Կիստա կրծքագեղձում

Ի՞նչ է կրծքագեղձի կիստան: Համառոտ բնորոշմամբ կիսատն պարկ է, որը լցված է հեղուկով: Կրծքագեղձի կիստան այդ օրգանի ամենից հաճախ հանդիպող բարորակ գոյացությունն է: Որպես կանոն (հիմնականում) այն կարելի է անգամ խնդիր չհամարել: Սովորաբար կնոջ օրգանիզմում տարիքին զուգահեռ կատարվող հորմոնալ փոփոխությունները կարող են առաջացնել կրծքագեղձի կիստա: Կրծքագեղձում կիստաների քանակը կարող է տատանվել մեկից մինչև մի քանի տասնյակի սահմանում, իսկ դրանց չափերը կարող են լինել մի քանի միլիմետրից մինչև մի քանի սանտիմետր: Դրանք կարող են առաջանալ կրծքագեղձերի ցանկացած հատվածում: Կանանց մեծ մասն անգամ չի էլ իմանում իր կրծքում կիստայի առկայության մասին: Կիստաներն ավելի շատ հանդիպում են 35-ից բարձր տարիքում: Նրանց առաջացման հավանականությունը մեծանում է 45-50 տարեկանին մոտ, երբ կնոջ օրգանիզմում հորմոնալ փոփոխությունների արագությունն աճում է: Իսկ արդեն դաշտանադադարից հետո կիստաների մեծ մասը սկսում են ներծծվել: Կիստաները հաճախ են հանդիպում այն կանանց մոտ, ովքեր ստանում են հորմոն-փոխարինող թերապիա:

Այս ամենի հետ մեկտեղ պետք է նշել, որ կրծքագեղձի կիստան իրենից վտանգ չի ներկայացնում: Կանանց մեծ մասը վախենում է, որ կիստան կարող է վերածվել քաղցկեղի: Շտապենք տեղեկացնել, որ չկա որևէ ապացույց, որ կրծքագեղձի կիստան կարող է վերածվել քաղցկեղի. հասարակ կիստայի շրջանում քաղցկեղի առաջացումը համարվում է զուգադիպություն:

Կիստաների մեծ մասը չունի բուժման կարիք: Եվ պետք չէ անհանգստանալ, եթե հերթական ստուգման ժամանակ պարզվի, որ կիստան ոչ թե անհետացել է, այլ նույնիսկ մեծացել է մի քանի միլիմետրով: Պետք չէ համառորեն փորձել բուժվել փոքր կիստաներից՝ ակնկալելով հաջորդ հետազոտության ժամանակ ստանալ սոնոգրաֆիկ իդեալական պատկեր: Եթե կիստան անհանգստացնում է կնոջը, եթե այն բորբոքվել է և/կամ ցավ է պատճառում, անգամ, եթե խիստ անհանգստացնում է միայն հոգեբանորեն, ապա բժիշկը բացարձակ անցավ կարող է հեռացնել կիստայի պարունակությունը բարակ ասեղի միջոցով: Եթե կիստան նորից լցվում է հեղուկով, երբեմն հարկ է լինում այն դատարկել մի քանի անգամ: Պարունակությունը լինում է տարբեր գույնի և երանգի՝ բաց դեղինից մինչև մուգ շագանակագույն: Որպես կանոն՝ այն անգամ կարիք չի ունենում բջջաբանական հետազոտության (իհարկե, բժշկի որոշմամբ): Եթե դատարկված կիստան լցվում է 24 ժամվա ընթացքում, ապա պետք է անմիջապես բժշկին հայտնել դրա մասին: Հազվադեպ հանդիպում են բազմախտրոց, ներկիստոզ հյուսվածքային կոմպոնենտներով բարդ կիստաներ: Չի բացառվում, որ նման դեպքերում բժիշկն առաջարկի Ձեզ ոչ շտապ, այսինքն պլանային վիրահատական բուժում:

Ստուգվե՛ք կրծքագեղձի մասնագետի մոտ և համոզվելով, որ Ձեզ մոտ ընդամենը հասարակ կիստա է, ապրե՛ք հանգիստ և առանց կպչուն մտքերի:

Search

+