Դուք հետևու՞մ եք Ձեր մարմնին
Դուք հետևու՞մ եք Ձեր մարմնին:
Կրծքագեղձի ինքնազննման նպատակն է կրծքագեղձի տարբեր հիվանդությունների ախտանիշների վաղ հայտնաբերումը և ժամանակին համապատասխան մասնագետի դիմելը:
Կրծքագեղձի առողջությանը հետևելու չորս հիմնական սկզբունքներն են՝
- Կատարել կրծքագեղձի ամենամսյա ինքնազննում:
- Ենթարկվել կրծքագեղձի ամենամյա ստուգման բժշկի կողմից:
- Պարբերաբար անցնել հետազոտություն (մամոգրաֆիկ կամ ուլտրաձայնային)՝ ըստ բժշկի ցուցումների:
- Վարել համապատասխան առողջ ապրելակերպ:
Ինքնազննումը ցանկալի է կատարել ամեն ամիս՝ դաշտանային ցիկլի առաջին կեսին:
Կրծքագեղձի զննումը դիտելով
Յուրաքանչյուր կին պետք է իմանա, որ դաշտանի ավարտից 2-3 օր անց հայելու առջև կարող է և պետք է զննի կուրծքը:
Դաշտանադադարից հետո կրծքագեղձի զննումը պետք է կատարվի յուրաքանչյուր ամսվա առաջին օրը՝ առաջ հակված, թևերը կոնքերին՝ նայելով, թե կա՞ արդյոք փոփոխություն: Իսկ փոփոխություն նկատելու դեպքում հարկավոր է դիմել մասնագետի խորհրդատվությանը:
Զննում՝ ձեռքերը վեր բարձրացրած
Ձեռքերը բարձրացնել, իրար միացրած ու սեղմած վիճակում դնել գլխի ետնամասում և կրծքագեղձի վրա փնտրել այտուցվածության, պիգմենտացիայի, փոսընկածության, մաշկի կնճռոտվածության, կրծքագեղձի ձևի կամ կառուցվածքի փոփոխության հետքեր:
Կրծքագեղձի կլինիկական քննություն
Յուրաքանչյուր կին առնվազն տարին մեկ անգամ պետք է ենթարկվի գինեկոլոգիական ընդհանուր քննության` անկախ այն հանգամանքից, թե կինն ինքը զգում է դրա անհրաժեշտությունը, թե՝ ո՛չ:
Գինեկոլոգիական քննության ընթացքում հիշեցրեք Ձեր բժշկին ստուգել նաև ձեր կուրծքը, կամ դիմեք կրծքագեղձի մասնագետին:
Կրծքագեղձի պնդության, ցավոտության, ատիպիկ լցվածության կամ թորշոմության, մաշկի փոփոխության, հյուսվածքի շարժունակության դժվարության, պտուկից արտադրության, մաշկի գույնի փոփոխության, անսովոր արտահայտված ցավի, պտուկի ներանկման դեպքում ցուցված է կրծքագեղձի լիարժեք կլինիկական հետազոտություն՝ ներառյալ լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ:
Երբեմն անութափոսում (թևատակում) կարող եք հայտնաբերել մեծացած ավշային հանգույց, բայց միաժամանակ ոչինչ չհայտնաբերվի կրծքում: Բավականին հազվադեպ, բայց հնարավոր է, որ այդ հանգույցը հետևանք է կրծքագեղձում որևէ խնդրի: Հարկավոր է, որ նրանց կապը բացառի մասնագետը: Նման դեպքում պետք է շտապ դիմել բժշկի: