Արևային լոգանքներ և կրծքագեղձ

Արևայրուք և կրծքագեղձ

Ամռան օրերին բոլորն են ձգտում հանգստանալ, և հանգիստը հաճախ (հատկապես կանանց համար) ասոցացվում է ծովի և արևայրուքի (загар) հետ: Ծանոթանանք արևայրուքի առավելություններին ու թերություններին:

Բոլորս դեռ վաղ տարիքից գիտենք, որ արևային լոգանքներն (солнечные ванны) օգտակար են օրգանիզմի համար: Արևի լույսն ու ջերմությունն ազդեցություն են ունենում էնդոկրին համակարգի վրա (վահանագեղձ, հիպոֆիզ, ձվարաններ և այլն), ինչպես նաև կարգավորում են նյութափոխանակությունը և բարձրացնում օրգանիզմի դիմադրողականությունը: Արևի լույսից մեր օրգանիզմում առաջանում է վիտամին D: Հատկանշական է, որ այդ վիտամինի 90%-ը մեր օրգանիզմը ստանում է արևի ճառագայթներից, և միայն 10%-ն է փոխանցվում սննդի միջոցով: Վիտամին D-ի օգտակարության մասին կարելի է երկար խոսել: Պարզվել է, որ այն օգտակար է նաև կրծքագեղձի համար: Ստենֆորդի համալսարանի գիտնականները գտնում են, որ արևային լոգանքներն իջեցնում են կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը: Սրա պատճառն այն է, որ արևային լոգանքների ընթացքում մեր օրգանիզմում առաջանում է վիտամին D: Ապացուցված չէ, բայց կարծիք կա, որ հենց դրա պատճառով գյուղաբնակ կանանց մոտ կրծքագեղձի քաղցկեղը հանդիպում է ավելի քիչ դեպքերում, քան այն կանանց մոտ, ովքեր աշխատում են գրասենյակային պայմաններում: Վիտամին D-ի հակաուռուցքային նշանակության մասին վկայում են բազմաթիվ հետազոտությունների արդյունքներ: Շվեյցարիայում կրծքագեղձի վիրաբուժության կենտրոնում բացի հակաուռուցքային դեղորայքային բուժումից նշանակվում էր նաև վիտամին D, ընդ որում՝ նշանակվում էր պրակտիկորեն բոլորին և երկարաժամկետ օգտագործման համար: Սպիտակամաշկներին 1 ժամ տևողությամբ արևայրուքը բավական է վիտամին D-ի անհրաժեշտ քանակը ստանալու համար, իսկ սևամորթների դեպքում՝ 5-6 անգամ ավելի երկար ժամանակ է պահանջվում: Վիտամին D-ն սինթեզվում է խոլեստերինից, իսկ օրգանիզմի վրա իր ազդեցությունն է թողնում մոտ 3000 գենի միջոցով, որոնց աշխատանքը կախված է վիտամին D-ից: Գրականությունում կան որոշ տվյալներ, ըստ որոնց վիտամին D-ն իջեցնում է շագանակագեղձի, ոսկրային ուռուցքների և հաստ աղիքի քաղցկեղի ռիսկը: Վիտամին D-ն առաջանում է B դասի ուլտրամանուշակագույն ճառագայթներից: Ուլտրամանուշակագույն ճառագայթների այս տեսակը բավական քիչ է պարունակվում արևի լույսի մեջ, եթե ամպամած եղանակ է: Այնպես, որ վիտամին D-ն սինթեզվում է արևային օրերին: Այսուհանդերձ, ամեն ինչ չափի մեջ պետք է լինի:

Առաջին վտանգն արևայրուքից, իհարկե, մաշկի այրվածքներն են: Այրվածքները ոչ միայն ցավոտ են, այլև վտանգավոր: Ապացուցված է, որ արևային լոգանքների չարաշահումը բարձրացնում է մաշկի քաղցկեղի ռիսկը: Այն վտանգավոր է նախևառաջ սպիտակամաշկ կանանց համար, ովքեր ունեն բազմաթիվ խալեր ու, հատկապես, եթե այդ խալերը վերջին շրջանում փոխել են իրենց գույնը կամ ձևը: Արևի ճառագայթներից մաստոպատիա չի կարող առաջանալ, բայց արևի տաքությունը խթանում է էնդոկրին համակարգը, ինչը կարող է հանգեցնել հորմոնալ շեղումների, որի հետևանքով կարող է առաջանալ ցավ կրծքագեղձում: Չի բացառվում կիստաների առաջացումն ու մեծացումը, ինչպես նաև ֆիբրոադենոմաների մեծացումը: Կրծքագեղձի մաշկն ավելի զգայուն է դառնում, եթե կինը նախկինում ստացել է ճառագայթային բուժում: Արևն անցանկալի է քիմիաթերապիա ստացողների համար, քանի որ որոշ դեղամիջոցներ կարող են ուժեղացնել արևի ճառագայթների ազդեցությունը մաշկի վրա: Կարելի է արևայրուք ընդունել քիմիաթերապիա ստանալուց միայն 1,5-2 ամիս անց: Բայց սա չի նշանակում, որ պետք է փակվել տանը: Անցանկալի է կեսօրվա արևի ընդունումը, իսկ առավոտյան ծովային լողը կամ ծառի ստվերի տակ գիրք կարդալը ողջունելի են: Արևի տակ գտնվելիս լայն գլխարկի առկայությունը և արևապաշտպանիչ քսուքի (30 SPF կամ բարձր) կիրառումը խիստ ցանկալի են: Արևայրուք ընդունել կարելի է նաև հով տեղում. դանդաղ է, բայց անվտանգ: Պտուկի մաշկը ավելի բարակ և զգայուն է, քան կրծքի մաշկը, ուստի այն ավելի շատ է հակված այրվելու: Ցանկալի է արևայրուք ստանալ լողազգեստով կամ գոնե ծածկել միայն պտուկները: Եթե կրծքի վրա կան խալեր, պետք է ընտրել այնպիսի լողազգեստ, որը կծածկի դրանք: Նոր վիրահատված կանայք պետք է խուսափեն հաճախակի արևայրուքներից. դա կարող է վատ ազդեցություն թողնել սպիերի վրա: Հղի և կերակրող մայրերի համար արևայրուքը խրախուսելի չէ. եթե վնասվեն պտուկները, ապա հետագայում կարող է դժվարանալ կերակրման ընթացքը: Արևայրուքի համար նախընտրելի և անվտանգ ժամերն են՝ 11-ից 12-ը և 16-ից հետո: Արևայրուքի օրերին խրախուսվում է հեղուկի շատ օգտագործումը:

Հաճախ կանայք օգտվում են արևաբուժարանների (солярий) ծառայություններից: Նախքան արևաբուժարանից օգտվելը պետք է վստահ լինել բարձրորակ սարքավորումների և մասնագետների հարցում: Կարևոր է իմանալ ճառագայթների ճիշտ չափաբաժինը: Ոմանք օգտագործում են միայն A դասի ուլտրամանուշակագույն ճառագայթներով սարք, որտեղ արևայրուքը կարճատև է, իսկ վիտամին D չի արտադրվում: Ոմանք էլ օգտագործում են միայն B դասի ուլտրամանուշակագույն ճառագայթներ արտադրող սարքեր: Արևաբուժարան հաճախելն ունի իր սահմանափակումները, և որոշ կանանց առողջական խնդիրների պատճառով հակացուցված է արևաբուժարան այցելել:

Նախքան ծովային հանգիստը կազմակերպելը կամ արևաբուժարանից օգտվելը պետք է խորհրդակցել ուռուցքաբան-մամոլոգի հետ:

12 խորհուրդ քաղցկեղի դեմ

12 խորհուրդ քաղցկեղի դեմ

Քաղցկեղի հետազոտման միջազգային գործակալությունը (IARC), որը հանդիսանում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (WHO) բաղադրիչ կառույցներից մեկը, մշակել է 12 հիմնական խորհուրդ, որոնց հետևելով կարելի է նվազեցնել քաղցկեղով հիվանդանալու ռիսկը: Ցանկը կոչվում է «European Code Against Cancer, 12 ways to reduce your cancer risk»: 
1. Մի՛ ծխեք: Զերծ մնացեք ծխախոտ օգտագործելու բոլոր տարբերակներից: 
2. Զե՛րծ պահեք Ձեր տունը ծխախոտի ծխից: Փորձեք հետևել սրան նաև աշխատավայրում:
3. Միջոցներ ձեռնարկեք Ձեր մարմնի քաշը նորմայի սահմաններում պահպանելու համար:
4. Վարե՛ք ֆիզիկական ակտիվ կենսակերպ, խուսափե՛ք նստակյաց կյանք վարելուց:
5. Սնվեք առողջ՝
• օգտագործեք ձավարեղեն, լոբազգիներ, միրգ և բանջարեղեն;
• սահմանափակեք բարձր կալորիականությամբ սննդի օգտագործումը (շաքարով և ճարպերով հարուստ սննդամթերք), խուսափե՛ք քաղցր ըմպելիքներից;
• խուսափեք մշակված մսամթերքից (երշիկ, նրբերշիկ, բեկոն, ապուխտ), սահմանափակեք կարմիր մսի, մեծ քանակությամբ աղ պարունակող սննդի օգտագործումը:
6. Մի՛ չարաշահեք ալկոհոլի օգտագործումը: Ալկոհոլից ընդհանրապես հրաժարվելը շատ ավելի ցանկալի է: 
7. Խուսափե՛ք արևի տակ երկար մնալուց (հատկապես երեխաները): Օգտագործե՛ք արևից պաշտպանող միջոցներ: Մի՛ օգտվեք շեզլոնգներից (պառկելաթոռ):
8. Աշխատավայրում հնարավորինս պաշտպանեք Ձեզ թունավոր՝ քաղցկեղածին նյութերից՝ հետևելով անվտանգության համապատասխան կանոններին (որոշ մասնագիտությունների բնագավառում աշխատողների մոտ կարող է առաջանալ քաղցկեղ այս կամ այն քիմիական նյութի հետ երկարատև շփման արդյունքում):
9. Պարզե՛ք՝ առկա՞ է արդյոք Ձեր տանը ռադոն գազի բարձր խտություն: Ձեռնարկե՛ք միջոցառումներ դրա նվազեցման համար:
10. Կանանց համար՝
• կրծքով կերակրելը նվազեցնում է մոր՝ քաղցկեղով հիվանդանալու ռիսկը;
• հորմոն փոխարինող թերապիան բարձրացնում է քաղցկեղի որոշ տեսակների առաջացման ռիսկը: Սահմանափակե՛ք հորմոն փոխարինող թերապիան:
11. Համոզվեք, որ Ձեր երեխաները մասնակցում են վակցինացման (պատվաստման) ծրագրերին՝
• հեպատիտ B (նորածինների համար);
• մարդու պապիլոմա վիրուս (աղջիկների համար):
12. Մասնակցե՛ք քաղցկեղի վաղ հայտնաբերմանն ուղղված սկրինինգ (պրոֆիլակտիկ հետազոտություններ) ծրագրերին՝
• հաստ աղիքի քաղցկեղ (տղամարդկանց և կանանց համար);
• կրծքագեղձի քաղցկեղ (կանանց համար);
• արգանդի վզիկի քաղցկեղ (կանանց համար):

 

Ինչպես սնվել բուժման ընթացքում

Կրծքագեղձի քաղցկեղի բուժման ընթացքում ախորժակը կարող է նվազել, սակայն, այնուամենայնիվ, արդյունավետ բուժման գրավականն առողջ սննդակարգն է:

Բուժման ընթացքում ճիշտ ՍՆՈՒՑՈՒՄԸ առավել կարևոր է, քան` երբևէ: Հիվանդության դեմ պայքարելու համար օրգանիզմն աշխատում է մեծ լարվածությամբ՝ վերականգնելով բջիջներ, որոնք, հավանաբար, վնասվել են ճառագայթման կամ քիմիաթերապիայի ընթացքում: Քաղցկեղի բուժման ընթացքում (հատկապես քիմիաթերապիայի ժամանակ) առաջանում են կողմնակի երևույթներ, այդ թվում` ախորժակի կորուստ: Պետք է համոզված լինել, որ օրգանիզմը ստանում է բոլոր անհրաժեշտ վիտամինները և սննդարար նյութերը:

Պետք է կենտրոնանալ կալորիաների վրա: Էներգետիկ հավասարակշռության պահպանման համար օրգանիզմին անհրաժեշտ են կալորիաներ: Պացիենտների համար լավ նորություն կա. կարելի է ուտել այն ամենն, ինչ դուր է գալիս:

Մթերքներում վիտամինների և սննդարար նյութերի առկայության մեջ համոզվելու համար հարկ է ուշադրություն դարձնել ապրանքապիտակի գրությանը:

Բացի անհրաժեշտ քանակությամբ կալորիաների ապահովումը, կարևոր է հավասարակշռված սնվելը՝ կիրառելով բնական ծագման մթերքներ. մրգեր և բանջարեղեն:

Բուժման ցանկացած փուլում, լինի դա քիմիաթերապիա, վիրահատություն, ճառագայթային բուժում կամ դրանց զուգակցումը, օրգանիզմը գտնվում է սթրեսի մեջ: Այդ պատճառով իմունային համակարգի ամրացման և վերականգնման համար, ինչպես նաև վերքերի լավացման համար պարզապես սպիտակուց է անհրաժեշտ: Ընտանի թռչունները, ձուկը, միսը սպիտակուցի հրաշալի աղբյուր են: Կարելի է նաև ընտրել լոբի, պանիր, գետնանուշի յուղ, ընկուզեղեն, ձու, յոգուրտ և կաթնային կոկտեյլներ:

Ընկույզը և ձուն սպիտակուցի, վիտամին Е-ի, վիտամին В կոմպլեքսի աղբյուր են: Կարելի է թեթև և օգտակար նախաճաշել գետնանուշի յուղով և կրեկերներով: Սպիտակուցի և վիտամին B-ի հրաշալի աղբյուր են միսը, պանիրը, ձուկը, ընտանի թռչունները, կաթը: Եթե սննդի հոտը սրտխառնոց է առաջացնում, որը լինում է քիմիաթերապիայի ժամանակ, խորհուրդ է տրվում այդ մթերքները կիրառել սառեցված վիճակում: Սպիտակուց և վիտամին B պարունակում է նաև լոբին:

Որպես ցիտրուսներին այլընտրանք (եթե քիմիաթերապիայի հետևանքով բերանի խոռոչում վերքեր են առաջացել) կարելի է կիրառել մրգային հյութեր: Խնձորի խյուսը, դեղձը, տանձի նեկտարը նույնպես պարունակում են անհրաժեշտ վիտամիններ: Երկաթի և К, А, Е վիտամինների հրաշալի աղբյուր է կանաչ տերևավոր բանջարեղենը: Սա բանջարեղենի բավականին մեծ խումբ է, որը ներառում է հազարը, թրթնջուկը, կաղամբի բոլոր տեսակները, սպանախը, մաղադանոսը, սամիթը, նեխուրը, մարգարիտ սոխը: Այդ բոլորը, բացի թրթնջուկից և սպանախից, կարելի է կիրառել ինչպես հում, այնպես էլ եփած վիճակում: Պետք է համոզվել, որ բանջարեղենն ու մրգերը լավ են լվացված, քանի որ սննդի խառնուրդների նկատմամբ իմուն համակարգը կարող է շատ զգայուն լինել:

Ճառագայթումը և քիմիաթերապիան օրգանիզմը ջրազրկում են: Որոշ դեղեր, որոնք չեն հեռացվում օրգանիզմից, կարող են հանգեցնել երիկամային անբավարարության: Այդ պատճառով բուժման ընթացքում խորհուրդ է տրվում խմել բավարար քանակությամբ հեղուկ:

 

Եթե ջուրը քիմիաթերապիայի ազդեցությամբ տարօրինակ համ ունի, խորհուրդ է տրվում ապուրներ ուտել: Հավի ապուրի գլխավոր առավելությունը էլեկտրոլիտների ավելացումն է (այդ թվում` կալիումի, նատրիումի, մագնեզիումի և կալցիումի քլորիդների), որոնք բուժման կողմնակի ազդեցության հետևանքով օրգանիզմից կարող են դուրս բերվել: Մեկ ճաշատեսակով պետք չէ բավարարվել: Որևէ յուրահատուկ կախարդական ըմպելիք և մթերք գոյություն չունի: Լավագույնը հավասարակշռված և տարատեսակ սննդակարգն է:

Ձկան յուղոտ տեսակները կրծքագեղձի քաղցկեղի ժամանակ բացարձակ անվնաս են, իսկ շատ դեպքերում, նույնիսկ, խորհուրդ է տրվում: Հեշտ յուրացվող և օգտակար թթուները պարունակվում են հենց ձկան յուղում: Բուսական յուղը և տապակած սնունդը խորհուրդ է տրվում սահմանափակել, իսկ կերակուրը պատրաստել բարձրորակ կտավատի կամ ձիթապտղի յուղով:

Սննդի մեջ պետք է ներառել այնպիսի մթերքներ, որոնք արգելակում են խոլեսթերինի աճը, այդ թվում՝ բանջարեղեն (գազար, սխտոր, սոխ), մրգեր (ավոկադո, խնձոր), կանաչեղեն, ձուկ, հնդկաձավար և վարսակ, հունական ընկույզ:

Հաճախ կրծքագեղձի քաղցկեղի պատճառն օրգանիզմում հորմոնալ հավասարակշռության խախտումն է: Կնոջ համար բոլորովին էլ վատ չէ էստրոգենի բարձր պարունակությունը: Այս դեպքում նրանք ունեն մեծ կուրծք, գեղեցիկ վարսեր: Սակայն մյուս հորմոնները էստրոգենի մակարդակը դաշտանադադարի ժամանակ չեն պահպանում: Պետք է լյարդին օգնել այն արյան միջից դուրս բերելու համար: Դրա համար անհրաժեշտ են խոլին, ինոզոլ և մեթիոնին պարունակող մթերքներ: Դրանք կարող են լինել արևածաղիկը, ընկույզը, առանց խմորիչի հացը և կարմիր խաղողը, որոնք կարելի է լրացնել հարուստ են բջջանք պարունակող մրգերով և բանջարեղենով, քանի որ աղիների աշխատանքին նպաստում է հենց բջջանքը: Հարկ է ընդունել կալցիում, որը յուրացվելով նպաստում է հորմոնալ համակարգի հավասարակշռված աշխատանքին:

Որոշ հացահատիկների յուրացման դեպքում էստրոգենի ակտիվությունն ընկճվում է: Դրանք, առաջին հերթին, սոյայի հատիկներն ու լոբին են: Սոյան կարելի է փոխարինել ցորենի ծլած հատիկներով, կանաչ բանջարեղենով, կաղամբով: Ըստ ընդունած սննդի ծավալի` հացահատիկը պետք է կազմի կեսը: Կարելի է պատրաստել բանջարեղենային ապուր՝ հնդկաձավարի կամ հացահատիկի, գարու, բրնձի ավելացմամբ:

Հակացուցված են կոֆեին պարունակող ըմպելիքները՝ սուրճը, սև թեյը, կոլան: Սրանք նպաստում են հյուսվածքներում հեղուկի կուտակմանը, իսկ այտուցներն էլ, իրենց հերթին, նպաստում են սպիական հյուսվածքի աճին: Շատ օգտակար է կանաչ թեյը:

Օգտակար է սննդի մեջ մշտապես հակաօքիսդանտներ կիրառել, որոնք կանխարգելում են ուռուցքի առաջացումը:

Կանաչ թեյը բոլոր ըմպելիքների թագավորն է, պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ: Ազդում է ակտինի վրա (բջջային սպիտակուց), որը քաղցկեղի վաղ շրջաններում մասնակցում է քիմիական փոփոխություններին: Կանաչ թեյն այդ գործընթացին խոչընդոտում է: Խորհուրդ է տրվում օրական խմել 2-3 բաժակ կանաչ թեյ:

 

Ֆալկարինոլի (սա բնական պեստիցիդ է, որի օգնությամբ այն պաշտպանվում է սնկերից) բարձր պարունակության շնորհիվ գազարը նվազեցում է քաղցկեղի առաջացման ռիսկը: Խորհուրդ է տրվում օրական ուտել ոչ մեծ գազար, ֆալկարինոլը մեծ չափաբաժիններով թունավոր է, մի չարաշահեք այն:

Անտոցիան քիմիական նյութը խոչընդոտում է ուռուցքային բջիջների աճը: Մեկ խնձորում պարունակվում է այնքան հակաօքսիդանտ, որքան 500 մգ վիտամին С-ի երեք հաբի մեջ: Բացի այդ, խնձորի համն ավելի հաճելի է, քան դեղահաբինը:

Հապալասը հայտնի է իր օգտակար հատկություններով, պարունակում է ուռուցքների առաջացմանը խոչընդոտող պտերոստիլբեն (բնական հակաօքսիդանտ), ինչպես նաև այլ նյութեր, որոնք քայքայում են ուռուցքային բջիջները: Պտերոստիլբենը պաշարում է վտանգավոր բջիջների աճի համար պատասխանատու գեները` այդպիսով դանդաղեցնելով այն: Այս նյութը չի կարող բուժել քաղցկեղը, սակայն այն անփոխարինելի է կանխարգելման համար: Օրական մեկ բաժակ հապալասն առողջության համար բավականին օգտակար է:

Ֆլավոնոիդները հակաօքսիդանտներ են, որոնք ոչնչացնում են վնասակար ազատ ռադիկալները: Սոխի մեջ շատ ֆլավանոիդներ են պարունակվում: Քաղցկեղի կանխարգելման համար սոխի բոլոր տեսակներից առավել արդյունավետ են սուր հոտ ունեցողները:

Կաղամբի մեջ պարունակվող ֆոլատը նվազեցնում է կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը: Հիվանդության կանխարգելման համար օգտակար է տարբեր տեսակի կաղամբների մեջ պարունակվող նյութերի համակցումը: Դրական ազդեցություն է թողնում կաղամբի օրական ընդամենը երկու բաժնի ընդունումը:

Լիկոպինը կրծքագեղձի, միզապարկի, թոքերի, շագանակագեղձի և հաստ աղու քաղցկեղի զարգացման ռիսկը նվազեցնող հակաօքսիդանտ է, քանի որ չեզոքացնում է բջիջների վրա կործանիչ ազդեցություն ունեցող ազատ ռադիկալները: Լոլիկը հարուստ է այդ նյութով: Բացի այդ, այն պարունակում է նաև վիտամին С: Օրական 22 մգ լիկոպինը իդեալական չափաբաժին է, որը համապատասխանում է երկու թեյի գդալ տոմատի պյուրեին: Լիկոպինն ավելի լավ յուրացվում է կոնսերվացված կամ խաշած մթերքներից:

Բրոկոլին հարուստ է գլյուկոզինոլատներով, որոնք քայքայում են քաղցկեղ առաջացնող նյութերը և խթանում են իմունային համակարգը: Խորհուրդ է տրվում շաբաթական ուտել 3-4 բաժին: Ավելի լավ է բրոկոլին եփել գոլորշու վրա, որպեսզի օգտակար նյութերը չքայքայվեն: Առավել օգտակար են փափուկ գլխիկներով տեսակները, որոնք ավելի շատ ազդող նյութեր են պարունակում:

Ջրկոտեմը բարձրացնում է բետա-կարոտինի և լյուտեինի մակարդակը, որոնք պայքարում են ազատ ռադիկալների դեմ: Կարծիք կա, որ հենց ջրկոտեմն է օգտակար ծխողներին: Կանաչ տերևներն օգտագործում են որպես համեմունք, որոնց համը դառն է և տտպող, իսկ բույրը հաճելի է, սուր՝ նման ծովաբողկի հոտին: Դրանք ավելացնում են աղցաններին, ինչպես նաև կիրառում են որպես առանձին ճաշատեսակ՝ ավելացնելով կծու խոտաբույսեր: Խորհուրդ է տրվում ուտել օրական 85 գրամ:

Չիլի պղպեղը հայտնի է ո՛չ միայն սուր համով: Չիլի պղպեղի յուրահատուկ համը պայմանավորված է կապսաիցինով՝ քաղցկեղային բջիջների միտոքոնդրիումները գրոհող նյութով: Ընդ որում, կապսաիցինն առողջ հյուսվածքները չի վնասում: Ահա, թե ինչու են հնդիկները և մեքսիկացիները, որոնք նախապատվությունը տալիս են սուր սննդին, եվրոպացիների համեմատ հազվադեպ հիվանդանում քաղցկեղով: Սակայն, առայժմ, չիլի պղպեղի օրական անհրաժեշտ քանակության մասին տեղեկատվություն չկա:

 

Բոլոր մրգերի և բանջարեղենների մեջ իր հակաքաղցկեղային ակտիվությամբ առաջին տեղն է զբաղեցնում սև սալորաչիրը: Սրանում անհավանական քանակությամբ առկա է անտիցիանին մուգ պիգմենտը, որն առողջ բջիջները պաշտպանում է վերափոխվելուց: Բացի այդ, սև սալորաչիրը պարունակում է մեծ քանակությամբ բջջանք, որն ուժեղացնում է աղիների գալարակծկանքը: Վաղուց հայտնի է, որ աղիների դանդաղ դատարկման դեպքում արյան մեջ կրկին ներծծվում են մշակված շլակները և հորմոնները, որը կանանց մոտ նպաստում է կրծքագեղձի քաղցկեղի առաջացմանը, իսկ տղամարդկանց մոտ՝ մարսողական համակարգի քաղցկեղի առաջացմանը: Օրական անհրաժեշտ է ուտել 5-6 հատ, շաբաթը երեք անգամ:

ամչում հակաքաղցկեղածիններն ավելի շատ են, քան գինու և թարմ խաղողի մեջ: Այս չորացրած հատապտուղներում հատկապես շատ է կվերտիցինը, որը կանխում է կանանց մոտ կրծքագեղձի քաղցկեղը և տղամարդկանց մոտ` շագանակագեղձի քաղցկեղը, ինչպես նաև` ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը: Անհրաժեշտ է կոնֆետի փոխարեն օրական մի բուռ չամիչ ուտել, շաբաթը 3-4 անգամ:

Ելակը չեզոքացնում է պարարտանյութում պարունակվող նիտրատների և նիտրիտների քաղցկեղածին ազդեցությունը: Անհրաժեշտ է օրական կես բաժակ ելակ ուտել` շաբաթական երկու անգամ:

Ինչպես մյուս ցիտրուսների, այնպես էլ նարնջի հիմնական առավելությունը կենսաբանական ակտիվ ֆլավոնոիդներն են, որոնք պայքարում են ուռուցքի դեմ: Ֆլավոնոիդների և վիտամին C-ի բարձր չափաբաժինը միրգը դարձնում են չարորակ գոյացությունների կանխարգելման հրաշալի միջոց: Անհրաժեշտ է ուտել երկու օրում մեկ նարինջ:

Ազնվամորու հիմնական առավելությունը մեծ քանակությամբ էլագաթթուն է, որն արգելակում է նախաուռուցքային բջիջների կիսումը: Բացի այդ, էլագաթթուն չեզոքացնում է օրգանիզմի վրա տապակած և ապխտած մթերքների ազդեցությունը: Թթուն պարունակվում է նաև ազնվամորու մուրաբայում, սակայն նրա օգտակարությունը կորչում է շաքարի առատության հետևանքով:
Անհրաժեշտ է սեզոնի ընթացքում ուտել օրական կես բաժակ: Խորովածի և գրիլի սիրահարներին խորհուրդ է տրվում սեղանն ավարտել մեկ բաժակ թարմ ազնվամորիով:

Թարմ սպանախում պարունակվող կոէնզիմ Q10-ն օգնում է ճանաչել իմունային համակարգի նախաքաղցկեղային գոյացությունները:  Ցանկալի է ամեն օր ճաշացանկի մեջ ընդգրկել սպանախի և հատկություններով վերջինիս նման տերևավոր կանաչեղենից պատրաստված աղցան:

Ինչպես նարինջը, թուրինջը ևս առանձնանում է վիտամին C-ի բարձր պարունակությամբ և թարմացնող համով, ինչը նրան դարձնում է ցանկալի: Անհրաժեշտ է խմել օրական մեկ բաժակ հյութ:

 

Օգտագործեք հակաքաղցկեղածին աղցաններ։

Կանաչիով` ձուկ. Վերցնել պահածոյացված թունա ձկան մեկ տուփ, որտեղ այն մանրացված է սեփական հյութի մեջ: Մանր կտրտել հազարը կամ սպանախը (մեկ բաժակ), խաշել երեք ձու և կտրտել խորանարդիկներով: Բոլոր բաղադրիչները խառնել, ավելացնել աղ` ըստ ճաշակի: Ավելացնել նաև կիտրոնի հյութի և ձիթապտղի յուղի խառնուրդ (1:1) կամ 15% թթվասեր (150 գ), կիտրոնի հյութ և մանանեխ (1 թեյի գդալ): Օգտակար աղցանը պատրաստ է:

Ինչու՞մ է կայանում օգտակարությունը: Թունա ձուկը և ձուն պարունակում են սելեն, կոտեմը և սպանախը՝ սուլֆորաֆան: Այս երկու նյութերն էլ ազդում են քաղցկեղը արգելակող գեների վրա: Ազդեցությունն ուժեղանում է համատեղ կիրառման դեպքում:

Կարմիր-կանաչ (աղցան).

Ամանի մեջ ավելացնել կտրտած երեք լոլիկ: Ձեռքով առանձնացնել բրոկոլիի ծաղկաբույլերը (մեկ ճյուղ), ավելացնել լոլիկների վրա: Խառնուրդի վրա ավելացնել մանրացված բրազիլական ընկույզ (առկա է մեծ քանակությամբ սելեն): Աղն ավելացնել ըստ ճաշակի, այնուհետև հավելել խնձորի քացախ, բուսական յուղ (1:1), մեկ պճեղ ճզմած սխտոր և աղացած սև պղպեղ:

Ինչու՞մ է կայանում օգտակարությունը: Բրոկոլիի սուլֆորաֆանը և լոլիկի լիկոպենը միասին առավել արդյունավետ են ազդում. իմունային համակարգն ավելի հեշտ է ճանաչում նախաքաղցկեղային բջիջները։

Ուշացած առաջին ծնունդ

Ցավոք, չծննդաբերած և այն կանանց մոտ, ում առաջին ծնունդը լինում է 30 տարեկանից հետո, կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը մի փոքր ավելին է այն կանանց համեմատությամբ, ովքեր իրենց առաջին երեխային լույս աշխարհ են բերում ավելի երիտասարդ տարիքում:

Զարգացող և առավելապես զարգացած երկրներում «ուշացած առաջին ծնունդ» երևույթն առավել հաճախադեպ է: Դրա հիմնական պատճառներից է կանանց մեծ ուշադրությունը կրթությանը, կարիերային, աշխատունակ տարիքում` տնտեսական խնդիրներին, սոցիալական որոշ խնդիրներին: Գիտնականներն առայժմ չեն կարողանում լիարժեք բացատրել, թե ինչու է ուշացած առաջին ծնունդը համարվում կրծքագեղձի քաղցկեղի առաջացման գործոն:

Միաժամանակ բոլորովին վերջերս գրականությունում հայտնվել են տեղեկություններ, ըստ որոնց՝ ուշացած առաջին ծնունդն իջեցնում է արգանդի քաղցկեղի առաջացման ռիսկը:

Ավելորդ չենք համարում մեկ անգամ ևս հիշեցնել առողջ ապրելակերպի մասին, ինչպես նաև նշել կրծքագեղձի պարբերաբար ինքնազննման և կրծքագեղձի մասնագետին ու գինեկոլոգին պարբերաբար դիմելու անհրաժեշտության մասին:

Վարդագույն ժապավեն. մի նշանի պատմություն

ՎԱՐԴԱԳՈՒՅՆ ԺԱՊԱՎԵՆ. ՄԻ ՆՇԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

«Վարդագույն ժապավենը» (անգլ. – pinc ribbon) միջազգային նշան է, որը խորհրդանշում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարը: Այս նշանը օգտագործվում է տարբեր կազմակերպությունների ու անձանց կողմից, որոնք այս կամ այն կերպ նպաստում են այդ հիվանդության դեմ իրականացվող տարբեր ծրագրերի ստեղծմանն ու իրագործմանը: Ողջ աշխարհում նման ծրագրերը հովանավորվում են պետությունների ղեկավարների, հայտնի մարդկանց, զանազան մասնավոր կազմակերպությունների ու ֆոնդերի կողմից:

90-կաններին հայտնվեց կարմիր ժապավենը, որը խորհրդանշում էր ՁԻԱՀ-ի դեմ պայքարը: Ընդհանրապես, այսօր աշխարհում ընդունված է օգտագործել տարբեր գույնի ժապավեններ՝ որպես ինչ-որ բանի նշան: Այդպիսի սովորույթը սկիզբ է առել մի ամերիկացի դիվանագետի կնոջ ակցիայից հետո: Նրա ամուսինը 40-ականներին պատանդ էր մնացել Թեհրանում՝ ԱՄՆ-ի դեսպանատանը: Նրա կինը, հիմք ընդունելով այն ժամանակ ամերիկյան զինվորականների մոտ համբավ վայելող դեղին ժապավենի մասին երգը, օգտագործեց այն՝ ի նշան իր ամուսնու՝ ապահով տուն վերադառնալու անսահման ցանկության: Նա դեղին ժապավենները կախել էր ծառի ճյուղերից: Այդ գործում նրա համախոհները շատացան, ու կարճ ժամանակում դեղին ժապավենը դարձավ իբրև անհայտ կորածների նշան:

Իսկ առաջին անգամ վարդագույն ժապավենն առաջ բերեց Սյուզան Կոմեն անունով մի կազմակերպություն, որը պայքարում էր կրծքագեղձի քաղցկեղի դեմ: Նյու Յորքում 1990թ. այս կազմակերպության անդամները բաժանում էին վարդագույն գլխարկներ բոլոր նրանց, ովքեր մասնակցում էին այդ հիվանդության դեմ պայքարին նվիրված խորհրդանշական վազքին: Մեկ տարի անց՝ նման խորհրդանշական վազք-մարաթոնի ժամանակ, արդեն բաժանվում էին վարդագույն ժապավեններ:

Վարդագույն ժապավենը հայտարարել որպես կրծքագեղձի դեմ պայքարի խորհրդանիշ առաջարկել էին Ալեքսանդրա Պեննին, ով կանանց առողջության մասին ինչ-որ ամսագրի գլխավոր խմբագիրն էր, և Էվելին Լաուդերը, ով հանրահայտ Էստե Լաուդեր կոսմետիկայի կորպորացիայի փոխնախագահն էր:

Հետագայում հենց նրանց նախաձեռնությամբ կատարված ակտիվ լուսաբանման շնորհիվ վարդագույն ժապավենը ձեռք բերեց մեծ համբավ ու հիմա, հայտնվելով ամենուր, ևս մեկ անգամ հիշեցնում է բոլորին կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի կարևորության մասին։

 

25 միֆ կրծքագեղձի քաղցկեղի մասին

25 ՄԻՖ ԿՐԾՔԱԳԵՂՁԻ ՔԱՂՑԿԵՂԻ ՄԱՍԻՆ

Պրակտիկորեն ամեն օր հանդիպում ենք հիվանդների, որոնք վստահ են կրծքագեղձի քաղցկեղին վերաբերող որոշ «փաստերի» ճշմարտության մեջ, մինչդեռ դրանք իրականությանը չեն համապատասխանում:

Ներկայացնում ենք կրծքագեղձի քաղցկեղի միֆերի մասին մի հետաքրքիր շարք՝ փորձելով փոխել հանրության պատկերացումն այս հիվանդության մասին: 

ՄԻՖ 1. Կրծքագեղձի քաղցկեղով հիվանդանում են միայն այն կանայք, ովքեր ունեն նման հիվանդության պատմություն իրենց հարազատների շրջանում:

Ո՛չ: Կրծքագեղձի քաղցկեղի միայն 10%-ն է զարգանում ժառանգական նախատրամադրվածությամբ պայմանավորված: Ավելին, 70% դեպքերում կանանց շրջանում կարելի է անգամ չգտնել կրծքագեղձի քաղցկեղի հիմնական ռիսկի գործոնների առկայությունը: Միաժամանակ հարկ է նշել, որ կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը կրկնապատկվում է, եթե ընտանեկան պատմության մեջ առկա է կրծքագեղձի քաղցկեղով հիվանդ հարազատ (ծնող, քույր, եղբայր, երեխա): Ռիսկը է՛լ ավելի բարձր է, եթե այդպիսիք երկուսն են, օրինակ՝ երկու քույր:

ՄԻՖ 2. Երկաթե բռնակներ ունեցող կրծկալները բարձրացնում են կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը:

Ո՛Չ: Սա ընդամենը վարկած է, որը, սակայն, մի շարք հետազոտությունների արդյունքում այդպես էլ չի հաստատվել: Այսինքն, չկա որևէ ապացույց, որ սեղմող կրծկալները կամ, առհասարակ, որևէ հագուստ կարող է նպաստել քաղցկեղի զարգացմանը: Միևնույն ժամանակ հարկ ենք համարում նշել, որ երկաթե բռնակներով կրծկալները կամ կրծկալի սխալ ընտրած չափը կարող են հանգեցնել կրծքում խրոնիկական ցավի։

ՄԻՖ 3. Կրծքագեղձում շոշափվող ցանկացած գոյացություն քաղցկեղ է:

Ո՛Չ: Կրծքագեղձում շոշափվող գոյացությունների 80%-ից ավելին բարորակ է (ֆիբրոզ փոփոխություններ, կիստաներ և այլն): Այնուամենայնիվ, բժիշկները խրախուսում են բժշկի դիմել կրծքագեղձում ցանկացած բան շոշափելիս, քանի որ վաղ փուլում հայտնաբերված քաղցկեղի լիովին բուժման հավանականությունը մեծ է: Բժշկի ցուցումով կատարվում է կրծքագեղձի ուլտրաձայնային կամ մամոգրաֆիկ հետազոտություն, իսկ անհրաժեշտության դեպքում՝ բիոպսիա՝ գոյացության բնույթը վերջնականապես որոշելու համար:

ՄԻՖ 4. Վիրահատությունը նպաստում է ուռուցքի տարածմանը:

Ո՛Չ: Կրծքագեղձի վիրահատությունը չի կարող դառնալ քաղցկեղի առաջացման պատճառ կամ հանգեցնել առկա ուռուցքի տարածմանը: Համենայն դեպս, այսօրվա դրությամբ, գիտնականները այդպիսի կապ չեն գտել: Կան հետազոտություններ կենդանիների շրջանում, երբ հիմնական ուռուցքը հեռացնելուց հետո կարճ ժամանակում աճում է արդեն առկա մետաստատիկ օջախների զարգացման տեմպը: Սակայն նման բան չի նկատվել մարդկանց մոտ:

ՄԻՖ 5. Կրծքագեղձի սիլիկոնե իմպլանտները բարձրացնում են քաղցկեղի առաջացման ռիսկը:

Ո՛Չ: Կատարվել են բազմաթիվ հետազոտություններ այս խնդրի շուրջ, և չի հայտնաբերվել որևէ կապ սիլիկոնե իմպլանտների ու կրծքագեղձի քաղցկեղի առաջացման միջև: Սակայն պետք է նշել, որ իմպլանտների առկայությունը դժվարացնում է ստանդարտ մամոգրաֆիան, և լրացուցիչ ինֆորմացիայի համար հնարավոր է նաև կրծքագեղձի մագնիս-ռեզոնանսային հետազոտության անհրաժեշտություն:

ՄԻֆ 6. Ամեն 8-րդ կին հիվանդանում է կրծքագեղձի քաղցկեղով:

Հաճախ կարելի է նման ինֆորմացիա հանդիպել հանրային հոդվածներում, երբ լուսաբանվում է խնդրի արդիականությունը և հիվանդության տարածվածությունը: Սակայն մոռանում են նշել, որ դա հավաքական ռիսկն է: Այսինքն՝ հիվանդության առաջացման ռիսկը մեծանում է տարիքին զուգահեռ: Տարբեր հետազոտությունների տվյալներով մինչև 30-40 տարեկան կանանց շրջանում կրծքագեղձի քաղցկեղով հիվանդանում է միջինում 250-500 կանանցից 1-ը, իսկ արդեն մինչև 85 տարեկան ապրած կանանց շրջանում ռիսկը չափազանց մեծանում է` միջինում 8-ից 1-ը:

ՄԻՖ 7. Հակաքրտնարտադրության միջոցների օգտագործումը բարձրացնում է կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկը:

Իրականում այս խնդրի շուրջ ԱՄՆ-ում կատարվել են լուրջ հետազոտություններ: The American Cancer Society-ն հերքել է կապը հակապերսպերանտների և կրծքագեղձի քաղցկեղի միջև՝ ավելացնելով սակայն, որ նման հետազոտությունները դեռ կշարունակվեն: Բանն այն է, որ մի փոքր հետազոտության ժամանակ կրծքագեղձի ուռուցքի մեջ հայտնաբերվել էին պարաբեններ: Դրանք նյութեր են, որոնք օգտագործվում են հակաքրտնարտադրության միջոցների արտադրության մեջ և ունեն թույլ արտահայտված էստրոգենային (էստրոգեններ՝ կանացի հորմոններ) հատկություն: Խորացված հետազոտությունների արդյունքում դրանց օգտագործումից որևէ վտանգ չեն հայտնաբերել: Ավելին, կասկածի տակ է դրվել պարաբենների՝ ուռուցքում հայտնվելու աղբյուրը: Իրարամերժ արդյունքներով բազմաթիվ հետազոտություններ կան նաև ալյումինում պարունակող հակաքրտինքային միջոցների և կրծքագեղձի քաղցկեղի միջև կապի վերաբերյալ, բայց դեռևս չկա որևէ հստակ պատասխան: Այնուամենայնիվ խրախուսելի չէ օգտագործել այնպիսիք, որոնց բաղադրության մեջ առկա է որևէ երկաթի, և հատկապես ալյումինումի պարունակություն:

ՄԻֆ 8. Մեծ կրծքագեղձ ունեցող կանանց մոտ այդ օրգանի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը բարձր է, և հակառակը:

Իրականում կրծքագեղձի չափերը չունեն որևէ կապ քաղցկեղի առաջացման ռիսկի հետ: Իհարկե, մեծ կուրծքը դժվարացնում է կրծքագեղձի ինքնազննումը և կլինիկական քննությունը բժշկի կողմից, երբեմն դժվարացնում է անգամ մամոգրաֆիկ կամ մագնիս-ռեզոնանսային հետազոտությունը, բայց ոչ ավելին: Սակայն, միաժամանակ պետք է նշել նաև, որ չափազանց փոքր կուրծքը ևս դժվարացնում է մամոգրաֆիկ հետազոտության ընթացքը: Բոլոր կանանց պրոֆիլակտիկ հետազոտությունների ժամանակացույցը կազմվում է առանց կրծքագեղձի չափերը հաշվի առնելու:

ՄԻՖ 9. Կրծքագեղձի քաղցկեղը հայտնվում է կրծքում միայն շոշափվող գոյացության տեսքով: (Նշենք, որ կրծքագեղձում շոշափվող գոյացությունների մեծ մասը բարորակ է:)

Այո, մեծամասամբ քաղցկեղը հայտնվում է գոյացության տեսքով, սակայն կարող է ոչինչ չշոշափվել, և հիվանդությունը կարող է ի հայտ գալ, օրինակ` մաշկի այտուցով, մաշկի ծածանք-կարմրությամբ, մաշկի փոփոխությամբ` «լիմոնի կեղևի» տեսքով, պտուկի հաստացմամբ կամ թեփոտմամբ, պտուկի ներքաշվածությամբ, պտուկից առատ արտադրությամբ: Հազվադեպ, բայց պատահում են դեպքեր, երբ կրծքագեղձի առաջնային քաղցկեղը հայտնաբերվում է անութափոսի (թևատակի) ավշային հանգույցների ախտահարմամբ: Այսինքն՝ հայտնաբերվում են զգալի մեծացած ավշային հանգույցներ, սակայն կրծքում ոչինչ չի հայտնաբերվում: Սա կոչվում է օկկուլտ քաղցկեղ:

ՄԻՖ 10. Կուրծքը ամբողջովին հեռացնելուց հետո այլևս հնարավոր չէ քաղցկեղի տեղային զարգացումը:

Իրականում փոքր հավանականությամբ, բայց կուրծքը հեռացնելուց հետո կրծքագեղձի քաղցկեղը կարող է հայտնվել հետվիրահատական սպիի շրջանում հիվանդության կրկնության կամ տարածվածության տեսքով, իսկ շատ հազվադեպ՝ կրծքագեղձի մնացորդային ու չհեռացված հյուսվածքից՝ որպես առաջնային, այսինքն` նոր ուռուցք: Նման բան հանդիպում է (մոտ 5% դեպքերում) BRCA1 և BRCA2 գեների մուտացիայով պայմանավորված պրոֆիլակտիկ կրծքագեղձերի հեռացումից հետո: Հիշեցնենք, որ այս գեների մուտացիայի առկայության դեպքում բավական բարձր է կրծքագեղձի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը:

ՄԻՖ 11: Հայրական կողմից քաղցկեղով հիվանդ հարազատ ունենալը չի ազդում կրծքագեղձի քաղցկեղի ռիսկի գործոնի վրա:

Իրականում ռիսկի գործոնը մեծանում է նաև, եթե կնոջ հայրն է տառապել կրծքի քաղցկեղով (այո, նաև տղամարդկանց մոտ է հանդիպում կրծքագեղձի քաղցկեղ, բայց համեմատաբար ավելի հազվադեպ): Սակայն առավել մեծ ուշադրություն է պետք դարձնել հայրական կողմում կրծքագեղձի քաղցկեղով հիվանդ կին-հարազատներ ունենալու հանգամանքին: Կա նաև ինֆորմացիա, որ այս հիվանդության ընտանեկան նախատրամադրվածությունը մեծանում է, եթե հայրական կողմի տղամարդկանց մոտ հանդիպել է շագանակագեղձի կամ հաստ աղիքի քաղցկեղ, բայց երիտասարդ տարիքում:

ՄԻՖ 12. Կոֆեինը նպաստում է կրծքագեղձի քաղցկեղի առաջացմանը:

Ո՛չ: Գիտնականները չեն գտել որևէ պատճառահետևանքային կապ սննդային կոֆեինի և կրծքագեղձի քաղցկեղի զարգացման միջև: Ավելին, կան որոշ հետազոտություններ, որ կոֆեինը չնչին մակարդակով, բայց իջեցնում է այդ հիվանդության ռիսկը: Վերջերս գրականությունում սկսել են կասկածի տակ դնել այն տարածված միտքը՝ իբր կոֆեինը նպաստում է կրծքագեղձի ցավին:

ՄԻՖ 13. Եթե կինն ունի կրծքագեղձի քաղցկեղի առաջացման բարձր ռիսկ, ապա դրա դեմ ոչինչ անել հնարավոր չէ:

Ո՛չ իհարկե: Կինը շատ բան կարող է անել: Օրինակ՝ իջեցնել քաշը, եթե գեր է, կանոնավոր կատարել մարմնամարզություններ, հաճախել լողի, հրաժարվել ալկոհոլային խմիչքներից կամ նվազեցնել օգտագործումը, պարբերաբար հետազոտվել, ինչպես նաև կանոնավոր կատարել ինքնազննում: Ցանկալի է նաև ծխախոտից հրաժարվելը: Որոշ դեպքերում՝ շատ բարձր ռիսկի ժամանակ, պրոֆիլակտիկ նկատառումներով բժշկի հսկողության տակ կարելի է օգտագործել որոշ դեղամիջոցներ: Արևմտյան երկրներում քննարկում են նաև կրծքագեղձերի պրոֆիլակտիկ ենթամաշկային հեռացումը:

ՄԻՖ 14. Օջախային մաստոպատիան (կրծքագեղձում շոշափվող ֆիբրոզ-կիստոզ փոփոխությունները) անպայման համարվում է նախաքաղցկեղային հիվանդություն:

Նախկինում համարվում էր, որ օջախային մաստոպատիան քաղցկեղի վերածվելու շատ բարձր ռիսկ ունի, սակայն հետագայում հետազոտություններն ապացուցեցին, որ այդ միտքը շատ չափազանցված է: Հետևաբար կրծքագեղձում ինքնազննման ժամանակ հաճախ շոշափվող կոշտուկները կարող են անհիմն անհանգստության առիթ լինել: Պետք չէ ժամանակից շուտ խուճապի մատնվել, բայց ՀԱՐԿԱՎՈՐ Է ՊԱՐՏԱԴԻՐ դիմել կրծքագեղձի մասնագետի կամ կատարել կրծքագեղձի մամոգրաֆիկ կամ ուլտրաձայնային հետազոտություն:

Միֆ 15. Ամենամյա մամոգրաֆիան այնքան է ճառագայթում, որ դա կարող է կրծքագեղձի քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ:

Ո՛չ: Չնայած այն փաստին, որ ռադիացիոն ճառագայթը բարձրացնում է քաղցկեղի զարգացման ռիսկը, ճառագայթի այն չափը, որը կիրառվում է մամոգրաֆիկ քննության ժամանակ, ծայրահեղ չնչին է այդ հետազոտման պրոֆիլակտիկ օգտակարության համեմատ: Մամոգրաֆիան կարող է հայտնաբերել վտանգավոր հիվանդությունը դեռ չշոշափվող փուլում, ինչը շատերի մոտ զգալի բարձրացնում է լիովին բուժվելու հավանականությունը:

Միֆ 16. Կրծքագեղձի քաղցկեղի դեպքում բիոպսիան (բարակ կամ հաստասեղային ճանապարհով ուռուցքի նմուշի ստացումը) կարող է նպաստել ուռուցքի տարածմանը:

Իրականում չկա որևէ ապացույց դրա մասին: 
Դեռևս 2004 թվականին ամերիկացի գիտնականները լայնածավալ հետազոտության արդյունքում ապացուցվեց, որ բիոպսիայի ենթարկված հիվանդների մոտ չի բարձրանում ուռուցքի տարածման ռիսկը (թե՛ տեղային, թե՛ դեպի հեռակա օրգաններ)՝ ի տարբերություն հիվանդների, որոնց դեպքում չի կատարվել այդ միջամտությունը:


Միֆ 17. Սիրտ-անոթային հիվանդություններից հետո կրծքագեղձի քաղցկեղը զբաղեցնում է երկրորդ տեղը՝ որպես մահացության պատճառ: 

Իրականում կրծքագեղձի քաղցկեղից մահացությունը որոշ երկրներում, հատկապես զարգացած երկրներում (Անգլիա, Ֆրանսիա, ԱՄՆ, Դանիա, անգամ Հունգարիա) ունի իջնելու միտում: Օրինակ ԱՄՆ-ում այդ հիվանդությունից մահացության ցուցանիշը իջնում է տարեկան 1.7%-ով: ԱՄՆ-ն այդ հիվանդության պատճառով տարեկան կորցնում է մոտ 40 000 կին: Իսկ այդ երկրում դժբախտ պատահարներից մահանում է 96 000 կին, թոքի քաղցկեղից՝ 71 000, խրոնիկական ռեսպիրատոր հիվանդություններից՝ 67 000:

Միֆ 18. Եթե մամոգրաֆիկ քննությամբ կրծքագեղձում չի հայտնաբերվել քաղցկեղային գոյացություն, այլևս անհանգստանալու և բժշկի մոտ հետազոտվելու կարիք չկա: 

Չնայած մամոգրաֆիկ քննության բարձր նշանակությանը՝ կրծքագեղձի քաղցկեղը կարող է բաց թողնվել անգամ 10%-ից ավել դեպքերում: Դրա պատճառները տարբեր են՝ քաղցկեղի տեսակը, նրա կլինիկական դրսևորումը, տեղակայումը կրծքագեղձում և այլն: Ահա թե ինչու է կարևոր ստուգումը անցկացնել համալիր ձևով, որի մեջ անպայման պետք է ընդգրկվեն ինքնազննումը, մասնագետ-մամոլոգի զննումը և այդ ամենի կանոնավոր պարբերականությունը:

Միֆ 19. Եթե կինը կրծքով կերակրելու ընթացքում ունեցել է կրծքագեղձի քաղցկեղ, ապա նրա կաթը վնասել է նորածնին: 

Ո՛չ իհարկե: 
Հաճախ այս հարցը բարձրաձայնում են երիտասարդ պացիենտները, որոնց մոտ գոյացությունը հայտնաբերվել է կերակրելու ընթացքում: Նույնիսկ այդ դեպքերում մայրական կաթը բացարձակ անվնաս է երեխայի համար, եթե իհարկե այդ ընթացքում մայրը չի ստանում հակաուռուցքային քիմիաթերապիա կամ հորմոնոթերապիա: Որպես կանոն՝ սպեցիֆիկ բուժումն սկսելուց առաջ բժիշկը խորհուրդ է տալիս դադարեցնել կրծքով կերակրելը:

Միֆ 20. Կրծքագեղձի ամբողջական հեռացումը բարձրացնում է լիովին բուժվելու հավանականությունը՝ ի տարբերություն կրծքագեղձից միայն գոյացության լայնակի հեռացման՝ հետվիրահատական ճառագայթային բուժման հետ միասին: 

Բազմաթիվ հետազոտություններ արդեն վաղուց ապացուցել են, որ եթե կրծքագեղձից հեռացվում է միայն ուռուցքը (առողջ հյուսվածքների սահմանում), և այնուհետև կատարվում է ճառագայթային բուժում, ապա բուժման արդյունքները նույնն են, ինչ սպասվում է կրծքագեղձի ամբողջական հեռացումից հետո: Միաժամանակ կարևոր եմ համարում նշել, որ կան ուռուցքի տեսակներ, որոնց դեպքում կրծքագեղձի ամբողջական հեռացումը գերադասելի է: Այսօր գիտությունը կրծքագեղձը պահպանելու մեծ հնարավորություն է տալիս, և իր ուժերի վրա վստահ ու բանիմաց ուռուցքաբան-վիրաբույժը հիվանդին ճիշտ ուղղություն կտա:

Միֆ 21. Կա թյուր կարծիք՝ իբրև կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը նորմալ քաշ ունեցող և ծանրաքաշ կանանց մոտ հավասար է: 

Իրականում գեր կանանց մոտ ավելի մեծ է կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը, մանավանդ եթե կինը գիրացել է դաշտանադադարի ձևավորման ընթացքում կամ դրանից հետո: Հետևե՛ք Ձեր քաշին:

Միֆ 22. Կա կարծիք՝ իբր անպտղության դեմ երկարատև բուժումը մեծ հավանականությամբ կհանգեցնի կրծքագեղձի քաղցկեղի առաջացման: 

Այս ենթադրության համար հիմք է հանդիսանում այն հանգամանքը, որ անպտղության բուժման մեջ կիրառվում է կանացի հորմոն էստրոգենը: Այդ իսկ պատճառով կատարվել են բազմաթիվ հետազոտություններ այս ոլորտում, սակայն այդ կապն ապացուցել չի հաջողվել: Միայն մի փոքր ռիսկ է նկատվել այն կանանց շրջանում, ովքեր սկսում են էքստրակորպորալ բեղմնավորման փորձերը մինչև 24 տարեկանը: Այս ոլորտում կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկերի գիտական ուսումնասիրությունները շարունակվում են:

Միֆ 23. Կա կարծիք՝ իբրև կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը բարձր է այն կանանց շրջանում, որոնց բնակության վայրը մոտ է բարձր լարում ունեցող էլեկտրակայաններին կամ լարանցումներին: 

ԱՄՆ-ում անցկացված մի քանի ծավալուն հետազոտություններ հերքել են այդ կարծիքը՝ չգտնելով որևէ կապ դրանց միջև:

Միֆ 24. Հղիության արհեստական ընդհատումները բերում են կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկի բարձրացմանը:

Նման հայտարարությամբ հաճախ հանդես են գալիս այն կազմակերպությունները, որոնք պայքարում են հղիության արհեստական ընդհատման դեմ: Անգամ դատական ատյաններում վերոնշյալ կապն ապացուցելու փորձեր են արվել: Սակայն բազմաթիվ լուրջ հետազոտություններ չեն կարողացել գտնել պատճառահետևանքային կապ հղիության արհեստական ընդհատման և կրծքագեղձի քաղցկեղի առաջացման միջև: Այս միջազգային կոնսենսուսի հետ համաձայն են մի շարք հեղինակավոր բժշկական կառույցներ, որոնց թվում են Առողջապաhության համաշխարհային կազմակերպությունը (WHO), Ամերիկյան ուռուցքաբանական միությունը, Գերմանիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի մի շարք հեղինակավոր կազմակերպություններ:

Միֆ 25. Կրծքագեղձի քաղցկեղը հնարավոր է ամբողջովին կանխարգելել: 

Ցավոք, ոչ: Իհարկե, կարելի է որոշել և նշել ռիսկի գործոնները (օրինակ՝ ընտանեկան պատմություն, գենային մուտացիաներ), փոխել կենսաձևը (ալկոհոլի և ծխախոտի օգտագործման նվազեցում, քաշի նվազեցում, կանոնավոր ֆիզիկական ակտիվություն), ինչը կիջեցնի կրծքագեղձի քաղցկեղի զարգացման հավանականությունը: Կրծքագեղձի քաղցկեղով հիվանդ կանանց գրեթե 70%-ի մոտ չի հայտնաբերվում որևէ ռիսկի գործոն: Սա նշանակում է, որ հիվանդությունը կարող է առաջանալ հանկարծակի, սպոնտան և դեռևս անհայտ պատճառներով:

Քաղցկեղը որպես հիվանդության տեսակ

Ի՞նչ է քաղցկեղը

Շարունակ խոսում և լսում ենք քաղցկեղ հիվանդության մասին, լինի դա կրծքագեղձի, թոքի, մաշկի կամ այլ օրգանի: Բայց թերևս քչերը գիտեն, թե իրականում ինչ է իրենից ներկայացնում այն: Եկեք փորձենք հասկանալ, թե ինչ է քաղցկեղն ընդհանրապես, ինչպես է այն առաջանում, տարածվում (մետաստազավորում) և այլն:

Քաղցկեղը մոտ 100 տարբեր հիվանդությունների ընդհանուր անվանումն է: Չնայած գոյություն ունեն քաղցկեղի բազմաթիվ տարատեսակներ, բոլոր քաղցկեղներն առաջանում են, երբ ոչ նորմալ բջիջները սկսում են անկանոն բազմանալ:

Չբուժվելու դեպքում քաղցկեղը կարող է առաջացնել ծանր բարդություններ և մահվան պատճառ հանդիսանալ:

Օրգանիզմի նորմալ բջիջները

Մարդու օրգանիզմը կազմված է տրիլիոնավոր բջիջներից, որոնք աճում են, կիսվում՝ առաջացնելով նոր բջիջներ, և մահանում: Վաղ տարիքում նորմալ բջիջներն ավելի արագ են կիսվում, ինչը թույլ է տալիս մարդուն աճել: Երբ մարդն արդեն դառնում է հասուն, բջիջների մեծամասնությունը կիսվում է միայն մահացող բջիջները փոխարինելու կամ վնասվածքները վերականգնելու համար:

Ինչպե՞ս է առաջանում քաղցկեղը

Քաղցկեղն առաջանում է, երբ օրգանիզմի որևէ հատվածում բջիջները սկսում են անկանոն բազմանալ: Քաղցկեղային բջիջների աճը տարբերվում է նորմալ բջիջների աճից: Քաղցկեղի բջիջները մահանալու փոխարեն շարունակում են աճել և առաջացնել նոր՝ ոչ նորմալ բջիջներ: Քաղցկեղային բջիջները, ի տարբերություն նորմալ բջիջների, կարող են նաև ներխուժել այլ հյուսվածքներ և աճել նրանց մեջ: Այս երկու հիմնական հատկանիշներն են բնորոշ քաղցկեղի բջիջներին՝ անկանոն աճը և ներխուժումը դեպի օրգանիզմի այլ հյուսվածքներ:

Բջիջները դառնում են քաղցկեղային ԴՆԹ-ի (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) վնասման հետևանքով: ԴՆԹ-ն կա յուրաքանչյուր բջջում, և այն կարգավորում է նրա բոլոր գործողությունները: Եթե նորմալ բջջում ԴՆԹ-ն վնասվում է, բջիջը կամ վերանորոգում է այն, կամ ինքն է մահանում: Քաղցկեղային բջիջներում վնասված ԴՆԹ-ն չի վերանորոգվում, և, ի տարբերություն նորմալ բջիջների, քաղցկեղային բջիջներն այս դեպքում չեն մահանում, այլ, ընդհակառակը, այդ վնասված բջիջները սկսում են արտադրել օրգանիզմի համար անպետք նոր բջիջներ: Այս բոլոր նոր առաջացած բջիջներն ունենում են նույն վնասված ԴՆԹ-ն, ինչ վնասված ԴՆԹ-ով «մայր» բջիջը, որից իրենք առաջացել են:

Մարդը կարող է ժառանգել աննորմալ ԴՆԹ (ստանալ ծնողներից), բայց առավել հաճախ ԴՆԹ-ի վնասումն առաջանում է նորմալ բջիջների բազմացման ժամանակ առաջացած սխալների կամ շրջապատի որևէ ազդեցության հետևանքով: Երբեմն ԴՆԹ-ի վնասման պատճառը կարող է լինել շատ ակնհայտ, օրինակ՝ ծխելը կամ արևի չափից ավելի ճառագայթումը: Սակայն, հիմնականում, շատ դժվար է լինում պարզել անհատի մոտ քաղցկեղի առաջացման հիմնական պատճառը:

Հիմնականում քաղցկեղային բջիջները ձևավորում են ուռուցք, և ժամանակի ընթացքում ուռուցքը կարող է փոխարինել նորմալ հյուսվածքին, ներխուժել դրա մեջ կամ հրել նորմալ հյուվածքին մի կողմ: Քաղցկեղի որոշ տեսակներ, որոնցից է, օրինակ, լեյկեմիան, հազվադեպ են ձևավորում ուռուցքներ: Փոխարենը, այս քաղցկեղային բջիջները ներառում են արյունն ու արյուն առաջացնող օրգանները և պտտվում են այլ հյուսվածքների մեջ, որտեղ աճում են:

Ինչպե՞ս է տարածվում քաղցկեղը

Քաղցկեղային բջիջները հաճախ ճամփորդում են օրգանիզմի այլ մասեր, որտեղ նրանք աճում են և ձևավորում են նոր ուռուցքներ: Սա լինում է, երբ քաղցկեղային բջիջներն ընկնում են արյան հունի կամ ավշային անոթների մեջ: Քաղցկեղի բջիջների տարածման գործընթացը կոչվում է մետաստազավորում:

Անկախ նրանից, թե քաղցկեղային բջիջները որտեղ են տարածվում, քաղցկեղի անվանումը միշտ պայմանավորված է օրգանիզմի այն տեղով, որտեղ այն ի սկզբանե առաջացել է:

Օրինակ՝ հաստ աղու քաղցկեղը, որը տարածվել է դեպի լյարդ, կոչվում է ոչ թե լյարդի քաղցկեղ, այլ հաստ աղու մետաստատիկ քաղցկեղ: Այս դեպքում լյարդից վերցված քաղցկեղային բջիջները կլինեն նույնը, ինչ հաստ աղուց վերցվածները: Դրանց բուժումը նույնպես նույն ճանապարհներով կընթանա:

Տարբեր տեսակի քաղցկեղները կարող են ունենալ բոլորովին տարբեր պատկեր: Օրինակ՝ թոքի և մաշկի քաղցկեղները լրիվ տարբեր հիվանդություններ են: Դրանք ունեն աճի տարբեր տեմպեր և տարբեր կերպ են արձագանքում բուժման տարբեր տեսակների: Սա է պատճառը, որ քաղցկեղով հիվանդներին անհրաժեշտ է ստանալ հենց իրենց քաղցկեղի տեսակի համար նախատեսված բուժում:

Ուռուցքներ, որոնք քաղցկեղ չեն

Ուռուցքը բջիջներից կազմված աննորմալ գոյացություն է, բայց ոչ բոլոր ուռուցքներն են քաղցկեղ: Այն ուռուցքները, որոնք քաղցկեղ չեն, կոչվում են բարորակ: Բարորակ ուռուցքները ևս կարող են խնդիրներ առաջացնել. նրանք կարող են աճել և հասնել մեծ չափերի ու ճնշել հարակից առողջ օրգաններն ու հյուսվածքները: Բայց դրանք չեն կարող ներխուժել այլ հյուսվածքներ և տարածվել դեպի օրգանիզմի այլ մասեր (մետաստազավորել): Այս ուռուցքները հազվադեպ են կյանքի համար վտանգավոր լինում:

 

 

Կրծքագեղձի ավշային համակարգը

Բացի արյունատար ու նյարդային համակարգից կրծքագեղձն ունի նաև ավշային համակարգ, որը մասնակցում է նյութափոխանակությանը, մաքրում է բջիջներն ու հյուսվածքները։ Այն բաղկացած է ավշատար ուղիներից, որոնցով հոսում է ավիշը (լիմֆան), ու ավշային հանգույցներից։

Լիմֆան անցնում է լիմֆատիկ ուղիներով, որոնք գործում են որպես ֆիլտր ու մաքրում են այն մանրէներից ու այլ մասնիկներից։

Ավշային համակարգը մասնակցում է կրծքագեղձի դիմադրողականությանն ու բիոլոգիական պաշտպանությանը։

1 2

Search

+