Դեպրեսիա բուժումից հետո
Դեպրեսիա բուժումից հետո
Կրծքագեղձի քաղցկեղի բուժման հիմնական եղանակներն են՝ վիրահատությունը, քիմիաթերապիան, հորմոնալ թերապիան և ճառագայթային բուժումը: Կրծքագեղձի վիրահատական բուժումը ենթադրում է ուռուցքի հեռացում, կրծքագեղձի մասնակի հեռացում կամ ամբողջ կրծքագեղձի հեռացում: Արևմտյան երկրներում ավելի հաճախ են իրականացվում օրգանապահպան վիրահատություններ, այսինքն՝ կուրծքը չի հեռացվում: Ցավալի է, բայց Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղի վիրահատական բուժման ահռելի տոկոս է կազմում կրծքագեղձի ամբողջական հեռացումը (մաստէկտոմիա): Սրա պատճառները տարբեր են: Առաջին պատճառն իհարկե այն է, որ կանայք ուշ են դիմում բժշկի, և հիվանդությունը հայտնաբերվում է արդեն տեղային տարածվածությամբ: Երկրորդ պատճառն է բժշկի մոտեցումը, երբ հիվանդն ունի ռեալ հնարավորություն իր կրծքագեղձը պահպանելու, սակայն վիրաբույժն իբրև հետագա հնարավոր խնդիրներից խուսափելու, այսպես ասած, «ապահովության» համար հիվանդին առաջարկում է ամբողջովին հեռացնել կրծքագեղձը: Պատճառներից մեկն էլ հիվանդի ցանկությունն է, երբ կինը (երբեմն էլ հարազատները), անկախ հիվանդության տարածվածությունից, ինքն է պահանջում հեռացնել իր կուրծքը՝ կարծելով, թե կրծքագեղձի ամբողջական հեռացումից է կախված իր ապաքինումը: Մինչդեռ ճիշտ որոշում կայացնելու համար նախ անհրաժեշտ է վստահ լինել, որ Ձեր բժիշկը քաջատեղյակ է ուռուցքաբանության ժամանակակից նվաճումներին, այնուհետև նրա հետ միասին ծանրութեթև անել ռիսկի բոլոր գործոնները:
Հիվանդների մոտ 80%-ի համար կրծքագեղձի կորուստը ոչ միայն համարվում է ֆիզիկական թերություն, այլև դառնում է էմոցիոնալ խանգարումների լուրջ հիմք: Կանայք գտնում են, որ կրծքագեղձը կորցնելով՝ կորցնում են իրենց հմայքը, կանացիությունը, սեքսուալությունը: Կրծքագեղձի քաղցկեղի բուժման դժվարին ճանապարհին, երբ կնոջ մոտ հաճախ անելանելիության զգացում է նկատվում, կրծքագեղձի կորստի հետևանքով առաջացած սթրեսը հանգեցնում է սեփական անձի թերարժեքության բարդույթի և դեպրեսիայի: Նման դեպրեսիան կոչվում է հետմաստէկտոմիկ դեպրեսիա: Այս դեպքում նկատվում են անդադար հոգնածության զգացում, քնի և ախորժակի խանգարում, անհանգստություն և ապատիա, ջղագրգռություն և շրջապատից օտարացած լինելու զգացում: 20-40% դեպքերում նվազում է ֆիզիկական ակտիվությունը, 40-70%-ի մոտ դեպրեսիան անդրադառնում է ընդհանուր առողջության վրա, 35-50% դեպքերում նվազում է սոցիալական ակտիվությունը, և կինը դուրս է մնում կյանքի նախկին սովորական հունից: Կարող է փոխվել վերաբերմունքը կենցաղի նկատմամբ՝ սննդի, քնի, աշխատանքի, փոխվում են զգացմունքները և մտքերը նաև սեփական անձի հանդեպ: Կինը նյարդայնանում է հարազատների ջերմ ուշադրությունից կամ էլ նրանց, հաճախ թվացյալ, անուշադրությունից: Հիվանդը կարող է կորցնել իր հետաքրքրությունը կյանքի նկատմամբ, ժամանակից շուտ իրեն դասել ծերերի շարքին: Այս վիճակը կարող է տևել ամիսներ և տարիներ:
Երիտասարդների մոտ կրծքագեղձի կորուստն ավելի խորը դեպրեսիայի պատճառ է դառնում: Գոյություն ունեն նման վիճակից դուրս գալու տարբեր մեթոդներ՝ ինքնուրույն կամ հոգեբանի օգնությամբ: Մասնագետների պնդմամբ ամենաարդյունավետ տարբերակը կրծքագեղձի վիրաբուժական վերականգնումն է: Կրծքագեղձը հնարավոր է վերականգնել անմիջապես հեռացնելուց հետո կամ հետագայում՝ ամիսներ, անգամ տարիներ անց: Որքան երիտասարդ է կինը, այնքան արտահայտված է կուրծքը վերականգնելու նրա ցանկությունը: Արևմտյան Եվրոպայում 90% դեպքերում մինչև 40 տարեկան կանայք կրծքագեղձը կորցնելուց հետո ցանկություն են հայտնում այն վերականգնելու: 40-50 տարեկանների շրջանում նման ցանկություն հայտնում է մոտ 55%-ը, 60-70 տարիքային խմբում՝ 15%-ը: Ցավոք, Հայաստանում այս տոկոսը չափազանց ցածր է անգամ երիտասարդ պացիենտների մոտ, և, որքան էլ զարմանալի է, 90% դեպքերում խոչընդոտ է հանդիսանում ոչ թե ֆինանսական գործոնը, այլ սեփական անձի հանդեպ ունեցած ցածր գնահատականը, հարմարվողականությունը և կնոջ՝ իր անձի հանդեպ ունեցած վերաբերմունքի տարբերությունը՝ մինչ քաղցկեղ ախտորոշումը և ախտորոշումից հետո: Սովորաբար ախտորոշումից հետո կանանց մոտ նկատվում է սեփական անձի հանդեպ ընդգծված անտարբերություն. հիվանդը կարծում է, որ ինքն այլևս որպես կին չի հետաքրքրի շրջապատին և իր կանացիությունը (կուրծքը) վերականգնելու փոխարեն նախընտրում է համակերպվել ճակատագրին: Կա նաև թյուր կարծիք, թե վերականգնողական վիրահատությունները բարձրացնում են կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը: Նման պնդումը չի համապատասխանում իրականությանը և չունի որևէ գիտական և անգամ տրամաբանական հիմնավորում: