Պացիենտական կոնգրես Փարիզում
«Առողջ կրծքագեղձ» նախագծի և «Եվրոպա Դոննա Արմենիա» պացիենտական կազմակերպության համագործակցության շրջանակներում 2015թ. հոկտեմբերին բժիշկ-ուռուցքաբան Արթուր Ավետիսյանը մի քանի պացիենտների հետ մասնակցել են Փարիզում անցկացվող եվրոպական Europa Donna կազմակերպության պացիենտների 12-րդ կոնգրեսին։ Կոնգրեսին քննարկվել են կրծքագեղձի քաղցկեղին վերաբերող ամենատարբեր թեմաներ. Պացիենտներն իրազեկվել են այս ոլորտում ժամանակակից բժշկության հաջողությունների մասին, ծանոթացել են կրծքագեղձի քաղցկեղի հետազոտությունների, վիրահատական և քիմիաթերապիայի շրջաններում բուժման ժամանակակից մեթոդներին, բուժումից հետո վերականգնողական փուլերին, բուժման մոտեցումների համեմատությանը, ուսումնասիրել են կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման նոր առաջարկվող ուղիները: Զեկուցումներով հանդես են եկել ԱՄՆ-ի և Եվրոպայի առաջատար տարբեր կենտրոնների պրոֆեսորներ, կազմակերպվել են ավելի փոքր աշխատանքային խմբեր՝ առավել նեղ թեմաների քննարկման համար:
Ինչպես գիտենք, Հայաստանում մի շարք պատճառներով դեռևս չի գործում կլինիկական հետազոտությունների ծրագիրը, մինչդեռ, օրինակ, Ֆրանսիայում այն գործում է 300-ից ավելի կենտրոններում: Այս գիտաժողովը կարևորվում է նաև նրանով, որ քննարկվող առանցքային թեմաներից է ժամանակակից բուժման հնարավորություններ չունեցող երկրների համար ելքերի որոնումը, այդ թվում թանկարժեք դեղերով կլինիկական հետազոտությունների անցկացման հնարավորության ստեղծումը նաև Հայաստանում: Հարկ է նշել, որ նման հանդիպումները շարունակական բնույթ են կրում ու ամեն տարի կազմակերպվում են աշխարհի տարբեր երկրներում, և այսուհետ դրանց իր մասնակցությունը կունենա նաև Հայաստանը: