Սիլիկոնե իմպլանտը քաղցկեղի պատճա՞ռ

Կարո՞ղ է արդյոք կրծքի սիլիկոնե իմպլանտը քաղցկեղի պատճառ հանդիսանալ։

Իմպլանտները կրծքագեղձի քաղցկեղի առաջացման պատճառ չեն հանդիսանում: Դրանք անգամ չեն բարձրացնում կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը: Սակայն հետազոտությունները ցույց են տալիս, որ կանայք, որոնք կրում են կրծքագեղձի իմպլանտ, ունեն անապլաստիկ խոշոր-բջջային լիմֆոմայի զարգացման որոշակի ռիսկ: Լիմֆոմայի այս տեսակը դասվում է ոչ Հոջկինյան լիմֆոմաների շարքին: Սա քաղցկեղի տեսակ է, որը զարգանում է կնոջ ավշային համակարգում:

Եթե ունեք կրծքագեղձի իմպլանտ կամ պլանավորում եք նման վիրահատություն, ապա որոշ առանձնահատկությունների մասին պետք է տեղեկացված լինեք Ձեզ վիրահատող բժշկի կողմից։

Ինչու՞ են սիլիկոնե իմպլանտները կապում քաղցկեղի հետ։

Գիտնականներն ամբողջովին չեն պարզել, թե ինչու են իմպլանտները բարձրացնում անապլաստիկ խոշոր-բջջային լիմֆոմայի առաջացման ռիսկը: Բայց մի բանում նրանք վստահ են, որ իմպլանտ կրող այն կանանց, ում մոտ հայտնաբերվել է լիմֆոմայի այդ տեսակը, 95% դեպքերում առկա են եղել այսպես կոչված textured (անհարթ մակերեսով) իմպլանտներ:

Ե՛վ հարթ, և՛ անհարթ մակերեսով իմպլանտները լայնորեն օգտագործվում են կրծքագեղձերի թե՛ էսթետիկ, թե՛ վերականգնողական վիրահատությունների ժամանակ: Անհարթ մակերեսով իմպլանտներն ավելի քիչ շարժուն են և էսթետիկ ավելի լավ արդյունք են ապահովում, սակայն գիտնականները կարծում են, որ անհարթ մակերեսով իմպլանտները կարող են գրգռել որոշ կանանց իմունային համակարգը և լիմֆոմայի զարգացման պատճառ դառնալ:

Ովքե՞ր են ռիսկի խմբում։

Անապլաստիկ խոշոր-բջջային լիմֆոման բավականին հազվադեպ հանդիպող հիվանդություն է: Անգամ եթե իմպլանտ եք կրում, լիմֆոմայի այդ տեսակով հիվանդանալու ռիսկը շատ ու շատ ցածր է: Գիտնականները կարծում են, որ իմպլանտ կամ սիլիկոնե էքսպանդեր կրող 50,000 կանանցից միայն մեկը կհիվանդանա անապլաստիկ խոշոր-բջջային լիմֆոմայով:

Ի՞նչ է պետք անել, եթե կրում եք սիլիկոնե իմպլանտ։

Խոսեք Ձեր բժշկի հետ: Գիտնականների մեծ մասը խորհուրդ չի տալիս հեռացնել անհարթ մակերեսով սիլիկոնե իմպլանտները, որոնք լիմֆոմայի առաջացման ռիսկն են բարձրացնում: Բայց, այնուամենայնիվ, եթե անհանգիստ եք, խոսեք Ձեր բժշկի հետ:

Կարևոր է հետևել անապլաստիկ խոշոր-բջջային լիմֆոմայի արտասովոր նշաններին: Դրանք կարող են ի հայտ գալ մարմնի ցանկաված մասում, բայց ամենից հաճախ առաջանում են վիրահատված կրծքագեղձերի սպիի շրջանում:

Կանոնավոր ստուգե՛ք Ձեր կուրծքը` հայտնաբերելու հետևյալ խնդիրները`

   * Նոր գոյացությունների առկայություն

   * Կրծքագեղձի պնդացումներ կամ դեֆորմացիա

   * Մշտական կամ անցողիկ քրոնիկ ցավ իմպլանտով կրծքագեղձի շրջանում

   * Մաշկի ցան այդ շրջանում

   * Սպիի ձևափոխում

Նաև ուշադրություն դարձրեք`

   * Իմպլանտի շուրջ հավաքված հեղուկին

   * Մազաթափությանը

   * Քաշի զգալի կորստին

Սակայն այս ախտանշաններն ավելի հաճախ այլ խնդիրների հետևանք կարող են լինել և բնորոշ չեն միայն լիմֆոմայի այդ տեսակին: Այդ իսկ պատճառով փոփոխություն տեսնելիս անհրաժեշտ է դիմել բժշկի: Վաղ բուժման մեջ է մտնում իմպլանտի և շրջակա հյուսվածքի անմիջապես հեռացումը։

Search

+