Սքրինինգը նախատեսում է կրծքագեղձի քաղցկեղի ախտանշաններ չունեցող (ասիմպտոմատիկ, այսինքն` որևէ գանգատ կամ գոյացություն չունեցող), սակայն կրծքագեղձի քաղցկեղի տարիքային ռիսկի խմբին պատկանող կանանց հետազոտություն: Սքրինինգի նպատակն է հիվանդությունը բացահայտել զարգացման ամենավաղ կամ նախաքաղցկեղային փուլերում, ինչի շնորհիվ բարձրանում է կրծքագեղձի քաղցկեղից լիովին բուժվելու հավանականությունը:
Կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգի բաղադրիչներն են՝
- Կնոջ կողմից, որոշակի տարիքից սկսած, կրծքագեղձի ինքնուրույն հետազոտումը, այսինքն` կանոնավոր ամսական ինքնազննումը:
- Բժշկի կողմից կրծքագեղձի կլինիկական զննումը:
- Սքրինինգային թվային մամոգրաֆիան, անհրաժեշտության դեպքում՝ տոմոսինթեզով մամոգրաֆիան, սոնոգրաֆիան և/կամ բիոպսիան:
Ամբողջ գործընթացը տևում է միջինում 10-15 րոպե: Կինը պետք է հանվի մինչև գոտկատեղ և կանգնի սարքավորման առջև: Յուրաքանչյուր կուրծքը հետազոտվում է առանձին. կրծքագեղձը տեղադրվում է երկու թիթեղների միջև, որոնցից մեկն անշարժացնում է կուրծքը, իսկ երկրորդը՝ գրանցում պատկերը:
ՀՀ-ում իրականացվում է «Կրծքագեղձի քաղցկեղի մամոգրաֆիկ սքրինինգի պիլոտային ծրագիր»
- Ներկայումս շահառու են հանդիսանում Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերի 50-69 տարեկան կանայք՝ մարզերի Առողջության առաջնային պահպանման հաստատությանը կցագրված բնակչությունից:
- Կինը հրավիրվում է Առողջության առաջնային պահպանման հաստատություն, այսինքն՝ իրենց տարածքային պոլիկլինիկա կամ ամբուլատորիա, որտեղ անցնում է առաջնային ընդունելություն ու զննում, այնուհետև ստանում է կրծքագեղձերի մամոգրաֆիկ հետազոտության 1 ուղեգիր:
- Կինն իրազեկվում է մամոգրաֆիկ սքրինինգի նպատակների մասին, ինչպես նաև ստանում տեղեկատվական թերթիկներ:
- Մամոգրաֆիկ հետազոտությունն իրականացվում է շարժական թվային մամոգրաֆիկ սարքի միջոցով՝ նկարի վերծանմամբ:
- Յուրաքանչյուր մամոգրաֆիկ նկարը քննում են Ուռուցքաբանության ազգային կենտրոնի երկու անկախ ճառագայթաբաններ:
- Հետազոտված կանայք Առողջության առաջնային պահպանման բժշկի կողմից պատշաճ կերպով իրազեկվում են հետազոտության արդյունքների մասին և ստանում խորհուրդներ:
- Կասկածելի օջախներ հայտնաբերելու դեպքում կինը հրավիրվում է Ուռուցքաբանության ազգային կենտրոն, որտեղ, դիմելով ԸՆԴՈՒՆԱՐԱՆ, նրա անունով բացվում է ամբուլատոր քարտ, ինչպես նաև կցվում է դեպքը վարող կրծքագեղձի մասնագետ:
- Ըստ անհրաժեշտության և ցուցումների կատարվում են լրացուցիչ հետազոտություններ՝ տոմոսինթեզով մամոգրաֆիա, սոնոգրաֆիա, այնուհետև՝ բիոպսիա, որոնք անվճար են, ներառյալ խորհրդատվությունները:
- Կրկնակի այցի կանչը դեռ չի նշանակում, որ կինն ունի վտանգավոր հիվանդություն: Դեպքերի ճնշող մեծամասնությունում կասկածները հերքվում են, և կինը վերադառնում է տուն՝ առանց բիոպսիայի անհրաժեշտության:
- Սքրինինգի ծրագիրը եզրափակվում է անվճար կատարվող բիոպսիայի հյուսվածաբանական հետազոտությամբ՝ հերքելով կամ հաստատելով կրծքագեղձի քաղցկեղի առկայությունը:
- Հաստատված կրծքագեղձի քաղցկեղի բուժման համար պացիենտն օգտվում է ՀՀ Առողջապահության նախարարության ընթացիք ծրագրերից:
Կարևոր է իմանալ, որ կրծքագեղձի քաղցկեղն ամենավաղ փուլերում հայտնաբերելիս բուժվելու հավանականությունը գերազանցում է 90%-ը: Հետազոտվե՛ք և ապրեք հանգիստ։