Կրծքագեղձի քաղցկեղի բուժման տեսանելի կողմնակի բարդությունները

Կրծքագեղձի քաղցկեղի բուժման տեսանելի կողմնակի բարդությունները

Կրծքագեղձի քաղցկեղի բուժման ընթացքում ի հայտ են գալիս որոշ կողմնակի երևույթներ (կրծքագեղձի փոփոխություններ, մազաթափություն, վերին վերջույթի՝ ձեռքի այտուց, քաշի ավելացում կամ կորուստ, մաշկի և եղունգների փոփոխություններ), որոնք հիվանդի համար դառնում են լրացուցիչ մտահոգության խնդիր:

Կրծքագեղձի քաղցկեղի բուժման կողմնակի բարդությունները, որոնք շրջապատի համար նկատելի են, կարող են բացասաբար անդրադառնալ հիվանդի հուզական վիճակին: Սակայն դրանք հաղթահարելու համար կարելի է ձեռնարկել մի շարք քայլեր:

Կրծքագեղձի փոփոխություններ

Տեսանելի կողմնակի բարդություններից է կրծքագեղձի մասնակի կամ ամբողջական հեռացումը, որի հետևանքով կրծքերի միջև անհամաչափություն է նկատվում: Եթե հեռացվել է կրծքագեղձը, ապա կարելի է կատարել կրծքագեղձի վերականգնողական վիրահատություն, իսկ (կամ) մինչ այդ արտաքին պրոթեզ կրել: Կրծքագեղձի պրոթեզը դնում են կրծկալի մեջ կամ ամրացնում մաշկին երկկողմանի կպչուն ժապավենով: Պրոթեզի ճիշտ ընտրության համար պետք է խորհրդակցել համապատասխան մասնագետի (կրծքագեղձի պրոթեզի գծով խորհրդատուի) հետ:

Մազաթափություն

Քիմիաթերապիայի հետևանքով կարող է մազաթափություն առաջանալ: Այդ տեսակ դեղամիջոցներn առավել մեծ ազդեցություն ունեն արագ աճող բջիջների վրա, ինչպիսիք են քաղցկեղային բջիջները: Բանն այն է, որ մազարմատի ֆոլիկուլների բջիջները նույնպես արագ են աճում, և հենց այդ պատճառով են դրանք վնասվում: Մազաթափությունը յուրաքանչյուր մարդու մոտ տարբեր բնույթի և ինտենսիվության կարող է լինել՝ կախված ընդունած քիմիաթերապիայի տեսակից: Մազաթափության պատճառ կարող է լինել նաև ճառագայթային և հորմոնալ բուժման այս կամ այն տեսակը: Եթե մազերը թափվում են քիմիաթերապիայի պատճառով, ապա, հավանաբար, մազաթափություն կլինի բուժման մեկնարկից 1-2 շաբաթների ընթացքում: Հնարավոր է, որ մազերն ամբողջությամբ միաժամանակ բարակեն կամ թափվեն: Երբեմն ոչ միայն գլխի, այլև ամբողջ մարմնի մազերն են թափվում (թարթիչների, հոնքերի, թևերի, ոտքերի և ցայլքի շրջանի):

Խորհուրդներ. Մազաթափությունը հնարավոր չէ կանխել, բայց մեղմ շամպուն և մազերի փափուկ խոզանակ օգտագործելու կամ մազերը չորացնելիս ֆենը ցածր ջերմաստիճանով կիրառելու դեպքում հնարավոր է մի փոքր նվազեցնել մազաթափությունը: Սակայն խրախուսելի է հետևել արևմտյան երկրների կանանց օրինակին և բուժումը սկսելուն պես ինքնակամ ամբողջովին ազատվել մազերից, կամ կարճ կտրել և ժամանակավոր կրել կեղծամ: Այդպիսով կինը զերծ է մնում լոգանք ընդունելիս մազերի զանգվածային կորստից կամ առավոտյան արթնանալիս բարձի վրա թափված մազեր տեսնելուց: Կարելի է գնել շարֆեր, չալմաներ, գլխարկներ նախքան մազաթափության սկսվելը: Նախապատրաստել սիրելիներին, հատկապես երեխաներին մազաթափությունից հետո արտաքին տեսքի փոփոխությանը՝ այսպիսով նրանց ևս մասնակից դարձնելով շարֆերի և այլ պարագաների ընտրությանը: Երբեմն մազերը սկսում են նորից աճել նույնիսկ նախքան բուժման ավարտը, բայց դրանք կարող են ավելի բարակ լինել կամ այլ գույն և խտություն ունենալ: Հաճախ ենք հանդիպում կանանց, ովքեր մազերի կորուստն ավելի ծանր են տանում, քան անգամ կրծքագեղձի հեռացումը: Հարկ ենք համարում նշել, որ հիմնականում քիմիաթերապիան ավարտելուց մոտ 2 ամիս անց մազերը սկսում են ինտենսիվ կերպով վերականգնվել: Այս հոգեբանական խնդրի լուծման մեջ մեծ դեր ունեն բուժող բժիշկը, հոգեբանը, հիվանդի հարազատները:

Ձեռքի այտուց

Բժիշկներն այս երևույթը լիմֆեդեմա են անվանում. թևի այտուց այն կողմից, որտեղ կրծքագեղձի և/կամ ավշային հանգույցների վիրահատություն է կատարվել: Այն կարող է լինել նաև ճառագայթային բուժման հետևանք: Հաճախ դա ժամանակավոր բնույթ է կրում, բայց կարող է դառնալ նաև մշտական՝ ազդելով հիվանդի կյանքի որակի վրա: Առավել հաճախ նման այտուց առաջանում է, երբ հեռացվում են թևատակի բոլոր ավշահանգույցները: Կրծքագեղձի ժամանակակից վիրաբուժությունը թույլ է տալիս որոշ դեպքերում հեռացնել միայն մի քանի ավշային հանգույց, կամ միայն նրանք, որոնք պետք է հեռացվեն, դրանով իսկ զգալիորեն նվազեցնել ձեռքի այտուցի առաջացման ռիսկը: Նախքան վիրահատությունը պետք է հարցնել բժշկին՝ արդյոք անհրաժեշտ է հեռացնել բոլո՞ր ավշային հանգույցները, թե կարելի՞ է սահմանափակվել միայն, այսպես կոչված, պահակային ավշահանգույցների հեռացումով: Թևի այտուցի ախտանիշները ժամանակին նկատելու դեպքում կարելի է նվազեցնել դրա զարգացման տեմպերը:

Խորհուրդներ.

  • Պետք չէ անտեսել ձեռքին առաջացող ցանկացած այտուց:
  • Խուսափել վնասված ձեռքի մաշկին այլ վնասվածք պատճառելուց:
  • Ձեռնոցներ կրել այգեգործություն կամ տնային գործեր անելիս:
  • Խուսափել ջրի ջերմաստիճանի կտրուկ փոփոխություններից:
  • Ձեռքը պաշտպանել արևի ազդեցությունից:
  • Խուսափել վնասված ձեռքից ներարկումներ կամ ներերակային միացումներ (սիստեմա) ստանալուց:
  • Խուսափել վնասված ձեռքով ծանր պայուսակներ վերցնելուց կամ ծանր ու սեղմող զարդեր կրելուց:

Այտուցի դեպքում հնարավոր է առաջանա նաև հագուստի ճիշտ ընտրության անհրաժեշտություն: Ավելի թույլ/ազատ նստող հագուստի հետ մեկտեղ կարող է անհրաժեշտ լինել նաև առաձգական թեզանիք (эластичный рукав)՝ այտուցը վերահսկելու համար: Այտուցի առաջացումից խուսափելու կամ դրա ազդեցությունը նվազեցնելու համար կարելի է խորհրդակցել լիմֆեդեմայի գծով հավաստագրված թերապևտի հետ, ով կարող է անվտանգ վարժություններ և այլ արդյունավետ միջոցներ առաջարկել:

Քաշի ավելացում կամ կորուստ

Բուժման ընթացքում հնարավոր է քաշի ավելացում կամ կորուստ: Քաշի կորուստը կարող է պայմանավորված լինել սրտխառնոցով, փսխումով կամ ախորժակի անկումով: Քաշի ավելացումը հաճախ պայմանավորված է քիմիաթերապիայով կամ հորմոնալ թերապիայով, որոնք երկուսն էլ կարող են վաղաժամ դաշտանադադարի պատճառ դառնալ: Սակայն ընդունած որոշ այլ դեղամիջոցները, սննդակարգի փոփոխությունները և սահմանափակ ակտիվությունը/նստակյաց կյանքը նույնպես կարող են նպաստել լրացուցիչ կիլոգրամների առաջացմանը:

Խորհուրդներ. Սահմանափակ սննդակարգով սնվելու փոխարեն պետք է օգտագործել սննդարար և հավասարակշռված սնունդ կանոնավոր քաշի ու էներգիայի պահպանման և ապաքինման համար:

  • Օգտագործել սպիտակուցներով հարուստ սնունդ, բայց սահմանափակել հագեցած ճարպերը, շաքարը, ալկոհոլը և աղը:
  • Ողջ օրվա ընթացքում ուտել հաճախ, բայց քիչ քանակությամբ, հատկապես եթե սրտխառնոց ունեք:
  • Կատարել ֆիզիկական վարժություններ, որոնք օգնում են վերահսկել քաշը և պահպանել ախորժակը: Ֆիզիկական վարժություններն օգնում են նաև կողմնակի այլ բարդությունների դեպքում, ինչպես, օրինակ, ուժասպառության ու դեպրեսիայի: Կարելի է բժշկից տեղեկանալ, թե կոնկրետ Ձեր դեպքում ակտիվության ո՞ր մակարդակն է նախընտրելի:
  • Հետևել ֆիզիկական վարժություններ կատարելու առօրյա կանոնավոր ռեժիմին: Նույնիսկ մի քանի րոպե տևողությամբ ամենօրյա մարզանքը կարող է ինքնազգացողությանը դրական փոփոխություն հաղորդել:

Մաշկի և եղունգների փոփոխություններ

Սրանք կարող են նկատվել քիմիաթերապիայից, ճառագայթային կամ հորմոնալ բուժումից հետո: Մաշկի հնարավոր փոփոխություններն են.

  • կարմրություն;
  • ցան;
  • չորություն;
  • բորբոքում;
  • երակների մգացում:

Ճառագայթային բուժման և քիմիաթերապիայի որոշակի տեսակներով պայմանավորված՝ կարմրությունը կարող է ավելի բարդանալ, եթե մաշկը նաև արևահարվի: Թեև հազվադեպ, բայց երբեմն հնարավոր է մաշկի քիմիական վնասում, երբ ներերակային միացմամբ քիմիաթերապիայի դեղորայքը թափվում է մաշկի վրա կամ մաշկի տակ: Մաշկի վրա առաջացած ցանկացած ճաքի կամ կտրվածքի մասին, որը կարող է վարակվել, պետք է տեղեկացնել բժշկին:

Խորհուրդներ

  • Խորհրդակցել բուժանձնակազմի հետ նախքան մաշկի խնամքի համար որևէ պարագա (լոսյոններ, փոշիներ, օծանելիք, կրեմներ/քսուքներ, հոտազերծիչներ, մարմնի յուղեր կամ տնական դեղամիջոցներ) օգտագործելը: Որոշ կոսմետիկ միջոցներում պարունակվող հավելանյութերը կարող են վատթարացնել մաշկային ռեակցիաները:
  • Բուժման ընթացքում խուսափել ներկանյութով համեմված և հոտավետ լվացքի միջոցներից:
  • Մաշկը պահել մաքուր և չոր, օգտագործել մեղմ օճառ և լոգանք ընդունելուց հետո սրբիչի թեթև հպումներով չորացնել մաշկը:
  • Բժշկի թույլտվությամբ օրվա ընթացքում մի քանի անգամ բարձր արդյունավետությամբ խոնավեցնող միջոց օգտագործել չոր մաշկի խնամքի համար:
  • Արևի ազդեցությանը ենթարկվելիս արևապաշտպան քսուք օգտագործել:
  • Թույլ/ազատ նստող և բնական գործվածքներից հագուստ կրել, օրինակ՝ բամբակե և մետաքսե:

Եղունգների հնարավոր փոփոխություններ

Եղնգահուները կարող են մգանալ կամ գունազրկվել: Հնարավոր է եղունգների ճեղքում, շերտավորում կամ կոշտացում: Երբեմն դրանք կարող են նաև անջատվել եղնգահունից: Նման դեպքում պետք է տեղեկացնել բժշկին, քանի որ դա մեծացնում է վարակման ռիսկը:

Խորհուրդներ

  • Եղունգները կարճ կտրել շերտատվելու հավանականությունը նվազագույնին հասցնելու համար:
  • Խուսափել արհեստական եղունգներից, որոնք կարող են մեծացնել վարակի ներթափանցման ռիսկը: Կարելի է եղունգների լաք օգտագործել, իսկ դրա մաքրման համար՝ ոչ ացետոնային հիմքով մաքրող նյութ, որը քիչ է չորացնում:
  • Կուտիկուլների հեռացման համար մեղմ քսուք կամ գել օգտագործել՝ մերսելով այն եղունգների մեջ:
  • Չի կարելի եղունգները կծել:
  • Ձեռնոցներ կրել այգի մշակելիս կամ տնային գործեր անելիս:
  • Խուսափել մասնագիտական մատնահարդարումից, իսկ օգտվելու դեպքում կիրառել ախտահանված սեփական գործիքները:
  • Խուսափել ձեռքերը ջրում երկար պահելուց՝ սնկային վարակների ռիսկի նվազեցման համար:

Մաշկի և եղունգների փոփոխությունները սովորաբար անհետանում են բուժման ավարտից հետո:

Search

+