Ինչպես է կատարվում բիոպսիան՝կախված ընտրված եղանակից

22․ Բարակ ասեղային ասպիրացիոն բիոպսիա (պունկցիոն բիոպսիա). Հարկավոր է հանել գոտկատեղից վերև ընկած հատվածի հագուստը։ Բիոպսիան իրականացվում է զննման սեղանին՝ հիվանդի նստած կամ պառկած դիրքում։ Ձեռքերը պետք է պահել աջ և ձախ կողմերում կամ գլխից վերև բարձրացնել (կախված նրանից, թե որ դիրքում հեշտ կլինի գտնել գոյացությունը)։ Բիոպսիայի ասեղի ներմուծման կետում թմրեցնող դեղորայքի միջոցով թմրեցվում է մաշկը: Այնուհետև տեղադրվում է ասեղը, որը, հատելով մաշկը, ներթափանցում է կրծքագեղձի հյուսվածքի մեջ։

Բիոպսիայի ընթացքում ուլտրաձայնային սարք կարող է կիրառվել՝ ուղղորդելու ասեղի տեղադրումը։ Եթե գոյացությունը կիստա է, ապա ասեղի միջոցով հեղուկ է դուրս բերվում, իսկ պինդ գոյացության դեպքում` հյուսվածքի նմուշ։ Բիոպսիայի նմուշն ուղարկվում է լաբորատորիա՝ մանրադիտակով ուսումնասիրելու նպատակով։ Մինչև բիոպսիայի ավարտը հիվանդը պետք է անշարժ պառկի։ Այնուհետև ասեղը հեռացվում է։ Ասեղի ներմուծման կետում ճնշում է գործադրվում՝ դադարեցնելու արյունահոսությունը։ Տեղադրվում է վիրակապ, սառցապարկ: Բարակ ասեղային ասպիրացիոն բիոպսիան տևում է մի քանի րոպե։

Հաստ ասեղային բիոպսիա (տրեպան բիոպսիա). Բիոպսիայի ասեղի ներմուծման կետում թմրեցվում է մաշկը՝ ներարկելով թմրեցնող դեղորայք։ Մաշկի թմրեցումից անմիջապես հետո կատարվում է փոքրիկ կտրվածք: Հատուկ ծայրով ասեղը տեղադրվում է կրծքագեղձի հյուսվածքում: Բժիշկը 3-12 նմուշ է վերցնում՝ առավել ճշգրիտ արդյունքներ ստանալու նպատակով: Այնուհետև ասեղը հեռացվում է։ Ասեղի ներմուծման կետում ճնշում է գործադրվում՝ արյունահոսությունը դադարեցնելու նպատակով։ Տեղադրվում է վիրակապ, սառցապարկ։ Սա կարող է մի քանի անգամ կրկնվել՝ ապահովելու հյուսվածքի բավականաչափ նմուշների ստացումը: Հաստ ասեղային բիոպսիան տևում է մոտ 10-15 րոպե։ Տեսահոլովակ՝ Կրծքագեղձի հաստ ասեղային բիոպսիա։

Ստերեոտակտիկ բիոպսիա. Ստերեոտակտիկ բիոպսիան իրականացվում է ճառագայթաբանի կողմից ճառագայթաբանական բաժանմունքում այնպիսի մի հատուկ սեղանի վրա, որն ունի անցք կուրծքը կախելու համար (հիվանդը պառկում է փորի վրա): Մամոգրաֆիկ կամ ՄՌՏ սարք է կիրառվում՝ հստակ որոշելու կատարվելիք բիոպսիայի ստույգ կետը: Բիոպսիայի ասեղի ներմուծման կետում թմրեցնող դեղորայքի միջոցով թմրեցվում է մաշկը: Այնուհետև փոքրիկ կտրվածք է կատարվում: Հատուկ ռենտգենյան ճառագայթների կիրառմամբ՝ ուղղորդելով ասեղը, այն տեղադրվում է կասկածելի հատվածում: Սովորաբար, միևնույն կտրվածքից մեկից ավելի նմուշներ են վերցվում: Հիվանդը պետք է անշարժ պառկի մինչև բիոպսիայի ավարտը։ Ասեղի ներմուծման համար կատարված փոքր կտրվածքը, սովորաբար, կարերի տեղադրում չի պահանջում: Սովորաբար, փոքրիկ մետաղական մարկեր (ամրակ) է տեղադրվում այն հատվածում, որտեղից վերցվել է բիոպսիայի նմուշը: Դա արվում է այն նպատակով, որպեսզի նշվի այն ստույգ կետը, որտեղից վերցվել է հյուսվածքի նմուշը: Մետաղական մարկերը մնում է կրծքագեղձում, եթե հիվանդի մոտ չի հայտնաբերվում քաղցկեղ: Հիվանդը չի կարողանա զգալ այն, մինչդեռ ապահով կերպով կարող է ՄՌՏ անցնել: Հետագայում մամոգրաֆիկ զննում անցկացնելիս ճառագայթաբանը կկարողանա տեսնել այդ մետաղական մարկերը: Կրծքագեղձի բիոպսիայի այս տեսակը տևում է մոտ 60 րոպե, սակայն նշված ժամանակահատվածի զգալի մասը հարկավոր է մամոգրաֆիկ կամ ՄՌՏ զննման և բիոպսիայի հատվածը տեղորոշելու համար:

Վակուումի կիրառմամբ բիոպսիա. Բիոպսիայի այս տեսակը իրականացվում է ստերեոտակտիկ բիոպսիայի պես, սակայն այս դեպքում սարքը վակուումի միջոցով է հեռացնում կրծքագեղձում կասկածելի կետը: Վակուումով հաստ ասեղային բիոպսիան մեկ ժամից կարճ է տևում:

Բաց բիոպսիա. Բաց բիոպսիան իրականացվում է վիրաբույժի կողմից: Բիոպսիան կարող է կատարվել վիրաբուժական կլինիկայում կամ հիվանդանոցում: Բաց բիոպսիայի ժամանակ հիմնականում կատարվում է ընդհանուր անզգայացում: Մաշկի վրա, այնուհետև կրծքագեղձի հյուսվածքում փոքրիկ կտրվածք է արվում` հասնելով գոյացությանը: Եթե մամոգրաֆիկ սարքի կիրառմամբ փոքր մետաղալար է տեղադրվել՝ տեղորոշելու կատարվող բիոպսիայի ստույգ կետը, ապա բժիշկը բիոպսիայի նմուշ է վերցնում այդ մետաղալարի ծայրի գտնվելու հատվածից: Մաշկը փակելու համար կարեր են դրվում, և վիրակապ է տեղադրվում: Հիվանդը տեղափոխվում է հետվիրահատական վերականգնման բաժանմունք, մինչև լիովին արթնանալը: Սովորաբար, հաջորդ օրն արդեն նա կարող է վերադառնալ իր բնականոն գործունեությանը: Բաց բիոպսիան տևում է մոտ 30-40 րոպե:

Ի՞նչ է արտադրությունը պտուկից:

Ի՞նչ կարող է հուշել արտադրությունը պտուկից:

Իմ պրակտիկայում հաճախ եմ հանդիպում կանանց, որոնք գալիս են կոնսուլտացիայի՝ հիմնականում գանգատվելով պտուկի արտադրությունից: Եկեք մանրամասն ուսումնասիրենք այս խնդիրը և պարզենք, թե որ դեպքերում է արտադրությունը պտուկից համարվում նորմալ և որ դեպքերում՝ ոչ:

Նախ ասեմ, որ պտուկից արյունային արտադրությունը երբևէ չի կարող համարվել նորմալ երևույթ: Ոչ նորմալ է համարվում նաև, երբ առկա է որևէ արտադրություն միայն մեկ կրծքագեղձից, երբ արտադրությունը առատ է, ինչպես նաև երբ արտադրություն է լինում առանց պտուկը սեղմելու կամ կրծքագեղձը կթելու: Ցավոք, միայն արտադրության գույնով հնարավոր չէ պարզել՝ արտադրությունը հիվանդության նշան է, թե ոչ: Պտուկից արտադրությունը կարող է լինել թափանցիկ, սպիտակ, դեղին, գորշ կամ կանաչ: Պտուկից ֆիզիոլոգիական բնույթ կրող արտադրությունը, որպես կանոն, լինում է երկու կրծքից: Երբեմն կանայք, երևույթից առավել անհանգստացած լինելով, կրկին ու կրկին սեղմում են իրենց կուրծքը՝ փորձելով ստուգել՝ շարունակվում է արդյոք արտադրությունը. իրականում սրանով իսկապես խորացնում են խնդիրը: Նման դեպքերում հարկավոր է որոշ ժամանակ հանգիստ թողնել պտուկները և “խնդիրը” կարող է լուծվել ինքն իրեն:

Արտադրության որակը պետք է որոշի բժիշկը՝ զննման և որոշ հետազոտությունների արդյունքների հիման վրա: Սակայն պետք է հիշել մի բան, որ պտուկի անգամ պաթոլոգիկ արտադրությունների մեծ մասը վտանգավոր չէ և հեշտ բուժվում է:

Պտուկից նորմալ կարող է համարվել արտադրությունը հղիության ընթացքում: Հղիության վաղ փուլերում որոշ կանայք նկատում են թափանցիկ արտադրություն պտուկներից, իսկ ավելի ուշ փուլերում արտադրությունը կարող է թանձրանալ և մգանալ: Նորմալ է համարվում նաև, երբ երեխային կրծքով կերակրելը դադարեցնելուց հետո դեռ որոշ ժամանակ կինը նկատում է սպիտակ արտադրություն պտուկներից: Երբեմն կարող է այդ երևույթը նկատվել ֆիզիկական ակտիվության (օրինակ վազք), պտուկի երկար գրգռման (օրինակ՝ կրծկալով) արդյունքում:

 

Պտուկից պաթոլոգիկ (ոչ նորմալ) արտադրություն

Եթե պտուկի արտադրությունը բժիշկը գնահատում է որպես պաթոլոգիկ, այսինքն` ոչ նորմալ, ապա նա կարող է մի շարք լրացուցիչ հետազոտություններ առաջարկել: Դրանք են՝ արտադրության լաբորատոր քննություն, արյան անալիզներ, սոնոգրաֆիա, մամոգրաֆիա կամ դուկտոգրաֆիա (ծորանների քննություն), գլխուղեղի հետազոտություն: Երբեմն հնարավոր է մեկ կամ մի քանի ծորանի վիրահատական հեռացման անհրաժեշտություն հյուսվածքաբանական քննությամբ:
Պտուկից պաթոլոգիկ արտադրությունների հնարավոր պատճառներից են՝

Կրծքագեղձում արտահայտված ֆիբրոզ-կիստոզ փոփոխություններ: Այս դեպքում արտադրությունը կարող է լինել թափանցիկ, սպիտակ, դեղին և անգամ կանաչ:

Գալակտորեա: Դա կաթնարտադրությունն է, անգամ եթե կինը չի կերակրում կրծքով: Դրա պատճառները բազմաթիվ են. հիպոֆիզի գոյացություններ, որոշ հորմոնալ և հոգեմետ դեղամիջոցների ընդունում, որոշ դեղաբույսերի օգտագործում, հիպոթիրեոզ (վահանաձև գեղձի ֆունկցիոնալ խանգարման տեսակ), թմրանյութերի օգտագործում:

Ինֆեկցիա: Եթե պտուկի արտադրությունը թարախային է, ապա դա կարող է լինել կրծքագեղձի բորբոքման՝ մաստիտի հետևանք: Մաստիտը սովորաբար զարգանում է կերակրող մայրերի մոտ, սակայն երբեմն կարող է հանդիպել նաև անգամ երբևէ չհղիացած կանանց մոտ:

Դուկտէկտազիա: Որպես պտուկից արտադրության պատճառ՝ սա զբաղեցնում է այդ շարքում 2-դ տեղը: Դուկտէկտազիան ծորանների լայնացումն է և ավելի բնորոշ է մեծահասակ կանանց: Դա, որպես կանոն, ծորանների խցանման հետևանք է, ինչը կարող է բերել արտազատուկի կուտակման և անգամ կրծքագեղձի բորբոքման:

Ներծորանային պապիլոմա: Դա դեպի ծորանի լուսանցքը աճող բարորակ գոյացություն է, որը պտուկից պաթոլոգիկ արտադրության ամենահաճախ հանդիպող պատճառներից է: Սրանով պայմանավորված՝ արտադրությունը հաճախ լինում է արյունային:

Կրծքագեղձի քաղցկեղի որոշ տեսակների առկայություն: Չնայած, որ ճնշող մեծամասնության դեպքում պտուկի արտադրությունը չի համարվում ավելի լուրջ հիվանդության նախանշան, այնուամենայնիվ այն կարող է լինել նաև կրծքագեղձի քաղցկեղի (պտուկի քաղցկեղ /Պեջետի հիվանդություն/, պտուկի տակ գտնվող ներծորանային քաղցկեղ, ուշ շրջանում հայտնաբերված և արդեն քայքայվող քաղցկեղ) նշաններից մեկը:

Կրծքագեղձի կիստա: Արդյոք վտանգավոր է

Կիստա կրծքագեղձում

Ի՞նչ է կրծքագեղձի կիստան: Համառոտ բնորոշմամբ կիսատն պարկ է, որը լցված է հեղուկով: Կրծքագեղձի կիստան այդ օրգանի ամենից հաճախ հանդիպող բարորակ գոյացությունն է: Որպես կանոն (հիմնականում) այն կարելի է անգամ խնդիր չհամարել: Սովորաբար կնոջ օրգանիզմում տարիքին զուգահեռ կատարվող հորմոնալ փոփոխությունները կարող են առաջացնել կրծքագեղձի կիստա: Կրծքագեղձում կիստաների քանակը կարող է տատանվել մեկից մինչև մի քանի տասնյակի սահմանում, իսկ դրանց չափերը կարող են լինել մի քանի միլիմետրից մինչև մի քանի սանտիմետր: Դրանք կարող են առաջանալ կրծքագեղձերի ցանկացած հատվածում: Կանանց մեծ մասն անգամ չի էլ իմանում իր կրծքում կիստայի առկայության մասին: Կիստաներն ավելի շատ հանդիպում են 35-ից բարձր տարիքում: Նրանց առաջացման հավանականությունը մեծանում է 45-50 տարեկանին մոտ, երբ կնոջ օրգանիզմում հորմոնալ փոփոխությունների արագությունն աճում է: Իսկ արդեն դաշտանադադարից հետո կիստաների մեծ մասը սկսում են ներծծվել: Կիստաները հաճախ են հանդիպում այն կանանց մոտ, ովքեր ստանում են հորմոն-փոխարինող թերապիա:

Այս ամենի հետ մեկտեղ պետք է նշել, որ կրծքագեղձի կիստան իրենից վտանգ չի ներկայացնում: Կանանց մեծ մասը վախենում է, որ կիստան կարող է վերածվել քաղցկեղի: Շտապենք տեղեկացնել, որ չկա որևէ ապացույց, որ կրծքագեղձի կիստան կարող է վերածվել քաղցկեղի. հասարակ կիստայի շրջանում քաղցկեղի առաջացումը համարվում է զուգադիպություն:

Կիստաների մեծ մասը չունի բուժման կարիք: Եվ պետք չէ անհանգստանալ, եթե հերթական ստուգման ժամանակ պարզվի, որ կիստան ոչ թե անհետացել է, այլ նույնիսկ մեծացել է մի քանի միլիմետրով: Պետք չէ համառորեն փորձել բուժվել փոքր կիստաներից՝ ակնկալելով հաջորդ հետազոտության ժամանակ ստանալ սոնոգրաֆիկ իդեալական պատկեր: Եթե կիստան անհանգստացնում է կնոջը, եթե այն բորբոքվել է և/կամ ցավ է պատճառում, անգամ, եթե խիստ անհանգստացնում է միայն հոգեբանորեն, ապա բժիշկը բացարձակ անցավ կարող է հեռացնել կիստայի պարունակությունը բարակ ասեղի միջոցով: Եթե կիստան նորից լցվում է հեղուկով, երբեմն հարկ է լինում այն դատարկել մի քանի անգամ: Պարունակությունը լինում է տարբեր գույնի և երանգի՝ բաց դեղինից մինչև մուգ շագանակագույն: Որպես կանոն՝ այն անգամ կարիք չի ունենում բջջաբանական հետազոտության (իհարկե, բժշկի որոշմամբ): Եթե դատարկված կիստան լցվում է 24 ժամվա ընթացքում, ապա պետք է անմիջապես բժշկին հայտնել դրա մասին: Հազվադեպ հանդիպում են բազմախտրոց, ներկիստոզ հյուսվածքային կոմպոնենտներով բարդ կիստաներ: Չի բացառվում, որ նման դեպքերում բժիշկն առաջարկի Ձեզ ոչ շտապ, այսինքն պլանային վիրահատական բուժում:

Ստուգվե՛ք կրծքագեղձի մասնագետի մոտ և համոզվելով, որ Ձեզ մոտ ընդամենը հասարակ կիստա է, ապրե՛ք հանգիստ և առանց կպչուն մտքերի:

BI-RADS հապավումը եզրակացության մեջ

ՀԱՆԴՒՊԵ ՞Լ ԵՔ ԱՐԴՅՈՔ BI-RADS ՀԱՊԱՎՈՒՄ ԿՐԾՔԱԳԵՂՁԻ ՁԵՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ:

Այսօր կրծքագեղձի հետազոտությունների եզրակացություններում ավելի հաճախ կարելի է հանդիպել BI-RADS դասակարգումը: Վերջերս պացիենտներից հաճախ ենք լսում, որ համացանցում ինֆորմացիա են փնտրել BI-RADS-ի մասին և կարդալով այն անհանգստացել: Ոմանք էլ անգամ առանց որևէ ինֆորմացիա կարդալու ի սկզբանե անհանգստացել են անգլերեն տառերով գրված և “կոդավորած” իրենց “անհասկանալի” այդ եզրակացությունից:

Ցավոք, Սովետական Միության նախկին տարածքում ճառագայթային ախտորոշման ոչ բոլոր բժիշկներն են տիրապետում (կամ ճշգրիտ տիրապետում) այս դասակարգմանը: Նույնը վերաբերում է նաև կրծքագեղձի հիվանդությունների բուժմամբ զբաղվող բժիշկներին: BI-RADS-ը (Breast Imaging Reporting and Data System) թարգմանելով հայերեն՝ կարելի է մեկնաբանել այսպես՝ կրծքագեղձի վիզուալիզացման արձանագրման և մեկնաբանության համակարգ: Համառոտ ձևակերպմամբ՝ BI-RADS-ը հետազոտության եզրահանգման կոդավորման ձև է, որը պետք է կարճ արտացոլի կրծքագեղձում առկա փոփոխությունները:

BI-RADS – 0՝ Կատարված հետազոտության նկարներով հնարավոր չէ գալ միանշանակ եզրահանգման և անհրաժեշտ է կրկնակի, ավելի մանրամասն հետազոտություն: Նման պատասխանն ընդունելի է միայն սկրինինգային հետազոտությունների ժամանակ:

BI-RADS – 1՝ Մամոգրաֆիկ նորմալ պատկեր, այսինքն՝ չկան գոյացություններ, կասկածելի կալցիֆիկատներ, կրծքագեղձի կառուցվածքային փոփոխություններ:

BI-RADS – 2՝ Բարորակ փոփոխություններ: Անհրաժեշտ են պլանային հետազոտություններ:

BI-RADS – 3՝ Ամենայն հավանականությամբ (97-98%) բարորակ գոյացություն: Կրկնակի հետազոտության անհրաժեշտություն 3-6 ամիս անց (ըստ բժշկի ցուցման):

BI-RADS – 4՝ Կասկածվում է չարորակ ուռուցք, անհրաժեշտ է բիոպսիա մորֆոլոգիական քննությամբ՝ ախտորոշումը ճշտելու նպատակով:

BI-RADS – 5՝ Առկա բոլոր փոփոխությունները խոսում են չարորակ ուռուցքի մասին: Անհրաժեշտ է բիոպսիա մորֆոլոգիական քննությամբ՝ բուժման ճիշտ սխեմա ընտրելու համար:

BI-RADS – 6՝ Այս կատեգորիային պատկանում են արդեն իսկ մորֆոլոգիապես հաստատված չարորակ ուռուցք ունեցող պացիենտները: Հաճախ այս կատեգորիան օգտագործվում է քաղցկեղի կրկնություն հայտնաբերելիս՝ բուժումից հետո կամ թերապևտիկ բուժման ընթացքում ուռուցքի փոփոխությունները գնահատելու ժամանակ:

Պետք է նշել, որ շատ կարևոր է ախտորոշում կայացնող բժշկի կողմից BI-RADS կատեգորիայի ճիշտ գնահատումը՝ հիպերդիագնոստիկայից խուսափելու նպատակով, երբ հիվանդն անհիմն դասվում է բարձր կատեգորիայի և ընկնում ավելորդ քաշքշուկի մեջ, կամ հակառակը, երբ իրականում ունենալով ավելի լուրջ խնդիր՝ սխալմամբ դասվում է ցածր կատեգորիայի, ինչն էլ դառնում է թանկարժեք ժամանակի կորստի պատճառ:

Էպիլյացիա. կրծքագեղձի առողջության համար

Էպիլյացիա. վտանգավո՞ր է արդյոք այն կրծքագեղձի առողջության համար։


Մարմնի վրա մազերի քանակը կախված է բազմաթիվ գործոններից՝ որոշ հիվանդությունների ժամանակ՝ ժառանգական նախատրամադրվածությունից, էթնիկ պատկանելությունից (հարավային ժողովուրդներն ավելի առատ մազածածկ ունեն), հորմոնալ ֆոնից (կանանց մոտ կարող է մարմնի որոշ հատվածներում արագանալ մազի աճման տեմպը, երբ խախտվում է կանացի և տղամարդկանց հորմոնների հարաբերակցությունը):

Այսօր անցանկալի մազերից ազատվելն ունի երկու ճանապարհ. դեպիլյացիա՝ մազերի մեխանիկական կամ քիմիական նյութերի ու քսուքների միջոցով հեռացումը, որը բավականին տրավմատիկ է, ցավոտ և կարճաժամկետ արդյունք է ապահովում: Եվ երկրորդը՝ էպիլյացիա. մազարմատների գործիքային ու ավելի հիմնովին հեռացում: Մեր օրերում էպիլյացիայի ամենատարածված մեթոդներից են էլեկտրաէպիլյացիան, լազերային և ֆոտոէպիլյացիան: Դրանց հիմքում ընկած է մազարմատի ֆոլիկուլի վնասումն էլեկտրական կամ լուսային ճանապարհով: Վերջերս սկսել են կիրառել նաև ուլտրաձայնային մեթոդը: Կան սարքեր, որոնց հիմքում մի քանի մեթոդի համակցումն է:

Քաղցկեղածին են այսպես կոչված իոնիզացնող ճառագայթները, որոնք վնասում են բջջի ԴՆԹ-ն: Էպիլյացիայի որևէ տեսակ չի պատկանում այդ ճառագայթի տեսակին: Ավելին. ֆոտոէպիլյացիայի և լազերային էպիլյացիայի լուսային ճառագայթները չեն հասնում ավելի խորանիստ հյուսվածքներին: Անկախ նրանից այս մեթոդներով էպիլյացիան կատարվում է պտուկի, թե անութափոսի (թևատակի) շրջանում, առայժմ չկա որևէ ապացույց էպիլյացիայի և քաղցկեղի առաջացման ռիսկի միջև:

Միաժամանակ պետք է նշել, որ հետազոտությունները շարունակվում են, քանի որ էպիլյացիայի այս մեթոդները համեմատաբար նոր են կիրառվում:

Սակայն էպիլյացիան ունի բազմաթիվ այլ կողմնակի ազդեցություններ և բարդացումներ՝ մաշկի վնասում, բորբոքում, այրվածքներ, ցավ, ալերգիկ երևույթներ, մաշկի գույնի փոփոխություն (դեպիգմենտացիա), մաշկի կելոիդ փոփոխություններ և այլն: Էպիլյացիայի տարբեր մեթոդներն ունեն իրենց ցուցումները և հակացուցումները՝ կախված ուղեկցող հիվանդություններից, մաշկի և մազի տեսակից, գույնից: Այդ պատճառով կարևոր է նշել, որ պետք է դիմել բանիմաց բժիշկ-կոսմետոլոգների կամ լիցենզավորված մասնագետների:

Կրծքագեղձի քաղցկեղ: Ինչպես են վիրահատում

Կրծքագեղձի քաղցկեղի բուժման հարցում թե՛ պատմականորեն, և թե՛ ժամանակակից բժշկագիտության շրջանում առայժմ, որպես հիմնական մեթոդ, եղել և մնում է վիրահատական միջամտությունը: Ժամանակի ընթացքում ավելացել են քիմիաթերապիան, հորմոնալ թերապիան, ճառագայթային բուժումը և այլն: Շնորհիվ բուժման նոր մեթոդների զարգացման և քաղցկեղի զարգացման նոր տեսությունների բավականին մեծ փոփոխություններ են տեղի ունեցել վիրաբուժական մեթոդների առումով. գնալով նվազագույնի են հասցվում վիրահատության ծավալները՝ ըստ անհրաժեշտության: Անցյալում կար թյուր կարծիք, ըստ որի՝ անկախ ուռուցքի չափսերից՝ որքան ավելի մեծ տրամագծով հեռացվեն հյուսվածքները, այնքան հիվանդության բուժման արդյունքներն ավելի հաջող կլինեն:

Վիրահատության ծավալը որոշելիս՝ պետք է հաշվի առնել կրծքագեղձի և ուռուցքի չափերը, երբեմն նաև՝ կրծքագեղձի մեջ ուռուցքի տեղակայումը: Ապացուցողական բժշկությունը, որը ներառում է բազմաթիվ բժիշկների և կլինիկաների փորձի ամփոփումը, եկել է այն եզրահանգման, որ կրծքագեղձն ամբողջությամբ հեռացնելը չի բարելավում բուժման արդյունքները (եթե, իհարկե, դրա համար չկան խիստ ցուցումներ, օրինակ՝ կրծքագեղձում մի քանի օջախների առկայությունը): Այսօր նախընտրելի է պարզապես հեռացնել ուռուցքը: Մինչև 2.5-3սմ ուռուցքի դեպքում, եթե կուրծքը շատ փոքր չէ, կարելի է կրծքագեղձից հեռացնել միայն գոյացությունը (իհարկե, առողջ հյուսվածքների սահմաններում), իսկ 3սմ-ից ավելի մեծ չափերի դեպքում ցանկալի է իրականացնել նախավիրահատական բուժում՝ քիմիաթերապիայի կամ, ըստ ցուցումների, հորմոնալ թերապիայի միջոցով փոքրացնել ուռուցքը, հասցնել այն հնարավորինս փոքր չափերի, այնուհետև վիրահատել՝ պահպանելով կրծքագեղձը:

Իհարկե, դեղորայքային բուժումից առաջ պետք է ուռուցքի բիոպսիա կատարել, մանրամասն տվյալներ ստանալ դրա մասին՝ ճիշտ բուժում անցկացնելու համար: Լինում են դեպքեր, երբ քիմիաթերապիայի ամբողջ կուրսը հիվանդը ստանում է նախավիրահատական շրջանում, և վիրահատությունից հետո մնում է միայն ճառագայթային բուժումը: Վերջինս շատ կարևոր նշանակություն ունի օրգանպահպան (այսինքն կուրծքը չհեռացնելու) վիրահատությունների դեպքում, քանի որ ամրապնդում է տեղային բուժման արդյունավետությունը: Նշենք նաև, որ վերջերս սկսել ենք իրականացնել ուռուցքի նշագրում միկրոինվազիվ մեթոդով: Այն արվում է նախավիրահատական շրջանում՝ բիոպսիայի ժամանակ, սոնոգրաֆիայի հսկողության տակ: Այսինքն, ուռուցքի եզրերին կամ հենց անմիջապես նրա մեջ դրվում են հատուկ մետաղից փոքրիկ մարկերներ, որոնք հետագայում պարզ երևում են մամոգրաֆիայի ժամանակ: Դա թույլ է տալիս հետևել ուռուցքի չափերի փոփոխվելուն դեղորայքային բուժման ընթացքում: Նույնիսկ եթե ուռուցքն այնքան փոքրանա, որ այլևս չշոշափվի կամ չհայտնաբերվի սոնոգրաֆիայով ու մամոգրաֆիայով, տեղադրված մարկերների շնորհիվ հայտնի է դառնում առաջնային ուռուցքի տեղակայումը: Իսկ սա շատ կարևոր է օրգանպահպան վիրահատության համար: Այս մեթոդը միայն վերջերս ենք սկսել կիրառել Հայաստանում, սակայն ցավոք, առայժմ Հայաստանում դա լայն կիրառություն չի ստացել, մինչդեռ ամբողջ աշխարհում այն լայն տարածում ունի: Վիրահատությունից հետո ստացված արդյունքը հսկողության տակ պահելու նպատակով, սովորաբար, ուռուցքը հեռացնելուն պես այն ուղարկվում է հյուսվածքաբանական հետազոտության՝ պարզելու համար՝ արդյոք ուռուցքի եզրերը «մաքուր» են, այսինքն՝ զերծ են արդյոք ուռուցքային բջիջներից:

Բացի այդ, վերջերս լրացուցիչ ևս մի մեթոդ է կիրառվում. հեռացված ուռուցքի շրջանում տեղադրվում են հատուկ մետաղական ամրակներ, որոնք հետագայում ճառագայթային թերապևտին հստակ ցույց են տալիս ուռուցքի նախկին տեղակայումը: Սա թույլ է տալիս, որ ճառագայթային թերապիան ավելի դիպուկ և նպատակային լինի, և ճառագայթները հասնեն հենց ուռուցքի հեռացված հատվածին՝ հետագայում դրա կրկնվելուց խուսափելու համար:

Կրծքագեղձ

Կրծքագեղձը պահպանելուց բացի կարևոր ենք համարում նաև նրա արտաքին էսթետիկ տեսքի պահպանումը: Օնկոպլաստիկայի օրենքներին հետևելով և պարզապես ճիշտ ու հաճախ ոչ խորամանկ կտրվածքներ կատարելով՝ կարելի է նվազագույնի հասցնել գեղձի դեֆորմացիան, հմտորեն թաքցնել հետվիրահատական սպին:

Ամբողջ աշխարհում և, ցավոք, նաև Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղն ունի երիտասարդացման միտում, այսինքն՝ շատանում են դեպքերը, երբ այդ հիվանդությունը հանդիպում է ավելի երիտասարդ կանանց շրջանում: Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղի դեպքերի մոտ 30%-ը հանդիպում է ռեպրոդուկտիվ, այսինքն՝ ծննդաբերելու հնարավորություն ունեցող տարիքում: Սովորաբար երիտասարդ կինն ավելի ծանր է տանում կրծքագեղձի կորուստը: Այս ամենը հաշվի առնելով՝ առավել շատ է կարևորվում քաղցկեղը բուժել առանց կրծքագեղձի հեռացման:

Ինչպես սնվել բուժման ընթացքում

Կրծքագեղձի քաղցկեղի բուժման ընթացքում ախորժակը կարող է նվազել, սակայն, այնուամենայնիվ, արդյունավետ բուժման գրավականն առողջ սննդակարգն է:

Բուժման ընթացքում ճիշտ ՍՆՈՒՑՈՒՄԸ առավել կարևոր է, քան` երբևէ: Հիվանդության դեմ պայքարելու համար օրգանիզմն աշխատում է մեծ լարվածությամբ՝ վերականգնելով բջիջներ, որոնք, հավանաբար, վնասվել են ճառագայթման կամ քիմիաթերապիայի ընթացքում: Քաղցկեղի բուժման ընթացքում (հատկապես քիմիաթերապիայի ժամանակ) առաջանում են կողմնակի երևույթներ, այդ թվում` ախորժակի կորուստ: Պետք է համոզված լինել, որ օրգանիզմը ստանում է բոլոր անհրաժեշտ վիտամինները և սննդարար նյութերը:

Պետք է կենտրոնանալ կալորիաների վրա: Էներգետիկ հավասարակշռության պահպանման համար օրգանիզմին անհրաժեշտ են կալորիաներ: Պացիենտների համար լավ նորություն կա. կարելի է ուտել այն ամենն, ինչ դուր է գալիս:

Մթերքներում վիտամինների և սննդարար նյութերի առկայության մեջ համոզվելու համար հարկ է ուշադրություն դարձնել ապրանքապիտակի գրությանը:

Բացի անհրաժեշտ քանակությամբ կալորիաների ապահովումը, կարևոր է հավասարակշռված սնվելը՝ կիրառելով բնական ծագման մթերքներ. մրգեր և բանջարեղեն:

Բուժման ցանկացած փուլում, լինի դա քիմիաթերապիա, վիրահատություն, ճառագայթային բուժում կամ դրանց զուգակցումը, օրգանիզմը գտնվում է սթրեսի մեջ: Այդ պատճառով իմունային համակարգի ամրացման և վերականգնման համար, ինչպես նաև վերքերի լավացման համար պարզապես սպիտակուց է անհրաժեշտ: Ընտանի թռչունները, ձուկը, միսը սպիտակուցի հրաշալի աղբյուր են: Կարելի է նաև ընտրել լոբի, պանիր, գետնանուշի յուղ, ընկուզեղեն, ձու, յոգուրտ և կաթնային կոկտեյլներ:

Ընկույզը և ձուն սպիտակուցի, վիտամին Е-ի, վիտամին В կոմպլեքսի աղբյուր են: Կարելի է թեթև և օգտակար նախաճաշել գետնանուշի յուղով և կրեկերներով: Սպիտակուցի և վիտամին B-ի հրաշալի աղբյուր են միսը, պանիրը, ձուկը, ընտանի թռչունները, կաթը: Եթե սննդի հոտը սրտխառնոց է առաջացնում, որը լինում է քիմիաթերապիայի ժամանակ, խորհուրդ է տրվում այդ մթերքները կիրառել սառեցված վիճակում: Սպիտակուց և վիտամին B պարունակում է նաև լոբին:

Որպես ցիտրուսներին այլընտրանք (եթե քիմիաթերապիայի հետևանքով բերանի խոռոչում վերքեր են առաջացել) կարելի է կիրառել մրգային հյութեր: Խնձորի խյուսը, դեղձը, տանձի նեկտարը նույնպես պարունակում են անհրաժեշտ վիտամիններ: Երկաթի և К, А, Е վիտամինների հրաշալի աղբյուր է կանաչ տերևավոր բանջարեղենը: Սա բանջարեղենի բավականին մեծ խումբ է, որը ներառում է հազարը, թրթնջուկը, կաղամբի բոլոր տեսակները, սպանախը, մաղադանոսը, սամիթը, նեխուրը, մարգարիտ սոխը: Այդ բոլորը, բացի թրթնջուկից և սպանախից, կարելի է կիրառել ինչպես հում, այնպես էլ եփած վիճակում: Պետք է համոզվել, որ բանջարեղենն ու մրգերը լավ են լվացված, քանի որ սննդի խառնուրդների նկատմամբ իմուն համակարգը կարող է շատ զգայուն լինել:

Ճառագայթումը և քիմիաթերապիան օրգանիզմը ջրազրկում են: Որոշ դեղեր, որոնք չեն հեռացվում օրգանիզմից, կարող են հանգեցնել երիկամային անբավարարության: Այդ պատճառով բուժման ընթացքում խորհուրդ է տրվում խմել բավարար քանակությամբ հեղուկ:

 

Եթե ջուրը քիմիաթերապիայի ազդեցությամբ տարօրինակ համ ունի, խորհուրդ է տրվում ապուրներ ուտել: Հավի ապուրի գլխավոր առավելությունը էլեկտրոլիտների ավելացումն է (այդ թվում` կալիումի, նատրիումի, մագնեզիումի և կալցիումի քլորիդների), որոնք բուժման կողմնակի ազդեցության հետևանքով օրգանիզմից կարող են դուրս բերվել: Մեկ ճաշատեսակով պետք չէ բավարարվել: Որևէ յուրահատուկ կախարդական ըմպելիք և մթերք գոյություն չունի: Լավագույնը հավասարակշռված և տարատեսակ սննդակարգն է:

Ձկան յուղոտ տեսակները կրծքագեղձի քաղցկեղի ժամանակ բացարձակ անվնաս են, իսկ շատ դեպքերում, նույնիսկ, խորհուրդ է տրվում: Հեշտ յուրացվող և օգտակար թթուները պարունակվում են հենց ձկան յուղում: Բուսական յուղը և տապակած սնունդը խորհուրդ է տրվում սահմանափակել, իսկ կերակուրը պատրաստել բարձրորակ կտավատի կամ ձիթապտղի յուղով:

Սննդի մեջ պետք է ներառել այնպիսի մթերքներ, որոնք արգելակում են խոլեսթերինի աճը, այդ թվում՝ բանջարեղեն (գազար, սխտոր, սոխ), մրգեր (ավոկադո, խնձոր), կանաչեղեն, ձուկ, հնդկաձավար և վարսակ, հունական ընկույզ:

Հաճախ կրծքագեղձի քաղցկեղի պատճառն օրգանիզմում հորմոնալ հավասարակշռության խախտումն է: Կնոջ համար բոլորովին էլ վատ չէ էստրոգենի բարձր պարունակությունը: Այս դեպքում նրանք ունեն մեծ կուրծք, գեղեցիկ վարսեր: Սակայն մյուս հորմոնները էստրոգենի մակարդակը դաշտանադադարի ժամանակ չեն պահպանում: Պետք է լյարդին օգնել այն արյան միջից դուրս բերելու համար: Դրա համար անհրաժեշտ են խոլին, ինոզոլ և մեթիոնին պարունակող մթերքներ: Դրանք կարող են լինել արևածաղիկը, ընկույզը, առանց խմորիչի հացը և կարմիր խաղողը, որոնք կարելի է լրացնել հարուստ են բջջանք պարունակող մրգերով և բանջարեղենով, քանի որ աղիների աշխատանքին նպաստում է հենց բջջանքը: Հարկ է ընդունել կալցիում, որը յուրացվելով նպաստում է հորմոնալ համակարգի հավասարակշռված աշխատանքին:

Որոշ հացահատիկների յուրացման դեպքում էստրոգենի ակտիվությունն ընկճվում է: Դրանք, առաջին հերթին, սոյայի հատիկներն ու լոբին են: Սոյան կարելի է փոխարինել ցորենի ծլած հատիկներով, կանաչ բանջարեղենով, կաղամբով: Ըստ ընդունած սննդի ծավալի` հացահատիկը պետք է կազմի կեսը: Կարելի է պատրաստել բանջարեղենային ապուր՝ հնդկաձավարի կամ հացահատիկի, գարու, բրնձի ավելացմամբ:

Հակացուցված են կոֆեին պարունակող ըմպելիքները՝ սուրճը, սև թեյը, կոլան: Սրանք նպաստում են հյուսվածքներում հեղուկի կուտակմանը, իսկ այտուցներն էլ, իրենց հերթին, նպաստում են սպիական հյուսվածքի աճին: Շատ օգտակար է կանաչ թեյը:

Օգտակար է սննդի մեջ մշտապես հակաօքիսդանտներ կիրառել, որոնք կանխարգելում են ուռուցքի առաջացումը:

Կանաչ թեյը բոլոր ըմպելիքների թագավորն է, պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ: Ազդում է ակտինի վրա (բջջային սպիտակուց), որը քաղցկեղի վաղ շրջաններում մասնակցում է քիմիական փոփոխություններին: Կանաչ թեյն այդ գործընթացին խոչընդոտում է: Խորհուրդ է տրվում օրական խմել 2-3 բաժակ կանաչ թեյ:

 

Ֆալկարինոլի (սա բնական պեստիցիդ է, որի օգնությամբ այն պաշտպանվում է սնկերից) բարձր պարունակության շնորհիվ գազարը նվազեցում է քաղցկեղի առաջացման ռիսկը: Խորհուրդ է տրվում օրական ուտել ոչ մեծ գազար, ֆալկարինոլը մեծ չափաբաժիններով թունավոր է, մի չարաշահեք այն:

Անտոցիան քիմիական նյութը խոչընդոտում է ուռուցքային բջիջների աճը: Մեկ խնձորում պարունակվում է այնքան հակաօքսիդանտ, որքան 500 մգ վիտամին С-ի երեք հաբի մեջ: Բացի այդ, խնձորի համն ավելի հաճելի է, քան դեղահաբինը:

Հապալասը հայտնի է իր օգտակար հատկություններով, պարունակում է ուռուցքների առաջացմանը խոչընդոտող պտերոստիլբեն (բնական հակաօքսիդանտ), ինչպես նաև այլ նյութեր, որոնք քայքայում են ուռուցքային բջիջները: Պտերոստիլբենը պաշարում է վտանգավոր բջիջների աճի համար պատասխանատու գեները` այդպիսով դանդաղեցնելով այն: Այս նյութը չի կարող բուժել քաղցկեղը, սակայն այն անփոխարինելի է կանխարգելման համար: Օրական մեկ բաժակ հապալասն առողջության համար բավականին օգտակար է:

Ֆլավոնոիդները հակաօքսիդանտներ են, որոնք ոչնչացնում են վնասակար ազատ ռադիկալները: Սոխի մեջ շատ ֆլավանոիդներ են պարունակվում: Քաղցկեղի կանխարգելման համար սոխի բոլոր տեսակներից առավել արդյունավետ են սուր հոտ ունեցողները:

Կաղամբի մեջ պարունակվող ֆոլատը նվազեցնում է կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը: Հիվանդության կանխարգելման համար օգտակար է տարբեր տեսակի կաղամբների մեջ պարունակվող նյութերի համակցումը: Դրական ազդեցություն է թողնում կաղամբի օրական ընդամենը երկու բաժնի ընդունումը:

Լիկոպինը կրծքագեղձի, միզապարկի, թոքերի, շագանակագեղձի և հաստ աղու քաղցկեղի զարգացման ռիսկը նվազեցնող հակաօքսիդանտ է, քանի որ չեզոքացնում է բջիջների վրա կործանիչ ազդեցություն ունեցող ազատ ռադիկալները: Լոլիկը հարուստ է այդ նյութով: Բացի այդ, այն պարունակում է նաև վիտամին С: Օրական 22 մգ լիկոպինը իդեալական չափաբաժին է, որը համապատասխանում է երկու թեյի գդալ տոմատի պյուրեին: Լիկոպինն ավելի լավ յուրացվում է կոնսերվացված կամ խաշած մթերքներից:

Բրոկոլին հարուստ է գլյուկոզինոլատներով, որոնք քայքայում են քաղցկեղ առաջացնող նյութերը և խթանում են իմունային համակարգը: Խորհուրդ է տրվում շաբաթական ուտել 3-4 բաժին: Ավելի լավ է բրոկոլին եփել գոլորշու վրա, որպեսզի օգտակար նյութերը չքայքայվեն: Առավել օգտակար են փափուկ գլխիկներով տեսակները, որոնք ավելի շատ ազդող նյութեր են պարունակում:

Ջրկոտեմը բարձրացնում է բետա-կարոտինի և լյուտեինի մակարդակը, որոնք պայքարում են ազատ ռադիկալների դեմ: Կարծիք կա, որ հենց ջրկոտեմն է օգտակար ծխողներին: Կանաչ տերևներն օգտագործում են որպես համեմունք, որոնց համը դառն է և տտպող, իսկ բույրը հաճելի է, սուր՝ նման ծովաբողկի հոտին: Դրանք ավելացնում են աղցաններին, ինչպես նաև կիրառում են որպես առանձին ճաշատեսակ՝ ավելացնելով կծու խոտաբույսեր: Խորհուրդ է տրվում ուտել օրական 85 գրամ:

Չիլի պղպեղը հայտնի է ո՛չ միայն սուր համով: Չիլի պղպեղի յուրահատուկ համը պայմանավորված է կապսաիցինով՝ քաղցկեղային բջիջների միտոքոնդրիումները գրոհող նյութով: Ընդ որում, կապսաիցինն առողջ հյուսվածքները չի վնասում: Ահա, թե ինչու են հնդիկները և մեքսիկացիները, որոնք նախապատվությունը տալիս են սուր սննդին, եվրոպացիների համեմատ հազվադեպ հիվանդանում քաղցկեղով: Սակայն, առայժմ, չիլի պղպեղի օրական անհրաժեշտ քանակության մասին տեղեկատվություն չկա:

 

Բոլոր մրգերի և բանջարեղենների մեջ իր հակաքաղցկեղային ակտիվությամբ առաջին տեղն է զբաղեցնում սև սալորաչիրը: Սրանում անհավանական քանակությամբ առկա է անտիցիանին մուգ պիգմենտը, որն առողջ բջիջները պաշտպանում է վերափոխվելուց: Բացի այդ, սև սալորաչիրը պարունակում է մեծ քանակությամբ բջջանք, որն ուժեղացնում է աղիների գալարակծկանքը: Վաղուց հայտնի է, որ աղիների դանդաղ դատարկման դեպքում արյան մեջ կրկին ներծծվում են մշակված շլակները և հորմոնները, որը կանանց մոտ նպաստում է կրծքագեղձի քաղցկեղի առաջացմանը, իսկ տղամարդկանց մոտ՝ մարսողական համակարգի քաղցկեղի առաջացմանը: Օրական անհրաժեշտ է ուտել 5-6 հատ, շաբաթը երեք անգամ:

ամչում հակաքաղցկեղածիններն ավելի շատ են, քան գինու և թարմ խաղողի մեջ: Այս չորացրած հատապտուղներում հատկապես շատ է կվերտիցինը, որը կանխում է կանանց մոտ կրծքագեղձի քաղցկեղը և տղամարդկանց մոտ` շագանակագեղձի քաղցկեղը, ինչպես նաև` ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը: Անհրաժեշտ է կոնֆետի փոխարեն օրական մի բուռ չամիչ ուտել, շաբաթը 3-4 անգամ:

Ելակը չեզոքացնում է պարարտանյութում պարունակվող նիտրատների և նիտրիտների քաղցկեղածին ազդեցությունը: Անհրաժեշտ է օրական կես բաժակ ելակ ուտել` շաբաթական երկու անգամ:

Ինչպես մյուս ցիտրուսների, այնպես էլ նարնջի հիմնական առավելությունը կենսաբանական ակտիվ ֆլավոնոիդներն են, որոնք պայքարում են ուռուցքի դեմ: Ֆլավոնոիդների և վիտամին C-ի բարձր չափաբաժինը միրգը դարձնում են չարորակ գոյացությունների կանխարգելման հրաշալի միջոց: Անհրաժեշտ է ուտել երկու օրում մեկ նարինջ:

Ազնվամորու հիմնական առավելությունը մեծ քանակությամբ էլագաթթուն է, որն արգելակում է նախաուռուցքային բջիջների կիսումը: Բացի այդ, էլագաթթուն չեզոքացնում է օրգանիզմի վրա տապակած և ապխտած մթերքների ազդեցությունը: Թթուն պարունակվում է նաև ազնվամորու մուրաբայում, սակայն նրա օգտակարությունը կորչում է շաքարի առատության հետևանքով:
Անհրաժեշտ է սեզոնի ընթացքում ուտել օրական կես բաժակ: Խորովածի և գրիլի սիրահարներին խորհուրդ է տրվում սեղանն ավարտել մեկ բաժակ թարմ ազնվամորիով:

Թարմ սպանախում պարունակվող կոէնզիմ Q10-ն օգնում է ճանաչել իմունային համակարգի նախաքաղցկեղային գոյացությունները:  Ցանկալի է ամեն օր ճաշացանկի մեջ ընդգրկել սպանախի և հատկություններով վերջինիս նման տերևավոր կանաչեղենից պատրաստված աղցան:

Ինչպես նարինջը, թուրինջը ևս առանձնանում է վիտամին C-ի բարձր պարունակությամբ և թարմացնող համով, ինչը նրան դարձնում է ցանկալի: Անհրաժեշտ է խմել օրական մեկ բաժակ հյութ:

 

Օգտագործեք հակաքաղցկեղածին աղցաններ։

Կանաչիով` ձուկ. Վերցնել պահածոյացված թունա ձկան մեկ տուփ, որտեղ այն մանրացված է սեփական հյութի մեջ: Մանր կտրտել հազարը կամ սպանախը (մեկ բաժակ), խաշել երեք ձու և կտրտել խորանարդիկներով: Բոլոր բաղադրիչները խառնել, ավելացնել աղ` ըստ ճաշակի: Ավելացնել նաև կիտրոնի հյութի և ձիթապտղի յուղի խառնուրդ (1:1) կամ 15% թթվասեր (150 գ), կիտրոնի հյութ և մանանեխ (1 թեյի գդալ): Օգտակար աղցանը պատրաստ է:

Ինչու՞մ է կայանում օգտակարությունը: Թունա ձուկը և ձուն պարունակում են սելեն, կոտեմը և սպանախը՝ սուլֆորաֆան: Այս երկու նյութերն էլ ազդում են քաղցկեղը արգելակող գեների վրա: Ազդեցությունն ուժեղանում է համատեղ կիրառման դեպքում:

Կարմիր-կանաչ (աղցան).

Ամանի մեջ ավելացնել կտրտած երեք լոլիկ: Ձեռքով առանձնացնել բրոկոլիի ծաղկաբույլերը (մեկ ճյուղ), ավելացնել լոլիկների վրա: Խառնուրդի վրա ավելացնել մանրացված բրազիլական ընկույզ (առկա է մեծ քանակությամբ սելեն): Աղն ավելացնել ըստ ճաշակի, այնուհետև հավելել խնձորի քացախ, բուսական յուղ (1:1), մեկ պճեղ ճզմած սխտոր և աղացած սև պղպեղ:

Ինչու՞մ է կայանում օգտակարությունը: Բրոկոլիի սուլֆորաֆանը և լոլիկի լիկոպենը միասին առավել արդյունավետ են ազդում. իմունային համակարգն ավելի հեշտ է ճանաչում նախաքաղցկեղային բջիջները։

Քաղցկեղը որպես հիվանդության տեսակ

Ի՞նչ է քաղցկեղը

Շարունակ խոսում և լսում ենք քաղցկեղ հիվանդության մասին, լինի դա կրծքագեղձի, թոքի, մաշկի կամ այլ օրգանի: Բայց թերևս քչերը գիտեն, թե իրականում ինչ է իրենից ներկայացնում այն: Եկեք փորձենք հասկանալ, թե ինչ է քաղցկեղն ընդհանրապես, ինչպես է այն առաջանում, տարածվում (մետաստազավորում) և այլն:

Քաղցկեղը մոտ 100 տարբեր հիվանդությունների ընդհանուր անվանումն է: Չնայած գոյություն ունեն քաղցկեղի բազմաթիվ տարատեսակներ, բոլոր քաղցկեղներն առաջանում են, երբ ոչ նորմալ բջիջները սկսում են անկանոն բազմանալ:

Չբուժվելու դեպքում քաղցկեղը կարող է առաջացնել ծանր բարդություններ և մահվան պատճառ հանդիսանալ:

Օրգանիզմի նորմալ բջիջները

Մարդու օրգանիզմը կազմված է տրիլիոնավոր բջիջներից, որոնք աճում են, կիսվում՝ առաջացնելով նոր բջիջներ, և մահանում: Վաղ տարիքում նորմալ բջիջներն ավելի արագ են կիսվում, ինչը թույլ է տալիս մարդուն աճել: Երբ մարդն արդեն դառնում է հասուն, բջիջների մեծամասնությունը կիսվում է միայն մահացող բջիջները փոխարինելու կամ վնասվածքները վերականգնելու համար:

Ինչպե՞ս է առաջանում քաղցկեղը

Քաղցկեղն առաջանում է, երբ օրգանիզմի որևէ հատվածում բջիջները սկսում են անկանոն բազմանալ: Քաղցկեղային բջիջների աճը տարբերվում է նորմալ բջիջների աճից: Քաղցկեղի բջիջները մահանալու փոխարեն շարունակում են աճել և առաջացնել նոր՝ ոչ նորմալ բջիջներ: Քաղցկեղային բջիջները, ի տարբերություն նորմալ բջիջների, կարող են նաև ներխուժել այլ հյուսվածքներ և աճել նրանց մեջ: Այս երկու հիմնական հատկանիշներն են բնորոշ քաղցկեղի բջիջներին՝ անկանոն աճը և ներխուժումը դեպի օրգանիզմի այլ հյուսվածքներ:

Բջիջները դառնում են քաղցկեղային ԴՆԹ-ի (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) վնասման հետևանքով: ԴՆԹ-ն կա յուրաքանչյուր բջջում, և այն կարգավորում է նրա բոլոր գործողությունները: Եթե նորմալ բջջում ԴՆԹ-ն վնասվում է, բջիջը կամ վերանորոգում է այն, կամ ինքն է մահանում: Քաղցկեղային բջիջներում վնասված ԴՆԹ-ն չի վերանորոգվում, և, ի տարբերություն նորմալ բջիջների, քաղցկեղային բջիջներն այս դեպքում չեն մահանում, այլ, ընդհակառակը, այդ վնասված բջիջները սկսում են արտադրել օրգանիզմի համար անպետք նոր բջիջներ: Այս բոլոր նոր առաջացած բջիջներն ունենում են նույն վնասված ԴՆԹ-ն, ինչ վնասված ԴՆԹ-ով «մայր» բջիջը, որից իրենք առաջացել են:

Մարդը կարող է ժառանգել աննորմալ ԴՆԹ (ստանալ ծնողներից), բայց առավել հաճախ ԴՆԹ-ի վնասումն առաջանում է նորմալ բջիջների բազմացման ժամանակ առաջացած սխալների կամ շրջապատի որևէ ազդեցության հետևանքով: Երբեմն ԴՆԹ-ի վնասման պատճառը կարող է լինել շատ ակնհայտ, օրինակ՝ ծխելը կամ արևի չափից ավելի ճառագայթումը: Սակայն, հիմնականում, շատ դժվար է լինում պարզել անհատի մոտ քաղցկեղի առաջացման հիմնական պատճառը:

Հիմնականում քաղցկեղային բջիջները ձևավորում են ուռուցք, և ժամանակի ընթացքում ուռուցքը կարող է փոխարինել նորմալ հյուսվածքին, ներխուժել դրա մեջ կամ հրել նորմալ հյուվածքին մի կողմ: Քաղցկեղի որոշ տեսակներ, որոնցից է, օրինակ, լեյկեմիան, հազվադեպ են ձևավորում ուռուցքներ: Փոխարենը, այս քաղցկեղային բջիջները ներառում են արյունն ու արյուն առաջացնող օրգանները և պտտվում են այլ հյուսվածքների մեջ, որտեղ աճում են:

Ինչպե՞ս է տարածվում քաղցկեղը

Քաղցկեղային բջիջները հաճախ ճամփորդում են օրգանիզմի այլ մասեր, որտեղ նրանք աճում են և ձևավորում են նոր ուռուցքներ: Սա լինում է, երբ քաղցկեղային բջիջներն ընկնում են արյան հունի կամ ավշային անոթների մեջ: Քաղցկեղի բջիջների տարածման գործընթացը կոչվում է մետաստազավորում:

Անկախ նրանից, թե քաղցկեղային բջիջները որտեղ են տարածվում, քաղցկեղի անվանումը միշտ պայմանավորված է օրգանիզմի այն տեղով, որտեղ այն ի սկզբանե առաջացել է:

Օրինակ՝ հաստ աղու քաղցկեղը, որը տարածվել է դեպի լյարդ, կոչվում է ոչ թե լյարդի քաղցկեղ, այլ հաստ աղու մետաստատիկ քաղցկեղ: Այս դեպքում լյարդից վերցված քաղցկեղային բջիջները կլինեն նույնը, ինչ հաստ աղուց վերցվածները: Դրանց բուժումը նույնպես նույն ճանապարհներով կընթանա:

Տարբեր տեսակի քաղցկեղները կարող են ունենալ բոլորովին տարբեր պատկեր: Օրինակ՝ թոքի և մաշկի քաղցկեղները լրիվ տարբեր հիվանդություններ են: Դրանք ունեն աճի տարբեր տեմպեր և տարբեր կերպ են արձագանքում բուժման տարբեր տեսակների: Սա է պատճառը, որ քաղցկեղով հիվանդներին անհրաժեշտ է ստանալ հենց իրենց քաղցկեղի տեսակի համար նախատեսված բուժում:

Ուռուցքներ, որոնք քաղցկեղ չեն

Ուռուցքը բջիջներից կազմված աննորմալ գոյացություն է, բայց ոչ բոլոր ուռուցքներն են քաղցկեղ: Այն ուռուցքները, որոնք քաղցկեղ չեն, կոչվում են բարորակ: Բարորակ ուռուցքները ևս կարող են խնդիրներ առաջացնել. նրանք կարող են աճել և հասնել մեծ չափերի ու ճնշել հարակից առողջ օրգաններն ու հյուսվածքները: Բայց դրանք չեն կարող ներխուժել այլ հյուսվածքներ և տարածվել դեպի օրգանիզմի այլ մասեր (մետաստազավորել): Այս ուռուցքները հազվադեպ են կյանքի համար վտանգավոր լինում:

 

 

Search

+