Ինչ է մամոգրաֆիան

ՃԻՇՏ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ՄԱՄՈԳՐԱՖԻԱՅԻՆ: ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՑ 

2011 թվականին ամբողջ աշխարհում ավելի քան 500 հազար կին մահացել է կրծքագեղձի քաղցկեղից: Սա կանանց շրջանում ամենատարածված ուռուցքային հիվանդությունն է: Այն երկրներում, որտեղ առկա է մատչելի վաղ ախտորոշում և որակյալ բուժում, այդպիսի հիվանդների ապրելիությունը կազմում է մոտավորապես 80%՝ հիմնականում հիվանդության վաղ հայտնաբերման շնորհիվ:

Մամոգրաֆը կրծքագեղձի ռենտգենաբանական հետազոտման համար նախատեսված սարք է, որը հնարավորություն է տալիս հայտնաբերել չարորակ նորագոյացությունները: Մամոգրաֆիան կրծքագեղձի քաղցկեղի վաղ ախտորոշման առայժմոսկեստանդարտ եղանակ է, սակայն շատ կանանց անհանգստացնում է գործողության ժամանակ առաջացող ցավը:

Համաձայն Քաղցկեղի ամերիկյան ասոցիացիայի (American Cancer Society) ուղեցույցների՝ ԱՄՆում 40-44 տարեկան կանայք պետք է կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգ սկսելու հնարավորություն ունենան, 45-54 տարեկանում ահրաժեշտ է մամոգրաֆիան անցնել յուրաքանչյուր տարի: 55 տարեկանն անց կանանց կարելի է այն իրականացնել ավելի պակաս հաճախականությամբ ՝ երկու տարին մեկ անգամ, կամ պահպանել ամենամյա ռեժիմը: Որոշ դեպքերում սքրինինգն անհրաժեշտ է սկսել 25 տարեկանից, եթե նախկինում տվյալ հիվանդի կամ նրա ընտանիքի անդամների մոտ արդեն ախտորոշվել է կրծքագեղձի քաղցկեղ:

Մամոգրաֆիան տևում է մոտավորապես 20 րոպե: Այդ ընթացքում բժիշկը պացիենտի կրծքագեղձը տեղադրում է 2 թիթեղների միջև, որոնցից մեկն անշարժացնում է կուրծքը, իսկ երկրորդը գրանցում է պատկերը: Կրծքագեղձի սեղմումը հնարավորություն է տալիս ավելի հստակ պատկեր ստանալ, որն արտացոլում է հյուսվածքների ամբողջ կառուցվածքը:

Գործողության ցավոտությունը մի քանի գործոններով է պայմանավորված, ինչպիսիք են՝ բժշկի կամ բուժքույրտեխնիկի պատրաստվածությունը, պացիենտի անհանգստությունը կամ կրծքագեղձի կառուցվածքը: Եթե մամոգրաֆը սխալ դիրքում գտնվի, այն նույնպես կարող է խնդիրներ առաջացնել: Օրինակ, որոշ դեպքերում կանայք ստիպված են թեքվել՝ թիթեղների ոչ ճիշտ բարձրության պատճառով: Այդ դեպքում պացիենտները կարող են ցավ զգալ մեջքի կամ պարանոցի շրջանում: Բացի այդ, կրծքագեղձերում ֆիբրոզկիստոզ փոփոխություններ ունեցող կանայք ավելի են հակված մամոգրաֆիայի ընթացքում ցավ զգալու:

Ցավային զգացողություններից խուսափելու համար ը խորհուրդ եմ տալիս հետևել մի քանի կանոնների:

Անհրաժեշտ է ճիշտ որոշել գործողությունն իրականացնելու ժամանակը. մամոգրաֆիայի իրականացումը պետք է պլանավորել դաշտանային ցիկլից մեկ շաբաթ անց: Այլ ժամանակահատվածում հորմոնային տատանումները կարող են ավելացնել գործողության ցավոտությունը:

Անհրաժեշտ է գործողությունն իրականացնող մասնագետին տեղեկացնել ֆիբրոզկիստոզային փոփոխությունների առկայության կամ նախկինում մամոգրաֆիայի իրականացման ժամանակ առաջացած ցավերի մասին:

Սուրճ կամ կոֆեին պարունակող գազավորված ըմպելիքները չարաշահող կանայք պետք է սահամանափակեն դրանց ընդունումը երկու շաբաթ առաջ` նախքան մամոգրաֆիայի իրականացումը, քանի որ այն կարող է կրծքագեղձի հյուսվածքներն ավելի զգայուն դարձնել:

Անհրաժեշտ է դիտարկել ոչ ստերոիդ հակաբորբոքիչ դեղամիջոցների ընդունման հնարավորությունը գործողության իրականացումից 45-60 րոպե առաջ

Կրծքագեղձի և մամոգրաֆի թիթեղների միջև փափուկ շերտի առկայությունը կարող է զգալիորեն նվազեցնել գործողության ցավոտությունը:

Մամոգրաֆիայի ընթացքում անհրաժեշտ է շնչել դանդաղ և խորը. այն կարող է նվազեցնել տագնապի հետ կապված ցավի արտահայտվածությունը

Կանանց, ովքեր պլանավորում են շուտով ընդհատել երեխային կրծքով կերակրումը, մասնագետները խորհուրդ են տալիս վերանայել մամոգրաֆիայի իրականացման հետաձգման հնարավորությունը:

Ցավային զգացողությունների առաջացման դեպքում անհրաժեշտ է այդ մասին անմիջապես հայտնել բժշկին, հատկապես եթե ցավն անտանելի է: Մամոգրաֆիան չպետք է այնպիսի զգացողություններ առաջացնի, որոնց պատճառով կինը սկսի խուսափել գործողության կրկնությունից

Մամոգրաֆիան հարաբերականորեն անվտանգ է, թեև պահանջում է ճառագայթման ցածր չափաբաժինների կարճաժամկետ ազդեցություն: Գործողության հիմնական թերությունն այն է, որ հնարավորություն է տալիս հայտնաբերել քաղցկեղի ոչ բոլոր տեսակները: Հետազոտության բարձր զգայնության պատճառով երբեմն կարող են արձանագրվել կեղծ դրական արդյունքներ: Նախկինում մամոգրաֆիա անցած կանանց խորհուրդ եմ տալիս իրենց հետ վերցնել նախորդ նկարները, որը հնարավորություն կտա բժշկին համեմատել հին և նոր տվյալները` բարձրացնելու ախտորոշման ճշտությունը:

Կրծքագեղձի ֆիլոիդ ուռուցքներ

Կրծքագեղձի ֆիլոիդ ուռուցքներ

Կրծքագեղձի ֆիլոիդ ուռուցքները հազվադեպ են հանդիպում՝ կազմելով կրծքագեղձի բոլոր տեսակի ուռուցքների 1%-ից էլ քիչ մասը։ «Ֆիլոիդ» անվանումը հունարենից թարգմանաբար նշանակում է «տերևանման» (ուռուցքի բջիջներն աճում են տերևանման մոդելով)։ Այս ուռուցքներն այլ կերպ անվանում են նաև «տերևանման ուռուցք» կամ «տերևանման ֆիբրոադենոմա»։ Չնայած նրան, որ ֆիլոիդ ուռուցքների մեծամասնությունը բարորակ է, հանդիպում են նաև դրանց չարորակ տեսակները, իսկ որոշներն էլ սահմանային են՝ հարելով ոչ քաղցկեղայինի և քաղցկեղայինի միջև ընկած սահմանին։ Այս երեք տեսակներն էլ վիրահատական միջամտություն են պահանջում։ Ֆիլոիդ ուռուցքները կարող են առաջանալ ցանկացած տարիքում, բայց դրանք հակված են զարգանալու կնոջ` 40-50 տարեկան հասակում։ Բարորակ ֆիլոիդ ուռուցքները, ի տարբերություն չարորակների, սովորաբար ախտորոշվում են ավելի երիտասարդ տարիքում:

Ֆիլոիդ ուռուցքների զարգացումը

Ֆիլոիդ ուռուցքներն առաջանում են կրծքագեղձի ծորաններից և բլթակներից դուրս և զարգանում են կրծքագեղձի շարակցական հյուսվածքում, որը կոչվում է ստրոմա։ Ստրոման իր մեջ ներառում է ճարպային հյուսվածքը, ծորաններն ու բլթակները շրջապատող մկանները և կրծքագեղձի արյունատար ու ավշային անոթները։ Ստրոման կարելի է պատկերացնել որպես մի հյուսվածք, որը կրծքագեղձում «ամեն բան կապակցված է պահում»։ Բացի ստրոմայի բջիջներից ֆիլոիդ ուռուցքները կարող են պարունակել նաև ծորանների և բլթակների բջիջներ։

Ախտանիշներ

Որպես կանոն ֆիլոիդ ուռուցքը հստակ շոշափվում է: Այն արագ աճելու հակում ունի մի քանի շաբաթների կամ ամսիների ընթացքում կարող է հասնել 2-3սմ, իսկ ընդհանրապես, ֆիլոիդ ուռուցքի չափերը կարող են հասնել մինչև ավելի քան 15-20սմ: Նման արագընթաց աճը դեռևս չի նշանակում, որ ֆիլոիդ ուռուցքը չարորակ է: Գոյացությունը սովորաբար ցավոտ չի լինում։ Ժամանակի ընթացքում ֆիլոիդ ուռուցքը կարող է մեծանալ և տեսանելի ուռուցիկ տեսք ստանալ՝ սեղմվելով մաշկին։ Առավել խորացած դեպքերում ֆիլոիդ ուռուցքը կարող է մաշկի վրա խոցի պատճառ դառնալ կամ բաց վերք առաջացնել։

Ախտորոշում

Ֆիլոիդ ուռուցքի դեպքում ախտորոշումը կարող է բավականին դժվար լինել, քանի որ ուռուցքի այս տեսակը պրակտիկայում հաճախադեպ չէ։ Ֆիլոիդ ուռուցքը կարող է նմանվել նաև կրծքագեղձի` առավել հաճախ հանդիպող բարորակ գոյացությանը` ֆիբրոադենոմային, որն առավել հաճախ հանդիպում է ավելի երիտասարդ կանանց մոտ: Ի տարբերություն ֆիբրոադենոմայի, ֆիլոիդ ուռուցքներն ավելի արագ աճի հակում ունեն և զարգանում են 40-50 տարեկանում:

Ֆիլոիդ ուռուցքների ախտորոշումը սովորաբար ներառում է մի քանի գործողությունների համակցություն՝

  • Կրծքագեղձերի զննում հնարավոր է, որ բժիշկը կարողանա շոշափել գոյացությունը կրծքագեղձում, կամ էլ դուք ինքներդ շոշափեք այն ինքնազննման ժամանակ։
  • Մամոգրաֆիա՝ ստանալու կրծքագեղձի ռենտգենյան նկարներով պատկերը (մամոգրամա) և տեղորոշելու գոյացությունը։ 
  • Ուլտրաձայնային հետազոտություն (սոնոգրաֆիա)՝ ստանալու կրծքագեղձի ձայնալիքային նկարներով պատկերը։ Նկարները ձևավորվում են, երբ կրծքագեղձի հյուսվածքն «արձագանքում» է ձայնային ալիքներին։
  • Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ)՝ ստանալու ուռուցքի լրացուցիչ նկարներով պատկերը, որը կօգնի վիրահատության պլանավորմանը։
  • Բիոպսիա՝ ստանալու ուռուցքի նմուշներ, որոնք կհետազոտվեն մանրադիտակով։ 

Չնայած նրան, որ վիզուալ ախտորոշման մեթոդներն օգտակար են, այնուամենայնիվ բիոպսիան միակ եղանակն է՝ պարզելու` արդյո՞ք գոյացությունը ֆիլոիդ ուռուցք է։

Բժիշկը կարող է կատարել երկու միջամտություններից որևէ մեկը՝

  1. հաստ ասեղային բիոպսիա` ստանալու ուռուցքի նմուշներ;
  2. էքսցիզիոն բիոպսիա, որի միջոցով ուռուցքը հեռացվում է ամբողջությամբ:

Հաճախ անհրաժեշտ է հետազոտել ամբողջական ուռուցքը, որպեսզի ճիշտ ախտորոշում կայացվի։ Հնարավոր է, որ հաստ ասեղային բիոպսիայի ժամանակ ստացված հյուսվածքի փոքրածավալ նմուշները բավարար չլինեն՝ հաստատելու գոյացության՝ ֆիլոիդ ուռուցք լինելու փաստը։ Այնուհետև ախտորոշում կայացնելու նպատակով մանրադիտակով հետազոտվում է ուռուցքի հյուսվածքը, ըստ որի որոշվում է ֆիլոիդ ուռուցքի տեսակը` բարորակ, սահմանային կամ չարորակ։

«Բարորակ» բնորոշումը հաճախ մարդկանց մոտ այն սխալ կարծիքն է ստեղծում, որ չկա բուժման կարիք։ Սակայն բարորակ ֆիլոիդ ուռուցքները, ինչպես և չարորակները, կարող են աճել և հասնել մեծ չափերի՝ ստեղծելով կրծքագեղձում մի տեսանելի գոյացություն, որը, հավանաբար, մաշկում կարող է ճեղքվածք առաջացնել և ցավ ու անհարմարություն պատճառել։ Սա է պատճառը, որ թե՛ բարորակ, և թե՛ չարորակ ֆիլոիդ ուռուցքները բուժում են պահանջում։ Հիմնական տարբերությունը դրանց միջև այն է, որ չարորակ ֆիլոիդ ուռուցքները, հատկապես ստրոմայի բջիջների զգալի գերաճով ուռուցքները, կարող են ավելի հաճախ կրկնվել:

«Ֆիլոիդ ուռուցքի բուժումն ու հսկողությունը»

 

10 փաստ կրծքագեղձի մասին

Բազմիցս խոսվել է այն մասին, որ ամբողջ աշխարհում հոկտեմբեր ամիսը նշվում է որպես կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիս: Միամսյակի խորհուրդը «կրծքագեղձի քաղցկեղ» խնդրի մասին հանրության իրազեկումն է, որի շրջանակներում իրականացվում են տարբեր միջոցառումներ և ակցիաներ՝ ուղղված այդ հիվանդության վաղ ախտորոշմանը և որակյալ բուժմանը: Կրծքագեղձի քաղցկեղի մասին խոսելիս ցավալիորեն պետք է նշել, որ մեր օրերում նկատվում է այս հիվանդությամբ հիվանդացության աճի և երիտասարդացման միտում: Այնուամենայնիվ, կարևոր է իմանալ, որ կրծքագեղձի պարբերաբար հետազոտությունը թույլ է տալիս բացահայտել խնդիրն ամենավաղ փուլում, ինչն էլ բարձրացնում է լիովին բուժման հավանականությունը:

10 ՓԱՍՏ ԿՐԾՔԱԳԵՂՁԻ ՄԱՍԻՆ

  1. Կանանց մեծամասնության մոտ կրծքագեղձերը տարբեր չափերի են, և, որպես կանոն, ձախ կուրծքը մի փոքր մեծ է աջից: Շատ քիչ կանայք ունեն բացարձակ համաչափ կրծքեր: Մինչև 20% տարբերությունը նորմա է համարվում:
  2. Չարորակ նորագոյացություններից կրծքագեղձի քաղցկեղը՝ որպես մահվան պատճառ, զբաղեցնում է երկրորդ տեղը:
  3. Տղամարդիկ նույնպես հիվանդանում են կրծքի քաղցկեղով, սակայն, ի տարբերություն կանանց, տղամարդկանց մոտ այն 100 անգամ ավելի հազվադեպ է հանդիպում:
  4. Կանայք կարող են նվազեցնել իրենց մոտ կրծքագեղձի քաղցկեղի ռիսկը՝ հետևելով իրենց քաշին, չծխելով, սահմանափակելով ալկոհոլի օգտագործումը, կանոնավոր մարզվելով, հնարավորինս խուսափելով հորմոն-փոխարինող թերապիայից:
  5. Քաղցկեղի ուսումնասիրության միջազգային գործակալության պնդմամբ գիշերային հերթափոխի աշխատանքը բարձրացնում է կրծքագեղձի քաղցկեղի ռիսկը:
  6. Կրծքագեղձի քաղցկեղ ունեցող կանանց 85%-ի դեպքում ընտանիքի պատմության մեջ չի լինում կրծքագեղձի քաղցկեղով հիվանդ:
  7. Կրծքագեղձի քաղցկեղից լիովին բուժված կանայք ավելի շատ են, քան այն դեպքերը, երբ այդ հիվանդությունը դարձել է մահվան պատճառ:
  8. Կանանց 2%-ի մոտ մեկ կուրծքն ունենում է մի քանի պտուկ: Հաճախ կանայք կարծում են, թե դրանք խալեր են:
  9. Կրծքագեղձը «գիրանալու» կամ «նիհարելու» հակում ունի: Ձեռք բերած յուրաքանչյուր ավելորդ կիլոգրամն ավելացնում է կրծքի քաշը մոտ 20 գրամով, և հակառակը:
  10. Կանանց մոտովորապես 60%-ը կրում է սխալ ընտրված չափի կրծկալ:

Ի՞ՆՉ ԳԻՏԵՆՔ ՄԵՆՔ ՄԵՐ ԿՐԾՔԱԳԵՂՁԻ ՄԱՍԻՆ

Կրծքագեղձը ձևափոխված քրտնագեղձ է, որն արտադրում է կաթ։ Կրծքագեղձերը տեղակայված են կրծքային մկանների վրա՝ սովորաբար երկրորդ կողից մինչև վեցերորդը։ 
Հասուն կնոջ կրծքագեղձը բաղկացած է գեղձային հյուսվածքից և այն բաժանող շարակցական ու ճարպային հյուսվածքից։ Կրծքագեղձը պատող մաշկից ներս են գնում շարակցական հյուսվածքի շերտեր, որոնք բաժանում են կրծքագեղձը 15-20 հատվածների։ Հատվածների միջև եղած տարածությունը լցված է ճարպային ցանցաթաղանթով։ Ճարպային հյուսվածքը մեծ ծավալ է կազմում նաև կրծքագեղձի հիմքում, որտեղ այն միանում է կրծքավանդակի պատին։ Ճարպային հյուսվածքը կազմում է բարձիկ, որի վրա հենվում է գեղձը։ Հյուսվածքի ծավալից են կախված կրծքագեղձի ձևն ու չափը։ Կրծքի չափն ու ձևը հիմնականում կախված են դրա հիմքից՝ այսպես կոչված Կուպերյան կապաններից, ինչպես նաև՝ կրծքագեղձի մկաններից։ Պետք է նշել, որ կրծքագեղձի ձևը կախված չէ իր ներքին կառուցվածքից ու ֆունկցիոնալ վիճակից (կաթնարտադրություն)։ Որոշակի հենք է ապահովում նաև մաշկը։

Կրծքագեղձի 15-20 հատվածներից յուրաքանչյուրն իր հերթին բաժանված է ավելի փոքր մասնիկների: Դրանք բաղկացած են ճյուղավորված «խողովակներից», որոնց ծայրին կան միկրոսկոպիկ ալվեոլաներ։ Դրանցում է առաջանում կաթը, որն այնուհետև ծորաններով շարժվում է դեպի պտուկ։ Ընդ որում, յուրաքանչյուր ծորան ունի իր արտաքին բացվածքը (4-18)։

Պտուկը շրջապատող պիգմենտավորված տարածքը (այն կոչվում է ծծակամերձ շրջան կամ արեոլա) ունի մեծ քանակությամբ նյարդային վերջույթներ ու հատուկ մկանային բջիջներ։ Շնորհիվ նյարդային վերջույթների՝ կրծքով կերակրելու շրջանում կրծքագեղձն արձագանքում է հպմանը՝ կաթ արտազատելով։ Նյարդային վերջույթները դարձնում են պտուկը էրոգեն ոլորտ։ Սեռական գրգռվածության ընթացքում մկանային բջիջների կրճատումը բերում է պտուկի ձգվածության։

Ինչպես ճիշտ ընտրել կրծկալ

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ՃԻՇՏ ԿՐԾԿԱԼ

«25 միֆ կրծքագեղձի քաղցկեղի մասին» հոդվածում նշվել է կրծկալների երկաթե բռնակների՝ կրծքագեղձի առողջության վրա ունեցած ազդեցության մասին: Սեղմող կրծկալները կամ որևէ այլ սեղմող հագուստը չեն կարող նպաստել կրծքագեղձի քաղցկեղի զարգացմանը, սակայն ապացուցված է, որ երկաթե բռնակներով կրծկալները կամ կրծկալի սխալ ընտրված չափը կարող են հանգեցնել կրծքում քրոնիկ  ցավի: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ կանանց 60-80%-ը կրում է սխալ ընտրված չափի կրծկալ:

Կրծկալի ճիշտ չափն ընտրելու համար անհրաժեշտ է 4 քայլ՝

  1. Չափել կրծքավանդակի չափը՝ կրծքագեղձերի անմիջապես տակից (կրծքավանդակից մինչև մեջքը, սանտիմետրերով):
  2. Չափել կրծքագեղձերի ծավալը՝ մեջքից մինչև կրծքագեղձերի ամենաառաջ ընկած հատվածը (սանտիմետրերով): Որպես կանոն՝ դա պտուկների հատվածն է:
  3. Չափել 1-ին և 2-րդ կետերի տարբերությունը: Այս տարբերությունը կրծկալների վրա նշվում է տառերի տեսքով (A, B, C, D, E, F, G) և ցույց է տալիս “կրծքամանի” (կրծկալի՝ կուրծքն ընդգրկող մասի (чашечки)) չափը: Տե՛ս աղյուսակ 1-ը:
  4. Ստուգել արտաքին տեսքը հայելու առջև:

Չափերն է՛լ ավելի ճշգրիտ են, եթե այն վերցնում են ձեռքերը կախած և մի փոքր խորը շունչը քաշած վիճակում (օրինակ, երբ չափսերը վերցնում է խանութի աշխատակիցը):

Օրինակ եթե կրծքավանդակի չափը կազմում է 71սմ, իսկ կրծքագեղձերի ծավալը՝ 85սմ, ապա դրանց տարբերությունը կազմում է 14սմ (85-71=14): Այսինքն 71սմ չափը համապատասխանում է աղյուսակ 2-ի 70 ստանդարտ չափին, իսկ 14-ը՝ աղյուսակ 1-ի B տառին: Այպիսով, կրծկալի ճիշտ չափն է 70B: 

Առավել հարմար և առողջարար են համարվում սպորտային կրծկալները, սակայն միշտ չէ, որ հարմար է դրանք հագնել առօրյայում: Կրծկալի ճիշտ ընտրված չափը ոչ միայն առողջարար է, այլև ավելի գեղեցիկ է ընդգծում կրծքի կառուցվածքը: Պետք է նշել, որ ցանկալի է ընտրել կրծկալներ առանց երկաթե բռնակի կամ, գոնե, պատրաստված այլ նութերից, օրինակ՝ կետի բեղիկներից (китовый ус):

Եվս մի քանի խորհուրդ կրծկալի ընտրության գործում կգտնեք նյութին կից նկարներում:

 

Աղյուսակ 1

“Կրծքամանի” չափը

(նշվում է տառերով)

Կրծքագեղձերի չափի (քայլ 2-րդ) և կրծքավանդակի չափի (քայլ 1-ին)  տարբերությունը (սմ)

AA

11 և ավելի փոքր

A

12-13

B

14-15

C

16-17

D

18-19

E (կամ DD)

20-22

F (կամ DDD)

22-24

G

24-ից ավելի մեծ

 

Աղյուսակ 2

Կրծկալի ստանդարտ չափեր

Կրծկալի չափ 

65

70

75

80

85

90

95

“Կրծքա-ման”

Կրծքա-վանդակի չափ, (սմ)

63-67

68-72

73-77

78-82

83-87

88-92

93-97

AA

77-79

82-84

87-89

92-94

97-99

102-104

107-109

A

79-81

84-86

89-91

94-96

99-101

104-106

109-111

B

81-83

86-88

91-93

96-98

101-103

106-108

111-113

C

83-85

88-90

93-95

98-100

103-105

108-110

113-115

D

 

90-92

95-97

100-102

105-107

110-112

115-117

E (DD)

 

92-94

97-99

102-104

107-109

112-114

117-119

F (DDD)

 

94-96

99-101

104-106

109-111

114-116

119-121

G

 

Կրծքագեղձի առողջությանը նպաստող սննդատեսակներն ու ֆիզակտիվությունը

Կանոնավոր և չափավոր ֆիզիկական ակտիվությունն իջեցնում է կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը

2010թ. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոր ուղեցույց է կազմել, որը կոչվում է «Առողջության համար ֆիզիկական ակտիվության մասին գլոբալ խորհուրդներ» (http://apps.who.int/iris/bitstream/10665/44399/3/9789244599976_rus.pdf): Ըստ այդ ուղեցույցի`շաբաթվա ընթացքում 150 րոպե չափավոր ֆիզիկական ակտիվությունը կարող է նվազեցնել կրծքագեղձի և հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը: Ֆիզիկական ակտիվությունը, անկասկած, կարևոր դեր է խաղում տարբեր քաղցկեղային հիվանդությունների զարգացման հավանականության իջեցման գործում, և հակառակը: Եվ այսպես, ֆիզիկական պասիվությունը մահվան ռիսկի գործոնների շարքում զբաղեցնում է 4-րդ տեղը: Աշխարհում մարդկանց 31%-ը չի զբաղվում անհրաժեշտ ֆիզիկական ակտիվությամբ, այսինքն` վարում է պասիվ և նստակյաց կյանք: Ցավոք, ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման հետ միասին (համատարած կոմպյուտերիզացիա, ռոբոտներ, պլանշետներ, սմարթֆոններ և այլն) ամբողջ աշխարհում բարձրանում են ֆիզիկական պասիվության տեմպերը:

Ըստ նշված ուղեցույցի` 18 տարեկանից բարձր մարդկանց մոտ միջին ինտենսիվության ֆիզիկական ակտիվությունը (նվազագույնը 150 գումարային րոպե մեկ շաբաթվա ընթացքում) նպաստում է այնպիսի ոչ ինֆեկցիոն հիվանդությունների առաջացման ռիսկի նվազմանը, ինչպիսիք են՝ կրծքագեղձի և հաստ աղիքի քաղցկեղ, շաքարախտ, սրտի որոշ հիվանդություններ: 5-17 տարեկանների մոտ առողջության ամրապնդման համար անհրաժեշտ է օրական մինչև 60 րոպե ֆիզիկական ակտիվություն:

Միջին ինտեսիվության ֆիզիկական ակտիվության օրինակներ են՝

  • պար;
  • արագ քայլ;
  • այգեգործության թեթև աշխատանքներ;
  • ակտիվ սպորտային խաղեր երեխաների հետ;
  • զբոսանքներ;
  • ոչ ծանր իրերի տեղափոխում;
  • բնության գրկում արշավներ և այլն:

Կրծքագեղձի առողջությանը նպաստող սննդատեսակները

Կրծքագեղձի քաղցկեղը համալիր հիվանդություն է` բազմաթիվ նպաստող գործոնների առկայությամբ: Այդ գործոններից մի քանիսը (տարիքը, ընտանեկան պատմությունը, գենետիկան, սեռը) չեն վերահսկվում: Այնուամենայնիվ կան գործոններ, որոնք վերահսկվում են, ինչպիսիք են` ծխելը, չմարզվելը, քաշի ավելացումը և սննդակարգը: Որոշ հետազոտողներ հաստատում են, որ սննդակարգը կարող է պատասխանատու լինել 30-40% քաղցկեղների զարգացման համար: 

Հայտնի է, որ քաղցկեղի առաջացման ու զարգացման մեջ մեծ դեր է խաղում մարդու իմունային համակարգի վիճակը: Կրծքագեղձի քաղցկեղը բացառություն չէ: Առաջարկում ենք Ձեզ ճանաչել օրգանիզմի դիմադրողականության բարձրացմանն ու կրծքագեղձի առողջությանը նպաստող սննդատեսակները, որոնք կարող են օգնել կանխարգելել կամ նվազեցնել կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը՝ գունավոր մրգերի և բանջարեղենի լայն տեսականի, մանրաթելերով հարուստ սնունդ, ինչպիսիք են` հացահատկեղեն, լոբազգիներ և պղպեղներ, ցածր յուղայնությամբ կաթ և կաթնամթերք, սոյայի հիմքով սննդամթերք, վիտամին D–ով հարուստ սնունդ և սննդամթերք, հատկապես համեմունքներ` օժտված հակաբորբոքային հատկություններով:

Ավելի քան 91,000 կանանց հետազոտությունները ցույց են տվել, որ բուսական հիմքով սննդակարգը կարող է կրճատել կրքագեղձի քաղցկեղի ռիսկը 15%-ով: Մանրաթելերն աջակցում են մարսողական համակարգին և նպաստում թափոնների կանոնավոր հեռացմանը՝ օգնելով օրգանիզմին արագ ազատվել տոքսիններից և դրանով իսկ նվազեցնելով վնասի ռիսկը: Ձավարեղենը, լոբազգիները և մանրաթելային մյուս սննդատեսակները պարունակում են հակաօքսիդանտներ և կարող են կանխարգելել բազմաթիվ այլ հիվանդություններ: Ուտելով մանրաթելերով շատ ավելի հարուստ լոբազգիներ, օրինակ՝ ոսպը, կարելի է նշանակալիորեն նվազեցնել կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկը: Խորհուրդ է տրվում օրական ուտել 30-45գ. մանրաթելային սննդատեսակ:

Որոշ ճարպաթթուներ դասվում են «լավ ճարպերի» թվին` ձիթապտղի յուղը, ավոկադոն, սերմերը և ընկուզեղենը: Այս թվին են պատկանում նաև օմեգա-3 ճարպաթթուները: Վերջին 25 տարվա ընթացքում կատարված ծավալուն հետազոտությունները ցույց են տվել, որ սոյան համարվում է առողջ ճարպով, սպիտակուցով, վիտամիններով, հանքանյութերով հարուստ, սակայն ցածր քանակի ածխաջրերով սննդամթերքի աղբյուր: Նվազեցնելով կրծքագեղձի քաղցկեղի ռիսկը` սոյան նաև նվազեցնում է «վատ խոլեստերինի» քանակը:

Խորհուրդ է տրվում խուսափել ալկոհոլից, շաքարից, ճարպից և կարմիր մսից: Այն կանայք, որոնք շաբաթական 3 անգամ կանոնավոր ալկոհոլ են օգտագործում, նրանց մոտ կրծքագեղձի քաղցկեղի ռիսկն աճում է 15%-ով: Հետազոտությունները ցույց են տվել, որ ոչ բոլոր ճարպերն են վատ, բայց պետք է խուսափել վերամշակված և տապակած սննդամթերքում պարունակվող տրանսֆորմացված ճարպերից, որոնք պարունակվում են հատկապես կրեկերներում, ֆրիում, թխվածքաբլիթներում, փաթեթավորված բլիթներում և խմորեղենում: Որոշ հետազոտություններ ցույց են տվել կարմիր մսի և կրծքագեղձի քաղցկեղի միջև կապի հավանականությունը, հատկապես եթե կարմիր միսը «լավ մշակված է»։ Բացի այդ, վերամշակված սննդատեսակները պարունակում են աղի, ճարպի և կոնսերվանտների բավականաչափ մեծ քանակ, որոնք իրենց հերթին չեն մտնում կանխարգելիչ սննդակարգի մեջ:

Վիտամին D-ն, որն առաջանում է արևի ճառագայթների երկարատև ազդեցությունից, պարունակվում է նաև շատ սննդատեսակներում, ինչպիսիք են ձուն, սառը ջրային ձկնատեսակները (աղմոն, ծովատառեխ) և տվյալ վիտամինով հարստացված սննդատեսակները: Կանաչ թեյի օգտագործումը կապված է մի շարք օգտակար և առողջարար ազդեցությունների հետ, ինչպիսիք են իմունային համակարգի ամրապնդումը և կրծքագեղձի քաղցկեղի ռիսկի նվազեցումը: Քրքումը սահմանափակում է կրծքագեղձի քաղցկեղային բջիջների աճը:

Ներքոհիշյալ թվարկված բոլոր սննդատեսակները կարող են օգնել օրգանիզմին պաշտպանվել կրծքագեղձի քաղցկեղից։

  • Կտտենի, թանթրվենի – бузина черная (лат. Sambúcus nígra); elderberry: Կտտենին հայտնի է իր օգտակարությամբ դեռևս ժողովրդական բժշկությունից: Այս հատապտղի հյութը, ըստ արևմտյան գիտնականների որոշ հետազոտությունների, փորձասրվակում չեզոքացնում է գրիպի վիրուսը: Իհարկե, գիտնականները զգուշացնում են, որ դեռ անհրաժեշտ են հետագա հետազոտություններ: Ինքը՝ հատապտուղը, հարուստ է անտիօքսիդանտներով և ունի նաև ունակություն պայքարելու բորբոքման դեմ:
  • Շամպինիոն սունկ – шампиньон (лат. Agaricus bisporus); champignon: Իր սննդարարության և մատչելիության պատճառով նախկինում շամպինիոնը համարվում էր աղքատների սնունդ: Սակայն պետք չէ թերագնահատել սնկի այս տեսակը: Այն իր մեջ պարունակում է անտիօքսիդանտներ և սելեն, որը հայտնի է իր որոշ հակաքաղցկեղային հատկություններով: Օրգանիզմում սելենի ցածր քանակը բարձրացնում է գրիպի բարդությունների առաջացման հավանականությունը: Շամպինիոնները հայտնի են ռիբոֆլավինի (վիտամին B2) և նիացինի (նիկոտինաթթու՝ վիտամին B3) պարունակությամբ, որոնք իրենց կարևոր դերն ունեն առողջ իմուն համակարգ ունենալու մեջ: Կենդանիների վրա կատարված որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ այս սունկն ունի հակավիրուսային, հակաբակտերիալ և հակաուռուցքային ազդեցություն:

 

  • Ասայի հատապտուղ – ягода асаи, (лат. Euterpe oleracea); аcai berry:Այն նաև անվանում են Բրազիլիայի մարգարիտ, Ամազոնկայի ոսկի, կյանքի էլիքսիր: Հատապտղի այս տեսակը պարունակում է մեծ քանակությամբ անտոցիան անտիօքսիդանտ, որն ունի նաև հակաբակտերիալ հատկություն: Քանի որ անտոցիանը չի արտադրվում օրգանիզմում, այն հաճախ հանդիպում է որոշ դեղամիջոցների բաղադրության մեջ: Ասային կարելի է հանդիպել հյութի, պյուրեի կամ չիրի տեսքով: Որոշ երկրներում այն համարում են «հավերժական կյանքի» աղբյուր:
  • Ձմերուկ  арбуз; watermelon: Հասած և թարմացնող ձմերուկը նույնպես պարունակում է մեծ քանակությամբ անտիօքսիդանտներ: Դրանցից ամենակարևորը գլուտադիոնն է, որն ամրապնդում է իմունային համակարգը և օգնում է պայքարել ինֆեկցիայի դեմ: Մեծ քանակությամբ գլուտադիոն է գտնվում ձմերուկի միջուկում, հատկապես կեղևի մոտ:
  • Կաղամբ  капуста; cabbage: Կաղամբը գլուտամինի շատ լավ աղբյուր է, իսկ այն իր հերթին ամրապնդում է իմուն համակարգը: Կաղամբը մատչելի է ամբողջ աշխարհում: Առիթը բաց մի թողեք օգտագործելու ցանկացած տեսակի կաղամբ (սպիտակ, կարմիր, չինական) ապուր և շոգեխաշ ուտեստներ պատրաստելիս:
  • Նուշ – миндаль; almond: Քրոնիկ սթրեսը զգալիորեն թուլացնում է իմուն համակարգը: 50 գրամ նուշը կարող է զգալիորեն ամրապնդել Ձեր դիմադրողականությունը: Այդ քանակությամբ նուշը պարունակում է օրգանիզմին անհրաժեշտ E վիտամինի քանակի 50%-ը: Նուշը պարունակում է նաև B խմբի վիտամինների զգալի քանակ: Գիտնականները գտնում են, որ նուշը շատ լավ միջոց է սթրեսի դեմ:
  • Ոստրեներ – устрица; oyster: Ոստրեն դեռ վաղ ժամանակներից համարվում է սեռական հակման միջոց: Մեր օրերում այն հաճախ անվանում են «բնական վիագրա»: Դրա պատճառը, ամենայն հավանականությամբ, ցինկի պարունակությունն է: Ցինկի ցածր մակարդակը կապում են տղամարդու անպտղության հետ: Առայժմ գիտնականները չեն կարողանում բացատրել, բայց ցինկն ունի նաևորոշ հակավիրուսային հատկություն: Բայց հստակ է, որ այն ունի իր դերն իմունային համակարգում ու հատկապես վերքերի լավացման մեջ:
  • Թուրինջ  грейпфрут; grapefruit: Թուրինջը բաղկացած է ֆլավոնոիդներից. բնական քիմիական միացություններ, որոնք անփոխարինելի են իմուն համակարգի ակտիվացման համար: Թուրինջը պարունակում է նաև բավարար քանակությամբ վիտամին C: Եթե չեք սիրում թուրինջ, ապա օգտագործեք նարինջ և մանդարին:
  • Ցորենի սաղմ  зародыши пшеницы; wheat germ: Ցորենի սաղմը ցորենի սերմի մի մասն է, որը սնում է ցորենի ծիլը և այդ պատճառով հարուստ է սննդարար նյութերով: Այն պարունակում է ցինկ, տարբեր անտիօքսիդանտներ, վիտամիններ, կենսական կարևոր միներալներ: Ցորենի սաղմը նաև սպիտակուցների, որոշ օգտակար ճարպերի և ցելյուլոզայի համադրություն է:
  • Ճարպազուրկ յոգուրտ – обезжиренный йогурт; low-fat yogurt: Այսպիսի յոգուրտի մեկ բաժակի ամենօրյա օգտագործումը կարող է Ձեզ պաշտպանել մրսածությունից: Գնեք յոգուրտ, որի վրա կտեսնեք գրված «live and active cultures», և որը կպարունակի վիտամին D: Վերջերս գիտնականներն ապացուցել են կապը օրգանիզմում վիտամին D-ի ցածր մակարդակի և մրսածության ու գրիպի բարձր ռիսկի միջև:
  • Սխտոր – чеснок; garlic: Սխտորը պարունակում է մի քանի անտիօքսիդանտներ, որոնք պայքարում են իմուն համակարգի «թշնամիների դեմ»: Սխտորի թիրախներից է helicobacter pylori-ն, որի կապն ապացուցված է ստամոքսի խոցի և քաղցկեղի զարգացման միջև:
  • Սպանախ – шпинат; spinach: Սպանախը հաճախ անվանվում է «սուպեր սնունդ»և հայտնի է իր սննդարար նյութերով՝ պարունակելով ֆոլլաթթու (վիտամին B9), որն օգնում է օրգանիզմին ԴՆԹ-ի և բջիջների վերականգման գործում, ցելյուլոզա, անտիօքսիդանտներ, վիտամին C և այլն: Օգտագործեք սպանախը հում վիճակում՝ նրանից ավելի շատ օգուտ քաղելու նպատակով:

 

  • Բատատ (քաղցր կարտոֆիլ) – батат; sweet potato: Բատատը, գազարի նման, հարուստ է անտիօքսիդանտ բետա-կարոտինով: Քաղցր կարտոֆիլի վիտամին A-ն դանդաղեցնում է ծերացման գործընթացը և նվազեցնում քաղցկեղի որոշ տեսակների ռիսկը:
  • Բրոկոլի – брокколи; broccoli: Բրոկոլին իմուն համակարգի ուժեղ խթանիչ է: Այն պարունակում է մի շարք սննդարար նյութեր: Հարուստ է A և C վիտամիններով, գլուտադիոնով: Բրոկոլիից բացի ուտեստին ավելացնելով մի փոքր ճարպազուրկ պանիր, որը պարունակում է B խմբի վիտամիններ և D վիտամին՝ կարելի է ստանալ օգտակար նյութերի մի մեծ պահեստ:
  • Թեյ – чай; tea: Կանա՞չ, թե սև՞: Երկուսն էլ իրենցից ներկայացնում են պոլիֆենոլների ու ֆլավոնոիդների բանակ: Այս անտիօքսիդանտներն իրենց կարևոր դերն ունեն իմուն համակարգի մեջ: Թեյն օգտակար է՝ անկախ նրանից այն կոֆեին պարունակող է, թե ո՛չ:

Հարգելի՛ կանայք, պատրաստեք օգտակար ուտեստներ Ձեզ և Ձեր ընտանիքի անդամների համար: Սնվե՛ք առողջ և կունենա՛ք ամուր իմուն համակարգ:

Կրծքագեղձի նորմալ փոփոխություններ և ինքնազննում շոշափելով

Կրծքագեղձի նորմալ փոփոխություններ և կրծքագեղձի ինքնազննում շոշափելով

Ամենամսյա հորմոնալ փոփոխությունների պատճառով կրծքում կարող է լցվածության զգացում առաջանալ, կուրծքը կարող է գնդված թվալ և դառնալ զգայուն: Հղիության ընթացքում կուրծքը լայնանում և պնդանում է: Տարիքի հետ կուրծքը ծածկվում է ճարպային հյուսվածքով: Մարմնի ընդհանուր քաշի ավելացումը կամ նվազումը կարող են փոխել կրծքագեղձի չափերը:

Անկախ նշված փոփոխություններից՝ յուրաքանչյուր կին պետք է պարբերաբար զննի իր կուրծքը` ըստ տրված ցուցումների:

  • Պառկած վիճակում կուրծքը զննելիս ծալված սրբիչը տեղափոխել աջ ուսի տակ՝ աջ կուրծքը զննելիս, և հակառակը:
  • Կրծքում կարող է լցվածության զգացողություն առաջանալ:
  • Կարող է լինել ցավ պտուկի շրջանում կամ պտուկի հաստացում:
  • Ցանկալի է կուրծքը զննել նաև ջրի տակ կանգնած:
  • Փորձել զգալ որևէ գնդվածություն, նոր գոյացած գնդիկներ, կարծրացում, այտուցվածություն, մաշկի կծկվածություն, պտուկի ցավ և գերզգայնություն:
  • Միշտ ձախ ձեռքն օգտագործել աջ կուրծքը և անութափոսը զննելու համար, իսկ աջ ձեռքը` ձախ կուրծքը և անութափոսը:


Շոշափելու միջոցով կրծքագեղձի ինքնազննման տեխնիկան հետևյալն է.

  • Ձեռքի ափի կողմով՝ մատերով (մատերը միասին, ուղիղ պահած), թեթևակիորեն սեղմել կուրծքը:
  • Փոքրիկ շրջանաձև շարժումներով դանդաղորեն մատերը շարժել` սկսելով կրծքագեղձի դրսի մասից:
  • Կուրծքը երևակայելով իբրև ժամատախտակ՝ զննումն սկսել ժամը 12-ի, 1-ի, 2-ի դիրքերից և այդպես շարունակել մինչև կրծքագեղձի ողջ հյուսվածքի հետազոտումը՝ ներառյալ պտուկի շուրջը:
  • Սեղմել պտուկները և ստուգել, արդյոք կա պտուկից որևէ արտադրություն:
  • Միևնույն մեթոդը գործածելով՝ փորձել զգալ կրծքագեղձի և թևատակի արանքը:
  • Միևնույն գործողությունները կատարել մյուս կողմից:


Կրծքագեղձի ինքնազննումն ավելի նպատակահարմար է իրականացնել լոգանք ընդունելիս ու կանգնած վիճակում, քանի որ թաց և օճառոտ մաշկը թույլ է տալիս փոփոխություններն ավելի հեշտ զգալ:

Հորմոնալ խնդիրներ

Արդյոք ունե՞ք հորմոնալ խնդիրներ:

Վքնածությու՞ն, դյուրագրգռությու՞ն կամ վատ տրամադրությու՞ն: Հավանաբար «մեղավոր է» հորմոնալ անհավասարակշռությունը: Հորմոնները քիմիական նյութեր են, որոնք ազդում են օրգանիզմի բջիջների և օրգանների կենսագործունեության վրա: Հորմոնների մակարդակի տատանումը նորմալ է կնոջ կյանքի որոշակի շրջաններում, օրինակ` դաշտանից առաջ և դրա ընթացքում, հղիության ժամանակ, կամ էլ դաշտանադադարի շրջանում: Սակայն որոշ դեղամիջոցների օգտագործումը և առողջական խնդիրները նույնպես կարող են հանգեցնել հորմոնների մակարդակի տատանմանը:

Անկանոն դաշտան

Կանանց մեծամասնության մոտ դաշտանային պարբերաշրջանը տևում է 21 մինչև 35 օր: Եթե դաշտանը չի սկսվում ամեն ամիս կանոնավոր ժամանակահատվածում կամ բացակայում է մի քանի ամիս շարունակ, նշանակում է, որ օրգանիզմում առկա է համապատասխան հորմոնների (էստրոգեն և պրոգեստերոն) ավելցուկ կամ անբավարարություն: Եթե այս երևույթը նկատվում է 40-50 տարեկանում, ապա պատճառը կարող է լինել պերիմենոպաուզան` դաշտանադադարից առաջ և հետո ընկած ժամանակաշրջանները: Անկանոն դաշտանը կարող է լինել առողջական խնդիրների նախանշան, օրինակ` ձվարանների պոլիկիստոզի համախտանիշ (ՁՊԿՀ):

Քնի խանգարումներ

Քնի խանգարումները նույնպես կարող են պայմանավորված լինել հորմոնների մակարդակի տատանմամբ: Առողջ քնի ապահովմանը նպաստում է նաև ձվարանների կողմից արտադրվող պրոգեստերոն հորմոնը: Եթե վերջինիս մակարդակը նորմայից ցածր է, ապա խախտվում է քնի ընթացքը: Էստրոգենի ցածր մակարդակը կարող է առաջացնել գիշերային առատ քրտնարտադրություն, որն էլ բարդացնում է անհրաժեշտ հանգստի ընթացքը: 

Քրոնիկ կորյակներ (պզուկներ)

Դաշտանից առաջ կամ այդ ընթացքում առաջացած պզուկներն անվտանգ են: Բայց չանցնող կորյակները կարող են լինել հորմոնալ խնդիրների ախտանիշ: Անդրոգենների («տղամարդու» հորմոնների, որոնք առկա են և՛ տղամարդու, և՛ կնոջ օրգանիզմում) ավելցուկն ակտիվացնում է ճարպագեղձերի աշխատանքը: Անդրոգեններն ազդում են նաև մաշկի և մազարմատի գործունեությանը: Այս երկու գործոնները կարող են խցանել ծակոտիները և առաջացնել կորյակներ:

Գիտակցության մթագնում

Գիտնականները վստահ չեն, թե ինչպես են հորմոններն ազդում մարդու ուղեղին: Հայտնի է, որ էստրոգենի և պրոգեստերոնի մակարդակների տատանումները կարող են առաջացնել գիտակցության մթագնում և հիշողության հետ կապված խնդիրներ: Որոշ մասնագետներ կարծում են, որ էստրոգենը կարող է ազդել ուղեղի քիմիական նյութերի` նեյրոտրանսմիթերների վրա: Ուշադրության նվազումը և հիշողության վատացումը հատկապես հաճախակի են լինում մենոպաուզայի և պերիմենոպաուզայի ընթացքում: Բայց այս ախտանիշները կարող են նաև այլ հորմոն-կախյալ հիվանդությունների արտահայտությունը լինել, օրինակ` վահանագեղձի հիվանդությունների: Նման երևույթների առկայության դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի:

Նյութափոխանակության խնդիրներ

Աղիները պատված են մանր բջիջներով` ընկալիչներով, որոնք զգայուն են էստրոգենի և պրոգեստերոնի նկատմամբ: Եթե այդ հորմոնների մակարդակը նորմայից բարձր կամ ցածր է, ապա առաջանում են աղիների ֆունկցիայի խանգարումներ: Ահա, թե ինչու փորլուծությունը, ցավերը որովայնում, վքնածությունը և սրտխառնոցը կարող են առաջանալ կամ դառնալ ավելի ուժգին դաշտանից առաջ կամ հենց այդ օրերին: Եթե առկա են նյութափոխանակության խնդիրներ, ինչպես նաև կորյակներ և հոգնածություն, ապա հավանաբար օրգանիզմում հորմոնալ «մարած» վիճակ է:

Հոգնածություն

Անընդհատ հոգնածությու՞ն: Հոգնածությունը համարվում է հորմոնալ խանգարումների ամենատարածված ախտանիշներից մեկը: Պրոգեստերոնի ավելցուկը կարող է հանգեցնել քնկոտության: Եվ եթե վահանագեղձը (պարանոցում գտնվող «թիթեռի» տեսքով գեղձ) արտադրում է քիչ քանակությամբ հորմոններ, ապա դա հանգեցնում է ուժասպառության: Արյան տարրական քննությամբ` այսպես կոչված «վահանագեղձային սանդղակով», կարելի է ախտորոշել վահանագեղձի հորմոնների ցածր մակարդակը: Եթե այն հաստատվի, ապա անհրաժեշտ է ստանալ համապատասխան բուժում:

Տրամադրության անկայունություն և դեպրեսիա

Գիտնականները կարծում են, որ հորմոնների մակարդակի անկումը և հաճախակի տատանումները կարող են առաջացնել անտարբերություն և կամակորություն: Էստրոգենն ունի նույնպիսի ազդեցություն, ինչպես ուղեղային որոշ կարևոր նյութեր՝ սերոտոնինը, դոֆամինը և նորադրենալինը: Սակայն նեյրոտրանսմիթերների ուղիներով շրջանառվող այլ հորմոններ նույնպես մեծ ազդեցություն ունեն ինքնազգացողության վրա:

Ախորժակի բարձրացում և քաշի ավելացում 

Լարվածությունը կամ անտարբերությունը (ինչպես էստրոգենի ցածր մակարդակի դեպքում) կարող են առաջացնել անընդհատ ուտելու ցանկություն: Էստրոգենի մակարդակի անկումը կապված է քաշի ավելցուկի հետ: Էստրոգենային անբավարարությունը կարող է ազդել նաև լեպտինի՝ հագեցվածության զգացում առաջացնող հորմոնի մակարդակին:

Գլխացավեր

Շատ հանգամանքներ կարող են գլխացավեր առաջացնել: Բայց որոշ կանանց մոտ պատճառն էստրոգենի ցածր մակարդակն է: Ահա, թե ինչու հաճախ գլխացավեր են առաջանում դաշտանից անմիջապես առաջ կամ այդ օրերին, երբ էստրոգենը լինում է իր ամենացածր մակարդակի վրա: Պարբերական բնույթ կրող գլխացավերը կամ ամեն ամիս մոտավորապես նույն օրերին առաջացողները հուշում են էստրոգենի մակարդակի խախտման մասին:

Հեշտոցի չորություն

Այն նորմալ է, եթե լինում է հազվադեպ: Բայց եթե հեշտոցի չորությունը կամ գրգռվածությունը հաճախադեպ են, ապա պատճառ կարող է լինել էստրոգենի ցածր մակարդակը: Էստրոգենն ապահովում է հեշտոցի լորձաթաղանթի խոնավության և հարմարավետության զգացողությունները: Եթե հորմոնալ խանգարումների պատճառով էստրոգենի մակարդակի անկում է տեղի ունենում, ապա այն առաջացնում է հեշտոցային նորմալ խոնավության նվազում և տհաճ զգացողություն:

Սեռական հակման նվազում 

Շատերը կարծում են, թե տեստոստերոնը միայն տղամարդու հորմոն է, բայց այն արտադրվում է նաև կանանց օրգանիզմում: Եթե տեստոստերոնի մակարդակն իջնում է, ապա հնարավոր է սեռական ցանկության նվազում: 

Փոփոխություններ կրծքագեղձում

Էստրոգենի մակարդակի իջեցումը կարող է նվազեցնել կրծքագեղձի հյուսվածքի առաձգականությունը, իսկ բարձրացումը, ընդհակառակը, կարող է առաջացնել պնդացումներ` հանգեցնելով նույնիսկ կիստաների և նորագոյացությունների առաջացման: Ուստի, կրծքագեղձում փոփոխություններ նկատելու դեպքում պետք է դիմել մասնագետի, եթե նույնիսկ որևէ այլ գանգատ չունեք:

Ինչպես է կատարվում բիոպսիան՝կախված ընտրված եղանակից

22․ Բարակ ասեղային ասպիրացիոն բիոպսիա (պունկցիոն բիոպսիա). Հարկավոր է հանել գոտկատեղից վերև ընկած հատվածի հագուստը։ Բիոպսիան իրականացվում է զննման սեղանին՝ հիվանդի նստած կամ պառկած դիրքում։ Ձեռքերը պետք է պահել աջ և ձախ կողմերում կամ գլխից վերև բարձրացնել (կախված նրանից, թե որ դիրքում հեշտ կլինի գտնել գոյացությունը)։ Բիոպսիայի ասեղի ներմուծման կետում թմրեցնող դեղորայքի միջոցով թմրեցվում է մաշկը: Այնուհետև տեղադրվում է ասեղը, որը, հատելով մաշկը, ներթափանցում է կրծքագեղձի հյուսվածքի մեջ։

Բիոպսիայի ընթացքում ուլտրաձայնային սարք կարող է կիրառվել՝ ուղղորդելու ասեղի տեղադրումը։ Եթե գոյացությունը կիստա է, ապա ասեղի միջոցով հեղուկ է դուրս բերվում, իսկ պինդ գոյացության դեպքում` հյուսվածքի նմուշ։ Բիոպսիայի նմուշն ուղարկվում է լաբորատորիա՝ մանրադիտակով ուսումնասիրելու նպատակով։ Մինչև բիոպսիայի ավարտը հիվանդը պետք է անշարժ պառկի։ Այնուհետև ասեղը հեռացվում է։ Ասեղի ներմուծման կետում ճնշում է գործադրվում՝ դադարեցնելու արյունահոսությունը։ Տեղադրվում է վիրակապ, սառցապարկ: Բարակ ասեղային ասպիրացիոն բիոպսիան տևում է մի քանի րոպե։

Հաստ ասեղային բիոպսիա (տրեպան բիոպսիա). Բիոպսիայի ասեղի ներմուծման կետում թմրեցվում է մաշկը՝ ներարկելով թմրեցնող դեղորայք։ Մաշկի թմրեցումից անմիջապես հետո կատարվում է փոքրիկ կտրվածք: Հատուկ ծայրով ասեղը տեղադրվում է կրծքագեղձի հյուսվածքում: Բժիշկը 3-12 նմուշ է վերցնում՝ առավել ճշգրիտ արդյունքներ ստանալու նպատակով: Այնուհետև ասեղը հեռացվում է։ Ասեղի ներմուծման կետում ճնշում է գործադրվում՝ արյունահոսությունը դադարեցնելու նպատակով։ Տեղադրվում է վիրակապ, սառցապարկ։ Սա կարող է մի քանի անգամ կրկնվել՝ ապահովելու հյուսվածքի բավականաչափ նմուշների ստացումը: Հաստ ասեղային բիոպսիան տևում է մոտ 10-15 րոպե։ Տեսահոլովակ՝ Կրծքագեղձի հաստ ասեղային բիոպսիա։

Ստերեոտակտիկ բիոպսիա. Ստերեոտակտիկ բիոպսիան իրականացվում է ճառագայթաբանի կողմից ճառագայթաբանական բաժանմունքում այնպիսի մի հատուկ սեղանի վրա, որն ունի անցք կուրծքը կախելու համար (հիվանդը պառկում է փորի վրա): Մամոգրաֆիկ կամ ՄՌՏ սարք է կիրառվում՝ հստակ որոշելու կատարվելիք բիոպսիայի ստույգ կետը: Բիոպսիայի ասեղի ներմուծման կետում թմրեցնող դեղորայքի միջոցով թմրեցվում է մաշկը: Այնուհետև փոքրիկ կտրվածք է կատարվում: Հատուկ ռենտգենյան ճառագայթների կիրառմամբ՝ ուղղորդելով ասեղը, այն տեղադրվում է կասկածելի հատվածում: Սովորաբար, միևնույն կտրվածքից մեկից ավելի նմուշներ են վերցվում: Հիվանդը պետք է անշարժ պառկի մինչև բիոպսիայի ավարտը։ Ասեղի ներմուծման համար կատարված փոքր կտրվածքը, սովորաբար, կարերի տեղադրում չի պահանջում: Սովորաբար, փոքրիկ մետաղական մարկեր (ամրակ) է տեղադրվում այն հատվածում, որտեղից վերցվել է բիոպսիայի նմուշը: Դա արվում է այն նպատակով, որպեսզի նշվի այն ստույգ կետը, որտեղից վերցվել է հյուսվածքի նմուշը: Մետաղական մարկերը մնում է կրծքագեղձում, եթե հիվանդի մոտ չի հայտնաբերվում քաղցկեղ: Հիվանդը չի կարողանա զգալ այն, մինչդեռ ապահով կերպով կարող է ՄՌՏ անցնել: Հետագայում մամոգրաֆիկ զննում անցկացնելիս ճառագայթաբանը կկարողանա տեսնել այդ մետաղական մարկերը: Կրծքագեղձի բիոպսիայի այս տեսակը տևում է մոտ 60 րոպե, սակայն նշված ժամանակահատվածի զգալի մասը հարկավոր է մամոգրաֆիկ կամ ՄՌՏ զննման և բիոպսիայի հատվածը տեղորոշելու համար:

Վակուումի կիրառմամբ բիոպսիա. Բիոպսիայի այս տեսակը իրականացվում է ստերեոտակտիկ բիոպսիայի պես, սակայն այս դեպքում սարքը վակուումի միջոցով է հեռացնում կրծքագեղձում կասկածելի կետը: Վակուումով հաստ ասեղային բիոպսիան մեկ ժամից կարճ է տևում:

Բաց բիոպսիա. Բաց բիոպսիան իրականացվում է վիրաբույժի կողմից: Բիոպսիան կարող է կատարվել վիրաբուժական կլինիկայում կամ հիվանդանոցում: Բաց բիոպսիայի ժամանակ հիմնականում կատարվում է ընդհանուր անզգայացում: Մաշկի վրա, այնուհետև կրծքագեղձի հյուսվածքում փոքրիկ կտրվածք է արվում` հասնելով գոյացությանը: Եթե մամոգրաֆիկ սարքի կիրառմամբ փոքր մետաղալար է տեղադրվել՝ տեղորոշելու կատարվող բիոպսիայի ստույգ կետը, ապա բժիշկը բիոպսիայի նմուշ է վերցնում այդ մետաղալարի ծայրի գտնվելու հատվածից: Մաշկը փակելու համար կարեր են դրվում, և վիրակապ է տեղադրվում: Հիվանդը տեղափոխվում է հետվիրահատական վերականգնման բաժանմունք, մինչև լիովին արթնանալը: Սովորաբար, հաջորդ օրն արդեն նա կարող է վերադառնալ իր բնականոն գործունեությանը: Բաց բիոպսիան տևում է մոտ 30-40 րոպե:

Կալցիֆիկատներ կրծքագեղձում

ԿԱԼՑԻՖԻԿԱՏՆԵՐ ԿՐԾՔԱԳԵՂՁՈՒՄ

Կրծքագեղձի կալցիֆիկատները կամ կալցինատները կալցիումի փոքրիկ կուտակումներ են, որոնք առաջանում են կանանց կրծքագեղձի մեջ: Կալցիֆիկատների առկայությունը կրծքագեղձում բավական տարածված երևույթ է, և մեծամասամբ բարորակ բնույթ է կրում: Գոյություն ունեն կալցիֆիկատների երկու տեսակ՝ մակրոկալցիֆիկատներ և միկրոկալցիֆիկատներ:

Կալցիֆիկատները չունեն որևէ կլինիկական ախտանիշ, և հիվանդը դրանց հետ կապված որևէ գանգատ չի ունենում: Դրանք հիմնականում հայտնաբերվում են մամոգրաֆիկ քննության ժամանակ: Կալցիֆիկատների առաջացման պատճառները բազմաթիվ են՝ սկսած անհայտ պատճառից մինչև կրծքագեղձի տրավմա և երիտասարդ տարիքում կրծքի բորբոքումներ: Սննդակարգում կալցիումի ավելցուկը կամ պակասը չի անդրադառնում կրծքագեղձի կալցիֆիկատների զարգացման վրա:

Մակրոկալցիֆիկատները մամոգրաֆիկ նկարում արտահայտվում են սպիտակ, համեմատաբար խոշոր կետերի տեսքով, որոնք հաճախ ցրված են լինում կրծքագեղձի տարբեր հատվածներում: Դրանք կարող են հայտնաբերվել հիմնականում 50 տարեկանից բարձր կանանց մոտ և 10% դեպքերում` ավելի երիտասարդ կանանց շրջանում:

Միկրոկալցիֆիկատները մամոգրաֆիկ նկարում արտահայտվում են սպիտակ մանր կետիկների տեսքով, որոնք կարող են լինել ցրված, իսկ երբեմն` խմբավորված մեկ հատվածում: Դրանց առկայությունը դեռևս չի հաստատում քաղցկեղը, սակայն հատկապես դրանց խմբավորված տեսակը կարող է ենթադրել կրծքագեղձում նախաքաղցկեղային վիճակի կամ կրծքագեղձի քաղցկեղի ամենավաղ փուլի մասին:

Մակրոկալցիֆիկատների առկայության դեպքում կարիք չկա ո՝չ անհանգստության և ո՝չ էլ բուժման: Իսկ միկրոկալցիֆիկատների առկայությունը կարող է Ձեր բժշկին ստիպել կատարել ևս մի քանի մամոգրաֆիկ նկարներ (կամ MRI)` այդ հատվածն ավելի մանրամասն գնահատելու նպատակով: Միկրոկալցիֆիկատները կարող են գնահատվել որպես «բարորակ» (benign), «հավանաբար բարորակ» (probably benign), «կասկածելի» (suspicious) կամ «չարորակ տիպի» (malignant type): Նման դեպքերում հաճախ կարիք է լինում լսել երկրորդ բժշկի կարծիքը: «Հավանաբար բարորակ» (probably benign) տեսակի դեպքում քաղցկեղի ռիսկը 2%-ից էլ ցածր է, այլ կերպ ասած՝ ավելի քան 98% դեպքերում այս տեսակ միկրոկալցիֆիկատները վտանգավոր չեն: Որպես կանոն` կարիք է լինում մոտակա մեկ տարվա ընթացքում վեց ամիսը մեկ պարբերականությամբ կրկնակի հետազոտվել բժշկի մոտ:

«Կասկածելի» (suspicious) կամ «չարորակ տիպի» (malignant type) կալցիֆիկատների դեպքում բժիշկը կարող է առաջարկել Ձեզ բիոպսիա: Եթե բիոպսիայի արդյունքում հայտնաբերվում են քաղցկեղային բջիջներ, ապա կարող է առաջարկվել վիրահատական բուժում և քաղցկեղի բուժման այլ եղանակներ: Կրծքագեղձի բիոպսիայի մասին մանրամասն կարող եք կարդալ այստեղ։

Շոշափել եք “գնդի՞կ” թևատակում

ՇՈՇԱՓԵԼ ԵՔ «ԳՆԴԻ՞Կ» ԹԵՎԱՏԱԿՈՒՄ

Կանայք և աղջիկներ հաճախ են գանգատվում թևատակում ցավերից կամ անհանգստանում այնտեղ հստակ շոշափվող գոյացությունից: Երբեմն թևատակում կարելի է շոշափել գոյացություն՝ կապված թևատակի մաշկային հիվանդությունների հետ. ֆուրունկուլ՝ մազարմատի բորբոքում, աթերոմա՝ մաշկի ճարպագեղձի բորբոքում, հիդրադենիտ՝ քրտնագեղձի բորբոքում: Իսկ բուն անութափոսում առաջացած «գնդիկները» հիմնականում ավշային հանգուցներ են: Ավշահանգույցների նշանակության մասին կարող եք կարդալ «Կրծքագեղձի ավշային համակարգ» հոդվածում։ Նորմայի սահմաններում (տարբեր տվյալներով) անութափոսում ավշահանգույցների քանակը տատանվում է 8-60: Այս հատվածում ավշահանգույցների նորմալ չափերը տատանվում են 3-10մմ:

Անութափոսի ավշահանգույցների մեծացման պատճառները բազմաթիվ են՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ, «կատվի ճանկռածի հիվանդություն», ինֆեկցիոն մոնոնուկլեոզ, տոքսոպլազմոզ, ջրծաղիկ, տուբերկուլյոզ, տուլյարեմիա, նեյրոդերմիտ, պսորիազ, ռևմատիկ տարբեր հիվանդություններ, հերպեսի որոշ տեսակներ, ավշային համակարգի տարբեր չարորակ ուռուցքներ, վերին վերջույթի մաշկի չարորակ նորագոյացություններ, կրծքագեղձի իմպլանտի պատռվածք: Ամենից հաճախ ավշահանգույցների ռեակտիվ հիպերպլազիան (մեծացում) հանդիպում է կրծքագեղձի, վերին վերջույթի և ուսագոտու շրջաններում սովորական ինֆեկցիաների ժամանակ:

Կրծքագեղձի հիվանդություններից անութային ավշահանգույցների մեծացման պատճառ կարող են լինել բորբոքված կիստան, մաստիտը, պտուկի բորբոքումը և ճաքերը, կրծքագեղձի քաղցկեղը: Քաղցկեղի դեպքում թևատակի ավշային հանգույցների ախտահարման հավանականությունն ուղիղ համեմատական կապի մեջ է կրծքագեղձում ուռուցքի չափերի և տեղակայման հետ, իսկ որոշ դեպքերում կախված է նաև ուռուցքի բիոլոգիական հատկություններից: Կրծքագեղձի քաղցկեղի 0.3-1% դեպքերում անութափոսում կարելի է հանդիպել մեծացած մետաստատիկ ավշային հանգույցներ՝ առանց կրծքագեղձում ուռուցքի առկայության: Կրծքագեղձի քաղցկեղի այս տեսակն անվանում են օկկուլտ քաղցկեղ: Նման դեպքերում ուռուցքը չի շոշափվում, չի հայտնաբերվում ո՛չ սոնոգրաֆիկ, ո՛չ մամոգրաֆիկ քննությամբ: Հաճախ մեծացած ավշային հանգույցի ախտահարման վերջնական պատճառը պարզելու համար հարկ է լինում հանգույցի հեռացում և նրա մորֆոլոգիական մանրամասն քննություն:

Թևատակում մեծացած ավշային հանգույցներ հայտնաբերելիս ցանկալի է ստուգվել և պարզել դրա պատճառը:

1 2 3 4 5 6

Search

+