Ցավ կրծքագեղձում

ՑԱՎ ԿՐԾՔԱԳԵՂՁՈՒՄ

Կրծքագեղձի ցավը կամ մաստալգիան կանանց շրջանում ամենահաճախ հանդիպող գանգատն է: Կանանց գրեթե 75% իր կյանքի ընթացքում գանգատվում է կրծքագեղձի տարբեր ինտենսիվության ցավերից: Սակայն նրանցից միայն 15-20% բուժման կարիք ունի: Ցավը կարող է լինել և՛մեկ կրծքագեղձում, և՛ երկուսում միաժամանակ, անգամ՝ անութափոսերի (թևատակի) և ուսագոտու շրջաններում:

Կրծքագեղձի ցավը հիմնականում լինում է երկու տեսակի՝ ցիկլիկ և ոչ ցիկլիկ, այսինքն՝ կապված դաշտանային ցիկլի հետ և դրանից անկախ:

Ցիկլիկ ցավն ամենից հաճախ հանդիպում է 30-50 տարեկանում և, որպես կանոն, կրում է երկկողմանի բնույթ (երկու կրծքերում միաժամանակ): Սա հիմնականում լինում է ամսական նորմալ հորմոնալ փոփոխությունների ֆոնին: Ցիկլիկ ցավն ավելի հաճախ նկարագրվում է կրծքերում ծանրության և լցվածության զգացողությամբ, երբեմն ունենում է այրող կամ ծակծկող բնույթ, որոնք, որպես կանոն, արտահայտված են լինում նախադաշտանային օրերին և նվազում կամ անհետանում են դաշտանից հետո: Ցիկլիկ ցավը կախված է նրանից, թե ինչպես է կրծքագեղձի հյուսվածքն արձագանքում ցիկլի ընթացքում էստրոգեն և պրոգեստերոն հորմոնների մակարդակների տատանմանը: Կինը ցիկլի տարբեր օրերին և, հատկապես, նախադաշտանային շաբաթվա ընթացքում կարող է կրծքում շոշափել անհարթություններ, գնդվածություն, որոնց մեծ մասն անհետանում է դաշտանից հետո: Դաշտանային ցիկլի էական խախտումների ժամանակ ցավը կրծքագեղձում կարող է կորցնել իր պարբերականությունը:

Ոչ ցիկլիկ ցավերը սովորաբար կապված չեն դաշտանային ցիկլի հետ և չունեն հստակ պարբերականություն: Ոչ ցիկլիկ ցավերն ավելի հազվադեպ են հանդիպում: Դրանք երբեմն լինում են սուր կամ այրող, ավելի հաճախ՝ միակողմանի և կրծքագեղձի կոնկրետ հատվածում: Դրանց պատճառը կարող են լինել ֆիբրոադենոմաները, մեծացող կամ բորբոքված կիստաները, կրծքագեղձի տրավման, անրակ–կրծոսկրային շրջանի սուր կամ քրոնիկ բորբոքումը, եղանակի փոփոխությունը, քաշի ավելացումը, հակաբեղմնավորիչ հաբերի ընդունումը, փոխարինող հորմոնալ թերապիան, սթրեսը, անհարմար կրծկալները, ինֆեկցիան:

Ցավը շատ հաճախ կանանց մոտ խուճապի պատճառ է դառնում, և նրանք հաճախ թյուրիմացաբար կապում են այդ ցավը կրծքագեղձի ենթադրյալ քաղցկեղի հետ: Եվ չնայած, որ ճնշող մեծամասնության դեպքում այդ ցավը կապված չէ քաղցկեղի հետ, լինում են դեպքեր, երբ ցավն ուղեկցում է քաղցկեղը, ուստի լիովին հանգիստ լինելու համար անհրաժեշտ է դիմել բժշկի:

Թույլ ինտենսիվության ցավերը հաճախ կարիք չեն ունենում բուժման և, հետևելով բժշկի մի շարք խորհուրդների, կարելի է ազատվել դրանցից: Ավելի արտահայտված ցավերի բուժումն արդյունավետ է լինում, երբ հայտնաբերվում է դրանց պատճառը: Հաճախ և՛ ցիկլիկ, և՛ ոչ ցիկլիկ ցավերի պատճառ են լինում կրծքագեղձի ֆիբրոզ-կիստոզ փոփոխությունները։

 

ՑԱՎ ԿՐԾՔԱԳԵՂՁՈՒՄ ԵՎ ԿՐԾՔԱԳԵՂՁԻ ՔԱՂՑԿԵՂ. ԿԱՊՎԱ՞Ծ ԵՆ ԱՐԴՅՈՔ ԴՐԱՆՔ:

Կրծքագեղձի ցավերից գանգատվող պացիենտների հիմնական մասը թյուրիմացաբար կարծում է, որ եթե կա կրծքագեղձի ցավ, ուրեմն այն միանշանակ կրծքագեղձի քաղցկեղի ախտանիշ է: Բժշկի առաջին պարտականությունն է հանգստացնել նման պացիենտներին և բացատրել, որ ցավը դեռևս չի փաստում կրծքագեղձի քաղցկեղի գոյությունը:

Իհարկե, կրծքագեղձի քաղցկեղը նույնպես կարող է ուղեկցվել ցավերով, բայց սխալ է կարծել, թե կրծքագեղձի ցավը կրծքագեղձի քաղցկեղի պարտադիր ախտանիշ է: Կրծքագեղձի ցավերի հիմնական պատճառն այդ օրգանում ֆիբրոզ-կիստոզ փոփոխություններն են:

Մեկ այլ պատճառ կարող է լինել անրակի և կրծոսկրի միացման հատվածի բորբոքումը՝ այսպես կոչված Տիտցի համախտանիշը (կող-աճառային համակցման բորբոքում կամ costochondritis): Սա էլ իր հերթին հանդիպում է հազվադեպ և չի սպառնում կյանքին:

Կրծքագեղձերում ցավի զգացողություն կարող է առաջանալ երկար և ծանր ֆիզիկական աշխատանքից հետո, երբ իրականում ցավում են մկանները: Ցավը կարող է լինել նաև կրծքագեղձի տրավմայի հետևանք:

Քրոնիկ սթրեսը կամ անհարմար կրծկալը նույնպես կարող են ցավ առաջացնել կրծքագեղձում:

Կրծքագեղձի ցավի տարածված պատճառներից է որոշ սննդամթերքների և խմիչքների չարաշահումը: Ֆիբրոզ-կիստոզ փոփոխությունների դեպքում կրծքագեղձի ցավը հիմնականում կրում է ցիկլիկ բնույթ: Ցավը սրանում է, որպես կանոն, դաշտանային ցիկլի վերջին շաբաթում, երբ կուրծքը գտնվում է դաշտանային ցիկլի երկրորդ փուլի հորմոնալ գրոհի ներքո: Ցիկլի ավարտից հետո ցավը, որպես կանոն, զգալիորեն մեղմանում է կամ ընդհանրապես անցնում: Բացարձակ անընդունելի է ապրել ցավով կամ դիմանալ դրան, ընդհակառակը. կրծքագեղձի ցավի բուժման հիմքում ընկած է դրա պատճառի հայտնաբերումը:

Այսպիսով՝ այս ամենից կարևոր է եզրակացնել, որ կրծքագեղձի ցավը կրծքագեղձի քաղցկեղի պարտադիր նշաններից չէ: Սակայն հազվադեպ դրանք կարող են և զուգահեռվել միմյանց:

Ֆիբրոզ-կիստոզ մաստոպատիա

ՖԻԲՐՈԶ-ԿԻՍՏՈԶ ՄԱՍՏՈՊԱՏԻԱ

Հաճախ կանայք մամոգրաֆիայից կամ կրծքագեղձերի ուլտրաձայնային (սոնոգրաֆիա) հետազոտությունից հետո եզրակացության մեջ հանդիպում են հենց այս ախտորոշմանը, երբեմն` «դիֆուզ», երբեմն էլ «օջախային» կամ «խառը տիպի» նախաբառով: Մեծ քանակ են կազմում այն կանայք, ովքեր, անգամ որևէ լուրջ գանգատ չունենալով, տարիներ շարունակ փորձում են բուժվել այդ հիվանդությունից, սակայն ամեն անգամ հերթական հետազոտությունը ցույց է տալիս նույն ախտորոշումը:

Նախ հասկանանք՝ ինչ է մաստոպատիան: «Մաստո» արմատը նշանակում է կուրծք, իսկ «պատիան»՝ հիվանդություն: Կրծքագեղձը հիմնականում բաղկացած է գեղձային և շարակցական հյուսվածքներից: Առաջինն ապահովում է կաթնարտադրության ֆունկցիան, երկրորդը՝ կրծքագեղձի կառուցվածքը և ձևը: Երբ այս հյուսվածքների հարաբերակցությունը փոփոխվում է, առաջ է գալիս մաստոպատիան: Եվ կախված նրանից, թե որ հյուսվածքն է սկսում գերակշռել, պաթոլոգիայի անվանմանն ավելանում է համապատասխան բառը՝ գեղձային կամ ֆիբրոզ մաստոպատիա: Իսկ եթե առկա են նաև կիստաներ, ապա անվանմանն ավելանում է կիստոզ բառը՝ ֆիբրոզ-կիստոզ, գեղձային-կիստոզ մաստոպատիա: Նախկին Խորհրդային Միության երկրներում դեռ ընդունված է հիվանդության «մաստոպատիա» անվանումը: Իսկ արևմտյան երկրներում այն հաճախ անվանվում է ֆիբրոզ-կիստոզ վիճակ կամ ֆիբրոզ-կիստոզ փոփոխություններ, կամ էլ ֆիբրոզ-կիստոզ կուրծք, սակայն հիվանդություն (պատիա) բառն այլևս չի կիրառվում: Արևելքում կարելի է հանդիպել բժիշկների, ովքեր հրաժարվում են կիրառել անգամ ֆիբրոզ-կիստոզ վիճակ բառակապակցությունը՝ փոխարինելով այն «ավելի զգայուն կուրծք» տերմինով: Ֆիբրոզ-կիստոզ վիճակը բավական հաճախ է հանդիպում, և կանանց 50% ավելին իր կյանքի ընթացքում ունենում է կրծքագեղձի նման փոփոխություններ: Առավել հաճախ այդ տեսակ փոփոխությունները հանդիպում են 30–50 տարեկան կանանց մոտ: Ֆիբրոզ-կիստոզ վիճակին բնորոշ են կիստաներ (պարկեր հեղուկով), ցավ՝ հատկապես նախադաշտանային շրջանում, որը երբեմն ճառագայթում է դեպի թևատակ կամ ուսագոտի, կարող է հանդիպել նաև գնդվածություն կրծքագեղձում: Նշված գնդվածությունները (հատկապես կրծքագեղձի դրսային հատվածներում) դաշտանային ցիկլից առաջ կարող են մեծանալ, իսկ ցիկլից հետո՝ փոքրանալ:

Կարևոր է հասկանալ, որ ֆիբրոզ-կիստոզ վիճակը, որպես կանոն, կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկի գործոն չէ: Բայց միաժամանակ ֆիբրոզ-կիստոզ փոփոխությունները կարող են բժշկի համար դժվարացնել առկա քաղցկեղի հայտնաբերումը շոշափելով, և անհրաժեշտության դեպքում պետք է կատարել մամոգրաֆիկ քննություն՝ լրացնելով այն ուլտրաձայնային հետազոտությամբ և պունկցիոն բիոպսիայով: Երբեմն կարիք է լինում կատարել կրկնակի մամոգրաֆիա և կարճաժամկետ հսկողություն:

Քանի որ կրծքագեղձի ֆիբրոզ-կիստոզ փոփոխությունները չեն համարվում հիվանդություն, ուստի դրա բուժումը սահմանափակվում է սիմպտոմատիկայով, այսինքն՝ բուժումն ուղղված է կրծքագեղձում դիսկոմֆորտի, լարվածության և ցավերի վերացմանը: Ուստի պետք չէ բուժումից ակնկալել, որ հաջորդ հետազոտության ժամանակ պատկերն պարտադիր պետք է այլ լինի: Բժիշկը պետք է առաջին հերթին համոզվի, որ կինը չունի որևէ լուրջ խնդիր, ապա փոխել նրա վերաբերմունքն իր «ֆիբրոզ-կիստոզ մաստոպատիա» վիճակի նկատմամբ:

Ֆիբրոզ-կիստոզ վիճակի ախտանիշները լինում են տարբեր ինտենսիվության և կարիք ունեն շտկման, եթե զգալիորեն խանգարում են կնոջ առօրյա կյանքին (օրինակ՝ արտահայտված ցավը, պտուկից առատ արտադրությունը): Այսպես կոչված բուժման մեջ կիրառվում են տարբեր խոտաբույսեր, արտաքին օգտագործման հատուկ յուղեր, մեղմ միզամուղներ, որոշ վիտամիններ, հատուկ կրծկալներ, խոշոր կիստաների դատարկում պունկցիայի միջոցով, ոչ ստերոիդային հակաբորբոքային ցավազրկողներ, սննդակարգի շտկում և այլն: Հազվադեպ կիրառվում են հակաբեղմնավորիչներ, իսկ ուժեղ ցավերի դեպքում առաջարկվում է անգամ հորմոնալ բուժում:

1 2

Search

+