Կիստա կրծքագեղձում

Ի՞նչ է կրծքագեղձի կիստան: Համառոտ բնորոշմամբ կիսատն պարկ է, որը լցված է հեղուկով: Կրծքագեղձի կիստան այդ օրգանի ամենից հաճախ հանդիպող բարորակ գոյացությունն է: Որպես կանոն (հիմնականում) այն կարելի է անգամ խնդիր չհամարել: Սովորաբար կնոջ օրգանիզմում տարիքին զուգահեռ կատարվող հորմոնալ փոփոխությունները կարող են առաջացնել կրծքագեղձի կիստա: Կրծքագեղձում կիստաների քանակը կարող է տատանվել մեկից մինչև մի քանի տասնյակի սահմանում, իսկ դրանց չափերը կարող են լինել մի քանի միլիմետրից մինչև մի քանի սանտիմետր: Դրանք կարող են առաջանալ կրծքագեղձերի ցանկացած հատվածում: Կանանց մեծ մասն անգամ չի էլ իմանում իր կրծքում կիստայի առկայության մասին: Կիստաներն ավելի շատ հանդիպում են 35-ից բարձր տարիքում: Նրանց առաջացման հավանականությունը մեծանում է 45-50 տարեկանին մոտ, երբ կնոջ օրգանիզմում հորմոնալ փոփոխությունների արագությունն աճում է: Իսկ արդեն դաշտանադադարից հետո կիստաների մեծ մասը սկսում են ներծծվել: Կիստաները հաճախ են հանդիպում այն կանանց մոտ, ովքեր ստանում են հորմոն-փոխարինող թերապիա:

Այս ամենի հետ մեկտեղ պետք է նշել, որ կրծքագեղձի կիստան իրենից վտանգ չի ներկայացնում: Կանանց մեծ մասը վախենում է, որ կիստան կարող է վերածվել քաղցկեղի: Շտապենք տեղեկացնել, որ չկա որևէ ապացույց, որ կրծքագեղձի կիստան կարող է վերածվել քաղցկեղի. հասարակ կիստայի շրջանում քաղցկեղի առաջացումը համարվում է զուգադիպություն:

Կիստաների մեծ մասը չունի բուժման կարիք: Եվ պետք չէ անհանգստանալ, եթե հերթական ստուգման ժամանակ պարզվի, որ կիստան ոչ թե անհետացել է, այլ նույնիսկ մեծացել է մի քանի միլիմետրով: Պետք չէ համառորեն փորձել բուժվել փոքր կիստաներից՝ ակնկալելով հաջորդ հետազոտության ժամանակ ստանալ սոնոգրաֆիկ իդեալական պատկեր: Եթե կիստան անհանգստացնում է կնոջը, եթե այն բորբոքվել է և/կամ ցավ է պատճառում, անգամ, եթե խիստ անհանգստացնում է միայն հոգեբանորեն, ապա բժիշկը բացարձակ անցավ կարող է հեռացնել կիստայի պարունակությունը բարակ ասեղի միջոցով: Եթե կիստան նորից լցվում է հեղուկով, երբեմն հարկ է լինում այն դատարկել մի քանի անգամ: Պարունակությունը լինում է տարբեր գույնի և երանգի՝ բաց դեղինից մինչև մուգ շագանակագույն: Որպես կանոն՝ այն անգամ կարիք չի ունենում բջջաբանական հետազոտության (իհարկե, բժշկի որոշմամբ): Եթե դատարկված կիստան լցվում է 24 ժամվա ընթացքում, ապա պետք է անմիջապես բժշկին հայտնել դրա մասին: Հազվադեպ հանդիպում են բազմախտրոց, ներկիստոզ հյուսվածքային կոմպոնենտներով բարդ կիստաներ: Չի բացառվում, որ նման դեպքերում բժիշկն առաջարկի Ձեզ ոչ շտապ, այսինքն պլանային վիրահատական բուժում:

Ստուգվե՛ք կրծքագեղձի մասնագետի մոտ և համոզվելով, որ Ձեզ մոտ ընդամենը հասարակ կիստա է, ապրե՛ք հանգիստ և առանց կպչուն մտքերի:

Ֆիբրոադենոմա

Ֆիբրոադենոմաի՞նչ է դա և ի՞նչ անել։

Ֆիբրոադենոման բարորակ գոյացություն է, որը կազմավորվում է միաժամանակ կրծքագեղձի ինչպես գեղձային, այնպես էլ շարակցական հյուսվածքից: Դրանք կազմում են կրծքագեղձի գոյացությունների 13-15%: Այն ամենից հաճախ հանդիպում է աղջիկների սեռական հասունացման տարիքից մինչև 30 տարեկան ընկած ժամանակահատվածում: Մոտ 60% դեպքերում դրանք շոշափվում են, երբ մեծանում են չափերով: Շոշափելիս նրանք հիմնականում ունեն կլորավուն և հարթ եզրագծեր:

Ֆիբրոադենոմայի ամենաբնորոշ հատկանիշներից է նրա զգալի շարժողականությունը: Շոշափելիս մատերի տակից «փախչելու» հատկության պատճառով ֆիբրոադենոման երբեմն անվանում են «կրծքագեղձի մկնիկ»: 

Ֆիբրոադենոման կրծքագեղձում կարող է լինել ինչպես մեկ գոյացության տեսքով, այնպես էլ տասնյակից ավելի: 

Ախտորոշման համար անհրաժեշտ է կատարել ուլտրաձայնային հետազոտություն (սոնոգրաֆիա) կամ մամոգրաֆիա (եթե կա ցուցում): Երբեմն կատարվում է նաև բիոպսիա, այսինքն՝ գոյացությունից վերցվում է մի հատված, որն ուղարկվում է հետազոտության մանրադիտակի տակ:

Ֆիբրոադենոման հիվանդի կյանքին վտանգ չի սպառնում: Դրա դեղորայքային բուժումը հազվադեպ է կիրառվում, քանի որ գործնականորեն անօգուտ է: Բուժումը վիրահատական է, սակայն ֆիբրոադենոմաների միայն մեկ երրորդը կարիք ունի հեռացման: Օրինակ՝ բարդ ֆիբրոադենոմաները, մեծ չափսերի կամ ցավոտ ֆիբրոադենոմաները, ֆիլոիդ կամ տերևանման ֆիբրոադենոմաները, շատ հին ֆիբրոադենոմաները, կամ եթե նրանք առաջացել են արդեն 40 տարեկանից հետո: Վիրահատության անհրաժեշտությունը որոշում է բժիշկը: Մնացած դեպքերում բժշկի թույլտվությամբ այն կարելի է միայն հսկել:

10% դեպքերում գոյացությունը կանոնավոր մեծանում է: Գոյացությունը կարող է մեծանալ հղիության ընթացքում կամ տարատեսակ հորմոնալ դեղամիջոց(ներ)ի ընդունման արդյունքում:

Հազվադեպ, բայց ֆիբրոադենոման կարող է փոքրանալ կամ նույնիսկ անհետանալ: Հասարակ ֆիբրոադենոմայի առկայությունը կրծքագեղձի համար վտանգավոր որևէ ռիսկ չի ներկայացնում: Կան հետազոտություններ, ըստ որոնց, այն կանանց մոտ, ովքեր ունեն բազմակի ֆիբրոադենոմաներ կամ բարդ ֆիբրոադենոմաներ (իրենց մեջ կիստոզ ներառուկներով), իրենց կյանքի ընթացքում կրծքագեղձի քաղցկեղի 1.5-2 անգամ ավելի մեծ ռիսկ ունեն: Այստեղ խոսքը չի գնում առկա ֆիբրոադենոմայի չարորակացման, այլ ընդհանրապես, կրծքագեղձի մասին:

Ինչ է մամոգրաֆիան

ՃԻՇՏ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ՄԱՄՈԳՐԱՖԻԱՅԻՆ: ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՑ 

2011 թվականին ամբողջ աշխարհում ավելի քան 500 հազար կին մահացել է կրծքագեղձի քաղցկեղից: Սա կանանց շրջանում ամենատարածված ուռուցքային հիվանդությունն է: Այն երկրներում, որտեղ առկա է մատչելի վաղ ախտորոշում և որակյալ բուժում, այդպիսի հիվանդների ապրելիությունը կազմում է մոտավորապես 80%՝ հիմնականում հիվանդության վաղ հայտնաբերման շնորհիվ:

Մամոգրաֆը կրծքագեղձի ռենտգենաբանական հետազոտման համար նախատեսված սարք է, որը հնարավորություն է տալիս հայտնաբերել չարորակ նորագոյացությունները: Մամոգրաֆիան կրծքագեղձի քաղցկեղի վաղ ախտորոշման առայժմոսկեստանդարտ եղանակ է, սակայն շատ կանանց անհանգստացնում է գործողության ժամանակ առաջացող ցավը:

Համաձայն Քաղցկեղի ամերիկյան ասոցիացիայի (American Cancer Society) ուղեցույցների՝ ԱՄՆում 40-44 տարեկան կանայք պետք է կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգ սկսելու հնարավորություն ունենան, 45-54 տարեկանում ահրաժեշտ է մամոգրաֆիան անցնել յուրաքանչյուր տարի: 55 տարեկանն անց կանանց կարելի է այն իրականացնել ավելի պակաս հաճախականությամբ ՝ երկու տարին մեկ անգամ, կամ պահպանել ամենամյա ռեժիմը: Որոշ դեպքերում սքրինինգն անհրաժեշտ է սկսել 25 տարեկանից, եթե նախկինում տվյալ հիվանդի կամ նրա ընտանիքի անդամների մոտ արդեն ախտորոշվել է կրծքագեղձի քաղցկեղ:

Մամոգրաֆիան տևում է մոտավորապես 20 րոպե: Այդ ընթացքում բժիշկը պացիենտի կրծքագեղձը տեղադրում է 2 թիթեղների միջև, որոնցից մեկն անշարժացնում է կուրծքը, իսկ երկրորդը գրանցում է պատկերը: Կրծքագեղձի սեղմումը հնարավորություն է տալիս ավելի հստակ պատկեր ստանալ, որն արտացոլում է հյուսվածքների ամբողջ կառուցվածքը:

Գործողության ցավոտությունը մի քանի գործոններով է պայմանավորված, ինչպիսիք են՝ բժշկի կամ բուժքույրտեխնիկի պատրաստվածությունը, պացիենտի անհանգստությունը կամ կրծքագեղձի կառուցվածքը: Եթե մամոգրաֆը սխալ դիրքում գտնվի, այն նույնպես կարող է խնդիրներ առաջացնել: Օրինակ, որոշ դեպքերում կանայք ստիպված են թեքվել՝ թիթեղների ոչ ճիշտ բարձրության պատճառով: Այդ դեպքում պացիենտները կարող են ցավ զգալ մեջքի կամ պարանոցի շրջանում: Բացի այդ, կրծքագեղձերում ֆիբրոզկիստոզ փոփոխություններ ունեցող կանայք ավելի են հակված մամոգրաֆիայի ընթացքում ցավ զգալու:

Ցավային զգացողություններից խուսափելու համար ը խորհուրդ եմ տալիս հետևել մի քանի կանոնների:

Անհրաժեշտ է ճիշտ որոշել գործողությունն իրականացնելու ժամանակը. մամոգրաֆիայի իրականացումը պետք է պլանավորել դաշտանային ցիկլից մեկ շաբաթ անց: Այլ ժամանակահատվածում հորմոնային տատանումները կարող են ավելացնել գործողության ցավոտությունը:

Անհրաժեշտ է գործողությունն իրականացնող մասնագետին տեղեկացնել ֆիբրոզկիստոզային փոփոխությունների առկայության կամ նախկինում մամոգրաֆիայի իրականացման ժամանակ առաջացած ցավերի մասին:

Սուրճ կամ կոֆեին պարունակող գազավորված ըմպելիքները չարաշահող կանայք պետք է սահամանափակեն դրանց ընդունումը երկու շաբաթ առաջ` նախքան մամոգրաֆիայի իրականացումը, քանի որ այն կարող է կրծքագեղձի հյուսվածքներն ավելի զգայուն դարձնել:

Անհրաժեշտ է դիտարկել ոչ ստերոիդ հակաբորբոքիչ դեղամիջոցների ընդունման հնարավորությունը գործողության իրականացումից 45-60 րոպե առաջ

Կրծքագեղձի և մամոգրաֆի թիթեղների միջև փափուկ շերտի առկայությունը կարող է զգալիորեն նվազեցնել գործողության ցավոտությունը:

Մամոգրաֆիայի ընթացքում անհրաժեշտ է շնչել դանդաղ և խորը. այն կարող է նվազեցնել տագնապի հետ կապված ցավի արտահայտվածությունը

Կանանց, ովքեր պլանավորում են շուտով ընդհատել երեխային կրծքով կերակրումը, մասնագետները խորհուրդ են տալիս վերանայել մամոգրաֆիայի իրականացման հետաձգման հնարավորությունը:

Ցավային զգացողությունների առաջացման դեպքում անհրաժեշտ է այդ մասին անմիջապես հայտնել բժշկին, հատկապես եթե ցավն անտանելի է: Մամոգրաֆիան չպետք է այնպիսի զգացողություններ առաջացնի, որոնց պատճառով կինը սկսի խուսափել գործողության կրկնությունից

Մամոգրաֆիան հարաբերականորեն անվտանգ է, թեև պահանջում է ճառագայթման ցածր չափաբաժինների կարճաժամկետ ազդեցություն: Գործողության հիմնական թերությունն այն է, որ հնարավորություն է տալիս հայտնաբերել քաղցկեղի ոչ բոլոր տեսակները: Հետազոտության բարձր զգայնության պատճառով երբեմն կարող են արձանագրվել կեղծ դրական արդյունքներ: Նախկինում մամոգրաֆիա անցած կանանց խորհուրդ եմ տալիս իրենց հետ վերցնել նախորդ նկարները, որը հնարավորություն կտա բժշկին համեմատել հին և նոր տվյալները` բարձրացնելու ախտորոշման ճշտությունը:

Կրծքագեղձի ֆիլոիդ ուռուցքներ

Կրծքագեղձի ֆիլոիդ ուռուցքներ

Կրծքագեղձի ֆիլոիդ ուռուցքները հազվադեպ են հանդիպում՝ կազմելով կրծքագեղձի բոլոր տեսակի ուռուցքների 1%-ից էլ քիչ մասը։ «Ֆիլոիդ» անվանումը հունարենից թարգմանաբար նշանակում է «տերևանման» (ուռուցքի բջիջներն աճում են տերևանման մոդելով)։ Այս ուռուցքներն այլ կերպ անվանում են նաև «տերևանման ուռուցք» կամ «տերևանման ֆիբրոադենոմա»։ Չնայած նրան, որ ֆիլոիդ ուռուցքների մեծամասնությունը բարորակ է, հանդիպում են նաև դրանց չարորակ տեսակները, իսկ որոշներն էլ սահմանային են՝ հարելով ոչ քաղցկեղայինի և քաղցկեղայինի միջև ընկած սահմանին։ Այս երեք տեսակներն էլ վիրահատական միջամտություն են պահանջում։ Ֆիլոիդ ուռուցքները կարող են առաջանալ ցանկացած տարիքում, բայց դրանք հակված են զարգանալու կնոջ` 40-50 տարեկան հասակում։ Բարորակ ֆիլոիդ ուռուցքները, ի տարբերություն չարորակների, սովորաբար ախտորոշվում են ավելի երիտասարդ տարիքում:

Ֆիլոիդ ուռուցքների զարգացումը

Ֆիլոիդ ուռուցքներն առաջանում են կրծքագեղձի ծորաններից և բլթակներից դուրս և զարգանում են կրծքագեղձի շարակցական հյուսվածքում, որը կոչվում է ստրոմա։ Ստրոման իր մեջ ներառում է ճարպային հյուսվածքը, ծորաններն ու բլթակները շրջապատող մկանները և կրծքագեղձի արյունատար ու ավշային անոթները։ Ստրոման կարելի է պատկերացնել որպես մի հյուսվածք, որը կրծքագեղձում «ամեն բան կապակցված է պահում»։ Բացի ստրոմայի բջիջներից ֆիլոիդ ուռուցքները կարող են պարունակել նաև ծորանների և բլթակների բջիջներ։

Ախտանիշներ

Որպես կանոն ֆիլոիդ ուռուցքը հստակ շոշափվում է: Այն արագ աճելու հակում ունի մի քանի շաբաթների կամ ամսիների ընթացքում կարող է հասնել 2-3սմ, իսկ ընդհանրապես, ֆիլոիդ ուռուցքի չափերը կարող են հասնել մինչև ավելի քան 15-20սմ: Նման արագընթաց աճը դեռևս չի նշանակում, որ ֆիլոիդ ուռուցքը չարորակ է: Գոյացությունը սովորաբար ցավոտ չի լինում։ Ժամանակի ընթացքում ֆիլոիդ ուռուցքը կարող է մեծանալ և տեսանելի ուռուցիկ տեսք ստանալ՝ սեղմվելով մաշկին։ Առավել խորացած դեպքերում ֆիլոիդ ուռուցքը կարող է մաշկի վրա խոցի պատճառ դառնալ կամ բաց վերք առաջացնել։

Ախտորոշում

Ֆիլոիդ ուռուցքի դեպքում ախտորոշումը կարող է բավականին դժվար լինել, քանի որ ուռուցքի այս տեսակը պրակտիկայում հաճախադեպ չէ։ Ֆիլոիդ ուռուցքը կարող է նմանվել նաև կրծքագեղձի` առավել հաճախ հանդիպող բարորակ գոյացությանը` ֆիբրոադենոմային, որն առավել հաճախ հանդիպում է ավելի երիտասարդ կանանց մոտ: Ի տարբերություն ֆիբրոադենոմայի, ֆիլոիդ ուռուցքներն ավելի արագ աճի հակում ունեն և զարգանում են 40-50 տարեկանում:

Ֆիլոիդ ուռուցքների ախտորոշումը սովորաբար ներառում է մի քանի գործողությունների համակցություն՝

  • Կրծքագեղձերի զննում հնարավոր է, որ բժիշկը կարողանա շոշափել գոյացությունը կրծքագեղձում, կամ էլ դուք ինքներդ շոշափեք այն ինքնազննման ժամանակ։
  • Մամոգրաֆիա՝ ստանալու կրծքագեղձի ռենտգենյան նկարներով պատկերը (մամոգրամա) և տեղորոշելու գոյացությունը։ 
  • Ուլտրաձայնային հետազոտություն (սոնոգրաֆիա)՝ ստանալու կրծքագեղձի ձայնալիքային նկարներով պատկերը։ Նկարները ձևավորվում են, երբ կրծքագեղձի հյուսվածքն «արձագանքում» է ձայնային ալիքներին։
  • Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ)՝ ստանալու ուռուցքի լրացուցիչ նկարներով պատկերը, որը կօգնի վիրահատության պլանավորմանը։
  • Բիոպսիա՝ ստանալու ուռուցքի նմուշներ, որոնք կհետազոտվեն մանրադիտակով։ 

Չնայած նրան, որ վիզուալ ախտորոշման մեթոդներն օգտակար են, այնուամենայնիվ բիոպսիան միակ եղանակն է՝ պարզելու` արդյո՞ք գոյացությունը ֆիլոիդ ուռուցք է։

Բժիշկը կարող է կատարել երկու միջամտություններից որևէ մեկը՝

  1. հաստ ասեղային բիոպսիա` ստանալու ուռուցքի նմուշներ;
  2. էքսցիզիոն բիոպսիա, որի միջոցով ուռուցքը հեռացվում է ամբողջությամբ:

Հաճախ անհրաժեշտ է հետազոտել ամբողջական ուռուցքը, որպեսզի ճիշտ ախտորոշում կայացվի։ Հնարավոր է, որ հաստ ասեղային բիոպսիայի ժամանակ ստացված հյուսվածքի փոքրածավալ նմուշները բավարար չլինեն՝ հաստատելու գոյացության՝ ֆիլոիդ ուռուցք լինելու փաստը։ Այնուհետև ախտորոշում կայացնելու նպատակով մանրադիտակով հետազոտվում է ուռուցքի հյուսվածքը, ըստ որի որոշվում է ֆիլոիդ ուռուցքի տեսակը` բարորակ, սահմանային կամ չարորակ։

«Բարորակ» բնորոշումը հաճախ մարդկանց մոտ այն սխալ կարծիքն է ստեղծում, որ չկա բուժման կարիք։ Սակայն բարորակ ֆիլոիդ ուռուցքները, ինչպես և չարորակները, կարող են աճել և հասնել մեծ չափերի՝ ստեղծելով կրծքագեղձում մի տեսանելի գոյացություն, որը, հավանաբար, մաշկում կարող է ճեղքվածք առաջացնել և ցավ ու անհարմարություն պատճառել։ Սա է պատճառը, որ թե՛ բարորակ, և թե՛ չարորակ ֆիլոիդ ուռուցքները բուժում են պահանջում։ Հիմնական տարբերությունը դրանց միջև այն է, որ չարորակ ֆիլոիդ ուռուցքները, հատկապես ստրոմայի բջիջների զգալի գերաճով ուռուցքները, կարող են ավելի հաճախ կրկնվել:

«Ֆիլոիդ ուռուցքի բուժումն ու հսկողությունը»

 

Կալցիֆիկատներ կրծքագեղձում

ԿԱԼՑԻՖԻԿԱՏՆԵՐ ԿՐԾՔԱԳԵՂՁՈՒՄ

Կրծքագեղձի կալցիֆիկատները կամ կալցինատները կալցիումի փոքրիկ կուտակումներ են, որոնք առաջանում են կանանց կրծքագեղձի մեջ: Կալցիֆիկատների առկայությունը կրծքագեղձում բավական տարածված երևույթ է, և մեծամասամբ բարորակ բնույթ է կրում: Գոյություն ունեն կալցիֆիկատների երկու տեսակ՝ մակրոկալցիֆիկատներ և միկրոկալցիֆիկատներ:

Կալցիֆիկատները չունեն որևէ կլինիկական ախտանիշ, և հիվանդը դրանց հետ կապված որևէ գանգատ չի ունենում: Դրանք հիմնականում հայտնաբերվում են մամոգրաֆիկ քննության ժամանակ: Կալցիֆիկատների առաջացման պատճառները բազմաթիվ են՝ սկսած անհայտ պատճառից մինչև կրծքագեղձի տրավմա և երիտասարդ տարիքում կրծքի բորբոքումներ: Սննդակարգում կալցիումի ավելցուկը կամ պակասը չի անդրադառնում կրծքագեղձի կալցիֆիկատների զարգացման վրա:

Մակրոկալցիֆիկատները մամոգրաֆիկ նկարում արտահայտվում են սպիտակ, համեմատաբար խոշոր կետերի տեսքով, որոնք հաճախ ցրված են լինում կրծքագեղձի տարբեր հատվածներում: Դրանք կարող են հայտնաբերվել հիմնականում 50 տարեկանից բարձր կանանց մոտ և 10% դեպքերում` ավելի երիտասարդ կանանց շրջանում:

Միկրոկալցիֆիկատները մամոգրաֆիկ նկարում արտահայտվում են սպիտակ մանր կետիկների տեսքով, որոնք կարող են լինել ցրված, իսկ երբեմն` խմբավորված մեկ հատվածում: Դրանց առկայությունը դեռևս չի հաստատում քաղցկեղը, սակայն հատկապես դրանց խմբավորված տեսակը կարող է ենթադրել կրծքագեղձում նախաքաղցկեղային վիճակի կամ կրծքագեղձի քաղցկեղի ամենավաղ փուլի մասին:

Մակրոկալցիֆիկատների առկայության դեպքում կարիք չկա ո՝չ անհանգստության և ո՝չ էլ բուժման: Իսկ միկրոկալցիֆիկատների առկայությունը կարող է Ձեր բժշկին ստիպել կատարել ևս մի քանի մամոգրաֆիկ նկարներ (կամ MRI)` այդ հատվածն ավելի մանրամասն գնահատելու նպատակով: Միկրոկալցիֆիկատները կարող են գնահատվել որպես «բարորակ» (benign), «հավանաբար բարորակ» (probably benign), «կասկածելի» (suspicious) կամ «չարորակ տիպի» (malignant type): Նման դեպքերում հաճախ կարիք է լինում լսել երկրորդ բժշկի կարծիքը: «Հավանաբար բարորակ» (probably benign) տեսակի դեպքում քաղցկեղի ռիսկը 2%-ից էլ ցածր է, այլ կերպ ասած՝ ավելի քան 98% դեպքերում այս տեսակ միկրոկալցիֆիկատները վտանգավոր չեն: Որպես կանոն` կարիք է լինում մոտակա մեկ տարվա ընթացքում վեց ամիսը մեկ պարբերականությամբ կրկնակի հետազոտվել բժշկի մոտ:

«Կասկածելի» (suspicious) կամ «չարորակ տիպի» (malignant type) կալցիֆիկատների դեպքում բժիշկը կարող է առաջարկել Ձեզ բիոպսիա: Եթե բիոպսիայի արդյունքում հայտնաբերվում են քաղցկեղային բջիջներ, ապա կարող է առաջարկվել վիրահատական բուժում և քաղցկեղի բուժման այլ եղանակներ: Կրծքագեղձի բիոպսիայի մասին մանրամասն կարող եք կարդալ այստեղ։

Շոշափել եք “գնդի՞կ” թևատակում

ՇՈՇԱՓԵԼ ԵՔ «ԳՆԴԻ՞Կ» ԹԵՎԱՏԱԿՈՒՄ

Կանայք և աղջիկներ հաճախ են գանգատվում թևատակում ցավերից կամ անհանգստանում այնտեղ հստակ շոշափվող գոյացությունից: Երբեմն թևատակում կարելի է շոշափել գոյացություն՝ կապված թևատակի մաշկային հիվանդությունների հետ. ֆուրունկուլ՝ մազարմատի բորբոքում, աթերոմա՝ մաշկի ճարպագեղձի բորբոքում, հիդրադենիտ՝ քրտնագեղձի բորբոքում: Իսկ բուն անութափոսում առաջացած «գնդիկները» հիմնականում ավշային հանգուցներ են: Ավշահանգույցների նշանակության մասին կարող եք կարդալ «Կրծքագեղձի ավշային համակարգ» հոդվածում։ Նորմայի սահմաններում (տարբեր տվյալներով) անութափոսում ավշահանգույցների քանակը տատանվում է 8-60: Այս հատվածում ավշահանգույցների նորմալ չափերը տատանվում են 3-10մմ:

Անութափոսի ավշահանգույցների մեծացման պատճառները բազմաթիվ են՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ, «կատվի ճանկռածի հիվանդություն», ինֆեկցիոն մոնոնուկլեոզ, տոքսոպլազմոզ, ջրծաղիկ, տուբերկուլյոզ, տուլյարեմիա, նեյրոդերմիտ, պսորիազ, ռևմատիկ տարբեր հիվանդություններ, հերպեսի որոշ տեսակներ, ավշային համակարգի տարբեր չարորակ ուռուցքներ, վերին վերջույթի մաշկի չարորակ նորագոյացություններ, կրծքագեղձի իմպլանտի պատռվածք: Ամենից հաճախ ավշահանգույցների ռեակտիվ հիպերպլազիան (մեծացում) հանդիպում է կրծքագեղձի, վերին վերջույթի և ուսագոտու շրջաններում սովորական ինֆեկցիաների ժամանակ:

Կրծքագեղձի հիվանդություններից անութային ավշահանգույցների մեծացման պատճառ կարող են լինել բորբոքված կիստան, մաստիտը, պտուկի բորբոքումը և ճաքերը, կրծքագեղձի քաղցկեղը: Քաղցկեղի դեպքում թևատակի ավշային հանգույցների ախտահարման հավանականությունն ուղիղ համեմատական կապի մեջ է կրծքագեղձում ուռուցքի չափերի և տեղակայման հետ, իսկ որոշ դեպքերում կախված է նաև ուռուցքի բիոլոգիական հատկություններից: Կրծքագեղձի քաղցկեղի 0.3-1% դեպքերում անութափոսում կարելի է հանդիպել մեծացած մետաստատիկ ավշային հանգույցներ՝ առանց կրծքագեղձում ուռուցքի առկայության: Կրծքագեղձի քաղցկեղի այս տեսակն անվանում են օկկուլտ քաղցկեղ: Նման դեպքերում ուռուցքը չի շոշափվում, չի հայտնաբերվում ո՛չ սոնոգրաֆիկ, ո՛չ մամոգրաֆիկ քննությամբ: Հաճախ մեծացած ավշային հանգույցի ախտահարման վերջնական պատճառը պարզելու համար հարկ է լինում հանգույցի հեռացում և նրա մորֆոլոգիական մանրամասն քննություն:

Թևատակում մեծացած ավշային հանգույցներ հայտնաբերելիս ցանկալի է ստուգվել և պարզել դրա պատճառը:

Ի՞նչ է արտադրությունը պտուկից:

Ի՞նչ կարող է հուշել արտադրությունը պտուկից:

Իմ պրակտիկայում հաճախ եմ հանդիպում կանանց, որոնք գալիս են կոնսուլտացիայի՝ հիմնականում գանգատվելով պտուկի արտադրությունից: Եկեք մանրամասն ուսումնասիրենք այս խնդիրը և պարզենք, թե որ դեպքերում է արտադրությունը պտուկից համարվում նորմալ և որ դեպքերում՝ ոչ:

Նախ ասեմ, որ պտուկից արյունային արտադրությունը երբևէ չի կարող համարվել նորմալ երևույթ: Ոչ նորմալ է համարվում նաև, երբ առկա է որևէ արտադրություն միայն մեկ կրծքագեղձից, երբ արտադրությունը առատ է, ինչպես նաև երբ արտադրություն է լինում առանց պտուկը սեղմելու կամ կրծքագեղձը կթելու: Ցավոք, միայն արտադրության գույնով հնարավոր չէ պարզել՝ արտադրությունը հիվանդության նշան է, թե ոչ: Պտուկից արտադրությունը կարող է լինել թափանցիկ, սպիտակ, դեղին, գորշ կամ կանաչ: Պտուկից ֆիզիոլոգիական բնույթ կրող արտադրությունը, որպես կանոն, լինում է երկու կրծքից: Երբեմն կանայք, երևույթից առավել անհանգստացած լինելով, կրկին ու կրկին սեղմում են իրենց կուրծքը՝ փորձելով ստուգել՝ շարունակվում է արդյոք արտադրությունը. իրականում սրանով իսկապես խորացնում են խնդիրը: Նման դեպքերում հարկավոր է որոշ ժամանակ հանգիստ թողնել պտուկները և “խնդիրը” կարող է լուծվել ինքն իրեն:

Արտադրության որակը պետք է որոշի բժիշկը՝ զննման և որոշ հետազոտությունների արդյունքների հիման վրա: Սակայն պետք է հիշել մի բան, որ պտուկի անգամ պաթոլոգիկ արտադրությունների մեծ մասը վտանգավոր չէ և հեշտ բուժվում է:

Պտուկից նորմալ կարող է համարվել արտադրությունը հղիության ընթացքում: Հղիության վաղ փուլերում որոշ կանայք նկատում են թափանցիկ արտադրություն պտուկներից, իսկ ավելի ուշ փուլերում արտադրությունը կարող է թանձրանալ և մգանալ: Նորմալ է համարվում նաև, երբ երեխային կրծքով կերակրելը դադարեցնելուց հետո դեռ որոշ ժամանակ կինը նկատում է սպիտակ արտադրություն պտուկներից: Երբեմն կարող է այդ երևույթը նկատվել ֆիզիկական ակտիվության (օրինակ վազք), պտուկի երկար գրգռման (օրինակ՝ կրծկալով) արդյունքում:

 

Պտուկից պաթոլոգիկ (ոչ նորմալ) արտադրություն

Եթե պտուկի արտադրությունը բժիշկը գնահատում է որպես պաթոլոգիկ, այսինքն` ոչ նորմալ, ապա նա կարող է մի շարք լրացուցիչ հետազոտություններ առաջարկել: Դրանք են՝ արտադրության լաբորատոր քննություն, արյան անալիզներ, սոնոգրաֆիա, մամոգրաֆիա կամ դուկտոգրաֆիա (ծորանների քննություն), գլխուղեղի հետազոտություն: Երբեմն հնարավոր է մեկ կամ մի քանի ծորանի վիրահատական հեռացման անհրաժեշտություն հյուսվածքաբանական քննությամբ:
Պտուկից պաթոլոգիկ արտադրությունների հնարավոր պատճառներից են՝

Կրծքագեղձում արտահայտված ֆիբրոզ-կիստոզ փոփոխություններ: Այս դեպքում արտադրությունը կարող է լինել թափանցիկ, սպիտակ, դեղին և անգամ կանաչ:

Գալակտորեա: Դա կաթնարտադրությունն է, անգամ եթե կինը չի կերակրում կրծքով: Դրա պատճառները բազմաթիվ են. հիպոֆիզի գոյացություններ, որոշ հորմոնալ և հոգեմետ դեղամիջոցների ընդունում, որոշ դեղաբույսերի օգտագործում, հիպոթիրեոզ (վահանաձև գեղձի ֆունկցիոնալ խանգարման տեսակ), թմրանյութերի օգտագործում:

Ինֆեկցիա: Եթե պտուկի արտադրությունը թարախային է, ապա դա կարող է լինել կրծքագեղձի բորբոքման՝ մաստիտի հետևանք: Մաստիտը սովորաբար զարգանում է կերակրող մայրերի մոտ, սակայն երբեմն կարող է հանդիպել նաև անգամ երբևէ չհղիացած կանանց մոտ:

Դուկտէկտազիա: Որպես պտուկից արտադրության պատճառ՝ սա զբաղեցնում է այդ շարքում 2-դ տեղը: Դուկտէկտազիան ծորանների լայնացումն է և ավելի բնորոշ է մեծահասակ կանանց: Դա, որպես կանոն, ծորանների խցանման հետևանք է, ինչը կարող է բերել արտազատուկի կուտակման և անգամ կրծքագեղձի բորբոքման:

Ներծորանային պապիլոմա: Դա դեպի ծորանի լուսանցքը աճող բարորակ գոյացություն է, որը պտուկից պաթոլոգիկ արտադրության ամենահաճախ հանդիպող պատճառներից է: Սրանով պայմանավորված՝ արտադրությունը հաճախ լինում է արյունային:

Կրծքագեղձի քաղցկեղի որոշ տեսակների առկայություն: Չնայած, որ ճնշող մեծամասնության դեպքում պտուկի արտադրությունը չի համարվում ավելի լուրջ հիվանդության նախանշան, այնուամենայնիվ այն կարող է լինել նաև կրծքագեղձի քաղցկեղի (պտուկի քաղցկեղ /Պեջետի հիվանդություն/, պտուկի տակ գտնվող ներծորանային քաղցկեղ, ուշ շրջանում հայտնաբերված և արդեն քայքայվող քաղցկեղ) նշաններից մեկը:

Կրծքագեղձի կիստա: Արդյոք վտանգավոր է

Կիստա կրծքագեղձում

Ի՞նչ է կրծքագեղձի կիստան: Համառոտ բնորոշմամբ կիսատն պարկ է, որը լցված է հեղուկով: Կրծքագեղձի կիստան այդ օրգանի ամենից հաճախ հանդիպող բարորակ գոյացությունն է: Որպես կանոն (հիմնականում) այն կարելի է անգամ խնդիր չհամարել: Սովորաբար կնոջ օրգանիզմում տարիքին զուգահեռ կատարվող հորմոնալ փոփոխությունները կարող են առաջացնել կրծքագեղձի կիստա: Կրծքագեղձում կիստաների քանակը կարող է տատանվել մեկից մինչև մի քանի տասնյակի սահմանում, իսկ դրանց չափերը կարող են լինել մի քանի միլիմետրից մինչև մի քանի սանտիմետր: Դրանք կարող են առաջանալ կրծքագեղձերի ցանկացած հատվածում: Կանանց մեծ մասն անգամ չի էլ իմանում իր կրծքում կիստայի առկայության մասին: Կիստաներն ավելի շատ հանդիպում են 35-ից բարձր տարիքում: Նրանց առաջացման հավանականությունը մեծանում է 45-50 տարեկանին մոտ, երբ կնոջ օրգանիզմում հորմոնալ փոփոխությունների արագությունն աճում է: Իսկ արդեն դաշտանադադարից հետո կիստաների մեծ մասը սկսում են ներծծվել: Կիստաները հաճախ են հանդիպում այն կանանց մոտ, ովքեր ստանում են հորմոն-փոխարինող թերապիա:

Այս ամենի հետ մեկտեղ պետք է նշել, որ կրծքագեղձի կիստան իրենից վտանգ չի ներկայացնում: Կանանց մեծ մասը վախենում է, որ կիստան կարող է վերածվել քաղցկեղի: Շտապենք տեղեկացնել, որ չկա որևէ ապացույց, որ կրծքագեղձի կիստան կարող է վերածվել քաղցկեղի. հասարակ կիստայի շրջանում քաղցկեղի առաջացումը համարվում է զուգադիպություն:

Կիստաների մեծ մասը չունի բուժման կարիք: Եվ պետք չէ անհանգստանալ, եթե հերթական ստուգման ժամանակ պարզվի, որ կիստան ոչ թե անհետացել է, այլ նույնիսկ մեծացել է մի քանի միլիմետրով: Պետք չէ համառորեն փորձել բուժվել փոքր կիստաներից՝ ակնկալելով հաջորդ հետազոտության ժամանակ ստանալ սոնոգրաֆիկ իդեալական պատկեր: Եթե կիստան անհանգստացնում է կնոջը, եթե այն բորբոքվել է և/կամ ցավ է պատճառում, անգամ, եթե խիստ անհանգստացնում է միայն հոգեբանորեն, ապա բժիշկը բացարձակ անցավ կարող է հեռացնել կիստայի պարունակությունը բարակ ասեղի միջոցով: Եթե կիստան նորից լցվում է հեղուկով, երբեմն հարկ է լինում այն դատարկել մի քանի անգամ: Պարունակությունը լինում է տարբեր գույնի և երանգի՝ բաց դեղինից մինչև մուգ շագանակագույն: Որպես կանոն՝ այն անգամ կարիք չի ունենում բջջաբանական հետազոտության (իհարկե, բժշկի որոշմամբ): Եթե դատարկված կիստան լցվում է 24 ժամվա ընթացքում, ապա պետք է անմիջապես բժշկին հայտնել դրա մասին: Հազվադեպ հանդիպում են բազմախտրոց, ներկիստոզ հյուսվածքային կոմպոնենտներով բարդ կիստաներ: Չի բացառվում, որ նման դեպքերում բժիշկն առաջարկի Ձեզ ոչ շտապ, այսինքն պլանային վիրահատական բուժում:

Ստուգվե՛ք կրծքագեղձի մասնագետի մոտ և համոզվելով, որ Ձեզ մոտ ընդամենը հասարակ կիստա է, ապրե՛ք հանգիստ և առանց կպչուն մտքերի:

Կրծքագեղձի բիոպսիա

Կրծքագեղձի հետազոտություն անցնելիս թերևս շատերդ լսած կլինեք բժշկից, որ կա բիոպսիայի անհրաժեշտություն: Ուստի փորձենք ոչ մասնագետ ընթերցողի համար հնարավորինս մատչելի պարզաբանում տալ այն մասին, թե ինչ է ընդհանրապես բիոպսիան, ինչ նպատակով է անցկացվում, ինչպես պետք է նախապատրաստվել դրան, ինչպես է կատարվում բիոպսիան` կախված նրա տեսակից, և ընդհանրապես, ինչ պետք է իմանալ բիոպսիա անելուց առաջ և հետո:

Կրծքագեղձի բիոպսիա

Կրծքագեղձի բիոպսիայի միջոցով կրծքագեղձի հյուսվածքից նմուշ է վերցվում, որն ուսումնասիրվում է մանրադիտակով կրծքագեղձի hնարավոր քաղցկեղի հայտնաբերման նպատակով: Սովորաբար, կրծքագեղձի բիոպսիան իրականացվում է կրծքագեղձի զննման (կան ինքնազննման) ժամանակ հայտնաբերված գոյացությունը և/կամ մամոգրաֆիկ, ուլտրաձայնային հետազոտության կամ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) միջոցով հայտնաբերված կասկածելի հատվածը ստուգելու նպատակով:

Կրծքագեղձի բիոպսիա իրականացնելու մի քանի ձևեր կան: Կրծքագեղձի հյուսվածքի նմուշն ուսումնասիրվում է մանրադիտակի միջոցով:

Բարակ ասեղային ասպիրացիոն բիոպսիա (պունկցիոն բիոպսիա)՝ գոյացության մեջ բարակ ասեղ է տեղադրվում և բջիջների կամ հեղուկի նմուշ է վերցվում:

Հաստ ասեղային բիոպսիա՝ հատուկ ծայրով ասեղ է տեղադրվում և կրծքագեղձի հյուսվածքից բրնձահատիկի չափով նմուշ է վերցվում:

Վակուումով հաստ ասեղային բիոպսիա՝ իրականացվում է զոնդի միջոցով՝ վակուումի կիրառմամբ, կրծքագեղձի հյուսվածքից մի փոքր նմուշ վերցնելու նպատակով: Այս բիոպսիայի ժամանակ արված մաշկի փոքրիկ կտրվածքը կարելու կարիք չունի և շատ փոքր սպի է թողնում:

Բաց (վիրահատական) բիոպսիա՝ մաշկի վրա և կրծքագեղձի հյուսվածքում կատարվում է փոքրիկ կտրվածք՝ գոյացության մի մասը կամ գոյացությունն ամբողջությամբ հեռացնելու նպատակով: Սա կարող է իրականացվել գոյացության ստուգման նպատակով որպես առաջին քայլ, կամ այն դեպքում, երբ ասեղային բիոպսիան բավարար տեղեկություն չի ապահովել:

Անհրաժեշտության դեպքում բիոպսիան կատարվում է ուլտրաձայնային կամ ՄՌՏ սարքի հսկողությամբ, որպեսզի բիոպսիայի ասեղը ճիշտ ուղղորդվի: Երբեմն մամոգրաֆիկ հետազոտության ժամանակ համակարգչի օգնությամբ որոշվում է բիոպսիայի ստույգ տեղը (ստերեոտակտիկ ասեղային բիոպսիա): Ստույգ կետը նշելու համար կարելի է օգտագործել նաև բարակ մետաղալար, հատուկ մետաղյա ամրակ կամ մարկեր:

Ինչո՞ւ է կատարվում բիոպսիա:

Կրծքագեղձի բիոպսիան ստուգում է` ըստ մամոգրաֆիկ նկարի՝ կրծքագեղձում հայտնաբերված գոյացությունը կամ կասկածելի հատվածը քաղցկեղայի՞ն (չարորակ) է, թե՝ ոչ քաղցկեղայի՞ն (բարորակ): Բիոպսիայի նմուշի հետազոտությունը միակ ճշգրիտ միջոցն է՝ հայտնաբերելու քաղցկեղային բջիջների առկայությունը:

Ինչպե՞ս նախապատրաստվել բիոպսիայի անցկացմանը:

Նախքան բիոպսիայի գործողությունը բժշկին պետք է տեղեկացնել դաշտանային ցիկլի օրվա մասին, ինչպես նաև եթե.

  • որևէ դեղամիջոց կամ հավելում եք ընդունում (օրինակ՝ վիտամիններ կամ դեղաբույսեր);
  • ալերգիա ունեք որևէ դեղամիջոցի, այդ թվում նաև անզգայացնող դեղամիջոցների նկատմամբ;
  • ալերգիա ունեք լատեքսի նկատմամբ (բժշկական ձեռնոցները հիմնականում պատրաստվում են լատեքսից);
  • արյունահոսության խնդիրներ ունեք կամ հակամակարդիչներ եք ընդունում, ինչպիսիք են վարֆարինը (Կումադին) կամ կլոպիդոգրելը (Պլավիքս);
  • հղի եք կամ կարող եք հղի լինել:

Եթե հիվանդը հակամակարդիչ է ընդունում, ապա բիոպսիայից մեկ շաբաթ առաջ, հավանաբար, ստիպված կլինի դադարեցնել դրա ընդունումը։

Եթե կրծքագեղձի բիոպսիան իրականացվում է տեղային անզգայացմամբ, ապա հատուկ նախապատրաստության կարիք չի լինում։ Ընդհանուր անզգայացմամբ իրականացվելու դեպքում պետք է հետևել ուտելու և խմելու սահմանափակումների վերաբերյալ տրված ստույգ հրահանգներին, այլապես վիրահատությունը կարող է հետաձգվել։ Եթե բժշկի կողմից հանձնարարվել է որևէ դեղորայք ընդունել հենց վիրահատության օրը, ապա այդպես էլ պետք է անել՝ ընդամենը մի կում ջրով։ Նախքան կրծքագեղձի բիոպսիան հնարավոր է այլ հետազոտությունների անհրաժեշտություն, օրինակ՝ արյան որոշ անալիզների հանձնում։

Ինչպե՞ս է կատարվում բիոպսիան՝ կախված ընտրված եղանակից:

Բարակ ասեղային ասպիրացիոն բիոպսիա (պունկցիոն բիոպսիա): Հարկավոր է հանել գոտկատեղից վերև ընկած հատվածի հագուստը։ Բիոպսիան իրականացվում է զննման սեղանին՝ հիվանդի նստած կամ պառկած դիրքում։ Ձեռքերը պետք է պահել աջ և ձախ կողմերում կամ գլխից վերև բարձրացնել (կախված նրանից, թե որ դիրքում հեշտ կլինի գտնել գոյացությունը)։ Բիոպսիայի ասեղի ներմուծման կետում թմրեցնող դեղորայքի միջոցով թմրեցվում է մաշկը: Այնուհետև տեղադրվում է ասեղը, որը, հատելով մաշկը, ներթափանցում է կրծքագեղձի հյուսվածքի մեջ։ Բիոպսիայի ընթացքում ուլտրաձայնային սարք կարող է կիրառվել՝ ուղղորդելու ասեղի տեղադրումը։ Եթե գոյացությունը կիստա է, ապա ասեղի միջոցով հեղուկ է դուրս բերվում, իսկ պինդ գոյացության դեպքում` հյուսվածքի նմուշ։ Բիոպսիայի նմուշն ուղարկվում է լաբորատորիա՝ մանրադիտակով ուսումնասիրելու նպատակով։ Մինչև բիոպսիայի ավարտը հիվանդը պետք է անշարժ պառկի։ Այնուհետև ասեղը հեռացվում է։ Ասեղի ներմուծման կետում ճնշում է գործադրվում՝ դադարեցնելու արյունահոսությունը։ Տեղադրվում է վիրակապ, սառցապարկ: Բարակ ասեղային ասպիրացիոն բիոպսիան տևում է մի քանի րոպե։

Հաստ ասեղային բիոպսիա (տրեպան բիոպսիա)։ Բիոպսիայի ասեղի ներմուծման կետում թմրեցվում է մաշկը՝ ներարկելով թմրեցնող դեղորայք։ Մաշկի թմրեցումից անմիջապես հետո կատարվում է փոքրիկ կտրվածք: Հատուկ ծայրով ասեղը տեղադրվում է կրծքագեղձի հյուսվածքում: Բժիշկը 3-12 նմուշ է վերցնում՝ առավել ճշգրիտ արդյունքներ ստանալու նպատակով: Այնուհետև ասեղը հեռացվում է։ Ասեղի ներմուծման կետում ճնշում է գործադրվում՝ արյունահոսությունը դադարեցնելու նպատակով։ Տեղադրվում է վիրակապ, սառցապարկ։ Սա կարող է մի քանի անգամ կրկնվել՝ ապահովելու հյուսվածքի բավականաչափ նմուշների ստացումը: Հաստ ասեղային բիոպսիան տևում է մոտ 10-15 րոպե։

Ստերեոտակտիկ բիոպսիա։ Ստերեոտակտիկ բիոպսիան իրականացվում է ճառագայթաբանի կողմից ճառագայթաբանական բաժանմունքում այնպիսի մի հատուկ սեղանի վրա, որն ունի անցք կուրծքը կախելու համար (հիվանդը պառկում է փորի վրա): Մամոգրաֆիկ կամ ՄՌՏ սարք է կիրառվում՝ հստակ որոշելու կատարվելիք բիոպսիայի ստույգ կետը: Բիոպսիայի ասեղի ներմուծման կետում թմրեցնող դեղորայքի միջոցով թմրեցվում է մաշկը: Այնուհետև փոքրիկ կտրվածք է կատարվում: Հատուկ ռենտգենյան ճառագայթների կիրառմամբ՝ ուղղորդելով ասեղը, այն տեղադրվում է կասկածելի հատվածում: Սովորաբար, միևնույն կտրվածքից մեկից ավելի նմուշներ են վերցվում: Հիվանդը պետք է անշարժ պառկի մինչև բիոպսիայի ավարտը։ Ասեղի ներմուծման համար կատարված փոքր կտրվածքը, սովորաբար, կարերի տեղադրում չի պահանջում: Սովորաբար, փոքրիկ մետաղական մարկեր (ամրակ) է տեղադրվում այն հատվածում, որտեղից վերցվել է բիոպսիայի նմուշը: Դա արվում է այն նպատակով, որպեսզի նշվի այն ստույգ կետը, որտեղից վերցվել է հյուսվածքի նմուշը: Մետաղական մարկերը մնում է կրծքագեղձում, եթե հիվանդի մոտ չի հայտնաբերվում քաղցկեղ: Հիվանդը չի կարողանա զգալ այն, մինչդեռ ապահով կերպով կարող է ՄՌՏ անցնել: Հետագայում մամոգրաֆիկ զննում անցկացնելիս ճառագայթաբանը կկարողանա տեսնել այդ մետաղական մարկերը: Կրծքագեղձի բիոպսիայի այս տեսակը տևում է մոտ 60 րոպե, սակայն նշված ժամանակահատվածի զգալի մասը հարկավոր է մամոգրաֆիկ կամ ՄՌՏ զննման և բիոպսիայի հատվածը տեղորոշելու համար:

Վակուումի կիրառմամբ բիոպսիա։ Բիոպսիայի այս տեսակը իրականացվում է ստերեոտակտիկ բիոպսիայի պես, սակայն այս դեպքում սարքը վակուումի միջոցով է հեռացնում կրծքագեղձում կասկածելի կետը: Վակուումով հաստ ասեղային բիոպսիան մեկ ժամից կարճ է տևում:

Բաց բիոպսիա։ Բաց բիոպսիան իրականացվում է վիրաբույժի կողմից: Բիոպսիան կարող է կատարվել վիրաբուժական կլինիկայում կամ հիվանդանոցում: Բաց բիոպսիայի ժամանակ հիմնականում կատարվում է ընդհանուր անզգայացում: Մաշկի վրա, այնուհետև կրծքագեղձի հյուսվածքում փոքրիկ կտրվածք է արվում` հասնելով գոյացությանը: Եթե մամոգրաֆիկ սարքի կիրառմամբ փոքր մետաղալար է տեղադրվել՝ տեղորոշելու կատարվող բիոպսիայի ստույգ կետը, ապա բժիշկը բիոպսիայի նմուշ է վերցնում այդ մետաղալարի ծայրի գտնվելու հատվածից: Մաշկը փակելու համար կարեր են դրվում, և վիրակապ է տեղադրվում: Հիվանդը տեղափոխվում է հետվիրահատական վերականգնման բաժանմունք, մինչև լիովին արթնանալը: Սովորաբար, հաջորդ օրն արդեն նա կարող է վերադառնալ իր բնականոն գործունեությանը: Բաց բիոպսիան տևում է մոտ 30-40 րոպե:

Ի՞նչ զգացողություններ են լինում:

Բիոպսիայի հատվածը թմրեցնելու համար տեղային անզգայացման ժամանակ ընդամենը ասեղի թեթև ծակոց է զգացվում: Բիոպսիայի ասեղի ներմուծման պահին որոշակի ճնշում է զգացվում: Բարակ ասեղային ասպիրացիոն բիոպսիայից, հաստ ասեղային բիոպսիայից կամ ստերեոտակտիկ բիոպսիայից հետո ծակոցի կետը կարող է 2-3 օրերի ընթացքում թույլ զգայուն լինել: Հնարավոր են նաև որոշ կապտուկներ, այտուցներ կամ թեթև արյունահոսություն: Այտուցները և զգացվող մեղմ ցավը թեթևացնելու նպատակով կարելի է սառցապարկ օգտագործել կամ առանց դեղատոմսի տրամադրվող ցավազրկող դեղամիջոց ընդունել: Բիոպսիայից հետո 24 ժամվա ընթացքում չի կարելի ծանր բեռ վերցնել կամ այլ գործողություններ կատարել, որոնք կձգեն կամ կլարեն կրծքավանդակի մկանները: Կրծքագեղձի բաց բիոպսիա կատարելու համար ընդհանուր անզգայացման դեպքում արթնանալուց հետո բիոպսիայի ենթարկված հատվածում հնարավոր է թույլ ցավի զգացողություն և հաջորդող մի քանի ժամվա ընթացքում` քնկոտություն: Բաց բիոպսիայից հետո 1-2 օրերի ընթացքում հնարավոր է հոգնածության զգացում, ինչպես նաև կոկորդի մեղմ ցավ, եթե բիոպսիայի ժամանակ հիվանդի շնչառությանն օգնելու համար խողովակ է կիրառվել: Բիոպսիայից հետո 2-3 օրերի ընթացքում կրծկալ կամ սպորտային կրծկալ է պետք կրել պաշտպանության համար: Չի կարելի ծանր բեռ վերցնել կամ այլ գործողություններ կատարել, որոնք կձգեն կամ կլարեն կրծքավանդակի մկանները:

Ռիսկեր

Կրծքավանդակի բիոպսիայի հնարավոր ռիսկերը ներառում են հետևյալը՝

  • վարակ բիոպսիայի կետում, վարակը կարող է բուժվել հակաբիոտիկներով;
  • արյունահոսություն բիոպսիայի կետում;
  • չի հաջողվել անհրաժեշտ հատվածից նմուշ վերցնել;
  • հազվադեպ գլխապտույտ և/կամ ուշագնացություն:

