Կրծքագեղձի քաղցկեղով հիվանդ կնոջ հոգեբանական վիճակը

Կրծքագեղձի քաղցկեղով հիվանդ կնոջ հոգեբանական վիճակը

Կրծքագեղձի քաղցկեղով հիվանդ կնոջ հոգեկան վիճակի մասին ներկայացվող այս նյութը հետաքրքրություն կառաջացնի համեմատաբար ավելի քիչ ընթերցողների մոտ: Դրա հիմնական պատճառներից են՝ «ջայլամի» քաղաքականությունը, երբ փախչելով հնարավոր քաղցկեղի մասին ինֆորմացիայից՝ մարդն իրեն պաշտպանված է զգում, և այն, որ բոլորս, չգիտես ինչու, վստահ ենք, որ քաղցկեղը կարող է հանդիպել բոլորի մոտ՝ բացի մեզնից և մեր մտերիմներց:

Վաղուց ապացուցված է, որ վախից ելնելով՝ հիվանդությունից փախչելն ամենաանարդյունավետ մեթոդն է. վախը հաղթահարելու միակ արդյունավետ միջոցը նրան ընդառաջ գնալն է: Հաշվի առնելով վերոնշյալը՝ ևս մեկ անգամ հիշեցնենք, որ «Առողջ կրծքագեղձ» նախագծի հիմնական նպատակն է կրթել հայ կնոջը, բարձրացնել նրա զգոնությունն առողջության վերաբերյալ և ստիպել հարգել սեփական առողջությունը:

Կրծքագեղձի քաղցկեղ ունենալու հիմնավորված կասկածը կնոջ մոտ կարող է խորը դեպրեսիայի պատճառ դառնալ: Միաժամանակ մակերեսային ինֆորմացիան, ոչ մասնագիտական գիտելիքները, հարազատների ողբերգական միմիկան, հիվանդության մասին խոսելուց բուժանձնակազմի խուսափողական պահվածքը, անկասկած, թողնում են իրենց բացասական ազդեցությունը կնոջ հոգեկան վիճակի վրա՝ իր նոր ախտորոշման վերաբերյալ կնոջ արձագանքին: Վախի խորը զգացումը և իրականության մերժումը հաճախ արհեստականորեն հետաձգում են կնոջ այցելությունը բժշկին, ինչն էլ երբեմն ճակատագրական է դառնում:

Կինը, ով կասկածում է կամ իմանում է իր մոտ կրծքագեղձի քաղցկեղի գոյության մասին, անցնում է մի շարք հոգեբանական փուլերով:

  1. Շոկային և մերժման փուլ: Այս փուլը դրսևորվում է տագնապի, վախի, դեպրեսիայի միջոցով, երբեմն էլ՝ մահվան ցանկությամբ: Այս փուլում հաճախ կինը կարող է մեղադրել իրեն և կարծել, թե այս հիվանդությունը պատիժ է նախկինում կատարած ինչ-որ մեղքերի համար: Կինն այս փուլում անհանգստանում է կարիերայում, հասարակությունում, ընտանիքում ունեցած իր դիրքի կորստի մասին: Երբեմն էլ կարելի է լսել այն թյուր կարծիքը, թե իբր հիվանդությունը վարակիչ է, և հիվանդը փորձում է խուսափել հարազատներից: Այս փուլում շատ դժվար է հանգստացնել կնոջը: Այդ իսկ պատճառով նրան պետք չէ ուղղակիորեն ասել, որ նա ունի կրծքագեղձի քաղցկեղ: Այդ բառը ցանկալի է ժամանակավոր փոխարինել այլ բառերով: Հիվանդության առկայության մասին ասելուց հետո պետք չէ անմիջապես հեռանալ. անհրաժեշտ է մնալ պացիենտի մոտ այնքան ժամանակ, ինչքան անհրաժեշտ է: Այս փուլն ավարտվում է մերժումով: Դա ինքնապաշտպանական ռեակցիա է: Կինն իրեն և իր հարազատներին փորձում է համոզել, որ դա հնարավոր չէ, և ինքը չունի որևէ հիվանդություն, և որ ամեն ինչ լավ կլինի՝ անգամ առանց բուժման: Հիվանդը կասկածում է անգամ բժշկի կոմպետենտությանը: Նա փորձում է վերադառնալ իր առօրյային, կարծես ոչինչ չի եղել: Ցավոք, սա ամենավտանգավոր փուլն է, որը կարող է տևել երկար, ինչի արդյունքում և՛ պացիենտը, և՛ բժիշկը կորցնում են ամենակարևորը՝ ԺԱՄԱՆԱԿԸ: Այս փուլում չի կարելի գնալ վախեցնելու ճանապարհով՝ կյանքը կորցնելու սպառնալիքով, հիվանդին համոզել բուժվել: Դա կարող է բերել խորը դեպրեսիայի:
  2. Ագրեսիա կամ զայրույթ: Այս փուլում, երբ իրականությունը մասամբ արդեն ընդունված է, կարող ենք հանդիպել հիվանդի ագրեսիվ պահվածքին, որը կարող է դրսևորվել «մեղավորների» փնտրտուքով: «Մեղավոր» կարող են լինել թե՛ բժիշկը, թե՛ «նախանձ» հարևանը և թե՛ «վատ աչքը»: Այս փուլը կարճ է տևում, և կարիք չկա դիմադրել հիվանդի կարծիքին: Պետք է թողնել, որ նա արտահայտի իր հույզերը:
  3. Առևտուր: Հասկանալով զայրույթի անարդյունավետությունը` հիվանդը փորձում է գործարքի գնալ իրականության հետ: Այս փուլում հիվանդը փորձում է իրականությունից «գնել» սկզբում առողջացում, հետո` կյանքի երկարաձգում: Որպես գին այստեղ կարող են հանդես գալ որոշակի վարք ցուցաբերելու` «լավը լինելու» խոստումները:
  4. Դեպրեսիա: Այս փուլում կնոջը բնորոշ են ապատիան, անտարբերությունը, կյանքի նկատմամբ հետաքրքրության կորուստը: Կրծքագեղձի քաղցկեղով հիվանդ կինն այս փուլում ձգտում է միայնության: Սովորաբար այս ընթացքում կինն արդեն գտնվում է բուժման ընթացքում: Դեպրեսիայի շրջանում կարևոր է մի փոքր շեղել հիվանդին իր հիվանդությունից: Այստեղ մեծ դեր է խաղում հարազատների և մտերիմների պահվածքը: Օրինակ՝ կարելի է համատեղ թերթել ընտանեկան նկարները, դիտել դրական լիցքերով լի կինոֆիլմ, զբոսնել երեխաների հետ, զբաղվել ընթերցանությամբ կամ սիրած աշխատանքով:
  5. Ընդունում: Այս բոլոր փուլերն անցնելուց հետո հիվանդը վերջապես կարողանում է ընդունել իր հիվանդությունը, ձևավորվում է անձի նոր նույնականացում: Այստեղ գերակայում է հիվանդության հանդեպ ներդաշնակ տիպը, որն օգնում է հիվանդին ակտիվ և պատասխանատու կերպով մոտենալ բուժմանը:

Ցանկացած փուլում կարևոր է չկորցնել վստահությունը բուժման հաջող ավարտի վերաբերյալ: Ցանկացած փուլում դիմե՛ք ձեր բժշկին՝ ակնկալելով նրանից ոչ միայն նեղ մասնագիտական, այլ նաև հոգեբանական օգնություն: Այս ճանապարհն անհամեմատ հեշտ է հաղթահարել՝ պահպանելով պացիենտի կապը հոգեբանի հետ:

Հարգելի՛ կանայք, ամենից կարևոր ենք համարում նշել, որ կրծքագեղձի քաղցկեղը դեռևս դատավճիռ չէ, ընդամենը կարելի է անվանել կյանքի հերթական փորձություն: Ժամանակին և գրագետ բուժում ստանալու դեպքում այս հիվանդությունը հաղթահարելի է:

Search

+