Ինչու՞ վիրահատվեց Անջելինա Ջոլին

Ի վերջո, ինչու՞ վիրահատվեց Անջելինա Ջոլին:

Հանրահայտ գեղեցկուհի, դերասանուհի Անջելինա Ջոլիի անունը հաճախ է լսվում, սակայն հատկապես վերջին իրադարձություններից հետո նրան դեռ երկար կհիշեն:

Ինչպես շատերիս հայտնի է, 2013թ. այս դերասանուհին ինքնակամ հեռացրել էր իր կրծքագեղձերը: New York Times–ին տված իր հայտնի «Իմ բժշկական ընտրությունը» հարցազրույցում նա ասել է, որ դա արել է կանխարգելիչ նպատակով:

Տեղեկացնենք, որ կանխարգելիչ երկկողմանի մաստէկտոմիան նախատեսում է կրծքագեղձի ենթամաշկային հեռացում: Այսինքն՝ պահպանվում են և մաշկը և պտուկը, իսկ վիրահատության ընթացքում կրծքագեղձի փոխարեն տեղադրվում են սիլիկոնե իմպլանտներ: Էսթետիկորեն կրծքագեղձը չի տուժում, դեռ ավելին…

5-10% դեպքերում կրծքագեղձի և ձվարանների քաղցկեղի պատճառ է հանդիսանում BRCA-1 (1-7%) և BRCA-2 (1-3%) գեների մուտացիան: Պարզվում է, որ Ջոլիի մայրը տառապել է կրծքագեղձի քաղցկեղով, որը ստիպել է Անջելինային ստուգվել, ինչի արդյունքում նրա մոտ հայտնաբերվել է BRCA-1 գենի մուտացիա, որը, ըստ իր բժիշկների, բարձրացնում է Ջոլիի մոտ իր կյանքի ընթացքում կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը մինչև 87%, իսկ ձվարաններինը՝ մինչև 50%:

Իհարկե, գրականությունում այս թվերը մի փոքր ավելի համեստ են, բայց ինչևէ: Այս ամենը Ջոլիին բացատրելուց հետո նա որոշում է գնալ այդ վիրահատությանը և դեռ խոսք է տվել հետագայում մտածել նաև ձվարանների հեռացման մասին:

Կարծիքներն այս ամենի մասին շատ իրարամերժ են, բայց այն, որ Անջելինա Ջոլիի անձն իր այս քայլով կրկին օգնեց հանրությանը խոսել կրծքագեղձի քաղցկեղի խնդրի մասին, փաստ է:

Բացի բժշկական տեսանկյունից բուժման այս մոտեցումն ունի նաև իրավական կողմ, այն էլ ԱՄՆ-ի նման երկրում, որտեղ պացիենտը հիվանդանալուց հետո կարող է մեղադրել բժշկին խնդիրը ոչ պատշաճ աստիճանի ներկայացնելու մեջ:

Վերջում կրկին հիշեցնենք, որ կրծքագեղձի քաղցկեղի միայն 5-10% դեպքերն են առաջանում ժառանգական նախատրամադրվածությամբ պայմանավորված՝ վերը նշված գեների աշխատանքի խափանման հետևանքով:

Ունենալ կրծքագեղձի քաղցկեղով հիվանդ հարազատ դեռ չի նշանակում լինել այդ 5-10%-ի մեջ: Դա պարզվում է միայն արյան հատուկ քննության ճանապարհով:

Search

+