ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
- Ամսաթիվ 14 Jun 2022
- Տեսակ Ընթացիկ ծրագրեր
ԱՅՍ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Կրծքագեղձի առողջության մասին իրազեկման սեմինար ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցների համար
2017թ. հոկտեմբերի 24-ին «Հենարան» հիմնադրամը, որի ընթացիկ ծրագրերի շարքին է պատկանում «Առողջ կրծքագեղձ» նախագիծը, կրծքագեղձի առողջության մասին իրազեկման սեմինար էր կազմակերպել ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցների համար։ Սեմինարը կազմակերպվել է «Հենարան» հիմնադրամի և Հայաստանում գործող խոշոր գործատուների միջև երկուստեք շահավետ համագործակցութjան և Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) շրջանակներում։ Սեմինարի նպատակն էր նպաստել ուռուցքային հիվանդությունների, տվյալ դեպքում՝ կրծքագեղձի քաղցկեղի և դրա հնարավոր կանխարգելման մասին հանրային իրազեկվածության բարձրացմանը, ինչը հանդիսանում է «Հենարան» հիմնադրամի գործունեության ուղղություններից մեկը։
Լսարանի ուշադրությանը ներկայացվեց կրծքագեղձի մասին հավաստի տեղեկատվությամբ www.breast.am հայալեզու կայքը, կրծքագեղձի քաղցկեղի ռիսկի աստիճանի առցանց հաշվիչը, ինչպես նաև «Առողջ կրծքագեղձ» նախագծի BreastAM-Breast Health Project in Armenia ալիքը Youtube-ում։ Սեմինարն անցավ շատ դրական մթնոլորտում, լսարանն ակտիվ էր և մեծ հետաքրքրությամբ էր ընդունում մատուցվող տեղեկատվությունը։ Ի լրումն բժշիկ Ավետիսյանի ելույթին սեմինարի ընթացքում ցուցադրվեցին իրազեկման տեսահոլովակներ և տրամադրվեցին տեղեկատվական թերթիկներ։ Հնչեցին ընդհանուր և անհատական բնույթի բազմաթիվ հարցեր, իսկ լսարանի անմիջական ներգրավվածությունից և արձագանքից ակնհայտ էր, որ նման սեմինարի կազմակերպումը ողջունելի է նրանց կողմից։
Շնորհակալություն ենք հայտնում ՎիվաՍել-ՄՏՍ-ի ղեկավարությանն արդյունավետ համագործակցության համար: «ՀԵՆԱՐԱՆ» հիմնադրամն իր պատրաստակամությունն է հայտնում նպաստել և հնարավորինս աջակցել ձևավորվող գործընկերությանը, ինչպես նաև ակտիվորեն մասնակցել ոլորտային բարեփոխումներին՝ կարևորելով Հայաստանում գործատուների և ՀԿ-ների սերտ համագործակցությունը ԿՍՊ-ի շրջանակներում: