Սիլիկոնե իմպլանտը քաղցկեղի պատճա՞ռ

Կարո՞ղ է արդյոք կրծքի սիլիկոնե իմպլանտը քաղցկեղի պատճառ հանդիսանալ։

Իմպլանտները կրծքագեղձի քաղցկեղի առաջացման պատճառ չեն հանդիսանում: Դրանք անգամ չեն բարձրացնում կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը: Սակայն հետազոտությունները ցույց են տալիս, որ կանայք, որոնք կրում են կրծքագեղձի իմպլանտ, ունեն անապլաստիկ խոշոր-բջջային լիմֆոմայի զարգացման որոշակի ռիսկ: Լիմֆոմայի այս տեսակը դասվում է ոչ Հոջկինյան լիմֆոմաների շարքին: Սա քաղցկեղի տեսակ է, որը զարգանում է կնոջ ավշային համակարգում:

Եթե ունեք կրծքագեղձի իմպլանտ կամ պլանավորում եք նման վիրահատություն, ապա որոշ առանձնահատկությունների մասին պետք է տեղեկացված լինեք Ձեզ վիրահատող բժշկի կողմից։

Ինչու՞ են սիլիկոնե իմպլանտները կապում քաղցկեղի հետ։

Գիտնականներն ամբողջովին չեն պարզել, թե ինչու են իմպլանտները բարձրացնում անապլաստիկ խոշոր-բջջային լիմֆոմայի առաջացման ռիսկը: Բայց մի բանում նրանք վստահ են, որ իմպլանտ կրող այն կանանց, ում մոտ հայտնաբերվել է լիմֆոմայի այդ տեսակը, 95% դեպքերում առկա են եղել այսպես կոչված textured (անհարթ մակերեսով) իմպլանտներ:

Ե՛վ հարթ, և՛ անհարթ մակերեսով իմպլանտները լայնորեն օգտագործվում են կրծքագեղձերի թե՛ էսթետիկ, թե՛ վերականգնողական վիրահատությունների ժամանակ: Անհարթ մակերեսով իմպլանտներն ավելի քիչ շարժուն են և էսթետիկ ավելի լավ արդյունք են ապահովում, սակայն գիտնականները կարծում են, որ անհարթ մակերեսով իմպլանտները կարող են գրգռել որոշ կանանց իմունային համակարգը և լիմֆոմայի զարգացման պատճառ դառնալ:

Ովքե՞ր են ռիսկի խմբում։

Անապլաստիկ խոշոր-բջջային լիմֆոման բավականին հազվադեպ հանդիպող հիվանդություն է: Անգամ եթե իմպլանտ եք կրում, լիմֆոմայի այդ տեսակով հիվանդանալու ռիսկը շատ ու շատ ցածր է: Գիտնականները կարծում են, որ իմպլանտ կամ սիլիկոնե էքսպանդեր կրող 50,000 կանանցից միայն մեկը կհիվանդանա անապլաստիկ խոշոր-բջջային լիմֆոմայով:

Ի՞նչ է պետք անել, եթե կրում եք սիլիկոնե իմպլանտ։

Խոսեք Ձեր բժշկի հետ: Գիտնականների մեծ մասը խորհուրդ չի տալիս հեռացնել անհարթ մակերեսով սիլիկոնե իմպլանտները, որոնք լիմֆոմայի առաջացման ռիսկն են բարձրացնում: Բայց, այնուամենայնիվ, եթե անհանգիստ եք, խոսեք Ձեր բժշկի հետ:

Կարևոր է հետևել անապլաստիկ խոշոր-բջջային լիմֆոմայի արտասովոր նշաններին: Դրանք կարող են ի հայտ գալ մարմնի ցանկաված մասում, բայց ամենից հաճախ առաջանում են վիրահատված կրծքագեղձերի սպիի շրջանում:

Կանոնավոր ստուգե՛ք Ձեր կուրծքը` հայտնաբերելու հետևյալ խնդիրները`

   * Նոր գոյացությունների առկայություն

   * Կրծքագեղձի պնդացումներ կամ դեֆորմացիա

   * Մշտական կամ անցողիկ քրոնիկ ցավ իմպլանտով կրծքագեղձի շրջանում

   * Մաշկի ցան այդ շրջանում

   * Սպիի ձևափոխում

Նաև ուշադրություն դարձրեք`

   * Իմպլանտի շուրջ հավաքված հեղուկին

   * Մազաթափությանը

   * Քաշի զգալի կորստին

Սակայն այս ախտանշաններն ավելի հաճախ այլ խնդիրների հետևանք կարող են լինել և բնորոշ չեն միայն լիմֆոմայի այդ տեսակին: Այդ իսկ պատճառով փոփոխություն տեսնելիս անհրաժեշտ է դիմել բժշկի: Վաղ բուժման մեջ է մտնում իմպլանտի և շրջակա հյուսվածքի անմիջապես հեռացումը։

«Դու մենակ չես» բարեգործական համերգ

2016թ. մարտի 3-ին ‘’Արամ Խաչատրյան’’ համերգասրահում հայ աստղերի մասնակցությամբ կայացավ «Առողջ կրծքագեղձ» նախագծի հերթական նախաձեռնությունը` «Դու մենակ չես» խորագիրը կրող բարեգործական համերգը: Համերգից ստացված ողջ հասույթը կուղղվի կրծքագեղձի քաղցկեղով հիվանդ սոցիալապես անապահով կանանց բուժմանը:

«Դու մենակ չես» բարեգործական համերգի «պտուղները»

2016թ. ապրիլի 5-ից մեկնարկել է «Առողջ կրծքագեղձ» նախագծի և «Եվրոպա Դոննա Արմենիա» պացիենտական կազմակերպության ջանքերով կայացած «Դու մենակ չես» բարեգործական համերգից ստացված հասույթի բաշխումը: Ինչպես և հայտարարվել էր համերգի ընթացքում, ստացված ողջ հասույթը տրամադրվում է կրծքագեղձի քաղցկեղով հիվանդ անապահով կանանց բուժմանը: Առավելություն է տրվում նաև այն կանանց, ովքեր ընտանիքի կազմում ՀՀ պաշտպանության բանակում ծառայող ունեն, հատկապես սահմանապահ զինծառայող։ Դրամական օգնությունը, հնարավորության սահմաններում, հատկացվում է կրծքագեղձի քաղցկեղի բուժման համար անհրաժեշտ դեղորայքի ձեռքբերմանը և վիրահատական բուժմանը:

Հիշեցնենք, որ «Եվրոպա Դոննա Արմենիա»-ն եվրոպական «Եվրոպա Դոննա» հայտնի պացիենտական կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում, որի նպատակն է հասարակության շրջանում բարձրացնել կրծքագեղձի քաղցկեղի մասին իրազեկվածության մակարդակը և քայլեր ձեռնարկել այս հիվանդության դեպքերի վաղ հայտնաբերման և պատշաճ բուժման ուղղությամբ: Կազմակերպությանն անդամակցում են հիմնականում կրծքագեղձի քաղցկեղից բուժված կանայք:

Անվճար խորհրդատվություն Գերմանիայում և ԱՄՆ-ում

Արտասահմանյան վերապատրաստումների ընթացքում ձեռք բերված անձնական կապերի և պայմանավորվածությունների շնորհիվ «Առողջ կրծքագեղձ» նախագծի շրջանակներում հնարավորություն է ստեղծվում անվճար կոնսուլտացիա իրականացնել կրծքագեղձի մամոգրաֆիկ նկարների վերաբերյալ:

Կրծքագեղձի հիվանդությունների ախտորոշման դժվարությունների դեպքում մամոգրաֆիկ նկարն ուղարկվում է Գերմանիայի Պադերբորն քաղաքի Կրծքագեղձի ռադիոլոգիական կենտրոն և/կամ ԱՄՆի Նյու Յորք քաղաքի Memorial Sloan Kettering: Evelyn H. Lauder կրծքագեղձի հիվանդությունների ախտորոշման կենտրոն: Այս կենտրոնների մասնագետները, զննելով մամոգրաֆիկ նկարները, տալիս են երկրորդ կարծիք, ինչն ընդունված է արևմտյան բոլոր զարգացած երկրներում:

Անվճար խորհրդատվություններ ավստրիացի պրոֆեսորների կողմից

2015թ. սեպտեմբերի 4-ին «Առողջ կրծքագեղձ» նախագծի շրջանակներում տեղի ունեցած կրծքագեղձի քաղցկեղին նվիրված միջազգային 2-րդ աշնանային սիպոզիումին մասնակցելու նպատակով բժիշկ Արթուր Ավետիսյանի կողմից հրավիրվել էին Ավստրիայի բժշկական համալսարանի պրոֆեսորներ, Վիեննայի կենտրոնական հոսպիտալի վիրաբուժական ծառայության ղեկավար, կրծքագեղձի մասնագետ Ռայմունդ Ջակեզը և նույն կենտրոնի քիմիաթերապիայի առաջատար մասնագետ Գյունթեր Շտեգերը: Ավստրիացի պրոֆեսորներն անցկացրին մի շարք անվճար խորհրդատվություններ: Ավստրիացի և հայ մասնագետները միասին զննեցին կրծքագեղձի քաղցկեղով հիվանդներին և կազմեցին նրանց բուժման մանրամասն պլանը:

Ձեռք են բերվել պայմանավորվածություններ այսուհետ համագործակցելու Վիեննայի կենտրոնական հոսպիտալի կրծքագեղձի քաղցկեղի բուժման բաժանմունքի հետ։

Եվրոպա Դոննա Արմենիա

Մեր առաքելությունը չի սահմանափակվում միայն տեղեկությունների հաղորդմամբ, խորհրդատվությամբ, դեղորայքային բուժմամբ կամ վիրահատությամբ:

«Առողջ կրծքագեղձ» նախագիծը, հավատարիմ մնալով իր առաքելությանը և ընդլայնելով իր գործունեությունը, աշխարհահռչակ EUROPA DONNA (www.europadonna.org) եվրոպական հասարակական կազմակերպության հետ համագործակցության շնորհիվ 2015թ. Հայաստանում հիմնել է նշյալ կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը: Սա շատ կարևոր քայլ է, որը ենթադրում է կրծքագեղձի քաղցկեղի խնդրի վերաբերյալ եվրոպական, համակարգային նոր մոտեցում:

EUROPA DONNA–ն, որը արևմտյան երկրների առողջապահության ոլորտում հեղինակավոր կազմակերպություններից է, ստեղծվել է 1993թ. իտալացի աշխարհահռչակ գիտնական, Եվրոպայում կրծքագեղձի քաղցկեղի հավանաբար ամենահայտնի մասնագետ Ումբերտո Վերոնեզիի առաջարկով: Կրծքագեղձի քաղցկեղի դեմ ստեղծված այս նշանավոր միության անդամները հիմնականում կանայք են, ովքեր բուժվել են կրծքագեղձի քաղցկեղից և այլ հիվանդություններից, ինչպես նաև բժիշկներ, իրավաբաններ, հասարակական գործիչներ, լրագրողներ:

«Առողջ կրծքագեղձ» նախագծի և «Եվրոպա Դոննա Արմենիա» պացիենտական կազմակերպության համագործակցության նպատակն է Հայաստանում զարգացնել և ընդլայնել կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարը, ինչպես նաև այս ոլորտում նշանակալից բարեփոխումներ նախաձեռնել:

«Եվրոպա Դոննա Արմենիա» պացիենտական կազմակերպության 10 հիմնական նպատակներն են՝

  1. Նպաստել Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղի մասին արդի և իրական տեղեկատվության տարածմանն ու փոխանակմանը։
  2. Նպաստել կրծքագեղձի քաղցկեղի մասին իրազեկության բարձրացմանը։
  3. Կարևորել համապատասխան սկրինինգի և հիվանդության վաղ հայտնաբերման անհրաժեշտությունը։
  4. Քարոզել օպտիմալ բուժման դրույթները։
  5. Խրախուսել բուժման ընթացքում և բուժուﬕց հետո որակյալ խնամքի դրույթները։
  6. Խրախուսել առողջապահական ոլորտի մասնագետների համար անհրաժեշտ և

համապատասխան դասընթացները։

  1. Տեղեկություններ ստանալ աշխարհում հաջողված փորձի մասին և խրախուսել դրա զարգացումը Հայաստանում:
  2. Պահանջել բժշկական սարքավորումների որակի պարբերական գնահատում։
  3. Խրախուսել անհրաժեշտ նախապայմանների ապահովումը, որ յուրաքանչյուր կին լիովին հասկանա առաջադրված բուժման տարբերակները` ներառյալ կլինիկական հետազոտություններն ու երկրորդ կարծիք ստանալու իրավունքը։
  4. Խրախուսել կրծքագեղձի հետազոտությունների առաջխաղացումը։

«Եվրոպա Դոննա Արﬔնիա»-ն այն կառույցն է, որտեղ մշտապես հնարավոր է ստանալ անվճար հոգեբանական, իրավաբանական աջակցություն և բժշկական խորհրդատվություն:

Հեռ.՝ (+37495) 96-98-33

Facebook` Europa Donna Armenia

Կրծքագեղձի քաղցկեղին նվիրված միջազգային 2-րդ սիպոզիում

2015թ. սեպտեմբերի 4-ին «Առողջ կրծքագեղձ» նախագծի շրջանակներում ՀՀ ԱՆ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի և Ավստրիայի Բաց բժշկական համալսարանի աջակցությամբ Երևանում տեղի ունեցավ կրծքագեղձի քաղցկեղին նվիրված միջազգային 2-րդ աշնանային սիպոզիումը, որին մասնակցեցին նաև Ավստրիայի Բաց բժշկական համալսարանի պրոֆեսորներ, Վիեննայի կենտրոնական հոսպիտալի վիրաբուժական ծառայության ղեկավար Ռայմունդ Ջակեզը, նույն կենտրոնի քիմիաթերապիայի առաջատար մասնագետ Գյունթեր Շտեգերը, «Եվրոպա Դոննա Արմենիա» (www.europadonna.am) պացիենտական կազմակերպության ներկայացուցիչներ, ուռուցքաբանության ոլորտում հիվանդների հոգեկան առողջությամբ զբաղվող մասնագետներ՝ հոգեուռուցքաբաններ, ինչպես նաև կրծքագեղձի քաղցկեղից բուժված կանայք, ովքեր հետաքրքրված էին քննարկվող թեմաներով:

Սիպոզիումի քննարկվող առանցքային թեմաներն էին կրծքագեղձի քաղցկեղին առնչվող ժամանակակից խնդիրները և ոլորտում գրանցված հաջողությունները: Պրոֆեսոր Ռ.Ջակեզի խոսքով՝ Եվրոպայում կրծքագեղձի քաղցկեղի բուժման գործում առանձնակի կարևորվում է կուրծքը պահպանելու գործոնը, որը համեմատաբար ավելի հեշտ է իրագործել, եթե ուռուցքը չափերով փոքր է: Իսկ ուռուցքի մեծ չափերի դեպքում՝ 3-4սմ, վիրահատությունից առաջ քիմիաթերապիայի միջոցով նախ փոքրացվում է այն, որից հետո կատարվում է վիրահատություն՝ փորձելով պահպանել հնարավորինս մեծ քանակությամբ առողջ հյուսվածք:

Որպես այս ոլորտի մասնագետ, քաջատեղյակ լինելով Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղի հիվանդացության պատկերին, «Առողջ կրծքագեղձ» նախագծի հեղինակ բժիշկ-ուռուցքաբան Արթուր Ավետիսյանը նշում է, որ ցավոք, Հայաստանում դեռևս լայնորեն չի կիրառվում օրգանապահպան վիրահատությունների սկզբունքը, որը պայմանավորված է մի շարք գործոններով: Հիմնական պատճառներից մեկն այն է, որ, ի տարբերություն Եվրոպայի, որտեղ լայն տարածում ունի կրծքագեղձի քաղցկեղի սկրինինգային ծրագիրը, Հայաստանում հիվանդները դիմում են բժշկի հիվանդության բավական ուշ փուլերում: Մյուս կողմից, որոշ բժիշկներ, քաղցկեղի ռեցիդիվից խուսափելու համար նախընտրում են հեռացնել ամբողջ կրծքագեղձը: Մեկ այլ տարածված պատճառ է նաև հիվանդների ցանկությունը: Հաճախ հենց հիվանդն է խնդրում բժշկին հեռացնել ամբողջ կուրծքը՝ մտածելով, որ դրանով է պայմանավորված իր լիարժեք բուժումը: Սա, իհարկե անթույլատրելի է, քանի որ կրծքի հեռացումից հետո կանանց մեծ մասը բախվում է հոգեբանական ու ֆիզիոլոգիական մի շարք խնդիրների:

Համագործակցություն բժիշկ-լիմֆոլոգ Օլիվեր Գյուլտիկի հետ

ՄԵՐ ՀՅՈՒՐՆ ԷՐ ԳԵՐՄԱՆԱՑԻ ՆՇԱՆԱՎՈՐ ԲԺԻՇԿ-ԼԻՄՖՈԼՈԳ ՕԼԻՎԵՐ ԳՅՈՒԼՏԻԿԸ

«Առողջ կրծքագեղձ» նախագիծը, հավատարիմ մնալով իր առաքելությանն ու գործունեության ընդլայնման սկզբունքին, 2016թ. հունվարին հյուրընկալեց Գերմանիայից ժամանած նշանավոր բժիշկ–լիմֆոլոգ Օլիվեր Գյուլտիկին:

Կրծքագեղձի քաղցկեղի բուժման ժամանակ երբեմն հարկ է լինում հեռացնել թևատակի բոլոր (կամ միայն «պահակային») ավշային հանգույցները: Ըստ համաշխարհային գրականության, նման վիրահատություններից հետո մոտ 30-40% դեպքերում կարող է զարգանալ ձեռքի հետվիրահատական այտուց (տե՛ս նկարում): Այն երբեմն կարող է արտահայտված լինել և լուրջ անհանգստության պատճառ դառնալ, մինչև անգամ հանգեցնել հաշմանդամության: Այս տեսակ այտուցները բավական համառ ընթացք են ունենում և շատ դժվար են ենթարկվում բուժման:

Նման այտուցների բուժման ժամանակակից մեթոդներից է Գերմանիայի լիմֆոլոգիայի վերապատրաստման կենտրոնի տնօրեն Օլիվեր Գյուլտիկի կողմից առաջարկված մեթոդը: Այն կոչվում է «մանուալ լիմֆդրենաժ», որն իրենից ներկայացնում է հատուկ մերսման եղանակ և ունի բարձր արդյունավետություն: «Առողջ կրծքագեղձ» նախագծի և Օլիվեր Գյուլտիկի հետ համագործակցության շրջանակում անցկացվեց ուսուցողական սեմինար, որի ընթացքում գերմանացի բժիշկը խորհրդատվություն անցկացրեց մի շարք հիվանդների հետ, ապա անձամբ սկսեց նրանց բուժումը: «Առողջ կրծքագեղձ» նախագիծը պայմանավորվածություն է ձեռք բերել Օլիվեր Գյուլտիկի հետ Հայաստանից մի քանի մասնագետի վերապատրաստման վերաբերյալ, ինչը թույլ կտա մեր իսկ ուժերով օգնել կրծքագեղձի հետվիրահատական այտուցներից տառապող հիվանդներին:

Հեծանվաերթ

2016թհունիսի 30-ին կայացավ «Առողջ կրծքագեղձ» նախագծի, «Եվրոպա Դոննա Արմենիա» պացիենտական կազմակերպության և Սիրողական հեծանսպորտի և հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիայի նախաձեռնությամբ կազմակերպված «Առողջ ապրելակերպ, առողջ կրծքագեղձ» հեծանվաերթը: Միջոցառման նպատակն էր իրազեկել և մոտիվացնել հանրությանը կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարին միանալու համար: Երթի ընթացքում անցորդներին բաժանվեցին թեմային առնչվող թռուցիկներ:

Մարզային այցեր 2015

«Առողջ կրծքագեղձ» նախագծի և «Եվրոպա Դոննա Արմենիա» պացիենտական կազմակերպության համագործակցության շրջանակներում պարբերաբար իրականացվում են մարզային այցելություններ, որոնց նպատակն է բարձրաձայնել կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի մասին և հասարակության շրջանում բարձրացնել խնդրի վերաբերյալ իրազեկվածության մակարդակը։

Համալիր միջոցառումների մեկնարկը տրվեց 2015թ. մայիսի 31-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում: Այցի ընթացքում նախատեսված են եղել և կազմակերպվել են կրծքագեղձի քաղցկեղին վերաբերող սեմինար-քննարկում, կրծքագեղձերի ուլտրաձայնային անվճար հետազոտություն, ուռուցքաբանի խորհրդատվություն։

Սեմինար-քննարկմանը մասնակցել ցանկացողները, ինչպես նաև հետազոտության ու խորհրդատվության կարիք ունեցողները հերթագրվել էին` նախապես կապ հաստատելով «Առողջ կրծքագեղձ» նախագծի և «Եվրոպա Դոննա Արմենիա» պացիենտական կազմակերպության անդամների հետ:

Սեմինար-քննարկման ընթացքում անց է կացվել դասախոսություն կրծքագեղձի քաղցկեղի, հետազոտության, ախտորոշման, բուժման ժամանակակից հնարավորությունների վերաբերյալ: Հանդիպմանը ներկա կանանցից մոտ 60-ն անվճար հիմունքներով ենթարկվեցին զննման և անցան գործիքային՝ ուլտրաձայնային հետազոտություն: Թե՛ հանդիպումը, և թե՛ գործիքային հետազոտությունն իրականացվել է Վանաձորում հայտնի բժշկուհի Այծեմնիկ Օհանյանի կլինիկայում: Այս կլինիկայի բժշկուհիները, հուրախություն բոլորիս, վերապատրաստում են անցել կրծքագեղձի հիվանդությունների ախտորոշման ուղղությամբ: Հարկ է նշել, որ որոշ կանանց մոտ հետազոտության արդյունքում հայտնաբերվեցին կրծքագեղձի առողջության հետ կապված այնպիսի խնդիրներ, որոնք անհապաղ բուժման կարիք ունեին: Հետազոտված բոլոր կանայք ստացան համապատասխան խորհրդատվություն:

1 2 3 6

Search

+