Ավշահանգույցների հեռացում ռադիոիզոտոպով

Հայաստանում արդեն հասանելի է կրծքագեղձի քաղցկեղի վիրահատական բուժման նոր մեթոդը՝ «պահակային ավշահանգույցների հեռացում ռադիոիզոտոպային մեթոդով»։

Հայտնի է, որ կրծքագեղձի քաղցկեղի վիրահատական բուժման ժամանակ հաճախ անհրաժեշտ է լինում հեռացնել անութափոսի (թևատակի) ավշային հանգույցները, պարզելու՝ կա՞, արդյոք, ուռուցքի տարածում դրանց մեջ: Նման ծանր վիրահատությունը հաճախ հանգեցնում է հետվիրահատական բազմաթիվ անցանկալի երևույթների (տե՛ս նկարներում)` վիրահատված կողմի ձեռքի այտուց, ձեռքի շարժումների սահմանափակում, թմրածություն, քրոնիկ ցավ, թիակի տեղաշարժում և այլն:

 

Նման բարդություններից խուսափելու լավագույն հայտնի մեթոդն այսուհետ հասանելի է Հայաստանում։ Մեթոդի էությունը կայանում է հետևյալում. ցուցումները հաշվի առնելով` կրծքագեղձի վիրահատությունից առաջ կրծքում հատուկ ռադիո-իզոտոպային նյութ (Technetium-99m) ներարկելուց հետո վիրահատության ժամանակ հատուկ սարքի (գամմա-դետեկտոր) միջոցով հայտնաբերվում և հեռացվում են ընդամենը մի քանի անհրաժեշտ ավշահանգույցներ: Հիվանդը հաջորդ օրը կարող է գնալ տուն, և հաճախ անհրաժեշտություն չի լինում անգամ վիրակապությունների:

Երկար ժամանակ է, ինչ ցանկանում էի ներդնել այս մեթոդը Հայաստանում։ Եվ ահա 2018թ․ հունիսին հաջողությամբ կատարեցի առաջին երկու վիրահատություններն այս սարքի օգնությամբ, և դրանք առաջինն էին մեր հանրապետությունում: Հարկ է նշել, որ զարգացած երկրներում լայնորեն կիրառվող այս սարքի և մեթոդի ձեռքբերումը մեծ հաջողություն է Հայաստանի համար:

Search

+