Կալցիֆիկատներ կրծքագեղձում
ԿԱԼՑԻՖԻԿԱՏՆԵՐ ԿՐԾՔԱԳԵՂՁՈՒՄ
Կրծքագեղձի կալցիֆիկատները կամ կալցինատները կալցիումի փոքրիկ կուտակումներ են, որոնք առաջանում են կանանց կրծքագեղձի մեջ: Կալցիֆիկատների առկայությունը կրծքագեղձում բավական տարածված երևույթ է, և մեծամասամբ բարորակ բնույթ է կրում: Գոյություն ունեն կալցիֆիկատների երկու տեսակ՝ մակրոկալցիֆիկատներ և միկրոկալցիֆիկատներ:
Կալցիֆիկատները չունեն որևէ կլինիկական ախտանիշ, և հիվանդը դրանց հետ կապված որևէ գանգատ չի ունենում: Դրանք հիմնականում հայտնաբերվում են մամոգրաֆիկ քննության ժամանակ: Կալցիֆիկատների առաջացման պատճառները բազմաթիվ են՝ սկսած անհայտ պատճառից մինչև կրծքագեղձի տրավմա և երիտասարդ տարիքում կրծքի բորբոքումներ: Սննդակարգում կալցիումի ավելցուկը կամ պակասը չի անդրադառնում կրծքագեղձի կալցիֆիկատների զարգացման վրա:
Մակրոկալցիֆիկատները մամոգրաֆիկ նկարում արտահայտվում են սպիտակ, համեմատաբար խոշոր կետերի տեսքով, որոնք հաճախ ցրված են լինում կրծքագեղձի տարբեր հատվածներում: Դրանք կարող են հայտնաբերվել հիմնականում 50 տարեկանից բարձր կանանց մոտ և 10% դեպքերում` ավելի երիտասարդ կանանց շրջանում:
Միկրոկալցիֆիկատները մամոգրաֆիկ նկարում արտահայտվում են սպիտակ մանր կետիկների տեսքով, որոնք կարող են լինել ցրված, իսկ երբեմն` խմբավորված մեկ հատվածում: Դրանց առկայությունը դեռևս չի հաստատում քաղցկեղը, սակայն հատկապես դրանց խմբավորված տեսակը կարող է ենթադրել կրծքագեղձում նախաքաղցկեղային վիճակի կամ կրծքագեղձի քաղցկեղի ամենավաղ փուլի մասին:
Մակրոկալցիֆիկատների առկայության դեպքում կարիք չկա ո՝չ անհանգստության և ո՝չ էլ բուժման: Իսկ միկրոկալցիֆիկատների առկայությունը կարող է Ձեր բժշկին ստիպել կատարել ևս մի քանի մամոգրաֆիկ նկարներ (կամ MRI)` այդ հատվածն ավելի մանրամասն գնահատելու նպատակով: Միկրոկալցիֆիկատները կարող են գնահատվել որպես «բարորակ» (benign), «հավանաբար բարորակ» (probably benign), «կասկածելի» (suspicious) կամ «չարորակ տիպի» (malignant type): Նման դեպքերում հաճախ կարիք է լինում լսել երկրորդ բժշկի կարծիքը: «Հավանաբար բարորակ» (probably benign) տեսակի դեպքում քաղցկեղի ռիսկը 2%-ից էլ ցածր է, այլ կերպ ասած՝ ավելի քան 98% դեպքերում այս տեսակ միկրոկալցիֆիկատները վտանգավոր չեն: Որպես կանոն` կարիք է լինում մոտակա մեկ տարվա ընթացքում վեց ամիսը մեկ պարբերականությամբ կրկնակի հետազոտվել բժշկի մոտ:
«Կասկածելի» (suspicious) կամ «չարորակ տիպի» (malignant type) կալցիֆիկատների դեպքում բժիշկը կարող է առաջարկել Ձեզ բիոպսիա: Եթե բիոպսիայի արդյունքում հայտնաբերվում են քաղցկեղային բջիջներ, ապա կարող է առաջարկվել վիրահատական բուժում և քաղցկեղի բուժման այլ եղանակներ: Կրծքագեղձի բիոպսիայի մասին մանրամասն կարող եք կարդալ այստեղ։