Քաղցկեղի բուժման ժամանակ ինֆուզիոն պորտ համակարգի կիրառում

ՔԱՂՑԿԵՂԻ ԲՈՒԺՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԻՆՖՈՒԶԻՈՆ ՊՈՐՏ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

Թերևս բոլորն են լսել չարորակ ուռուցքների դեպքում կիրառվող մեթոդի` քիմիաթերապիայի մասին: Քիմիաթերապիան հատուկ դեղամիջոցների կիրառումն է, որոնք կասեցնում են ուռուցքային բջիջների աճը և/կամ ոչնչացնում դրանք: Կրծքագեղձի քաղցկեղի դեպքում քիմիաթերապիան անց է կացվում ներարկման կամ դեղամիջոցը խմելու եղանակով: Ներկայացնենք ինֆուզիոն պորտ համակարգը (port-a-cath` պորտակատ), որը կիրառվում է քիմիաթերապիայի դեղերի ներարկման համար:

Քիմիաթերապևտիկ դեղամիջոցներն այս եղանակով ներարկելն անհամեմատ ավելի հեշտ ընթացք է ունենում պացիենտի համար և թույլ է տալիս խուսափել յուրաքանչյուր գործողության համար կրկնակի ներերակային ներարկումներ կատարելուց, մանավանդ, երբ բուժումը երբեմն կարող է տևել ամիսներ, կամ էլ ավելի երկար:

Պորտ համակարգն իմպլանտացվող համակարգ է և հնարավորություն է տալիս մուտք գործել դեպի կենտրոնական երակային համակարգ: Պորտ համակարգի միջոցով դեղը, մուտք գործելով կենտրոնական երակային համակարգ, անմիջապես խառնվում է մեծածավալ արյան հետ և առավել արդյունավետորեն է տարածվում քիմիաթերապիա ստացող հիվանդների ամբողջ օրգանիզմով:

Պորտ համակարգը կազմված է երկու մասից` պորտ և կաթետր: Պորտը ոչ մեծ տարա է, որն իմպլանտացվում է կրծքավանդակի վերին հատվածում` մաշկի տակ: Պորտին միանում է կաթետրը, որի միջոցով համակարգը միակցվում է կենտրոնական երակային համակարգին:

ԻՆՉՈՒ՞ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊՈՐՏ ԿԱԹԵՏՐԸ

Բուժման ժամանակ անընդհատ երակային մուտքի կարիք է լինում: Տոքսիկ դեղորայքը` հատկապես քիմիաթերապևտիկ դեղերը, վնասում են փոքր տրամաչափի երակները` հետագա ներարկումները դարձնելով ավելի ցավոտ: Ունենալով մուտք դեպի կենտրոնական երակային համակարգ` թերապիան իրականացվում է առավել արդյունավետ և անվտանգ:

ԻՆՉՊԵ՞Ս Է ՏԵՂԱԴՐՎՈՒՄ ՊՈՐՏ ԿԱԹԵՏՐԸ

Ինֆուզիոն պորտը մոտավորապես 4սմ տրամագծով և 2սմ հաստությամբ տարա է, որը ներսից ծածկված է բիոիներտ պոլիմերով: Վերին հատվածը ծածկված է բազմաշերտ սիլիկոնե թաղանթով, որտեղից իրականացվում է դեղերի ներարկումը: Տարային միացվում է կաթետր, որի դիստալ հատվածը միակցվում է կենտրոնական երակային համակարգին (ենթանրակային կամ ներքին լծային երակների):

Մոտավորապես 1 ժամ տևողությամբ միջամտությունն իրականացվում է ռենտգեն վիրաբուժական սենյակում տեղային կամ ներերակային անզգայացմամբ, որից հետո պացիենտը մնում է ստացիոնարում ևս 4 ժամ: Միջամտության ժամանակ կատարվում են փոքր կտրվածք և ներմաշկային գրպանիկի ձևավորում՝ կրծքավանդակի վերին հատվածում տարայի տեղադրման նպատակով: Այնուհետև միացվում է կաթետրը, որի դիստալ հատվածը, ռենտգեն հսկողության ներքո, իջեցվում է մինչև վերին սիներակի ստորին 1/3 հատվածը: Անհրաժշտության դեպքում հենց հաջորդ օրը հիվանդը կարող է քիմիաթերապիա ստանալ: Ցանկալի է պորտ կաթետրը տեղադրել քիմիաթերապիա ստանալուց առնվազն 10 օր առաջ:

ԻՆՉՊԵ՞Ս Է ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ՊՈՐՏԻ ԽՆԱՄՔԸ

Պորտի տեղադրումից հետո նվազագույնն ամիսը մեկ անգամ այն պետք է, այսպես ասած, լվանալ` կաթետրի խցանումից խուսափելու համար: Պորտը կարելի է հեռացնել բուժման ամբողջական կուրսն ավարտելուց հետո: Եթե խնդիրներ չեն առաջացել, կարելի է նաև թողնել, քանի որ տվյալ խմբի պացիենտներն անընդհատ երակային ներարկումների կարիք են ունենում: Հնարավոր է նաև լաբորատոր հետազոտությունների համար պորտի միջոցով արյուն վերցնել:

ՀՆԱՐԱՎՈՐ ՌԻՍԿԵՐԸ

Նորագույն տեխնոլոգիաները, ռենտգենի և ուլտրաձայնի առկայությունը թույլ են տալիս ռիսկերը նվազագույնի հասցնել: Պորտ համակարգի կիրառման դեպքում առկա են վերքի ինֆեկցվելու հետ կապված ոչ մեծ ռիսկեր: Բացի այդ, նախքան այս համակարգի կիրառումը պետք է տիրապետել օրգանիզմի` ալերգիաների նկատմամբ հակվածության տեղեկատվությանը:

Search

+