Մարզային այցեր 2015
«Առողջ կրծքագեղձ» նախագծի և «Եվրոպա Դոննա Արմենիա» պացիենտական կազմակերպության համագործակցության շրջանակներում պարբերաբար իրականացվում են մարզային այցելություններ, որոնց նպատակն է բարձրաձայնել կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի մասին և հասարակության շրջանում բարձրացնել խնդրի վերաբերյալ իրազեկվածության մակարդակը։
Համալիր միջոցառումների մեկնարկը տրվեց 2015թ. մայիսի 31-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում: Այցի ընթացքում նախատեսված են եղել և կազմակերպվել են կրծքագեղձի քաղցկեղին վերաբերող սեմինար-քննարկում, կրծքագեղձերի ուլտրաձայնային անվճար հետազոտություն, ուռուցքաբանի խորհրդատվություն։
Սեմինար-քննարկմանը մասնակցել ցանկացողները, ինչպես նաև հետազոտության ու խորհրդատվության կարիք ունեցողները հերթագրվել էին` նախապես կապ հաստատելով «Առողջ կրծքագեղձ» նախագծի և «Եվրոպա Դոննա Արմենիա» պացիենտական կազմակերպության անդամների հետ:
Սեմինար-քննարկման ընթացքում անց է կացվել դասախոսություն կրծքագեղձի քաղցկեղի, հետազոտության, ախտորոշման, բուժման ժամանակակից հնարավորությունների վերաբերյալ: Հանդիպմանը ներկա կանանցից մոտ 60-ն անվճար հիմունքներով ենթարկվեցին զննման և անցան գործիքային՝ ուլտրաձայնային հետազոտություն: Թե՛ հանդիպումը, և թե՛ գործիքային հետազոտությունն իրականացվել է Վանաձորում հայտնի բժշկուհի Այծեմնիկ Օհանյանի կլինիկայում: Այս կլինիկայի բժշկուհիները, հուրախություն բոլորիս, վերապատրաստում են անցել կրծքագեղձի հիվանդությունների ախտորոշման ուղղությամբ: Հարկ է նշել, որ որոշ կանանց մոտ հետազոտության արդյունքում հայտնաբերվեցին կրծքագեղձի առողջության հետ կապված այնպիսի խնդիրներ, որոնք անհապաղ բուժման կարիք ունեին: Հետազոտված բոլոր կանայք ստացան համապատասխան խորհրդատվություն: