Պացիենտական կոնգրես Փարիզում

«Առողջ կրծքագեղձ» նախագծի և «Եվրոպա Դոննա Արմենիա» պացիենտական կազմակերպության համագործակցության շրջանակներում 2015թ. հոկտեմբերին բժիշկ-ուռուցքաբան Արթուր Ավետիսյանը մի քանի պացիենտների հետ մասնակցել են Փարիզում անցկացվող եվրոպական Europa Donna կազմակերպության պացիենտների 12-րդ կոնգրեսին։ Կոնգրեսին քննարկվել են կրծքագեղձի քաղցկեղին վերաբերող ամենատարբեր թեմաներ. Պացիենտներն իրազեկվել են այս ոլորտում ժամանակակից բժշկության հաջողությունների մասին, ծանոթացել են կրծքագեղձի քաղցկեղի հետազոտությունների, վիրահատական և քիմիաթերապիայի շրջաններում բուժման ժամանակակից մեթոդներին, բուժումից հետո վերականգնողական փուլերին, բուժման մոտեցումների համեմատությանը, ուսումնասիրել են կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման նոր առաջարկվող ուղիները: Զեկուցումներով հանդես են եկել ԱՄՆ-ի և Եվրոպայի առաջատար տարբեր կենտրոնների պրոֆեսորներ, կազմակերպվել են ավելի փոքր աշխատանքային խմբեր՝ առավել նեղ թեմաների քննարկման համար:

Ինչպես գիտենք, Հայաստանում մի շարք պատճառներով դեռևս չի գործում կլինիկական հետազոտությունների ծրագիրը, մինչդեռ, օրինակ, Ֆրանսիայում այն գործում է 300-ից ավելի կենտրոններում: Այս գիտաժողովը կարևորվում է նաև նրանով, որ քննարկվող առանցքային թեմաներից է ժամանակակից բուժման հնարավորություններ չունեցող երկրների համար ելքերի որոնումը, այդ թվում թանկարժեք դեղերով կլինիկական հետազոտությունների անցկացման հնարավորության ստեղծումը նաև Հայաստանում: Հարկ է նշել, որ նման հանդիպումները շարունակական բնույթ են կրում ու ամեն տարի կազմակերպվում են աշխարհի տարբեր երկրներում, և այսուհետ դրանց իր մասնակցությունը կունենա նաև Հայաստանը:

Կրծքագեղձի օնկոպլաստիկ երկու վիրահատություն

ԻՐԱԿԱՆԱՑՎԵՑ ԿՐԾՔԱԳԵՂՁԻ ՕՆԿՈՊԼԱՍՏԻԿ ԵՎՍ ԵՐԿՈՒ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆ

Տարբեր առիթներով բազմիցս խոսվել է կրծքագեղձի քաղցկեղի բուժման ժամանակ օրգան-պահպանողական վիրահատությունների, կրծքի կարևոր օրգան լինելու մասին` ինչպես երեխային կերակրելու, այնպես էլ կնոջ սեքսուալությունը պահպանելու առումով: Անդրադառնալով նշյալ թեմաներին՝ «Առողջ կրծքագեղձ» նախագիծն ընդլայնում է իր գործունեությունը նաև այս ոլորտում: 2015թ. դեկտեմբերին Ուռուցքաբանության ազգային կենտրոնում կատարվել է օնկոպլաստիկ երկու վիրահատություն: Վիրահատվել են երիտասարդ երկու կանայք` 40տ. Հ-ն և 42տ. Գ-ն, որոնց կրծքագեղձի քաղցկեղի բուժման վիրահատական փուլում անհրաժեշտ էր հեռացնել կրծքագեղձը, սակայն մեծ էր նաև կուրծքը պահպանելու ցանկությունը՝ թե՛ բժշկի կողմից, և թե՛ պացիենտների:

42տ. Գ-ի դեպքում կատարվել է աջ կրծքագեղձի ենթամաշկային արմատական հեռացում (պտուկը պահպանելով)՝ էքսպանդերի միաժամանակյա տեղադրմամբ: Էքսպանդերը սիլիկոնե պատյանով պարկ է, որի մեջ ժամանակի ընթացքում բժշկի միջամտությամբ դրսից լցվում է սովորական ֆիզլուծույթ, և այն լայնանալով՝ ձևավորում է նոր կուրծքը: Այս մեթոդը թույլ է տալիս պացիենտին ստանալ նաև քիմիաթերապևտիկ և ճառագայթային բուժում:

40տ. Հ-ի դեպքում իրականացվել է ձախ կրծքագեղձի ենթամաշկային ամպուտացիա (հեռացնելով նաև պտուկը)՝ սիլիկոնե իմպլանտի միաժամանակյա տեղադրմամբ: Այս եղանակով կինն արդեն վիրահատությունից հետո արթնանում է կրծքագեղձով, այսինքն` կուրծքը հեռացվում է ենթամաշկային եղանակով, և նույն մաշկի տակ է տեղադրվում սիլիկոնե իմպլանտը:

Արևմտյան այն երկրներում, որտեղ «Առողջ կրծքագեղձ» նախագծի հեղինակ բժիշկ-ուռուցքաբան Արթուր Ավետիսյանն անցել է մասնագիտական վերապատրաստումներ, վիրահատական այս մոտեցումները սովորական բնույթ են կրում: Թեև Հայաստանում այսպիսի վիրահատությունները դեռևս լայն տարածում չունեն, բայց «Առողջ կրծքագեղձ» նախագծի շրջանակներում մենք համառորեն աշխատում ենք այդ ուղղությամբ:

Ի դեպ, չի բացառվում նաև, որ եվրոպական բարերարների կողմից “Առողջ կրծքագեղձ” նախագիծը նվեր ստանա սիլիկոնե իմպլանտներ և էքսպանդերներ, ինչը զգալիորեն մատչելի կդարձնի այս տեսակ վիրահատությունները:

Կրծքագեղձի քաղցկեղից հետո երեխա ունենալը

ԿՐԾՔԱԳԵՂՁԻ ՔԱՂՑԿԵՂԻՑ ՀԵՏՈ ԵՐԵԽԱ ՈՒՆԵՆԱԼԸ

ՀՂԻՈՒԹՅՈՒՆ

Եթե կինը քաղցկեղի դեմ երկարատև բուժում է ստացել, ապա երեխա ունենալը բարդ որոշում է և՛ կնոջ, և՛ իր ամուսնու համար: Քաղցկեղի դեմ բուժվածները և նրանց զուգընկերները շատ խնդիրների լուծման շուրջ պետք է մտածեն իրենց ընտանիքը ստեղծելուց կամ արդեն ստեղծված ընտանիքում համալրում սպասելուց առաջ:

Հաճախ քաղցկեղի բուժումից հետո հղիությունն անվտանգ է և՛ մոր, և՛ երեխայի համար: Հղիությունը, կարծես, չի բարձրացնում քաղցկեղի կրկնության ռիսկը, թեև որոշ կանանց կարող է խորհուրդ տրվել մի քանի տարի խուսափել հղիությունից: Թե որքան երկար է պետք խուսափել հղիությունից, պայմանավորված է քաղցկեղի տեսակով և փուլով, բուժման տեսակով, կնոջ տարիքով:

Շատ հաճախ կանանց խորհուրդ է տրվում քիմիաթերապիայի ավարտից հետո 6 ամիս չհղիանալ, իսկ երբեմն առաջարկվում է երեխա ունենալուց առաջ սպասել 2-5 տարի: Սա խորհուրդ է տրվում ոչ թե նրա համար, որ վաղ բեղմնավորումը կարող է նպաստել քաղցկեղի առաջացմանը, այլ որ քաղցկեղը կարող է ինքնուրույն կրկնվել վաղ տարիներին: Բացի այդ, այդքան երկար սպասելը թույլ է տալիս կրծքագեղձի քաղցկեղի որոշ տեսակների բուժումն ավարտին հասցնել և ժամանակ է տալիս համոզվելու համար, որ քաղցկեղը ոչնչացված է, քանի որ հղիության ընթացքում քաղցկեղի բուժումն առավել բարդ է:

ՔԱՂՑԿԵՂԻ ԲՈՒԺՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՀՂԻՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԲԱԶՄԱԹԻՎ ԽՆԴԻՐՆԵՐ

Բուժման որոշ տեսակներ կարող են թուլացնել կնոջ օրգանիզմը: Թուլացած օրգանները մեծացնում են հղիության ընթացքում բարդությունների առաջացման ռիսկը, երբեմն բարձրանում է վիժելու հավանականությունը: Օրինակ, քիմիաթերապիան և ճառագայթային բուժումը կարող են վնասել սրտամկանի բջիջները՝ թուլացնելով այն: Քանի որ հղիության ընթացքում սիրտը ստիպված է ավելի լարված աշխատել, հղիության զարգացման դեպքում խնդիրները կարող են լուրջ բնույթի լինել: Երբ քիմիաթերապիան կիրառվում է ճառագայթային բուժման հետ, սրտի խնդիրների ռիսկն է՛լ ավելի է մեծանում: Այս խնդիրները կարող են առավել արտահայտվել ծննդաբերության ժամանակ:

ԱՊԱԳԱ ՆՈՐԱԾՆԻ ՄՈՏ ՔԱՂՑԿԵՂԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԻՍԿԸ

Շատ կանայք, ովքեր քաղցկեղ են ունեցել, վախենում են, որ իրենց երեխաների մոտ նույնպես կարող է քաղցկեղ զարգանալ: Հետազոտությունները ցույց են տվել, որ քաղցկեղով հիվանդների երեխաները բարձր ռիսկի խմբում չեն: Այնուամենայնիվ, քաղցկեղի որոշ տեսակներ ժառանգական են: Զուգընկերների մոտ ժառանգական քաղցկեղի դեպքում ծնված երեխաները կարող են գտնվել բարձր ռիսկի խմբի մեջ: Երեխաներ ունենալու մասին հարկ է խորհրդակցել նաև բժիշկգենետիկի հետ, ով կօգնի պարզելու որոշ ռիսկեր:

ՔԱՂՑԿԵՂԻ ԿՐԿՆՈՒԹՅԱՆ ՌԻՍԿԸ
Երբեմն կրծքագեղձի քաղցկեղով հիվանդներին խորհուրդ են տալիս մինչև հղիանալը սպասել երկու տարի: Գոյություն ունի որոշակի կապ հղիության ընթացքում բարձրացող հորմոնների մակարդակի և կրծքագեղձի քաղցկեղի բջիջների աճի միջև: Այնուամենայնիվ, որևէ գիտական ապացույց չկա, որ բուժումից հետո մինչև երկու տարի հղիացած կնոջ մոտ քաղցկեղի ռիսկերն աճում են: Նույնիսկ կան հետազոտություններ, որոնք ենթադրում են, որ կրծքագեղձի քաղցկեղի կրկնության ռիսկն ավելի ցածր է հաջորդող հղիությունից հետո: Նախքան հղիությունը պետք է պարզել սպասվելիք ռիսկը: Սա, իհարկե, այն դեպքում, երբ հղիությունը պահանջում է որոշ դեղորայքի ընդհատում: Օրինակ, տամօքսիֆենի ընդհատումը մեծացնում է քաղցկեղի կրկնության ռիսկը:

ԱՆՊՏՂՈՒԹՅՈՒՆ
Որոշ հիվանդների համար երբեմն կրծքագեղձի քաղցկեղի բուժումը դժվարացնում կամ անհնարին է դարձնում երեխա ունենալը: Բոլոր կանայք, ովքեր ցանկանում են երեխա ունենալ, մինչև բուժումն սկսելը պետք է խոսեն իրենց բժշկի հետ հնարավոր անպտղության մասին: Նրանք պետք է քննարկեն նաև պտղաբերության պահպանման տարբերակները:

Կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելում․ ինչպե՞ս նվազեցնել հավանականությունը

Կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելում ինչպե՞ս նվազեցնել հավանականությունը

Ռիսկի որոշ գործոններ, ինչպիսին, օրինակ, ընտանեկան պատմությունն է, փոխել հնարավոր չէ: Սակայն գենետիկական անալիզներով ապացուցված կրծքագեղձի քաղցկեղի ժառանգական նախատրամադրվածություն ունեցող կանանց արևմուտքում առաջարկում են կրծքագեղձերի պրոֆիլակտիկ հեռացում (ավելի մանրամասն կարդացեք «Ի վերջո, ինչո՞ւ վիրահատվեց Անջելինա Ջոլին» վերնագրով հոդվածում):

Ապրելակերպը փոխելով՝ դուք կարող եք նվազեցնել կրծքագեղձի քաղցկեղի հավանականությունը, և սա ապացուցվել է բազմաթիվ հետազոտությունների արդյունքում, անգամ բարձր ռիսկի խմբի կանանց մոտ:

  • Սահմանափակե՛ք ալկոհոլի օգտագործումը: Եթե դուք օգտագործում եք ալկոհոլ (անկախ տեսակից՝ գարեջուր, գինի, լիկյոր և այլն) ամեն օր (անկախ քանակից՝ անգամ մեկ բաժակ), ապա գտնվում եք ռիսկի գոտում:
  • Մի՛ ծխեք: Հետազոտությունների արդյունքները ենթադրում են անմիջական կապ ծխելու և կրծքագեղձի քաղցկեղի միջև, հատկապես երիտասարդ կանանց մոտ: Բացի այդ, ծխելու սովորությունից ազատվելն ամենալավ նվերներից է, որ կարող եք մատուցել ձեր առողջությանը:
  • Հետևե՛ք Ձեր քաշին: Գերքաշը և ճարպակալումը բարձրացնում են կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը: Սա է՛լ ավելի վտանգավոր է, երբ կինը գերքաշ է հավաքում դաշտանադադարից հետո:
  • Եղե՛ք ֆիզիկապես ակտիվ: Ֆիզիկական ակտիվությունն օգնում է զերծ մնալ գերքաշից և ճարպակալումից, որոնք համարվում են ռիսկի գործոններ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այս կապակցությամբ խորհուրդ է տալիս շաբաթական առնվազն 150 րոպե չափավոր ֆիզիկական ակտիվություն կամ 75 րոպե ակտիվ ֆիզիկական ակտիվություն: Սա անհրաժեշտ է համալրել առնվազն շաբաթը երկու անգամ ուժային մարմնամարզությամբ:
  • Կրծքով կերակրելը: Կրծքով կերակրելը կարող է որոշակի դեր խաղալ կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման գործում: Կինն ինչքան երկար կերակրի կրծքով, այնքան մեծ կլինի պաշտպանական էֆեկտը:
  • Հորմոնալ թերապիայի սահմանափակում: Հորմոն փոխարինող թերապիայից 3-5 տարի շարունակ օգտվելը բարձրացնում է կրծքագեղձի քաղցկեղի ռիսկը: Եթե օգտագործում եք հորմոնալ միջոցներ դաշտանադադարի տհաճ երևույթները նվազեցնելու նպատակով, ապա խորհրդակցեք բժշկի հետ որևէ այլ մեթոդի ընտրության համար: Այդ տհաճ երևույթներից կարելի է ազատվել նաև ոչ հորմոնալ մեթոդների շնորհիվ, օրինակ՝ ֆիզիկական ակտիվությամբ: Եթե, այնուամենայնիվ, դուք որոշել եք օգտագործել հորմոնալ դեղամիջոցներ, ապա հնարավորինս նվազեցրե՛ք դեղաչափը:

Կարո ՞ ղ է արդյոք առողջ սննդակարգը կանխարգելել կրծքագեղձի քաղցկեղը:

Հետազոտությունները, ցավոք, ցույց են տվել, որ մրգերով և բանջարեղենով կանոնավոր սնվելը չունի պաշտպանական հատկություն կրծքագեղձի քաղցկեղի նկատմամբ: Իսկ ճարպերի ցածր պարունակությամբ սննդակարգը կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը նվազեցնում է աննշան: Այնուամենայնիվ, առողջ սննդակարգը զգալիորեն իջեցնում է այլ տեսակի քաղցկեղների զարգացման հավանականությունը, ինչպես նաև՝ շաքարային դիաբետի, սրտային խնդիրների, ինսուլտի: Բացի այդ, առողջ սննդակարգը թույլ է տալիս զերծ մնալ ավելորդ քաշից, որն իր հերթին կարևոր գործոն է կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման գործում:

Կա ՞ արդյոք կապ հակաբեղմնավորիչների օգտագործման և կրծքագեղձի քաղցկեղի առաջացման միջև:

Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ հակաբեղմնավորիչների երկարատև օգտագործումը որոշակիորեն բարձրացնում է կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը, և սա վերաբերում է հատկապես երիտասարդ կանանց: Սակայն այդ դեղահաբերի օգտագործումը դադարեցնելուց 10 տարի անց ռիսկը նվազում է և հասնում այնպիսի մակարդակի, ինչպիսին հակաբեղմնավորիչ դեղեր երբևէ չօգտագործած կանանց մոտ է:

Կրծքագեղձի վերականգնողական վիրահատություններ

ԿԱՏԱՐՎԵՑԻՆ ԿՐԾՔԱԳԵՂՁԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2016թ. մայիսի 24-ից հունիսի 10-ը «Առողջ կրծքագեղձ» նախագծի և ամերիկահայ վիրաբույժ Արթուր Սալիբյանի հետ համագործակցության շրջանակներում Ուռուցքաբանության ազգային կենտրոնում կատարվեցին կրծքագեղձի վերականգնողական վիրահատություններ՝ մարմնի սեփական հյուսվածքներից և իմպլանտների կամ էկսպանդերների կիրառմամբ:

Կատարվել են նաև վիրահատություններ, երբ կուրծքը հեռացվում է ենթամաշկային եղանակով, այսինքն՝ պահպանվում են և՛ մաշկը և՛ պտուկը, միաժամանակ հեռացված կրծքագեղձի փոխարեն տեղադրվում է էկսպանդեր: Բժիշկ Սալիբիանի հետ համագործակցությունը թույլ է տվել ընդօրինակել նրա փորձը՝ հարստացնելով սեփականը: Հարկ է նշել, որ կրծքագեղձի քաղցկեղի բուժման համալիր մոտեցման գործում կարևորվում է կնոջ այս օրգանի պահպանումը: Մյուս կողմից, այն կարևորվում է նաև կնոջ հոգեբանական խնդրի հաղթահարման տեսանկյունից, քանի որ հիվանդների մեծամասնության համար կրծքագեղձի կորուստը ոչ միայն համարվում է ֆիզիկական թերություն, այլև դառնում է էմոցիոնալ խանգարումների պատճառ: Կինը գտնում է, որ կրծքագեղձը կորցնելով՝ զրկվում է իր հմայքից, կանացիությունից, սեքսուալությունից, հետևաբար քաղցկեղից բուժվելուց հետո դժվարությամբ է վերադառնում իր նախկին բնականոն կյանքին: Ուռուցքաբան-մամոլոգներն իրենց գործունեության ընթացքում ամեն կերպ փորձում են պահպանել կրծքագեղձը, բայց երբեմն հիվանդի ուշ դիմելիության պատճառով հնարավոր չի լինում պատշաճ բուժում ապահովել (կուրծքը պահպանելով), և ստիպված ենք լինում հեռացնել կրծքագեղձը: Իսկ վերոնշյալ վերականգնողական վիրահատությունների շնորհիվ կրծքագեղձի վերականգնումը հնարավոր է դառնում անմիջապես այն հեռացնելուց հետո (միաժամանակ), ինչպես նաև տարիներ կամ ամիսներ առաջ արդեն իսկ հեռացված կրծքագեղձի վերականգնումը:

Կրծքագեղձի պլաստիկ վիրահատություններ

«Առողջ կրծագեղձ» նախագիծը սերտորեն համագործակցում է տարբեր երկրներից Հայաստան ժամանող բժիշկ-մասնագետների հետ, ովքեր խորհրդատվություններ և վիրահատություններ են անցկացնում Հայաստանում։

Նման համագործակցության շրջանակներում հաճախ վիրահատություններ են կազմակերպվում հատկապես այն կանանց համար, ում կրծքագեղձի քաղցկեղի բուժման ընթացքում հնարավոր չի եղել կատարել օրգանպահպանողական վիրահատություն, և հեռացվել է կրծքագեղձը, ինչպես նաև նրանց, որոնց առաջիկայում սպասվում է նման վիրահատություն:

2015թ. հոկտեմբերին, ինչպես նաև 2016թ. մայիսին ԱՄՆից հրավիրված հայազգի պրոֆեսոր Արթուր Սալիբյանի հետ համատեղ իրականացվել են կրծքագեղձի պլաստիկ/վերականգնողական վիրահատություններ: Անհրաժեշտության դեպքում իրականացվում է նաև կրծքագեղձի քաղցկեղի վիրահատական բուժում՝ միաժամանակյա պլաստիկայով:

Առաջիկայում կայանալիք նման վիրահատությունների մանրամասներին ծանոթանալու համար այցելեք կայքի «Հայտարարություններ» բաժինը։

Կրծքագեղձի ժառանգական քաղցկեղ

Կրծքագեղձի ժառանգական քաղցկեղ

Կրծքագեղձի քաղցկեղի միայն 5-10% դեպքերն են պայմանավորված ժառանգական նախատրամադրվածությամբ: Կրծքագեղձի ժառանգական քաղցկեղն ուսումնասիրվում է ավելի քան քսան տարի, արդյունքում հայտնաբերվել են բազմաթիվ գեներ, սակայն դրանցից պրակտիկ կիրառում առայժմ ստացել են միայն երկուսը: 1994-1995թթ. հայտնաբերվել են BRCA1 և BRCA2 գեները, որոնք ասոցացվում են կրծքագեղձի քաղցկեղի հետ: Այս գեների մուտացիան զգալիորեն բարձրացնում է կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը:

Ի՞նչ է BRCA թեստավորումը

BRCA գենետիկական թեստը մոլեկուլային ախտորոշիչ հետազոտություն է՝ կրծքագեղձի, ձվարանների և/կամ դրանց հետ ասոցացված քաղցկեղների բարձր ռիսկով անհատների մոտ BRCA1 և BRCA2 գեներում մուտացիաների հայտնաբերման համար: BRCA1 և BRCA2 գեներում մուտացիաները հանգեցնում են կրծքագեղձի և ձվարանների ժառանգական քաղցկեղի զարգացմանը: Մուտացիաներից ցանկացած մեկը կրող կանայք ունեն 60-80% կրծքագեղձի քաղցկեղի և 20-50% ձվարանների քաղցկեղի ռիսկ: BRCA2 գենում մուտացիա կրող տղամարդիկ ունեն 6-8% ռիսկ ենթաստամոքսային գեղձի, լյարդի, շագանակագեղձի և կրծքագեղձի քաղցկեղի զարգացման համար, որոնք կարող են փոխանցվել հետագա սերունդներին:

Գենետիկական հետազոտության անցկացման համար ընտանեկան պատմությունը և տարիքը ամենակարևոր չափանիշներն են, հետևաբար նախքան գենետիկական թեստավորումն անհրաժեշտ է իրականացնել գենետիկական խորհրդատվություն, որի արդյունքում պարզվում է BRCA թեստավորման անհրաժեշտությունը: Խորհրդատվությունն իրենից ներկայացնում է մի հարցաշար, որին պատասխանելուց հետո հաշկվարկվում է կնոջ մոտ նշված մուտացիաների առկայության հավանականությունը և որոշում է կայացվում BRCA թեստավորման կատարման անհրաժեշտության վերաբերյալ:

Մուտացիայի հայտնաբերման դեպքում քաղցկեղի զարգացման և ընդհանուր մահացության հավանականությունը փոքրացնելու համար գոյություն ունեն հետևանքների նվազեցման մի շարք միջոցառումներ: Այս միջոցառումները ներառում են կանխարգելիչ երկկողմանի մաստէկտոմիա և ձվարանների երկկողմանի հեռացում, հորմոնալ կամ այլ դեղորայքային թերապիա և պրոֆիլակտիկ միջոցառումներ: Հաշվի առնելով ներկայումս հասանելի կանխարգելիչ միջոցառումները՝ BRCA գենի հայտնաբերումն անհրաժեշտ տեղեկություններ է ապահովում հիվանդներին և բժիշկներին հետագա օպտիմալ որոշումը կայացնելու համար:

Կրծքագեղձի և/կամ ձվարանի քաղցկեղի գենետիկական խորհրդատվության ուղեցույցային չափորոշիչները

  1. Կրծքագեղձի քաղցկեղով հիվանդը՝ ախտորոշված 40 տարեկան կամ ավելի վաղ հասակում (անկախ ընտանեկան պատմությունից):
    2. Կրծքագեղձի եռակի բացասական (triple negative) քաղցկեղով հիվանդը՝ ախտորոշված ցանկացած տարիքում:
    3. Կրծքագեղձի երկու առաջնային քաղցկեղներով հիվանդը, երբ առաջին քաղցկեղն ախտորոշվել է մինչև 50տ. հասակում:
    4. Կրծքագեղձի կամ ձվարանի քաղցկեղով ցանկացած տարիքում ախտորոշված հիվանդը, եթե առկա է նշվածներից որևէ մեկը.
    ասոցացված քաղցկեղի (ձվարանի կամ կրծքագեղձի) անհատական պատմություն,
    կրծքագեղձի կամ ձվարանի քաղցկեղի(ախտորոշված մինչև 50տ.) ընտանեկան դեպք,
    • երկկողմանի կրծքագեղձ քաղցկեղ (ձվարանի քաղցկեղի դեպքում),
    տղամարդու կրծքագեղձի քաղցկեղի ընտանեկան դեպք,
    միևնույն ծնողական կողմից երկու կամ ավելի հարազատների մոտ ցանկացած տարիքում (մինչև 80տ.) ախտորոշված կրծքագեղձի քաղցկեղի ընտանեկան պատմություն:
    5. Կրծքագեղձի քաղցկեղի անհատական պատմությամբ ցանկացած տղամարդ հիվանդ
    6. Ցանկացած անհատ, ում ընտանիքում հայտնաբերվել է BRCA1/2 գենի մուտացիա:

 

Կիստա կրծքագեղձում

Ի՞նչ է կրծքագեղձի կիստան: Համառոտ բնորոշմամբ կիսատն պարկ է, որը լցված է հեղուկով: Կրծքագեղձի կիստան այդ օրգանի ամենից հաճախ հանդիպող բարորակ գոյացությունն է: Որպես կանոն (հիմնականում) այն կարելի է անգամ խնդիր չհամարել: Սովորաբար կնոջ օրգանիզմում տարիքին զուգահեռ կատարվող հորմոնալ փոփոխությունները կարող են առաջացնել կրծքագեղձի կիստա: Կրծքագեղձում կիստաների քանակը կարող է տատանվել մեկից մինչև մի քանի տասնյակի սահմանում, իսկ դրանց չափերը կարող են լինել մի քանի միլիմետրից մինչև մի քանի սանտիմետր: Դրանք կարող են առաջանալ կրծքագեղձերի ցանկացած հատվածում: Կանանց մեծ մասն անգամ չի էլ իմանում իր կրծքում կիստայի առկայության մասին: Կիստաներն ավելի շատ հանդիպում են 35-ից բարձր տարիքում: Նրանց առաջացման հավանականությունը մեծանում է 45-50 տարեկանին մոտ, երբ կնոջ օրգանիզմում հորմոնալ փոփոխությունների արագությունն աճում է: Իսկ արդեն դաշտանադադարից հետո կիստաների մեծ մասը սկսում են ներծծվել: Կիստաները հաճախ են հանդիպում այն կանանց մոտ, ովքեր ստանում են հորմոն-փոխարինող թերապիա:

Այս ամենի հետ մեկտեղ պետք է նշել, որ կրծքագեղձի կիստան իրենից վտանգ չի ներկայացնում: Կանանց մեծ մասը վախենում է, որ կիստան կարող է վերածվել քաղցկեղի: Շտապենք տեղեկացնել, որ չկա որևէ ապացույց, որ կրծքագեղձի կիստան կարող է վերածվել քաղցկեղի. հասարակ կիստայի շրջանում քաղցկեղի առաջացումը համարվում է զուգադիպություն:

Կիստաների մեծ մասը չունի բուժման կարիք: Եվ պետք չէ անհանգստանալ, եթե հերթական ստուգման ժամանակ պարզվի, որ կիստան ոչ թե անհետացել է, այլ նույնիսկ մեծացել է մի քանի միլիմետրով: Պետք չէ համառորեն փորձել բուժվել փոքր կիստաներից՝ ակնկալելով հաջորդ հետազոտության ժամանակ ստանալ սոնոգրաֆիկ իդեալական պատկեր: Եթե կիստան անհանգստացնում է կնոջը, եթե այն բորբոքվել է և/կամ ցավ է պատճառում, անգամ, եթե խիստ անհանգստացնում է միայն հոգեբանորեն, ապա բժիշկը բացարձակ անցավ կարող է հեռացնել կիստայի պարունակությունը բարակ ասեղի միջոցով: Եթե կիստան նորից լցվում է հեղուկով, երբեմն հարկ է լինում այն դատարկել մի քանի անգամ: Պարունակությունը լինում է տարբեր գույնի և երանգի՝ բաց դեղինից մինչև մուգ շագանակագույն: Որպես կանոն՝ այն անգամ կարիք չի ունենում բջջաբանական հետազոտության (իհարկե, բժշկի որոշմամբ): Եթե դատարկված կիստան լցվում է 24 ժամվա ընթացքում, ապա պետք է անմիջապես բժշկին հայտնել դրա մասին: Հազվադեպ հանդիպում են բազմախտրոց, ներկիստոզ հյուսվածքային կոմպոնենտներով բարդ կիստաներ: Չի բացառվում, որ նման դեպքերում բժիշկն առաջարկի Ձեզ ոչ շտապ, այսինքն պլանային վիրահատական բուժում:

Ստուգվե՛ք կրծքագեղձի մասնագետի մոտ և համոզվելով, որ Ձեզ մոտ ընդամենը հասարակ կիստա է, ապրե՛ք հանգիստ և առանց կպչուն մտքերի:

Ինչ է քաղցկեղը

Շարունակ խոսում և լսում ենք քաղցկեղ հիվանդության մասին, լինի դա կրծքագեղձի, թոքի, մաշկի կամ այլ օրգանի: Բայց թերևս քչերը գիտեն, թե իրականում ինչ է իրենից ներկայացնում այն: Եկեք փորձենք հասկանալ, թե ինչ է քաղցկեղն ընդհանրապես, ինչպես է այն առաջանում, տարածվում (մետաստազավորում) և այլն: 

Ի՞ՆՉ Է ՔԱՂՑԿԵՂԸ

Քաղցկեղը մոտ 100 տարբեր հիվանդությունների ընդհանուր անվանումն է: Չնայած գոյություն ունեն քաղցկեղի բազմաթիվ տարատեսակներ, բոլոր քաղցկեղներն առաջանում են, երբ ոչ նորմալ բջիջները սկսում են անկանոն բազմանալ: Չբուժվելու դեպքում քաղցկեղը կարող է առաջացնել ծանր բարդություններ և մահվան պատճառ հանդիսանալ:

ՕՐԳԱՆԻԶՄԻ ՆՈՐՄԱԼ ԲՋԻՋՆԵՐԸ

Մարդու օրգանիզմը կազմված է տրիլիոնավոր բջիջներից, որոնք աճում են, կիսվում՝ առաջացնելով նոր բջիջներ և մահանում: Վաղ տարիքում նորմալ բջիջներն ավելի արագ են կիսվում, ինչը թույլ է տալիս մարդուն աճել: Երբ մարդն արդեն դառնում է հասուն, բջիջների մեծամասնությունը կիսվում է միայն մահացող բջիջներին փոխարինելու կամ վնասվածքները վերականգնելու համար:

ԻՆՉՊԵ՞Ս Է ԱՌԱՋԱՆՈՒՄ ՔԱՂՑԿԵՂԸ

Քաղցկեղն առաջանում է, երբ օրգանիզմի որևէ հատվածում բջիջները սկսում են անկանոն բազմանալ: Քաղցկեղային բջիջների աճը տարբերվում է նորմալ բջիջների աճից: Քաղցկեղի բջիջները մահանալու փոխարեն շարունակում են աճել և առաջացնել նոր՝ ոչ նորմալ բջիջներ: Քաղցկեղային բջիջները, ի տարբերություն նորմալ բջիջների, կարող են նաև ներխուժել այլ հյուսվածքներ և աճել նրանց մեջ: Այս երկու հիմնական հատկանիշներն են բնորոշ քաղցկեղի բջիջներին՝ անկանոն աճը և ներխուժումը դեպի օրգանիզմի այլ հյուսվածքներ:

Բջիջները դառնում են քաղցկեղային ԴՆԹ-ի (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) վնասման հետևանքով: ԴՆԹ-ն կա յուրաքանչյուր բջջում, և այն կարգավորում է նրա բոլոր գործողությունները: Եթե նորմալ բջջում ԴՆԹ-ն վնասվում է, բջիջը կամ վերանորոգում է այն, կամ ինքն է մահանում: Քաղցկեղային բջիջներում վնասված ԴՆԹ-ն չի վերանորոգվում, և, ի տարբերություն նորմալ բջիջների, քաղցկեղային բջիջներն այս դեպքում չեն մահանում, այլ, ընդհակառակը, այդ վնասված բջիջները սկսում են արտադրել օրգանիզմի համար անպետք նոր բջիջներ: Այս բոլոր նոր առաջացած բջիջներն ունենում են նույն վնասված ԴՆԹ-ն, ինչ վնասված ԴՆԹ-ով «մայր» բջիջը, որից իրենք առաջացել են:

Մարդը կարող է ժառանգել աննորմալ ԴՆԹ (ստանալ ծնողներից), բայց առավել հաճախ ԴՆԹ-ի վնասումն առաջանում է նորմալ բջիջների բազմացման ժամանակ առաջացած սխալների կամ շրջապատի որևէ ազդեցության հետևանքով: Երբեմն ԴՆԹ-ի վնասման պատճառը կարող է լինել շատ ակնհայտ, օրինակ՝ ծխելը կամ արևի չափից ավելի ճառագայթումը: Սակայն, հիմնականում, շատ դժվար է լինում պարզել անհատի մոտ քաղցկեղի առաջացման հիմնական պատճառը:

Հիմնականում քաղցկեղային բջիջները ձևավորում են ուռուցք, և ժամանակի ընթացքում ուռուցքը կարող է փոխարինել նորմալ հյուսվածքին, ներխուժել դրա մեջ կամ հրել նորմալ հյուվածքին մի կողմ: Քաղցկեղի որոշ տեսակներ, որոնցից է, օրինակ, լեյկեմիան, հազվադեպ են ձևավորում ուռուցքներ: Փոխարենը, այս քաղցկեղային բջիջները ներառում են արյունն ու արյուն առաջացնող օրգանները և պտտվում են այլ հյուսվածքների մեջ, որտեղ աճում են:

ԻՆՉՊԵ՞Ս Է ՏԱՐԱԾՎՈՒՄ ՔԱՂՑԿԵՂԸ

Քաղցկեղային բջիջները հաճախ ճամփորդում են օրգանիզմի այլ մասեր, որտեղ նրանք աճում են և ձևավորում են նոր ուռուցքներ: Սա լինում է, երբ քաղցկեղային բջիջներն ընկնում են արյան հունի կամ ավշային անոթների մեջ: Քաղցկեղի բջիջների տարածման գործընթացը կոչվում է մետաստազավորում:

Անկախ նրանից, թե քաղցկեղային բջիջները որտեղ են տարածվում, քաղցկեղի անվանումը միշտ պայմանավորված է օրգանիզմի այն տեղով, որտեղ այն ի սկզբանե առաջացել է: Օրինակ՝ հաստ աղու քաղցկեղը, որը տարածվել է դեպի լյարդ, կոչվում է ոչ թե լյարդի քաղցկեղ, այլ հաստ աղու մետաստատիկ քաղցկեղ: Այս դեպքում լյարդից վերցված քաղցկեղային բջիջները կլինեն նույնը, ինչ հաստ աղուց վերցվածները: Դրանց բուժումը նույնպես նույն ճանապարհներով կընթանա:

Տարբեր տեսակի քաղցկեղները կարող են ունենալ բոլորովին տարբեր պատկեր: Օրինակ՝ թոքի և մաշկի քաղցկեղները լրիվ տարբեր հիվանդություններ են: Դրանք ունեն աճի տարբեր տեմպեր և տարբեր կերպ են արձագանքում բուժման տարբեր տեսակների: Սա է պատճառը, որ քաղցկեղով հիվանդներին անհրաժեշտ է ստանալ հենց իրենց քաղցկեղի տեսակի համար նախատեսված բուժում:

ՈՒՌՈՒՑՔՆԵՐ, ՈՐՈՆՔ ՔԱՂՑԿԵՂ ՉԵՆ

Ուռուցքը բջիջներից կազմված աննորմալ գոյացություն է, բայց ոչ բոլոր ուռուցքներն են քաղցկեղ: Այն ուռուցքները, որոնք քաղցկեղ չեն, կոչվում են բարորակ: Բարորակ ուռուցքները ևս կարող են խնդիրներ առաջացնել. նրանք կարող են աճել և հասնել մեծ չափերի ու ճնշել հարակից առողջ օրգաններն ու հյուսվածքները: Բայց դրանք չեն կարող ներխուժել այլ հյուսվածքներ և տարածվել դեպի օրգանիզմի այլ մասեր (մետաստազավորել): Այս ուռուցքները հազվադեպ են կյանքի համար վտանգավոր լինում:

Դուք հետևու՞մ եք Ձեր մարմնին

Դուք հետևու՞մ եք Ձեր մարմնին:

Կրծքագեղձի ինքնազննման նպատակն է կրծքագեղձի տարբեր հիվանդությունների ախտանիշների վաղ հայտնաբերումը և ժամանակին համապատասխան մասնագետի դիմելը:

Կրծքագեղձի առողջությանը հետևելու չորս հիմնական սկզբունքներն են՝

  1. Կատարել կրծքագեղձի ամենամսյա ինքնազննում:
  2. Ենթարկվել կրծքագեղձի ամենամյա ստուգման բժշկի կողմից:
  3. Պարբերաբար անցնել հետազոտություն (մամոգրաֆիկ կամ ուլտրաձայնային)՝ ըստ բժշկի ցուցումների:
  4. Վարել համապատասխան առողջ ապրելակերպ:

Ինքնազննումը ցանկալի է կատարել ամեն ամիս՝ դաշտանային ցիկլի առաջին կեսին:

 

Կրծքագեղձի զննումը դիտելով

Յուրաքանչյուր կին պետք է իմանա, որ դաշտանի ավարտից 2-3 օր անց հայելու առջև կարող է և պետք է զննի կուրծքը:

Դաշտանադադարից հետո կրծքագեղձի զննումը պետք է կատարվի յուրաքանչյուր ամսվա առաջին օրը՝ առաջ հակված, թևերը կոնքերին՝ նայելով, թե կա՞ արդյոք փոփոխություն: Իսկ փոփոխություն նկատելու դեպքում հարկավոր է դիմել մասնագետի խորհրդատվությանը:

 

Զննում՝ ձեռքերը վեր բարձրացրած

Ձեռքերը բարձրացնել, իրար միացրած ու սեղմած վիճակում դնել գլխի ետնամասում և կրծքագեղձի վրա փնտրել այտուցվածության, պիգմենտացիայի, փոսընկածության, մաշկի կնճռոտվածության, կրծքագեղձի ձևի կամ կառուցվածքի փոփոխության հետքեր:

 

Կրծքագեղձի կլինիկական քննություն

Յուրաքանչյուր կին առնվազն տարին մեկ անգամ պետք է ենթարկվի գինեկոլոգիական ընդհանուր քննության` անկախ այն հանգամանքից, թե կինն ինքը զգում է դրա անհրաժեշտությունը, թե՝ ո՛չ:

Գինեկոլոգիական քննության ընթացքում հիշեցրեք Ձեր բժշկին ստուգել նաև ձեր կուրծքը, կամ դիմեք կրծքագեղձի մասնագետին:

Կրծքագեղձի պնդության, ցավոտության, ատիպիկ լցվածության կամ թորշոմության, մաշկի փոփոխության, հյուսվածքի շարժունակության դժվարության, պտուկից արտադրության, մաշկի գույնի փոփոխության, անսովոր արտահայտված ցավի, պտուկի ներանկման դեպքում ցուցված է կրծքագեղձի լիարժեք կլինիկական հետազոտություն՝ ներառյալ լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ:

Երբեմն անութափոսում (թևատակում) կարող եք հայտնաբերել մեծացած ավշային հանգույց, բայց միաժամանակ ոչինչ չհայտնաբերվի կրծքում: Բավականին հազվադեպ, բայց հնարավոր է, որ այդ հանգույցը հետևանք է կրծքագեղձում որևէ խնդրի: Հարկավոր է, որ նրանց կապը բացառի մասնագետը: Նման դեպքում պետք է շտապ դիմել բժշկի:

1 2 3 4 6

Search

+