Կրծքագեղձի նորմալ փոփոխություններ և ինքնազննում շոշափելով
Կրծքագեղձի նորմալ փոփոխություններ և կրծքագեղձի ինքնազննում շոշափելով
Ամենամսյա հորմոնալ փոփոխությունների պատճառով կրծքում կարող է լցվածության զգացում առաջանալ, կուրծքը կարող է գնդված թվալ և դառնալ զգայուն: Հղիության ընթացքում կուրծքը լայնանում և պնդանում է: Տարիքի հետ կուրծքը ծածկվում է ճարպային հյուսվածքով: Մարմնի ընդհանուր քաշի ավելացումը կամ նվազումը կարող են փոխել կրծքագեղձի չափերը:
Անկախ նշված փոփոխություններից՝ յուրաքանչյուր կին պետք է պարբերաբար զննի իր կուրծքը` ըստ տրված ցուցումների:
- Պառկած վիճակում կուրծքը զննելիս ծալված սրբիչը տեղափոխել աջ ուսի տակ՝ աջ կուրծքը զննելիս, և հակառակը:
- Կրծքում կարող է լցվածության զգացողություն առաջանալ:
- Կարող է լինել ցավ պտուկի շրջանում կամ պտուկի հաստացում:
- Ցանկալի է կուրծքը զննել նաև ջրի տակ կանգնած:
- Փորձել զգալ որևէ գնդվածություն, նոր գոյացած գնդիկներ, կարծրացում, այտուցվածություն, մաշկի կծկվածություն, պտուկի ցավ և գերզգայնություն:
- Միշտ ձախ ձեռքն օգտագործել աջ կուրծքը և անութափոսը զննելու համար, իսկ աջ ձեռքը` ձախ կուրծքը և անութափոսը:
Շոշափելու միջոցով կրծքագեղձի ինքնազննման տեխնիկան հետևյալն է.
- Ձեռքի ափի կողմով՝ մատերով (մատերը միասին, ուղիղ պահած), թեթևակիորեն սեղմել կուրծքը:
- Փոքրիկ շրջանաձև շարժումներով դանդաղորեն մատերը շարժել` սկսելով կրծքագեղձի դրսի մասից:
- Կուրծքը երևակայելով իբրև ժամատախտակ՝ զննումն սկսել ժամը 12-ի, 1-ի, 2-ի դիրքերից և այդպես շարունակել մինչև կրծքագեղձի ողջ հյուսվածքի հետազոտումը՝ ներառյալ պտուկի շուրջը:
- Սեղմել պտուկները և ստուգել, արդյոք կա պտուկից որևէ արտադրություն:
- Միևնույն մեթոդը գործածելով՝ փորձել զգալ կրծքագեղձի և թևատակի արանքը:
- Միևնույն գործողությունները կատարել մյուս կողմից:
Կրծքագեղձի ինքնազննումն ավելի նպատակահարմար է իրականացնել լոգանք ընդունելիս ու կանգնած վիճակում, քանի որ թաց և օճառոտ մաշկը թույլ է տալիս փոփոխություններն ավելի հեշտ զգալ: