Ինչպես է կատարվում բիոպսիան՝կախված ընտրված եղանակից

22․ Բարակ ասեղային ասպիրացիոն բիոպսիա (պունկցիոն բիոպսիա). Հարկավոր է հանել գոտկատեղից վերև ընկած հատվածի հագուստը։ Բիոպսիան իրականացվում է զննման սեղանին՝ հիվանդի նստած կամ պառկած դիրքում։ Ձեռքերը պետք է պահել աջ և ձախ կողմերում կամ գլխից վերև բարձրացնել (կախված նրանից, թե որ դիրքում հեշտ կլինի գտնել գոյացությունը)։ Բիոպսիայի ասեղի ներմուծման կետում թմրեցնող դեղորայքի միջոցով թմրեցվում է մաշկը: Այնուհետև տեղադրվում է ասեղը, որը, հատելով մաշկը, ներթափանցում է կրծքագեղձի հյուսվածքի մեջ։

Բիոպսիայի ընթացքում ուլտրաձայնային սարք կարող է կիրառվել՝ ուղղորդելու ասեղի տեղադրումը։ Եթե գոյացությունը կիստա է, ապա ասեղի միջոցով հեղուկ է դուրս բերվում, իսկ պինդ գոյացության դեպքում` հյուսվածքի նմուշ։ Բիոպսիայի նմուշն ուղարկվում է լաբորատորիա՝ մանրադիտակով ուսումնասիրելու նպատակով։ Մինչև բիոպսիայի ավարտը հիվանդը պետք է անշարժ պառկի։ Այնուհետև ասեղը հեռացվում է։ Ասեղի ներմուծման կետում ճնշում է գործադրվում՝ դադարեցնելու արյունահոսությունը։ Տեղադրվում է վիրակապ, սառցապարկ: Բարակ ասեղային ասպիրացիոն բիոպսիան տևում է մի քանի րոպե։

Հաստ ասեղային բիոպսիա (տրեպան բիոպսիա). Բիոպսիայի ասեղի ներմուծման կետում թմրեցվում է մաշկը՝ ներարկելով թմրեցնող դեղորայք։ Մաշկի թմրեցումից անմիջապես հետո կատարվում է փոքրիկ կտրվածք: Հատուկ ծայրով ասեղը տեղադրվում է կրծքագեղձի հյուսվածքում: Բժիշկը 3-12 նմուշ է վերցնում՝ առավել ճշգրիտ արդյունքներ ստանալու նպատակով: Այնուհետև ասեղը հեռացվում է։ Ասեղի ներմուծման կետում ճնշում է գործադրվում՝ արյունահոսությունը դադարեցնելու նպատակով։ Տեղադրվում է վիրակապ, սառցապարկ։ Սա կարող է մի քանի անգամ կրկնվել՝ ապահովելու հյուսվածքի բավականաչափ նմուշների ստացումը: Հաստ ասեղային բիոպսիան տևում է մոտ 10-15 րոպե։ Տեսահոլովակ՝ Կրծքագեղձի հաստ ասեղային բիոպսիա։

Ստերեոտակտիկ բիոպսիա. Ստերեոտակտիկ բիոպսիան իրականացվում է ճառագայթաբանի կողմից ճառագայթաբանական բաժանմունքում այնպիսի մի հատուկ սեղանի վրա, որն ունի անցք կուրծքը կախելու համար (հիվանդը պառկում է փորի վրա): Մամոգրաֆիկ կամ ՄՌՏ սարք է կիրառվում՝ հստակ որոշելու կատարվելիք բիոպսիայի ստույգ կետը: Բիոպսիայի ասեղի ներմուծման կետում թմրեցնող դեղորայքի միջոցով թմրեցվում է մաշկը: Այնուհետև փոքրիկ կտրվածք է կատարվում: Հատուկ ռենտգենյան ճառագայթների կիրառմամբ՝ ուղղորդելով ասեղը, այն տեղադրվում է կասկածելի հատվածում: Սովորաբար, միևնույն կտրվածքից մեկից ավելի նմուշներ են վերցվում: Հիվանդը պետք է անշարժ պառկի մինչև բիոպսիայի ավարտը։ Ասեղի ներմուծման համար կատարված փոքր կտրվածքը, սովորաբար, կարերի տեղադրում չի պահանջում: Սովորաբար, փոքրիկ մետաղական մարկեր (ամրակ) է տեղադրվում այն հատվածում, որտեղից վերցվել է բիոպսիայի նմուշը: Դա արվում է այն նպատակով, որպեսզի նշվի այն ստույգ կետը, որտեղից վերցվել է հյուսվածքի նմուշը: Մետաղական մարկերը մնում է կրծքագեղձում, եթե հիվանդի մոտ չի հայտնաբերվում քաղցկեղ: Հիվանդը չի կարողանա զգալ այն, մինչդեռ ապահով կերպով կարող է ՄՌՏ անցնել: Հետագայում մամոգրաֆիկ զննում անցկացնելիս ճառագայթաբանը կկարողանա տեսնել այդ մետաղական մարկերը: Կրծքագեղձի բիոպսիայի այս տեսակը տևում է մոտ 60 րոպե, սակայն նշված ժամանակահատվածի զգալի մասը հարկավոր է մամոգրաֆիկ կամ ՄՌՏ զննման և բիոպսիայի հատվածը տեղորոշելու համար:

Վակուումի կիրառմամբ բիոպսիա. Բիոպսիայի այս տեսակը իրականացվում է ստերեոտակտիկ բիոպսիայի պես, սակայն այս դեպքում սարքը վակուումի միջոցով է հեռացնում կրծքագեղձում կասկածելի կետը: Վակուումով հաստ ասեղային բիոպսիան մեկ ժամից կարճ է տևում:

Բաց բիոպսիա. Բաց բիոպսիան իրականացվում է վիրաբույժի կողմից: Բիոպսիան կարող է կատարվել վիրաբուժական կլինիկայում կամ հիվանդանոցում: Բաց բիոպսիայի ժամանակ հիմնականում կատարվում է ընդհանուր անզգայացում: Մաշկի վրա, այնուհետև կրծքագեղձի հյուսվածքում փոքրիկ կտրվածք է արվում` հասնելով գոյացությանը: Եթե մամոգրաֆիկ սարքի կիրառմամբ փոքր մետաղալար է տեղադրվել՝ տեղորոշելու կատարվող բիոպսիայի ստույգ կետը, ապա բժիշկը բիոպսիայի նմուշ է վերցնում այդ մետաղալարի ծայրի գտնվելու հատվածից: Մաշկը փակելու համար կարեր են դրվում, և վիրակապ է տեղադրվում: Հիվանդը տեղափոխվում է հետվիրահատական վերականգնման բաժանմունք, մինչև լիովին արթնանալը: Սովորաբար, հաջորդ օրն արդեն նա կարող է վերադառնալ իր բնականոն գործունեությանը: Բաց բիոպսիան տևում է մոտ 30-40 րոպե:

Search

+