ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
- Ամսաթիվ 14 Jun 2022
- Տեսակ ՄԻ ԿՆՈՋ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
ԱՅՍ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Բարև…
Ես Նարինեն եմ` 37 տարեկան, ծնվել և ապրում եմ Երևանում: Ուզում եմ ի լուր աշխարհի անկեղծորեն ասել, որ ես, իսկապես, հաղթահարել եմ դարի չարիքը, հաղթել եմ մահին և այսօր ապրում եմ: Ավելի՛ն․ ապրում եմ նորմալ ու բնականոն կյանքով, աշխատում եմ, ժպտում, պայքարում և ուրախանում ինձ տրված կյանքի ամեն մի րոպեի համար:
2013թ. դեկտեմբերին ինձ մոտ հայտնաբերվեց կրծքագեղձի քաղցկեղ… Ես հարազատներիս հետ գնացի հիվանդանոց, որպեսզի հետազոտվեմ, քանի որ իմ կրծքագեղձում շոշափվում էր զգալի մեծությամբ գոյացություն, բայց անկեղծորեն պիտի խոստովանեմ, որ չէի վախենում, իսկապես, ես նույնիսկ չէի մտածում, որ այդ գոյացությունը կարող է լինել վտանգավոր, ես ուղղակի մտածում էի, որ փոքր խնդիր է և շուտով կլուծվի… Բայց ճակատագիրն իմ հետագա կյանքի համար այլ ուղի էր կանխորոշել:
Սակայն այդ նույն ճակատագիրը որոշել էր նաև, որ ես պետք է իմ կյանքի այդ դժվարին պահին հանդիպեմ մի մարդու, որը կուղղի իմ առողջության սխալ ընթացքը, որը կապացուցի, որ կյանքում կան նաև հրաշքներ, որը կօգնի ինձ ապրել: Այդ մարդը, ում ես կյանքով եմ պարտական, իմ շատ սիրելի բժիշկն է՝ Արթուր Ավետիսյանը: Ուռուցքաբանության ազգային կենտրոնում մամոգրաֆիկ հետազոտության, բիոպսիայի, բջջաբանական և հյուսվածքաբանական քննության, համակարգչային տոմոգրաֆիայի արդյունքում տրվեց վերջնական ախտորոշումը՝ ձախ կրծքագեղձի C-r (ինվազիվ կարցինոմա, 5սմ)՝ առանց մետաստատիկ ախտահարման, և աջ կրծքագեղձի տերևանման ֆիբրոադենոմա (2սմ), իսկ ձախ անութափոսում՝ մեծացած ավշային հանգույց (1.5 սմ): Իմ հիվանդությունն արդեն բացահայտված էր. կրծքագեղձի քաղցկեղ, մի հիվանդություն, որը հնչում է որպես դատավճիռ, բայց, հավատացե՛ք, որ դա միայն այդպես հնչում է: Այո՛, իմ հիվանդությունը բացահայտված էր, սակայն դեռ ո՛չ ինձ համար, այլ միայն իմ հարազատների, ովքեր բացի հոգու ցավից, որ իրենց համար աշխարհում ամենաթանկ մարդկանցից մեկը տառապում է սարսափելի հիվանդությամբ, իրենց առաջ ունեին նաև դժվարին մեկ այլ խնդիր՝ ինչպես հայտնեին ինձ այդ մասին: Նրանք իրենց մեջ գտան այդ ուժը և հայտնեցին ինձ. այդ ժամանակ ես 33 տարեկան էի, պատրաստվում էի ամուսնանալ, և ինձ համար այդ պահին շատ դժվար էր լսել այդպիսի լուր։ «Ինչու՞, ինչու՞ հենց ես, ինչու՞ հիմա, ինչու՞, Տե՛ր Աստված»:
Շատ դժվար էր, չափազանց դժվար, բայց կար մի բայց. որքան էլ որ ծանր էր իմ հիվանդությունը, այնուամենայնիվ, կար ելք, կար փրկության ճանապարհ, որն ինձ ցույց տվեց իմ բժիշկը: Նա հանգամանալից բացատրեց, որ ես պետք է բուժման երկարատև կուրս անցնեմ (քիմիաթերապիա, վիրահատություն, ճառագայթային բուժում), որ դա կպահանջի շատ ժամանակ, մեծ ջանքեր ու կամք, սակայն դա կտա նաև նորմալ կյանքի որակ և ապրելու հնարավորություն: Ինձ սկզբում թվում էր, թե դա վերջն է, ուղղակի վերջն է իմ կյանքի, սակայն հետո ես հասկացա, որ դա սկիզբն էր իմ փրկության: Քիմիաթերապևտիկ բուժման համար ես հանդիպեցի բժիշկ Դավիթ Զոհրաբյանի հետ, և երբ նա ինձ ասաց, որ մենք 4 ամիս կաշխատենք միասին, որպեսզի հասնենք ցանկալի արդյունքի, ես սարսափեցի: «4 ամիս, արդյո՞ք հնարավոր է դիմանալ 4 ամիս»,- մտածեցի ես: Ես անդադար դիմում էի իմ բժշկին հետևյալ հարցով. «Մազերս կթափվե՞ն»: Նա ասաց, որ կթափվեն, բայց դա մանրուք է այն ամենի համեմատ, ինչ ես ձեռք կբերեմ վերջում՝ ԿՅԱՆՔ: Ասաց, որ ես հետագայում նույնիսկ կզարմանամ, որ դա ինձ անհանգստացնում էր: Ես անցա քիմիաթերապիայի 6 կուրս, հենց առաջին կուրսից ուռուցքն սկսեց փոքրանալ, ակնհայտ էր, որ ինձ վրա շատ լավ էր ազդում քիմիաթերապիան: Երբ 6 կուրսերն արդեն ավարտված էին, ուռուցքից համարյա ոչինչ չէր մնացել: Սակայն վիրահատությունն ու ճառագայթային բուժումն անհրաժեշտ էին ցանկալի արդյունքի հասնելու համար: Բժիշկ Ավետիսյանը նախապես կատարել էր կլիպմարկերների տեղադրում, որոնք ֆիքսել էին ուռուցքի սկզբնական չափսերը, և դա հնարավորություն տվեց ճիշտ որոշել վիրահատության ծավալները և կատարել օրգանապահպան վիրահատություն, իսկ վիրահատությունից հետո անցա ճառագայթային բուժում:
Այո՛, ես չեմ ասում, թե հեշտ է եղել, եղել են և՛ մազաթափություն, և՛ սրտխառնոց, և՛ թուլություն, և՛ մաշկի գույնի փոփոխություն: Շատ դժվար օրեր եմ ունեցել, բայց, հավատացե՛ք, այժմ ես ցավով չեմ հիշում այդ օրերը, այլ հպարտությամբ, որ կարողացել եմ հաղթահարել այդ ամենը: Ինձ պես հիվանդները, կարծես, անցնում են հետևյալ փուլերով. սկզբում հարց են տալիս՝ «ինչո՞ւ, ինչու՞ հենց ես», հետո ընդունում են, որ դա արդեն պատահել է, այնուհետև ուզում են հիվանդությունը թաքցնել բոլորից, ուզում են, որ ոչ ոք չիմանա, հետո կամաց-կամաց հասկանում են, որ դա հնարավոր չէ: Իսկ երբ ամեն ինչ արդեն անցյալում է լինում, ուզում են, որ բոլորն իմանան, որ կա փրկության հույս, և պետք է ամուր կառչել այդ հույսից, պետք է պայքարել ու ապրել: Բոլոր հարազատներս, բարեկամներս և ընկերներս եղել են իմ կողքին, օգնել են ինձ, սակայն առաջին հերթին իմ փրկության համար ես պարտական եմ իմ բժիշկներին: Ուզում եմ ձեր դատին ներկայացնել բժիշկներիս նվիրված իմ հեղինակային բանաստեղծությունը.
Մշուշ էր իմ մոտ, մշուշ իմ կյանքում,
Եվ սրտիս խորքում քաոս էր տիրում,
Իսկ վերջին կետը դեռ չէր երևում,
Հարցականներ էին միայն իմ կյանքում,
Թե արդյոք վերջում կյանքիս այս փուլի
Ինձ՝ որպես անհատ, ի՞նչ է մնալու.
Մի տանջված մարմի՞ն, բզկտված հոգի՞…
Սակայն շնորհիվ հարազատներիս,
Իմ սիրելիի և ընկերների
Ես այսօր ողջ եմ, ողջ ու առողջ եմ,
Բայց չասել այսպես չեմ կարողանում.
Բոլորից առաջ ձեզ եմ պարտական,
Եվ խոնարհվում եմ ձեր անձի առաջ,
Իմ լա՛վ բժիշկներ, դուք եք ինձ փրկել,
Եվ ամբողջ կյանքում ձեր անունները
Կմնան իմ մեջ, իմ հոգու խորքում,
Ու դրա հետ էլ մեծ-մեծ տառերով
Մի անգին բառով ձեզ միշտ կհիշեմ.
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ…
Սիրելի՛ կանայք, ձեզ կոչ եմ անում. անպայման հետազոտվե՛ք, գտե՛ք ձեզ համար ժամանակ և հնարավորություն, հետազոտվե՛ք, որպեսզի, եթե կա խնդիր, շուտ հայտնաբերվի, կանխարգելվի, իսկ եթե բուժում է անհրաժեշտ, բուժվե՛ք, մի՛ վախեցեք բուժման ընթացքից և դժվարություններից, քանզի վերջում ամեն ինչ լավ կլինի, դուք անպայման կհաղթահարեք դարի չարիքը: Ես ուժեղ եմ, ես հաղթել եմ, հաղթել եմ կյանքի ու մահվան պայքարում, հաղթել եմ այնպիսի ահռելի երևույթի, ինչպիսին քաղցկեղն է: Դե ասե՛ք. ուժեղ եմ, չէ՞… Հավատացե՛ք, ուժեղ եք նաև դուք: Թո՛ղ աշխարհում ոչ ոք չհիվանդանա քաղցկեղով, բայց եթե դա պատահի ձեզ հետ, հավատացե՛ք, դուք ևս կհաղթեք…
Նարինե Պողոսյան