Կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելում․ ինչպե՞ս նվազեցնել հավանականությունը
Կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելում․ ինչպե՞ս նվազեցնել հավանականությունը
Ռիսկի որոշ գործոններ, ինչպիսին, օրինակ, ընտանեկան պատմությունն է, փոխել հնարավոր չէ: Սակայն գենետիկական անալիզներով ապացուցված կրծքագեղձի քաղցկեղի ժառանգական նախատրամադրվածություն ունեցող կանանց արևմուտքում առաջարկում են կրծքագեղձերի պրոֆիլակտիկ հեռացում (ավելի մանրամասն կարդացեք «Ի վերջո, ինչո՞ւ վիրահատվեց Անջելինա Ջոլին» վերնագրով հոդվածում):
Ապրելակերպը փոխելով՝ դուք կարող եք նվազեցնել կրծքագեղձի քաղցկեղի հավանականությունը, և սա ապացուցվել է բազմաթիվ հետազոտությունների արդյունքում, անգամ բարձր ռիսկի խմբի կանանց մոտ:
- Սահմանափակե՛ք ալկոհոլի օգտագործումը: Եթե դուք օգտագործում եք ալկոհոլ (անկախ տեսակից՝ գարեջուր, գինի, լիկյոր և այլն) ամեն օր (անկախ քանակից՝ անգամ մեկ բաժակ), ապա գտնվում եք ռիսկի գոտում:
- Մի՛ ծխեք: Հետազոտությունների արդյունքները ենթադրում են անմիջական կապ ծխելու և կրծքագեղձի քաղցկեղի միջև, հատկապես երիտասարդ կանանց մոտ: Բացի այդ, ծխելու սովորությունից ազատվելն ամենալավ նվերներից է, որ կարող եք մատուցել ձեր առողջությանը:
- Հետևե՛ք Ձեր քաշին: Գերքաշը և ճարպակալումը բարձրացնում են կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը: Սա է՛լ ավելի վտանգավոր է, երբ կինը գերքաշ է հավաքում դաշտանադադարից հետո:
- Եղե՛ք ֆիզիկապես ակտիվ: Ֆիզիկական ակտիվությունն օգնում է զերծ մնալ գերքաշից և ճարպակալումից, որոնք համարվում են ռիսկի գործոններ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այս կապակցությամբ խորհուրդ է տալիս շաբաթական առնվազն 150 րոպե չափավոր ֆիզիկական ակտիվություն կամ 75 րոպե ակտիվ ֆիզիկական ակտիվություն: Սա անհրաժեշտ է համալրել առնվազն շաբաթը երկու անգամ ուժային մարմնամարզությամբ:
- Կրծքով կերակրելը: Կրծքով կերակրելը կարող է որոշակի դեր խաղալ կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման գործում: Կինն ինչքան երկար կերակրի կրծքով, այնքան մեծ կլինի պաշտպանական էֆեկտը:
- Հորմոնալ թերապիայի սահմանափակում: Հորմոն փոխարինող թերապիայից 3-5 տարի շարունակ օգտվելը բարձրացնում է կրծքագեղձի քաղցկեղի ռիսկը: Եթե օգտագործում եք հորմոնալ միջոցներ դաշտանադադարի տհաճ երևույթները նվազեցնելու նպատակով, ապա խորհրդակցեք բժշկի հետ որևէ այլ մեթոդի ընտրության համար: Այդ տհաճ երևույթներից կարելի է ազատվել նաև ոչ հորմոնալ մեթոդների շնորհիվ, օրինակ՝ ֆիզիկական ակտիվությամբ: Եթե, այնուամենայնիվ, դուք որոշել եք օգտագործել հորմոնալ դեղամիջոցներ, ապա հնարավորինս նվազեցրե՛ք դեղաչափը:
Կարո ՞ ղ է արդյոք առողջ սննդակարգը կանխարգելել կրծքագեղձի քաղցկեղը:
Հետազոտությունները, ցավոք, ցույց են տվել, որ մրգերով և բանջարեղենով կանոնավոր սնվելը չունի պաշտպանական հատկություն կրծքագեղձի քաղցկեղի նկատմամբ: Իսկ ճարպերի ցածր պարունակությամբ սննդակարգը կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը նվազեցնում է աննշան: Այնուամենայնիվ, առողջ սննդակարգը զգալիորեն իջեցնում է այլ տեսակի քաղցկեղների զարգացման հավանականությունը, ինչպես նաև՝ շաքարային դիաբետի, սրտային խնդիրների, ինսուլտի: Բացի այդ, առողջ սննդակարգը թույլ է տալիս զերծ մնալ ավելորդ քաշից, որն իր հերթին կարևոր գործոն է կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման գործում:
Կա ՞ արդյոք կապ հակաբեղմնավորիչների օգտագործման և կրծքագեղձի քաղցկեղի առաջացման միջև:
Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ հակաբեղմնավորիչների երկարատև օգտագործումը որոշակիորեն բարձրացնում է կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը, և սա վերաբերում է հատկապես երիտասարդ կանանց: Սակայն այդ դեղահաբերի օգտագործումը դադարեցնելուց 10 տարի անց ռիսկը նվազում է և հասնում այնպիսի մակարդակի, ինչպիսին հակաբեղմնավորիչ դեղեր երբևէ չօգտագործած կանանց մոտ է: