ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
- Ամսաթիվ 14 Jun 2022
- Տեսակ ՄԻ ԿՆՈՋ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
ԱՅՍ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
ՔԱՂՑԿԵՂԸ ԴԱՏԱՎՃԻՌ ՉԷ:
Գաղտնիք չէ` մարդկության համար ինչպիսի չարիք է դարձել «քաղցկեղ» կոչվող նենգ հիվանդությունը: Գաղտնիք չէ նաև, որ մասնավորապես Հայաստանում համեմատաբար ավելի դժվար է այդ հիվանդության դեմ պայքարելն ու այն հաղթահարելը` կապված երկրի սոցիալական վիճակի, ազգային առանձնահատկությունների, հայ կնոջ կերպարի հետ:
Ես Սուսաննան եմ, 46 տարեկան:
Տասը տարվա անպտղությունից հետո Աստծո կամոք եռյակ տղաների մայր դարձած` հազիվ էի սկսել վայելել կյանքի իսկական բերկրանքը, երբ 2011թ. դեկտեմբերին ինձ մոտ ախտորոշվեց կրծքագեղձի ծանր տեսակի քաղցկեղ:
Դա մի սովորական օր էր` իր նույն հոգսերով, երբ երեկոյան`քնելուց առաջ, կրծքումս պատահաբար շոշափեցի անսովոր գոյացություն: Բնականաբար վախեցա, հուզվեցի ու, չգիտեմ ինչու, վստահ էի, որ վաղն ինձ ծանր ախտորոշում է սպասվում: Ցավոք, տագնապս անտեղի չէր:
Ուռուցքի տեսակով և առանձնահատկություններով պայմանավորված` հիվանդության դրական ելքը թվում էր անհնարին: Չեմ ուզում նկարագրել, թե որքան սոսկալի էր բուժման անվերջ թվացող մեկուկես տարին: Թերևս դժվար է հավատալ, բայց երկարատև և համառ պայքարի շնորհիվ ինձ հաջողվեց հաղթահարել ի սկզբանե անբուժելի թվացող հիվանդությունը: Այսօր ես Ձեր կողքին եմ`ժպտուն, եռանդով լեցուն մի կին, ում համար «դարի չարիքը» հաղթահարելու համառ պայքարը հետագա անելիքների շարքում առաջնային տեղ է զբաղեցնում: Ուրախությամբ եմ նշում, որ երիտասարդ բժիշկ-նվիրյալների մասնագիտական և սոցիալական ակտիվ գործունեության շնորհիվ` հանձինս Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն, գլխավոր բժիշկ Արթուր Ավետիսյանի, ում անմիջական ջանքերով ՀՀ-ում հիմնվեց «Եվրոպա Դոննա Արմենիա» պացիենտական կազմակերպությունը, կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարում դրական փոփոխությունները դառնում են նկատելի:
Հարգելի՛ կանայք, պետք չէ վախենալ կամ ամաչել «կրծքագեղձի քաղցկեղ» խնդրի մասին բարձրաձայնելուց: Կոչ եմ անում միավորվել, միասին պայքարել և մեր փորձով օգնել այն կանանց, ովքեր ունեն մեր կարիքը: Հենց այս նպատակն է հետապնդում «Եվրոպա Դոննա Արմենիա» պացիենտական կազմակերպությունը https://www.facebook.com/pages/EuropaDonna-Armenia/1609576535920840:
Ես գիտեմ, որ հայ կինը անձնվիրաբար ու մեծագույն սիրով ստորադասում է իր շահերը ընտանիքի անդամների բարօրության համար: Հասկանում եմ նաև, որ մեր օրերում դժվար է առաջացած բազմաթիվ խնդիրները լուծելուց զատ փորձել մտածել դեռևս չառաջացածների մասին ու, ինչպես շատերին է թվում, «անիմաստ» գումար հատկացնել: Ես հավատում եմ, որ մի օր մեր երկրի առողջապահական համակարգը կդառնա այնպիսին, որ յուրաքանչյուր կին պարտադիր կանխարգելիչ ստուգումներ անցնելու հրավեր կստանա: Բայց քանի դեռ այդպես չէ, տարեկան գոնե մեկ անգամ ժամանակ ու հնարավորություն գտե՛ք բժշկի այցելելու, քանի որ հիվանդության ուշ հայտնաբերման դեպքում հետագա պայքարը մի քանի տասնյակ անգամ ավելի է դժվարանում, և նույնքան էլ իջնում է հիվանդությունը հաղթահարելու հավանականությունը: Ես իմ անտարբերությամբ իմ ընտանիքին պատճառել եմ այդ ցավը, որը բառերով անհնար է նկարագրել:
Եկե՛ք գործի դնենք ամեն հնարավորը (լինի դա սոցիալական ցանցերի օգնությամբ, հարց ու պատասխանով, թե բժշկի այցելելով)` փորձելով մեր հասարակության շրջանում ձևավորել առողջության պահպանման մշակույթ, բարձրացնել կանանց հավատն առ այն, որ կրծքագեղձի քաղցկեղը դեռևս դատավճիռ չէ:
Ես` որպես կրծքագեղձի քաղցկեղի հաղթահարման դժվարին փորձությունն անցած կին, վստահեցնում եմ, որ մեր օրերում հաղթահարելի հիվանդություն է ժամանակին հայտնաբերված քաղցկեղը, իսկ դրա համար անհրաժեշտ է հարգանք սեփական առողջության հանդեպ, կամքի ուժ և ներքին հավատ:
Հարգանքով` Սուսաննա