Կրծքագեղձի օնկոպլաստիկ երկու վիրահատություն

ԻՐԱԿԱՆԱՑՎԵՑ ԿՐԾՔԱԳԵՂՁԻ ՕՆԿՈՊԼԱՍՏԻԿ ԵՎՍ ԵՐԿՈՒ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆ

Տարբեր առիթներով բազմիցս խոսվել է կրծքագեղձի քաղցկեղի բուժման ժամանակ օրգան-պահպանողական վիրահատությունների, կրծքի կարևոր օրգան լինելու մասին` ինչպես երեխային կերակրելու, այնպես էլ կնոջ սեքսուալությունը պահպանելու առումով: Անդրադառնալով նշյալ թեմաներին՝ «Առողջ կրծքագեղձ» նախագիծն ընդլայնում է իր գործունեությունը նաև այս ոլորտում: 2015թ. դեկտեմբերին Ուռուցքաբանության ազգային կենտրոնում կատարվել է օնկոպլաստիկ երկու վիրահատություն: Վիրահատվել են երիտասարդ երկու կանայք` 40տ. Հ-ն և 42տ. Գ-ն, որոնց կրծքագեղձի քաղցկեղի բուժման վիրահատական փուլում անհրաժեշտ էր հեռացնել կրծքագեղձը, սակայն մեծ էր նաև կուրծքը պահպանելու ցանկությունը՝ թե՛ բժշկի կողմից, և թե՛ պացիենտների:

42տ. Գ-ի դեպքում կատարվել է աջ կրծքագեղձի ենթամաշկային արմատական հեռացում (պտուկը պահպանելով)՝ էքսպանդերի միաժամանակյա տեղադրմամբ: Էքսպանդերը սիլիկոնե պատյանով պարկ է, որի մեջ ժամանակի ընթացքում բժշկի միջամտությամբ դրսից լցվում է սովորական ֆիզլուծույթ, և այն լայնանալով՝ ձևավորում է նոր կուրծքը: Այս մեթոդը թույլ է տալիս պացիենտին ստանալ նաև քիմիաթերապևտիկ և ճառագայթային բուժում:

40տ. Հ-ի դեպքում իրականացվել է ձախ կրծքագեղձի ենթամաշկային ամպուտացիա (հեռացնելով նաև պտուկը)՝ սիլիկոնե իմպլանտի միաժամանակյա տեղադրմամբ: Այս եղանակով կինն արդեն վիրահատությունից հետո արթնանում է կրծքագեղձով, այսինքն` կուրծքը հեռացվում է ենթամաշկային եղանակով, և նույն մաշկի տակ է տեղադրվում սիլիկոնե իմպլանտը:

Արևմտյան այն երկրներում, որտեղ «Առողջ կրծքագեղձ» նախագծի հեղինակ բժիշկ-ուռուցքաբան Արթուր Ավետիսյանն անցել է մասնագիտական վերապատրաստումներ, վիրահատական այս մոտեցումները սովորական բնույթ են կրում: Թեև Հայաստանում այսպիսի վիրահատությունները դեռևս լայն տարածում չունեն, բայց «Առողջ կրծքագեղձ» նախագծի շրջանակներում մենք համառորեն աշխատում ենք այդ ուղղությամբ:

Ի դեպ, չի բացառվում նաև, որ եվրոպական բարերարների կողմից “Առողջ կրծքագեղձ” նախագիծը նվեր ստանա սիլիկոնե իմպլանտներ և էքսպանդերներ, ինչը զգալիորեն մատչելի կդարձնի այս տեսակ վիրահատությունները:

Search

+