Կրծքագեղձի քաղցկեղից հետո երեխա ունենալը

ԿՐԾՔԱԳԵՂՁԻ ՔԱՂՑԿԵՂԻՑ ՀԵՏՈ ԵՐԵԽԱ ՈՒՆԵՆԱԼԸ

ՀՂԻՈՒԹՅՈՒՆ

Եթե կինը քաղցկեղի դեմ երկարատև բուժում է ստացել, ապա երեխա ունենալը բարդ որոշում է և՛ կնոջ, և՛ իր ամուսնու համար: Քաղցկեղի դեմ բուժվածները և նրանց զուգընկերները շատ խնդիրների լուծման շուրջ պետք է մտածեն իրենց ընտանիքը ստեղծելուց կամ արդեն ստեղծված ընտանիքում համալրում սպասելուց առաջ:

Հաճախ քաղցկեղի բուժումից հետո հղիությունն անվտանգ է և՛ մոր, և՛ երեխայի համար: Հղիությունը, կարծես, չի բարձրացնում քաղցկեղի կրկնության ռիսկը, թեև որոշ կանանց կարող է խորհուրդ տրվել մի քանի տարի խուսափել հղիությունից: Թե որքան երկար է պետք խուսափել հղիությունից, պայմանավորված է քաղցկեղի տեսակով և փուլով, բուժման տեսակով, կնոջ տարիքով:

Շատ հաճախ կանանց խորհուրդ է տրվում քիմիաթերապիայի ավարտից հետո 6 ամիս չհղիանալ, իսկ երբեմն առաջարկվում է երեխա ունենալուց առաջ սպասել 2-5 տարի: Սա խորհուրդ է տրվում ոչ թե նրա համար, որ վաղ բեղմնավորումը կարող է նպաստել քաղցկեղի առաջացմանը, այլ որ քաղցկեղը կարող է ինքնուրույն կրկնվել վաղ տարիներին: Բացի այդ, այդքան երկար սպասելը թույլ է տալիս կրծքագեղձի քաղցկեղի որոշ տեսակների բուժումն ավարտին հասցնել և ժամանակ է տալիս համոզվելու համար, որ քաղցկեղը ոչնչացված է, քանի որ հղիության ընթացքում քաղցկեղի բուժումն առավել բարդ է:

ՔԱՂՑԿԵՂԻ ԲՈՒԺՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՀՂԻՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԲԱԶՄԱԹԻՎ ԽՆԴԻՐՆԵՐ

Բուժման որոշ տեսակներ կարող են թուլացնել կնոջ օրգանիզմը: Թուլացած օրգանները մեծացնում են հղիության ընթացքում բարդությունների առաջացման ռիսկը, երբեմն բարձրանում է վիժելու հավանականությունը: Օրինակ, քիմիաթերապիան և ճառագայթային բուժումը կարող են վնասել սրտամկանի բջիջները՝ թուլացնելով այն: Քանի որ հղիության ընթացքում սիրտը ստիպված է ավելի լարված աշխատել, հղիության զարգացման դեպքում խնդիրները կարող են լուրջ բնույթի լինել: Երբ քիմիաթերապիան կիրառվում է ճառագայթային բուժման հետ, սրտի խնդիրների ռիսկն է՛լ ավելի է մեծանում: Այս խնդիրները կարող են առավել արտահայտվել ծննդաբերության ժամանակ:

ԱՊԱԳԱ ՆՈՐԱԾՆԻ ՄՈՏ ՔԱՂՑԿԵՂԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԻՍԿԸ

Շատ կանայք, ովքեր քաղցկեղ են ունեցել, վախենում են, որ իրենց երեխաների մոտ նույնպես կարող է քաղցկեղ զարգանալ: Հետազոտությունները ցույց են տվել, որ քաղցկեղով հիվանդների երեխաները բարձր ռիսկի խմբում չեն: Այնուամենայնիվ, քաղցկեղի որոշ տեսակներ ժառանգական են: Զուգընկերների մոտ ժառանգական քաղցկեղի դեպքում ծնված երեխաները կարող են գտնվել բարձր ռիսկի խմբի մեջ: Երեխաներ ունենալու մասին հարկ է խորհրդակցել նաև բժիշկգենետիկի հետ, ով կօգնի պարզելու որոշ ռիսկեր:

ՔԱՂՑԿԵՂԻ ԿՐԿՆՈՒԹՅԱՆ ՌԻՍԿԸ
Երբեմն կրծքագեղձի քաղցկեղով հիվանդներին խորհուրդ են տալիս մինչև հղիանալը սպասել երկու տարի: Գոյություն ունի որոշակի կապ հղիության ընթացքում բարձրացող հորմոնների մակարդակի և կրծքագեղձի քաղցկեղի բջիջների աճի միջև: Այնուամենայնիվ, որևէ գիտական ապացույց չկա, որ բուժումից հետո մինչև երկու տարի հղիացած կնոջ մոտ քաղցկեղի ռիսկերն աճում են: Նույնիսկ կան հետազոտություններ, որոնք ենթադրում են, որ կրծքագեղձի քաղցկեղի կրկնության ռիսկն ավելի ցածր է հաջորդող հղիությունից հետո: Նախքան հղիությունը պետք է պարզել սպասվելիք ռիսկը: Սա, իհարկե, այն դեպքում, երբ հղիությունը պահանջում է որոշ դեղորայքի ընդհատում: Օրինակ, տամօքսիֆենի ընդհատումը մեծացնում է քաղցկեղի կրկնության ռիսկը:

ԱՆՊՏՂՈՒԹՅՈՒՆ
Որոշ հիվանդների համար երբեմն կրծքագեղձի քաղցկեղի բուժումը դժվարացնում կամ անհնարին է դարձնում երեխա ունենալը: Բոլոր կանայք, ովքեր ցանկանում են երեխա ունենալ, մինչև բուժումն սկսելը պետք է խոսեն իրենց բժշկի հետ հնարավոր անպտղության մասին: Նրանք պետք է քննարկեն նաև պտղաբերության պահպանման տարբերակները:

Կրծքագեղձի պլաստիկ վիրահատություններ

«Առողջ կրծագեղձ» նախագիծը սերտորեն համագործակցում է տարբեր երկրներից Հայաստան ժամանող բժիշկ-մասնագետների հետ, ովքեր խորհրդատվություններ և վիրահատություններ են անցկացնում Հայաստանում։

Նման համագործակցության շրջանակներում հաճախ վիրահատություններ են կազմակերպվում հատկապես այն կանանց համար, ում կրծքագեղձի քաղցկեղի բուժման ընթացքում հնարավոր չի եղել կատարել օրգանպահպանողական վիրահատություն, և հեռացվել է կրծքագեղձը, ինչպես նաև նրանց, որոնց առաջիկայում սպասվում է նման վիրահատություն:

2015թ. հոկտեմբերին, ինչպես նաև 2016թ. մայիսին ԱՄՆից հրավիրված հայազգի պրոֆեսոր Արթուր Սալիբյանի հետ համատեղ իրականացվել են կրծքագեղձի պլաստիկ/վերականգնողական վիրահատություններ: Անհրաժեշտության դեպքում իրականացվում է նաև կրծքագեղձի քաղցկեղի վիրահատական բուժում՝ միաժամանակյա պլաստիկայով:

Առաջիկայում կայանալիք նման վիրահատությունների մանրամասներին ծանոթանալու համար այցելեք կայքի «Հայտարարություններ» բաժինը։

Իմպլանտները որպես կրծքի վերականգնման միջոց

Իմպլանտները որպես կրծքի վերականգնման միջոց

Գաղտնիք չէ, որ կնոջ կուրծքն ասոցացվում է սեքսուալության, գրավչության, կանացիության հետ: Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ տղամարդկանց համար կնոջ կուրծքը համարվում է ամենագրավիչը: Թերևս այս պատճառով կանայք միշտ առանձնակի ուշադրությամբ են հետևում իրենց կրծքագեղձի առողջությանը ու չափազանց ծանր են տանում այդ օրգանի կորուստը: Կանանց մշտապես խրախուսում են պարբերաբար հետազոտվել, որի արդյունքում հնարավոր քաղցկեղը կարելի է վաղ հայտնաբերել, ինչն էլ իր հերթին թույլ է տալիս բուժման ընթացքում պահպանել կուրծքը: Սակայն երբեմն ստացվում է այնպես, որ բուժման համար հնարավոր չէ խուսափել կրծքի հեռացումից: Ուստի անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ կրծքագեղձի պլաստիկ վիրահատություններին՝ և՛ հեռացումից հետո միաժամանակյա պլաստիկայի, և՛ հետաձգված պլաստիկայի (արդեն հեռացված կրծքագեղձի հետագա վերականգնման) դեպքերին:

ԱՄՆ-ում կրծքագեղձի հեռացման 90-95% դեպքերում անմիջապես վերականգնում են այն՝ օգտագործելով իմպլանտներ: Իրականում սա կատարվում է բոլոր վիրահատվող կանանց պահանջով՝ անկախ տարիքից և սոցիալական կարգավիճակից: Համեմատելով հայ և ամերիկացի կանանց՝ ակնհայտ է դառնում սեփական առողջության և մարմնի հանդեպ ունեցած վերաբերմունքի միջև ահռելի տարբերությունը: Ավելին. հաճախ ամերիկացի կանայք հենց իրենք են պահանջում հիվանդ կրծքից բացի հեռացնել նաև առողջ կրծքագեղձը՝ անմիջապես այն վերականգնելու պայմանով: Դա կատարվում է և՛ պրոֆիլակտիկ նկատառումներով, և՛ ավելի համաչափ ու գեղեցիկ կրծքագեղձեր ստանալու նպատակով:

Ամեն տարի ամբողջ աշխարհում հազարավոր կանայք դիմում են բժշկի՝ իմպլանտների միջոցով կրծքագեղձերի մեծացման համար: Սակայն վերջին ժամանակներս իմպլանտները լայնորեն սկսել են օգտագործվել նաև կրծքագեղձը հեռացնելուց հետո դրա վերականգնման համար:

Կրծքագեղձի իմպլանտներն ունեն հարյուր տարուց ավելի պատմություն, երբ որպես իմպլանտ օգտագործվում էին ճարպ, պարաֆին, բուսական յուղեր, մոմ, մետաղյա գնդիկներ և անգամ փղոսկր: Բնականաբար, այս ամենը դատապարտված էր անհաջողության: Բայց մարդկային համառությունն այս ոլորտում հանգեցրեց նրան, որ անցած դարի 40-ականներին ի հայտ եկավ սիլիկոնը, իսկ արդեն 1962թ. հայտնվեցին առաջին սիլիկոնե պրոթեզները:

Կրծքագեղձի ժամանակակից իմպլանտն իրենից ներկայացնում է սիլիկոնե փափուկ պարկ, որի մեջ լցված է բժշկական ջրիկ սիլիկոն, կամ սիլիկոնի փոխարեն՝ հասարակ ֆիզլուծույթ: Վերջինները կոչվում են սալինային իմպլանտներ: Իրենց ձևով հիմնականում լինում են կլոր կամ ֆիզիոլոգիական՝ փոքր-ինչ օվալաձև: Կրծքագեղձի վերականգնումը, կախված դրա տեսակից, կարող է պահանջել մեկ կամ մեկից ավելի վիրահատական միջամտություն: Հաճախ կրծքագեղձի ենթամաշկային հեռացումից անմիջապես հետո կրծքագեղձի մաշկի կամ մեծ կրծքամկանի տակ տեղադրվում է դատարկ սիլիկոնե պարկ և կարվում է մաշկը: Այնուհետև մեկ կամ երկու շաբաթը մեկ անգամ դրա մեջ լցվում է սովորական ֆիզլուծույթ, որի շնորհիվ լայնացվում են մաշկը և շրջակա հյուսվածքը, մինչև այն հասնում է առողջ կրծքագեղձի չափերին: Այնուհետև, երկրորդ վիրահատությամբ այդ պարկը հեռացվում է, և սրա փոխարեն տեղադրվում է հիմնական իմպլանտը, որն արդեն լցված է ջրիկ սիլիկոնով կամ կրկին ֆիզլուծույթով: Կատարվում է նաև մյուս կրծքագեղձի որոշակի կորեկցիա, որպեսզի հավասարեցվի առաջինին: Լինում են դեպքեր, երբ առաջին վիրահատությունն այնքան է գոհացնում կնոջը, որ նա հրաժարվում է երկրորդից: Հաջորդ փուլում ձևավորվում են պտուկը և արեոլան: Դրան հասնելու բազմաթիվ եղանակներ կան, օրինակ, գոյություն ունեն սիլիկոնե պտուկների պրոթեզներ, որոնք կարող են այլընտրանք լինել պտուկի վերականգնման համար:

Կրծքագեղձի քաղցկեղով հիվանդ կնոջ հոգեբանական վիճակը

Կրծքագեղձի քաղցկեղով հիվանդ կնոջ հոգեբանական վիճակը

Կրծքագեղձի քաղցկեղով հիվանդ կնոջ հոգեկան վիճակի մասին ներկայացվող այս նյութը հետաքրքրություն կառաջացնի համեմատաբար ավելի քիչ ընթերցողների մոտ: Դրա հիմնական պատճառներից են՝ «ջայլամի» քաղաքականությունը, երբ փախչելով հնարավոր քաղցկեղի մասին ինֆորմացիայից՝ մարդն իրեն պաշտպանված է զգում, և այն, որ բոլորս, չգիտես ինչու, վստահ ենք, որ քաղցկեղը կարող է հանդիպել բոլորի մոտ՝ բացի մեզնից և մեր մտերիմներց:

Վաղուց ապացուցված է, որ վախից ելնելով՝ հիվանդությունից փախչելն ամենաանարդյունավետ մեթոդն է. վախը հաղթահարելու միակ արդյունավետ միջոցը նրան ընդառաջ գնալն է: Հաշվի առնելով վերոնշյալը՝ ևս մեկ անգամ հիշեցնենք, որ «Առողջ կրծքագեղձ» նախագծի հիմնական նպատակն է կրթել հայ կնոջը, բարձրացնել նրա զգոնությունն առողջության վերաբերյալ և ստիպել հարգել սեփական առողջությունը:

Կրծքագեղձի քաղցկեղ ունենալու հիմնավորված կասկածը կնոջ մոտ կարող է խորը դեպրեսիայի պատճառ դառնալ: Միաժամանակ մակերեսային ինֆորմացիան, ոչ մասնագիտական գիտելիքները, հարազատների ողբերգական միմիկան, հիվանդության մասին խոսելուց բուժանձնակազմի խուսափողական պահվածքը, անկասկած, թողնում են իրենց բացասական ազդեցությունը կնոջ հոգեկան վիճակի վրա՝ իր նոր ախտորոշման վերաբերյալ կնոջ արձագանքին: Վախի խորը զգացումը և իրականության մերժումը հաճախ արհեստականորեն հետաձգում են կնոջ այցելությունը բժշկին, ինչն էլ երբեմն ճակատագրական է դառնում:

Կինը, ով կասկածում է կամ իմանում է իր մոտ կրծքագեղձի քաղցկեղի գոյության մասին, անցնում է մի շարք հոգեբանական փուլերով:

  1. Շոկային և մերժման փուլ: Այս փուլը դրսևորվում է տագնապի, վախի, դեպրեսիայի միջոցով, երբեմն էլ՝ մահվան ցանկությամբ: Այս փուլում հաճախ կինը կարող է մեղադրել իրեն և կարծել, թե այս հիվանդությունը պատիժ է նախկինում կատարած ինչ-որ մեղքերի համար: Կինն այս փուլում անհանգստանում է կարիերայում, հասարակությունում, ընտանիքում ունեցած իր դիրքի կորստի մասին: Երբեմն էլ կարելի է լսել այն թյուր կարծիքը, թե իբր հիվանդությունը վարակիչ է, և հիվանդը փորձում է խուսափել հարազատներից: Այս փուլում շատ դժվար է հանգստացնել կնոջը: Այդ իսկ պատճառով նրան պետք չէ ուղղակիորեն ասել, որ նա ունի կրծքագեղձի քաղցկեղ: Այդ բառը ցանկալի է ժամանակավոր փոխարինել այլ բառերով: Հիվանդության առկայության մասին ասելուց հետո պետք չէ անմիջապես հեռանալ. անհրաժեշտ է մնալ պացիենտի մոտ այնքան ժամանակ, ինչքան անհրաժեշտ է: Այս փուլն ավարտվում է մերժումով: Դա ինքնապաշտպանական ռեակցիա է: Կինն իրեն և իր հարազատներին փորձում է համոզել, որ դա հնարավոր չէ, և ինքը չունի որևէ հիվանդություն, և որ ամեն ինչ լավ կլինի՝ անգամ առանց բուժման: Հիվանդը կասկածում է անգամ բժշկի կոմպետենտությանը: Նա փորձում է վերադառնալ իր առօրյային, կարծես ոչինչ չի եղել: Ցավոք, սա ամենավտանգավոր փուլն է, որը կարող է տևել երկար, ինչի արդյունքում և՛ պացիենտը, և՛ բժիշկը կորցնում են ամենակարևորը՝ ԺԱՄԱՆԱԿԸ: Այս փուլում չի կարելի գնալ վախեցնելու ճանապարհով՝ կյանքը կորցնելու սպառնալիքով, հիվանդին համոզել բուժվել: Դա կարող է բերել խորը դեպրեսիայի:
  2. Ագրեսիա կամ զայրույթ: Այս փուլում, երբ իրականությունը մասամբ արդեն ընդունված է, կարող ենք հանդիպել հիվանդի ագրեսիվ պահվածքին, որը կարող է դրսևորվել «մեղավորների» փնտրտուքով: «Մեղավոր» կարող են լինել թե՛ բժիշկը, թե՛ «նախանձ» հարևանը և թե՛ «վատ աչքը»: Այս փուլը կարճ է տևում, և կարիք չկա դիմադրել հիվանդի կարծիքին: Պետք է թողնել, որ նա արտահայտի իր հույզերը:
  3. Առևտուր: Հասկանալով զայրույթի անարդյունավետությունը` հիվանդը փորձում է գործարքի գնալ իրականության հետ: Այս փուլում հիվանդը փորձում է իրականությունից «գնել» սկզբում առողջացում, հետո` կյանքի երկարաձգում: Որպես գին այստեղ կարող են հանդես գալ որոշակի վարք ցուցաբերելու` «լավը լինելու» խոստումները:
  4. Դեպրեսիա: Այս փուլում կնոջը բնորոշ են ապատիան, անտարբերությունը, կյանքի նկատմամբ հետաքրքրության կորուստը: Կրծքագեղձի քաղցկեղով հիվանդ կինն այս փուլում ձգտում է միայնության: Սովորաբար այս ընթացքում կինն արդեն գտնվում է բուժման ընթացքում: Դեպրեսիայի շրջանում կարևոր է մի փոքր շեղել հիվանդին իր հիվանդությունից: Այստեղ մեծ դեր է խաղում հարազատների և մտերիմների պահվածքը: Օրինակ՝ կարելի է համատեղ թերթել ընտանեկան նկարները, դիտել դրական լիցքերով լի կինոֆիլմ, զբոսնել երեխաների հետ, զբաղվել ընթերցանությամբ կամ սիրած աշխատանքով:
  5. Ընդունում: Այս բոլոր փուլերն անցնելուց հետո հիվանդը վերջապես կարողանում է ընդունել իր հիվանդությունը, ձևավորվում է անձի նոր նույնականացում: Այստեղ գերակայում է հիվանդության հանդեպ ներդաշնակ տիպը, որն օգնում է հիվանդին ակտիվ և պատասխանատու կերպով մոտենալ բուժմանը:

Ցանկացած փուլում կարևոր է չկորցնել վստահությունը բուժման հաջող ավարտի վերաբերյալ: Ցանկացած փուլում դիմե՛ք ձեր բժշկին՝ ակնկալելով նրանից ոչ միայն նեղ մասնագիտական, այլ նաև հոգեբանական օգնություն: Այս ճանապարհն անհամեմատ հեշտ է հաղթահարել՝ պահպանելով պացիենտի կապը հոգեբանի հետ:

Հարգելի՛ կանայք, ամենից կարևոր ենք համարում նշել, որ կրծքագեղձի քաղցկեղը դեռևս դատավճիռ չէ, ընդամենը կարելի է անվանել կյանքի հերթական փորձություն: Ժամանակին և գրագետ բուժում ստանալու դեպքում այս հիվանդությունը հաղթահարելի է:

Դեպրեսիա բուժումից հետո

Դեպրեսիա բուժումից հետո

Կրծքագեղձի քաղցկեղի բուժման հիմնական եղանակներն են՝ վիրահատությունը, քիմիաթերապիան, հորմոնալ թերապիան և ճառագայթային բուժումը: Կրծքագեղձի վիրահատական բուժումը ենթադրում է ուռուցքի հեռացում, կրծքագեղձի մասնակի հեռացում կամ ամբողջ կրծքագեղձի հեռացում: Արևմտյան երկրներում ավելի հաճախ են իրականացվում օրգանապահպան վիրահատություններ, այսինքն՝ կուրծքը չի հեռացվում: Ցավալի է, բայց Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղի վիրահատական բուժման ահռելի տոկոս է կազմում կրծքագեղձի ամբողջական հեռացումը (մաստէկտոմիա): Սրա պատճառները տարբեր են: Առաջին պատճառն իհարկե այն է, որ կանայք ուշ են դիմում բժշկի, և հիվանդությունը հայտնաբերվում է արդեն տեղային տարածվածությամբ: Երկրորդ պատճառն է բժշկի մոտեցումը, երբ հիվանդն ունի ռեալ հնարավորություն իր կրծքագեղձը պահպանելու, սակայն վիրաբույժն իբրև հետագա հնարավոր խնդիրներից խուսափելու, այսպես ասած, «ապահովության» համար հիվանդին առաջարկում է ամբողջովին հեռացնել կրծքագեղձը: Պատճառներից մեկն էլ հիվանդի ցանկությունն է, երբ կինը (երբեմն էլ հարազատները), անկախ հիվանդության տարածվածությունից, ինքն է պահանջում հեռացնել իր կուրծքը՝ կարծելով, թե կրծքագեղձի ամբողջական հեռացումից է կախված իր ապաքինումը: Մինչդեռ ճիշտ որոշում կայացնելու համար նախ անհրաժեշտ է վստահ լինել, որ Ձեր բժիշկը քաջատեղյակ է ուռուցքաբանության ժամանակակից նվաճումներին, այնուհետև նրա հետ միասին ծանրութեթև անել ռիսկի բոլոր գործոնները:

Հիվանդների մոտ 80%-ի համար կրծքագեղձի կորուստը ոչ միայն համարվում է ֆիզիկական թերություն, այլև դառնում է էմոցիոնալ խանգարումների լուրջ հիմք: Կանայք գտնում են, որ կրծքագեղձը կորցնելով՝ կորցնում են իրենց հմայքը, կանացիությունը, սեքսուալությունը: Կրծքագեղձի քաղցկեղի բուժման դժվարին ճանապարհին, երբ կնոջ մոտ հաճախ անելանելիության զգացում է նկատվում, կրծքագեղձի կորստի հետևանքով առաջացած սթրեսը հանգեցնում է սեփական անձի թերարժեքության բարդույթի և դեպրեսիայի: Նման դեպրեսիան կոչվում է հետմաստէկտոմիկ դեպրեսիա: Այս դեպքում նկատվում են անդադար հոգնածության զգացում, քնի և ախորժակի խանգարում, անհանգստություն և ապատիա, ջղագրգռություն և շրջապատից օտարացած լինելու զգացում: 20-40% դեպքերում նվազում է ֆիզիկական ակտիվությունը, 40-70%-ի մոտ դեպրեսիան անդրադառնում է ընդհանուր առողջության վրա, 35-50% դեպքերում նվազում է սոցիալական ակտիվությունը, և կինը դուրս է մնում կյանքի նախկին սովորական հունից: Կարող է փոխվել վերաբերմունքը կենցաղի նկատմամբ՝ սննդի, քնի, աշխատանքի, փոխվում են զգացմունքները և մտքերը նաև սեփական անձի հանդեպ: Կինը նյարդայնանում է հարազատների ջերմ ուշադրությունից կամ էլ նրանց, հաճախ թվացյալ, անուշադրությունից: Հիվանդը կարող է կորցնել իր հետաքրքրությունը կյանքի նկատմամբ, ժամանակից շուտ իրեն դասել ծերերի շարքին: Այս վիճակը կարող է տևել ամիսներ և տարիներ:

Երիտասարդների մոտ կրծքագեղձի կորուստն ավելի խորը դեպրեսիայի պատճառ է դառնում: Գոյություն ունեն նման վիճակից դուրս գալու տարբեր մեթոդներ՝ ինքնուրույն կամ հոգեբանի օգնությամբ: Մասնագետների պնդմամբ ամենաարդյունավետ տարբերակը կրծքագեղձի վիրաբուժական վերականգնումն է: Կրծքագեղձը հնարավոր է վերականգնել անմիջապես հեռացնելուց հետո կամ հետագայում՝ ամիսներ, անգամ տարիներ անց: Որքան երիտասարդ է կինը, այնքան արտահայտված է կուրծքը վերականգնելու նրա ցանկությունը: Արևմտյան Եվրոպայում 90% դեպքերում մինչև 40 տարեկան կանայք կրծքագեղձը կորցնելուց հետո ցանկություն են հայտնում այն վերականգնելու: 40-50 տարեկանների շրջանում նման ցանկություն հայտնում է մոտ 55%-ը, 60-70 տարիքային խմբում՝ 15%-ը: Ցավոք, Հայաստանում այս տոկոսը չափազանց ցածր է անգամ երիտասարդ պացիենտների մոտ, և, որքան էլ զարմանալի է, 90% դեպքերում խոչընդոտ է հանդիսանում ոչ թե ֆինանսական գործոնը, այլ սեփական անձի հանդեպ ունեցած ցածր գնահատականը, հարմարվողականությունը և կնոջ՝ իր անձի հանդեպ ունեցած վերաբերմունքի տարբերությունը՝ մինչ քաղցկեղ ախտորոշումը և ախտորոշումից հետո: Սովորաբար ախտորոշումից հետո կանանց մոտ նկատվում է սեփական անձի հանդեպ ընդգծված անտարբերություն. հիվանդը կարծում է, որ ինքն այլևս որպես կին չի հետաքրքրի շրջապատին և իր կանացիությունը (կուրծքը) վերականգնելու փոխարեն նախընտրում է համակերպվել ճակատագրին: Կա նաև թյուր կարծիք, թե վերականգնողական վիրահատությունները բարձրացնում են կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը: Նման պնդումը չի համապատասխանում իրականությանը և չունի որևէ գիտական և անգամ տրամաբանական հիմնավորում:

Search

+