Կրծքագեղձի քաղցկեղին նվիրված միջազգային 2-րդ սիպոզիում
2015թ. սեպտեմբերի 4-ին «Առողջ կրծքագեղձ» նախագծի շրջանակներում ՀՀ ԱՆ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի և Ավստրիայի Բաց բժշկական համալսարանի աջակցությամբ Երևանում տեղի ունեցավ կրծքագեղձի քաղցկեղին նվիրված միջազգային 2-րդ աշնանային սիպոզիումը, որին մասնակցեցին նաև Ավստրիայի Բաց բժշկական համալսարանի պրոֆեսորներ, Վիեննայի կենտրոնական հոսպիտալի վիրաբուժական ծառայության ղեկավար Ռայմունդ Ջակեզը, նույն կենտրոնի քիմիաթերապիայի առաջատար մասնագետ Գյունթեր Շտեգերը, «Եվրոպա Դոննա Արմենիա» (www.europadonna.am) պացիենտական կազմակերպության ներկայացուցիչներ, ուռուցքաբանության ոլորտում հիվանդների հոգեկան առողջությամբ զբաղվող մասնագետներ՝ հոգեուռուցքաբաններ, ինչպես նաև կրծքագեղձի քաղցկեղից բուժված կանայք, ովքեր հետաքրքրված էին քննարկվող թեմաներով:
Սիպոզիումի քննարկվող առանցքային թեմաներն էին կրծքագեղձի քաղցկեղին առնչվող ժամանակակից խնդիրները և ոլորտում գրանցված հաջողությունները: Պրոֆեսոր Ռ.Ջակեզի խոսքով՝ Եվրոպայում կրծքագեղձի քաղցկեղի բուժման գործում առանձնակի կարևորվում է կուրծքը պահպանելու գործոնը, որը համեմատաբար ավելի հեշտ է իրագործել, եթե ուռուցքը չափերով փոքր է: Իսկ ուռուցքի մեծ չափերի դեպքում՝ 3-4սմ, վիրահատությունից առաջ քիմիաթերապիայի միջոցով նախ փոքրացվում է այն, որից հետո կատարվում է վիրահատություն՝ փորձելով պահպանել հնարավորինս մեծ քանակությամբ առողջ հյուսվածք:
Որպես այս ոլորտի մասնագետ, քաջատեղյակ լինելով Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղի հիվանդացության պատկերին, «Առողջ կրծքագեղձ» նախագծի հեղինակ բժիշկ-ուռուցքաբան Արթուր Ավետիսյանը նշում է, որ ցավոք, Հայաստանում դեռևս լայնորեն չի կիրառվում օրգանապահպան վիրահատությունների սկզբունքը, որը պայմանավորված է մի շարք գործոններով: Հիմնական պատճառներից մեկն այն է, որ, ի տարբերություն Եվրոպայի, որտեղ լայն տարածում ունի կրծքագեղձի քաղցկեղի սկրինինգային ծրագիրը, Հայաստանում հիվանդները դիմում են բժշկի հիվանդության բավական ուշ փուլերում: Մյուս կողմից, որոշ բժիշկներ, քաղցկեղի ռեցիդիվից խուսափելու համար նախընտրում են հեռացնել ամբողջ կրծքագեղձը: Մեկ այլ տարածված պատճառ է նաև հիվանդների ցանկությունը: Հաճախ հենց հիվանդն է խնդրում բժշկին հեռացնել ամբողջ կուրծքը՝ մտածելով, որ դրանով է պայմանավորված իր լիարժեք բուժումը: Սա, իհարկե անթույլատրելի է, քանի որ կրծքի հեռացումից հետո կանանց մեծ մասը բախվում է հոգեբանական ու ֆիզիոլոգիական մի շարք խնդիրների: