ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
- Ամսաթիվ 14 Jun 2022
- Տեսակ ՄԻ ԿՆՈՋ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
ԱՅՍ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
ԻՄ ԱՆՑԱԾ ՈՒՂԻՆ
Ես կցանկանայի կիսվել իմ անցած ուղիով: Ես Գալստյան Նարինեն եմ, 2014թ. ախտորոշում անցա և երկարատև (վեց ամսյա) բուժում ստացա կրծքագեղձի քաղցկեղ հիվանդության դեմ:
Ճանապարհը դժվար էր, բայց փորձեցի բժիշկների ու հարազատների օգնությամբ հաղթահարել «դարի չարիքը»: Երևի ամենաանցավ ու կարճ բուժումը վիրահատական էր, իսկ քիմիաթերապիան երկարատև էր՝ լի տհաճ հետևանքներով, մազաթափությամբ, սրտխառնոցով, ընդհանուր թուլությամբ, հոտային վատ զգացումներով, ախորժակի վատացմամբ, նյարդային գերլարվածությամբ ու խոցելիությամբ: Բժշկիս խորհրդով նախորոք մազերս շատ կարճ կտրեցի և սկսեցի կեղծամ կրել: Թեպետ ամեն քամիաթերապիայի կուրսից հետո մազերս ուղղակի փշրվում էին ձեռքերիս մեջ: Գլխումս մի բան է դաջվել. ինձ ծնած մարդու խոսքերը և ինձնից ծնված մարդու վերաբերմունքը: Մայրս, տեսնելով ինձ, բացականչեց. «Վա՛յ բալես, էս ի՞նչ օրն էս ընկել»: Իսկ տղաս գրկախառնվեց ու համբուրեց գլուխս: Ճառագայթային բուժումն էլ իր բացասական կողմերն ուներ, բացի վերը նշված տհաճ զգացումներից ավելացավ նաև մաշկի չորացումն ու գույնի մգացումը, շատ նման էր արևայրուքի: Ճառագայթումից հետո թևատակի մաշկի մազային շերտը այդպես էլ չվերականգնվեց: Դա էլ իր դրական կողմն ունի, և ընդհանրապես բուժման յուրաքանչուր փուլն իր լավ կողմերն ունի: Քիմիաթերապիայից հետո մաշկը դառնում է հարթ, փայլուն, գլխի մազերն ավելի են գանգրանում և ընդհանուր որակը լավանում է, նմանվում ես նորածին երեխայի:
Երկու տարի առաջ առնչվելով կրծքագեղծի քաղցկեղ հիվանդության հետ և մինչ օրս շարունակելով բուժումս և պարտադիր վեց ամիսը մեկ հետազոտվելով՝ նախ և արաջ կոչ կանեի մեր հարգելի կանանց պարտադիր տարին մեկ անգամ անցնել սոնոգրաֆիա և մամոգրաֆիա: Մի՛ կարծեք, որ չայցելելով բժիշկ–մամոլոգի դուք կշրջանցեք այդ հիվանդությունը, ո՛չ: Կարող եք շատ հեշտությամբ հիվանդության առաջին փուլից հայտնվել չորրորդ փուլում և այդ դեպքում ավելի շատ ուժ, եռանդ, ջանք և ֆինանսական ծախսեր հատկացնեք բուժման համար: Ձեր առողջությանը հետևողական եղեք, առաջնորդվեք փիլիսոփայության պատճառահետևանքային օրենքով՝ առանց պատճառի այցելեք բժշկի, որպեսզի խուսափեք բացասական և ծանր հետևանքներից: Ես, պատմելով իմ հիվանդության մասին՝ մյուսներին ապրելու հնարավորություն եմ տալիս, սա է իմ կարքախոսը: