Ինչու են կարևոր կանխարգելիչ հետազոտությունները
Կարևորելով կրծքագեղձի կանխարգելիչ հետազոտությունները՝ աշխարհի տարբեր երկրներում կարելի է հանդիպել այնպիսի մի երևույթ, երբ ապահովագրական ընկերությունն ըստ իր քաղաքականության և կնքած ապահովագրական պայմանագրի կնոջը մերժում է ամբողջովին հոգալ կրծքագեղձի քաղցկեղի բուժման ծախսերը, եթե կինը չի այցելել կրծքագեղձի մասնագետին ըստ սահմանված ժամանակացույցի: Անգամ կան հիմնարկներ, որտեղ աշխատանքային պայմանագրի որոշ դրույթներ, սպառնալով աշխատավարձի ուշացմամբ, ստիպում են կնոջն այցելել կրծքագեղձի մասնագետին` համաձայն սահմանված ժամանակացույցի:
Բազմիցս նշվել է, որ կրծքագեղձի քաղցկեղից պաշտպանվելու ամենաարդյունավետ ձևն այն վաղ փուլում հայտնաբերելն է: Այդ նպատակով մշակվել է հատուկ էլեկտրոնային ծրագիր, որը Ձեր պարբերական հետազոտման վերաբերյալ հիշեցում և ուղղորդում կապահովի, եթե ծրագրում նախապես մուտքագրեք Ձեր տվյալները և պատասխանեք մի շարք հարցերի: Մենք ջանքեր չենք խնայում՝ հնարավորինս իրազեկելով մեր հասարակությանը և հասանելի դարձնելով հիշեցումները պրոֆիլակտիկ հետազոտությունների մասին:
Ժամանակ գտե´ք և հետազոտվե´ք:
Ինչպես է գործում «Կանխարգելում» էլեկտրոնային ծրագիրը
«Առողջ կրծքագեղձ» նախագծի «Կանխարգելում» էլեկտրոնային ծրագիրը մշակելիս՝ հաշվի են առնվել եվրոպական և ամերիկյան ժամանակակից մասնագիտական ուղեցույցներն ու խորհուրդները, որոնք հստակ նշում են, թե կինը որ դեպքերում և ինչ հաճախականությամբ պետք է հետազոտվի կրծքագեղձի մասնագետի մոտ, որպեսզի ինքն իրեն ապահովի կրծքագեղձում վտանգավոր փոփոխությունների բացթողումից կամ ուշացած հայտնաբերումից:
«Կանխարգելում» էլեկտրոնային ծրագրում Ձեր կողմից լրացված հարցաշարի արդյունքների հիման վրա Դուք հրավիրվում եք կրծքագեղձի առաջին կանխարգելիչ հետազոտության, որից հետո պարբերաբար (3, 6, 12, 24, կամ 36 ամիսը մեկ անգամ) կստանաք հերթական այցի ուղեգիր-հրավերը: Հիշեցում-հաղորդագրությունները կստանաք էլեկտրոնային փոստով: Ուղեգիր-հրավեր ստանալու հաճախականությունը կախված է հարցաշարում Ձեր լրացված պատասխաններից, քանի որ դրանց հիման վրա է հաշվարկվում կրծքագեղձում վտանգավոր փոփոխությունների զարգացման ռիսկը: Հնարավոր է, որ որոշ տվյալներ լրացվեն բժշկի կողմից այցի ժամանակ, ինչն էլ ավելի ճշգրիտ կդարձնի առանձին դեպքերի հաշվարկը: Հետագա տարիների ընթացքում Ձեզ ուղարկվող հիշեցում-հաղորդագրությունները կլինեն դինամիկ և կփոփոխվեն՝ հաշվի առնելով Ձեր տարիքը ու նախորդ հետազոտությունների արդյունքները: