալ:

Կարևոր է հասկանալ, որ ֆիբրոզ-կիստոզ վիճակը, որպես կանոն, կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկի գործոն չէ: Բայց միաժամանակ ֆիբրոզ-կիստոզ փոփոխությունները կարող են բժշկի համար դժվարացնել առկա քաղցկեղի հայտնաբերումը շոշափելով, և անհրաժեշտության դեպքում պետք է կատարել մամոգրաֆիկ քննություն՝ լրացնելով այն ուլտրաձայնային հետազոտությամբ և պունկցիոն բիոպսիայով: Երբեմն կարիք է լինում կատարել կրկնակի մամոգրաֆիա և կարճաժամկետ հսկողություն:

Քանի որ կրծքագեղձի ֆիբրոզ-կիստոզ փոփոխությունները չեն համարվում հիվանդություն, ուստի դրա բուժումը սահմանափակվում է սիմպտոմատիկայով, այսինքն՝ բուժումն ուղղված է կրծքագեղձում դիսկոմֆորտի, լարվածության և ցավերի վերացմանը: Ուստի պետք չէ բուժումից ակնկալել, որ հաջորդ հետազոտության ժամանակ պատկերն պարտադիր պետք է այլ լինի: Բժիշկը պետք է առաջին հերթին համոզվի, որ կինը չունի որևէ լուրջ խնդիր, ապա փոխել նրա վերաբերմունքն իր «ֆիբրոզ-կիստոզ մաստոպատիա» վիճակի նկատմամբ:

Ֆիբրոզ-կիստոզ վիճակի ախտանիշները լինում են տարբեր ինտենսիվության և կարիք ունեն շտկման, եթե զգալիորեն խանգարում են կնոջ առօրյա կյանքին (օրինակ՝ արտահայտված ցավը, պտուկից առատ արտադրությունը): Այսպես կոչված բուժման մեջ կիրառվում են տարբեր խոտաբույսեր, արտաքին օգտագործման հատուկ յուղեր, մեղմ միզամուղներ, որոշ վիտամիններ, հատուկ կրծկալներ, խոշոր կիստաների դատարկում պունկցիայի միջոցով, ոչ ստերոիդային հակաբորբոքային ցավազրկողներ, սննդակարգի շտկում և այլն: Հազվադեպ կիրառվում են հակաբեղմնավորիչներ, իսկ ուժեղ ցավերի դեպքում առաջարկվում է անգամ հորմոնալ բուժում:

1 2 3 4

Search

+