Անմիջապես պետք է տեղեկացնել բժշկին, եթե բիոպսիայից հետո ցավերը մեկ շաբաթից երկար են տևում, բիոպսիայի կետում կա կարմրություն, չափից դուրս այտուցվածություն, արյունահոսություն կամ թարախ, կամ հիվանդն ունի բարձր ջերմություն։

Կրծքագեղձի հաստ ասեղային բիոպսիան և ստերեոտակտիկ բիոպսիան կարող են կլոր փոքրիկ սպի թողնել, իսկ բաց բիոպսիաներն ուղիղ գծով փոքրիկ սպի են թողնում: Ժամանակի ընթացքում սպին աստիճանաբար անհետանում է, իսկ բարակ ասեղային բիոպսիան, սովորաբար, սպի չի թողնում:

Արդյունքներ

Կրծքագեղձի բիոպսիայի միջոցով կրծքագեղձի հյուսվածքից նմուշ է վերցվում, որն ուսումնասիրվում է մանրադիտակի տակ կրծքագեղձի քաղցկեղի ստուգման նպատակով: Կրծքագեղձի բիոպսիայի հնարավոր պատասխաններն են՝

  1. Նորմալ՝ աննորմալ կամ քաղցկեղային բջիջներ առկա չեն:
  2. Աննորմալ՝ 
  1. Կրծքագեղձի փոփոխություններ, որոնք քաղցկեղ չեն (բարորակ են), ներառում են՝
  • կալցիումի պաշարներ կրծքագեղձում՝ կալցիֆիկատներ;
  • կիստաներ;
  • կրծքագեղձի լայնացած բլթակներ (ադենոզ), որոնք փոքր կլոր գնդեր են, որ երբեմն կարելի է զգալ;
  • ճարպային նեկրոզ, որոնք վնասված ճարպային հյուսվածքից ձևավորված կլոր և ամուր գնդեր են;
  • ֆիբրոզ-կիստոզ գնդեր;
  • ֆիբրոադենոմաներ:
  1. Կրծքագեղձի փոփոխություններ, որոնք քաղցկեղ չեն, սակայն կարող են բարձրացնել քաղցկեղի նկատմամբ Ձեր օրգանիզմի ռիսկը, ներառում են՝
  • աննորմալ բջիջներ կրծքագեղձի ծորաններում (ատիպիկ ներծորանային հիպերպլազիա);
  • աննորմալ բջիջներ կրծքագեղձի բլթակներում (ատիպիկ բլթակային հիպերպլազիա);
  • բազմաթիվ աննորմալ բջիջներ կրծքագեղձի բլթակներում (բլթակային կարցինոմա in situ, LCIS):
  1. Քաղցկեղային բջիջներն առկա են:

Բիոպսիայի դեպքում հնարավոր դժվարություն

Ասեղային բիոպսիան հյուսվածք է վերցնում մի փոքր հատվածից, ուստի կա հավանականություն, որ կարելի է վրիպել քաղցկեղը:

Ի՞նչ պետք է իմանալ

Կրծքագեղձի շատ գոյացություններ քաղցկեղ չեն: Կրծքագեղձի հյուսվածքում որոշակի գնդագոյացությունը նորմալ է: Կրծքագեղձի ֆիբրոզ հյուսվածքը հաճախ գնդերի կամ խորդուբորդության զգացողություն է առաջացնում, հատկապես դաշտանային ցիկլի սկսվելուց առաջ: Այս գնդագոյացությունը (ֆիբրոզ-կիստոզ փոփոխությունն) այնքան տարածված է կանանց մոտ, որ բժիշկներն այժմ կարծում են, որ դա սովորական փոփոխություն է: Այս փոփոխությունները սովորաբար անհետանում են դաշտանադադարից հետո, սակայն դրանք կարելի է հայտնաբերել նաև այն կանանց մոտ, ովքեր դաշտանադադարից հետո հորմոնալ թերապիա են ընդունում:

BI-RADS հապավումը եզրակացության մեջ

ՀԱՆԴՒՊԵ ՞Լ ԵՔ ԱՐԴՅՈՔ BI-RADS ՀԱՊԱՎՈՒՄ ԿՐԾՔԱԳԵՂՁԻ ՁԵՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ:

Այսօր կրծքագեղձի հետազոտությունների եզրակացություններում ավելի հաճախ կարելի է հանդիպել BI-RADS դասակարգումը: Վերջերս պացիենտներից հաճախ ենք լսում, որ համացանցում ինֆորմացիա են փնտրել BI-RADS-ի մասին և կարդալով այն անհանգստացել: Ոմանք էլ անգամ առանց որևէ ինֆորմացիա կարդալու ի սկզբանե անհանգստացել են անգլերեն տառերով գրված և “կոդավորած” իրենց “անհասկանալի” այդ եզրակացությունից:

Ցավոք, Սովետական Միության նախկին տարածքում ճառագայթային ախտորոշման ոչ բոլոր բժիշկներն են տիրապետում (կամ ճշգրիտ տիրապետում) այս դասակարգմանը: Նույնը վերաբերում է նաև կրծքագեղձի հիվանդությունների բուժմամբ զբաղվող բժիշկներին: BI-RADS-ը (Breast Imaging Reporting and Data System) թարգմանելով հայերեն՝ կարելի է մեկնաբանել այսպես՝ կրծքագեղձի վիզուալիզացման արձանագրման և մեկնաբանության համակարգ: Համառոտ ձևակերպմամբ՝ BI-RADS-ը հետազոտության եզրահանգման կոդավորման ձև է, որը պետք է կարճ արտացոլի կրծքագեղձում առկա փոփոխությունները:

BI-RADS – 0՝ Կատարված հետազոտության նկարներով հնարավոր չէ գալ միանշանակ եզրահանգման և անհրաժեշտ է կրկնակի, ավելի մանրամասն հետազոտություն: Նման պատասխանն ընդունելի է միայն սկրինինգային հետազոտությունների ժամանակ:

BI-RADS – 1՝ Մամոգրաֆիկ նորմալ պատկեր, այսինքն՝ չկան գոյացություններ, կասկածելի կալցիֆիկատներ, կրծքագեղձի կառուցվածքային փոփոխություններ:

BI-RADS – 2՝ Բարորակ փոփոխություններ: Անհրաժեշտ են պլանային հետազոտություններ:

BI-RADS – 3՝ Ամենայն հավանականությամբ (97-98%) բարորակ գոյացություն: Կրկնակի հետազոտության անհրաժեշտություն 3-6 ամիս անց (ըստ բժշկի ցուցման):

BI-RADS – 4՝ Կասկածվում է չարորակ ուռուցք, անհրաժեշտ է բիոպսիա մորֆոլոգիական քննությամբ՝ ախտորոշումը ճշտելու նպատակով:

BI-RADS – 5՝ Առկա բոլոր փոփոխությունները խոսում են չարորակ ուռուցքի մասին: Անհրաժեշտ է բիոպսիա մորֆոլոգիական քննությամբ՝ բուժման ճիշտ սխեմա ընտրելու համար:

BI-RADS – 6՝ Այս կատեգորիային պատկանում են արդեն իսկ մորֆոլոգիապես հաստատված չարորակ ուռուցք ունեցող պացիենտները: Հաճախ այս կատեգորիան օգտագործվում է քաղցկեղի կրկնություն հայտնաբերելիս՝ բուժումից հետո կամ թերապևտիկ բուժման ընթացքում ուռուցքի փոփոխությունները գնահատելու ժամանակ:

Պետք է նշել, որ շատ կարևոր է ախտորոշում կայացնող բժշկի կողմից BI-RADS կատեգորիայի ճիշտ գնահատումը՝ հիպերդիագնոստիկայից խուսափելու նպատակով, երբ հիվանդն անհիմն դասվում է բարձր կատեգորիայի և ընկնում ավելորդ քաշքշուկի մեջ, կամ հակառակը, երբ իրականում ունենալով ավելի լուրջ խնդիր՝ սխալմամբ դասվում է ցածր կատեգորիայի, ինչն էլ դառնում է թանկարժեք ժամանակի կորստի պատճառ:

1 2

Search

+