Կրծքագեղձի ֆիլոիդ ուռուցքներ

Կրծքագեղձի ֆիլոիդ ուռուցքներ

Կրծքագեղձի ֆիլոիդ ուռուցքները հազվադեպ են հանդիպում՝ կազմելով կրծքագեղձի բոլոր տեսակի ուռուցքների 1%-ից էլ քիչ մասը։ «Ֆիլոիդ» անվանումը հունարենից թարգմանաբար նշանակում է «տերևանման» (ուռուցքի բջիջներն աճում են տերևանման մոդելով)։ Այս ուռուցքներն այլ կերպ անվանում են նաև «տերևանման ուռուցք» կամ «տերևանման ֆիբրոադենոմա»։ Չնայած նրան, որ ֆիլոիդ ուռուցքների մեծամասնությունը բարորակ է, հանդիպում են նաև դրանց չարորակ տեսակները, իսկ որոշներն էլ սահմանային են՝ հարելով ոչ քաղցկեղայինի և քաղցկեղայինի միջև ընկած սահմանին։ Այս երեք տեսակներն էլ վիրահատական միջամտություն են պահանջում։ Ֆիլոիդ ուռուցքները կարող են առաջանալ ցանկացած տարիքում, բայց դրանք հակված են զարգանալու կնոջ` 40-50 տարեկան հասակում։ Բարորակ ֆիլոիդ ուռուցքները, ի տարբերություն չարորակների, սովորաբար ախտորոշվում են ավելի երիտասարդ տարիքում:

Ֆիլոիդ ուռուցքների զարգացումը

Ֆիլոիդ ուռուցքներն առաջանում են կրծքագեղձի ծորաններից և բլթակներից դուրս և զարգանում են կրծքագեղձի շարակցական հյուսվածքում, որը կոչվում է ստրոմա։ Ստրոման իր մեջ ներառում է ճարպային հյուսվածքը, ծորաններն ու բլթակները շրջապատող մկանները և կրծքագեղձի արյունատար ու ավշային անոթները։ Ստրոման կարելի է պատկերացնել որպես մի հյուսվածք, որը կրծքագեղձում «ամեն բան կապակցված է պահում»։ Բացի ստրոմայի բջիջներից ֆիլոիդ ուռուցքները կարող են պարունակել նաև ծորանների և բլթակների բջիջներ։

Ախտանիշներ

Որպես կանոն ֆիլոիդ ուռուցքը հստակ շոշափվում է: Այն արագ աճելու հակում ունի մի քանի շաբաթների կամ ամսիների ընթացքում կարող է հասնել 2-3սմ, իսկ ընդհանրապես, ֆիլոիդ ուռուցքի չափերը կարող են հասնել մինչև ավելի քան 15-20սմ: Նման արագընթաց աճը դեռևս չի նշանակում, որ ֆիլոիդ ուռուցքը չարորակ է: Գոյացությունը սովորաբար ցավոտ չի լինում։ Ժամանակի ընթացքում ֆիլոիդ ուռուցքը կարող է մեծանալ և տեսանելի ուռուցիկ տեսք ստանալ՝ սեղմվելով մաշկին։ Առավել խորացած դեպքերում ֆիլոիդ ուռուցքը կարող է մաշկի վրա խոցի պատճառ դառնալ կամ բաց վերք առաջացնել։

Ախտորոշում

Ֆիլոիդ ուռուցքի դեպքում ախտորոշումը կարող է բավականին դժվար լինել, քանի որ ուռուցքի այս տեսակը պրակտիկայում հաճախադեպ չէ։ Ֆիլոիդ ուռուցքը կարող է նմանվել նաև կրծքագեղձի` առավել հաճախ հանդիպող բարորակ գոյացությանը` ֆիբրոադենոմային, որն առավել հաճախ հանդիպում է ավելի երիտասարդ կանանց մոտ: Ի տարբերություն ֆիբրոադենոմայի, ֆիլոիդ ուռուցքներն ավելի արագ աճի հակում ունեն և զարգանում են 40-50 տարեկանում:

Ֆիլոիդ ուռուցքների ախտորոշումը սովորաբար ներառում է մի քանի գործողությունների համակցություն՝

  • Կրծքագեղձերի զննում հնարավոր է, որ բժիշկը կարողանա շոշափել գոյացությունը կրծքագեղձում, կամ էլ դուք ինքներդ շոշափեք այն ինքնազննման ժամանակ։
  • Մամոգրաֆիա՝ ստանալու կրծքագեղձի ռենտգենյան նկարներով պատկերը (մամոգրամա) և տեղորոշելու գոյացությունը։ 
  • Ուլտրաձայնային հետազոտություն (սոնոգրաֆիա)՝ ստանալու կրծքագեղձի ձայնալիքային նկարներով պատկերը։ Նկարները ձևավորվում են, երբ կրծքագեղձի հյուսվածքն «արձագանքում» է ձայնային ալիքներին։
  • Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ)՝ ստանալու ուռուցքի լրացուցիչ նկարներով պատկերը, որը կօգնի վիրահատության պլանավորմանը։
  • Բիոպսիա՝ ստանալու ուռուցքի նմուշներ, որոնք կհետազոտվեն մանրադիտակով։ 

Չնայած նրան, որ վիզուալ ախտորոշման մեթոդներն օգտակար են, այնուամենայնիվ բիոպսիան միակ եղանակն է՝ պարզելու` արդյո՞ք գոյացությունը ֆիլոիդ ուռուցք է։

Բժիշկը կարող է կատարել երկու միջամտություններից որևէ մեկը՝

  1. հաստ ասեղային բիոպսիա` ստանալու ուռուցքի նմուշներ;
  2. էքսցիզիոն բիոպսիա, որի միջոցով ուռուցքը հեռացվում է ամբողջությամբ:

Հաճախ անհրաժեշտ է հետազոտել ամբողջական ուռուցքը, որպեսզի ճիշտ ախտորոշում կայացվի։ Հնարավոր է, որ հաստ ասեղային բիոպսիայի ժամանակ ստացված հյուսվածքի փոքրածավալ նմուշները բավարար չլինեն՝ հաստատելու գոյացության՝ ֆիլոիդ ուռուցք լինելու փաստը։ Այնուհետև ախտորոշում կայացնելու նպատակով մանրադիտակով հետազոտվում է ուռուցքի հյուսվածքը, ըստ որի որոշվում է ֆիլոիդ ուռուցքի տեսակը` բարորակ, սահմանային կամ չարորակ։

«Բարորակ» բնորոշումը հաճախ մարդկանց մոտ այն սխալ կարծիքն է ստեղծում, որ չկա բուժման կարիք։ Սակայն բարորակ ֆիլոիդ ուռուցքները, ինչպես և չարորակները, կարող են աճել և հասնել մեծ չափերի՝ ստեղծելով կրծքագեղձում մի տեսանելի գոյացություն, որը, հավանաբար, մաշկում կարող է ճեղքվածք առաջացնել և ցավ ու անհարմարություն պատճառել։ Սա է պատճառը, որ թե՛ բարորակ, և թե՛ չարորակ ֆիլոիդ ուռուցքները բուժում են պահանջում։ Հիմնական տարբերությունը դրանց միջև այն է, որ չարորակ ֆիլոիդ ուռուցքները, հատկապես ստրոմայի բջիջների զգալի գերաճով ուռուցքները, կարող են ավելի հաճախ կրկնվել:

«Ֆիլոիդ ուռուցքի բուժումն ու հսկողությունը»

 

Search

+