ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
- Ամսաթիվ 14 Jun 2022
- Տեսակ ՄԻ ԿՆՈՋ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
ԱՅՍ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Ես երիտասարդ, կենսուրախ, ակտիվ 43 տարեկան կին եմ, ամբողջ կյանքում վարել եմ ակտիվ սպորտային կյանք, հետևել սննդակարգին, մի խոսքով, վարել առողջ ապրելակերպ։
Նախկինում չէի հանդիպել որևէ մեկի, որ ունեցել էր կրծքագեղձի քաղցքեղ։ Մի երեկո ցնցուղ ընդունելիս կրծքում տարօրինակ զգացում ունեցա, մաշկս այնպես էր կարմրել, ասես տաք արդուկով վառված լիներ։ Մարմինս ահազանգում էր։ Անհապաղ բժշկի մոտ այցի գրանցվեցի։ Մտքովս ցանկացած բան անցնում էր բացի քաղցքեղից, նույնիսկ հետազոտող բժիշկն ասաց, որ անհանգստանալու ոչինչ չկա, հավանաբար բարորակ գոյացություն է, քանի որ նշաններն ու ցավը շատ վառ էին արտահայտված։ Առաջին ուլտրաձայնային հետազոտությունը ցույց տվեց չարորակ նորագոյացության 2% հավանականություն, մինչդեռ երկրորդ և երրորդ հետազոտություններն ու համակարգչային տոմոգրաֆիան հավանականության ցուցիչը բարձրացրեցին 70% և անհրաժեշտություն առաջացավ կատարել նմուշառում (բիոպսիա)։ Այս ողջ ընթացքում ես վստահ էի, որ ոչ մի խնդիր չի կարող լինել ու նույնիսկ հարազատներիս հետ չէի կիսվել։ Նշեմ, որ այս դեպքից առաջ ավելի քանի երեք տարի Հայաստանում չէի, ապրում և աշխատում էի արտերկրում, որտեղ նմուշառումը կատարում են երեք օրում՝ ամբուլատոր պայմաններում, որն ուղեկցվում է տարատեսակ հետազոտություններով, իսկ նմուշի պատասխանը հնարավոր է ստանալ մեկ ժամվա ընթացքում, բայց քիմիակենսաբանական նկարագիրը տրամադրվում է երկու շաբաթից։ Երբ նմուշը վերցնելուց հետո մեկ ժամն անցավ ու պատասխանը չկար, արդեն հասկացա, որ իրավիճակը լրջանում է ու թեև ամբողջ էությամբ չէի կարողանում հավատալ, որոշեցի, որ պետք է լրջանալ ու ընդունել մարտահրավերը։ Ամեն ինչ պարզ դարձավ, երբ հարկի ողջ բուժանձնակազմը մտավ հիվանդասենյակս՝ վատ լուրն ինձ հաղորդելու, քանի որ հետազոտության պատասխանն ակնհայտ էր։ Ժպիտը դեմքիս ասացի, որ մարտահրավերն ընդունված է։
Բավականին բան կար անելու:
Պետք է որոշում կայացնեի՝ վերադառնալ, թե տվյալ երկրում բուժումն անցնել։ Անհրաժեշտ էր գործատուի հետ պայմանավորվել ու պայմանագիրը ժամկետինց շուտ ընդհատել, նաև վարձակալած բնակարանի տիրոջ հետ խոսել, գործընկերներիս ու ընկերներիս հրաժեշտ տալ, տոմս գնել։ Պետք է նախապատրաստեի ընտանիքիս անդամներին, մտածեի, թե հապճեպ վերադառնալս ինչպես եմ ներկայացնելու հարազատներիս։
Կենտրոնացել էի անելիքներիս վրա։
Շաբաթ կեսօրին ինքնաթիռը վայրեջք կատարեց, ու ես հասկացա, որ տանն եմ, որ ապահով ձեռքերում եմ։
Երկուշաբթի առավոտյան արդեն բժշկի՝ Արթուր Ավետիսյանի ընդունարանում էի, նշանակվեցին անհրաժեշտ հետազոտություններն ու բուժման ծրագիրը, նպատակը՝ փրկել կյանքս ու կուրծքս։
Մարդ, որն ամբողջ կյանքում սնունդ գնելիս, հագուստ, նույնիսկ օծանելիք ու շպարի միջոցներ ընտրելիս կարդում ու հետազոտում էր պիտակը, որ ամեն ինչ հնարավորինս բնական լինի, մարդ, որը Coca Cola-ն խմում էր տարին մեկ անգամ՝ ամանորին, մարդ, որը հիվանդանալիս միշտ ընտրում էր ապաքինման բնական միջոցները, հնարավորինս խուսափում էր դեղորայքից, մարդ, որը գերադասում էր գլխացավը մեկ հաբ ցավազրկողից, նստել էր քիմիաթերապևտի սենյակում, ուսումնասիրում էր անծանոթ քիմիական տարրերով սխեմաներ, որը պետք է ընդունի․ ծուռ հայելիների աշխարհ։
Ամենադժվարը բուժման ընթացքում ի հայտ եկող արտաքին փոփոխություններն էին, որոնց պատրաստ չէի։ Տարբեր՝ մեկը մյուսից սարսափելի մտքեր էին առաջ գալիս։
Սառեցնող գլխարկն իմ դեպքում չաշխատեց, քիմիաթերապիան սկսելուց մեկ ամիս չանցած կեղծամի անհրաժեշտություն զգացվեց։ Սա ինձ համար ամենասարսափելին էր, ոչ մի կերպ չէի կարողանում հարմարվել իմ նոր արտաքինին, ողջ ընթացքում նույնիսկ հայելու մեջ չեմ նայել։ Իմ անձնական ամենամեծ բարդույթն էր։ Իրականում հասկանում եմ, որ մարդ պետք է իրեն սիրի նույնիսկ այն դեպքում, երբ իր մասին ունեցած սեփական պատկերացումները չեն համապատասխանում իրականությանը։ Ավելին, նման իրավիճակում քեզ ավելի շատ պետք է սիրես, քանի որ այդ դժվարին ճանապարհին հենց սիրո ու հոգատարության դերը շատ մեծ ու էական է, ու առաջին մարդը, ում սերն ու հոգատարությունը ամենակարևորն է՝ հենց ԴՈւ ես։ Իմ դեպքում՝ իմ սերը իմ անձի նկատմամբ անաչառ չէր, ի տարբերություն ինձ շրջապատող մարդկանց, որն էլ իմ փրկողակը եղավ, ես ինձ սիրում էի որոշակի պայմաններով՝ արտաքին, ձեռքբերումներ, ուժի ու կամքի դրսևորումներ և այլն, իսկ ինձ շրջապատող մարդիկ, ի զարմանս ինձ, անկախ արտաքինիցս ու ֆիզիկական թուլությունից, պատրաստ էին հոգ տանել այն պարագայում, երբ ես ինքս ինձնից հրաժարվել էի։
Քաղցքեղը միայնակ հաղթահարելը չափից ավելի դժվար է, հարազատների հոգատարությունն ու սերը ապաքինվելու թիվ մեկ գրավականն է։ Այս դժվար ճանապարհը ոչ ոք (հիմնականում) չի անցնում միայնակ, ձեզնից ու ձեզ շրջապատող մարդկանցից է կախված, թե ինչ արդյունք կունենաք։ Պետք է համբերատար ու հոգատար լինել թե՛ սեփական անձի նկատմամբ, թե՛ ձեզ շրջապատող հարազատների նկատմամբ, որովհետև փորձությունների ալեկոծված օվկիանոսում միևնույն նավակում եք։
Քիմիաթերապիայի ծանր ու դժվար ամիսներն արդյունք տվեցին՝ չարորակ նորագոյացությունը նահանջել էր, սակայն կարիք կար վերացնել անգամ աննշան հետքերը։ Վիրահատությունը ևս մի փորձություն էր, որը պետք էր անցնել։ Այս ճանապարհին ինձ ուղեկցում էին բանիմաց ու հոգատար վիրահատող բժիշկներն ու անձնակազմը։ Իմ ձեռքը ամուր բռնել ու հոգատար ուղեկցում էին Ա․Ավետիսյանն ու Ա․Գյունաշյանը, երեքս էլ մեկ ընդհանուր նպատակ ունեինք՝ փոթորկված օվկիանոսում հայտնված նավը հասցնել հորիզոնում ուրվագծվող ափ՝ հնարավորինս նվազագույն շեղումներով ու կորուստներով։ Միայն ու միայն երախտագիտության խոսքեր։
Բուժման ընթացքում ժամանակը շատ դանդաղ է անցնում։ Համբերատարությունը սկսում է զիջումների գնալ, այս դժվարությունն ինձ օգնեց հաղթահարել հետհաշվարկը։
Արդեն մի քանի ամիս է հրաժարվել եմ կեղծծամից, սկսել եմ մարզումներս, մասնակցում եմ արշավների, մասնագիտական հեռահար մի քանի կուրս եմ ավարտել, աշխատանքային հարցազրույցները դրական արդյունք տվեցին, ունեմ աշխատանքի երկու առաջարկ։ Որոշել եմ երկուսն էլ ընդունել ու համատեղել։
Հայելու իմ արտացոլանքի հետ ընկերություն եմ անում, նոր ոճեր փորձում։ Ունեմ նոր ծրագրեր։ Գրեթե մոռացել եմ նախորդող մեկ տարին, որն անվերջանալի էր թվում։
Ցավոք սրտի դժվար է ապահովագրվել չարորակ նորագոյացությունից, այն ժամանակակից ամենատարածված հիվանդությունն է։ Թե՛ առողջ ապրելակերպը, թե՛ ակտիվ կենսակերպը չեն բացառում նորագոյացության ի հայտ գալը, բայց ավելացնում են այն առավել անվնաս հաղթահարելու հավանականությունը։
Ճանապարհը դժվար է, սակայն հաղթահարելի, այն միայնակ չեն անցնում։ Շատ կարևոր է ընտանիքի անդամների ու հարազատների հոգատարությունը, բանիմաց ու սրտացավ բուժող անձնակազմը։ Սակայն ճանապարհը պետք է հաղթահարել, ու ձեր կողմից ամեն ինչ պետք է անեք, որ մի կողմից ընտանիքի անդամների, մյուս կողմից բուժող անձնակազմի ձեռքը ամուր բռնեք։
Քանի որ ես երկար ժամանակ աշխատել ու բնակվել էի արտասահմանում, ինձ համար հեշտ էր պահպանել հիվանդության գաղտնիությունը, որի մասին տեղյակ էին միայն ընտանիքիս անդամները, ես որոշեցի չբարձրաձայնել հիվանդության մասին։ Գաղտնի պահեցի թե՛ ընկերներիցս, թե՛ ազգականներիցս, թե՛ հարևաններից ու գործընկերներիցս, որովհետև եթե անգամ ես մոռացության տամ կատարվածը, ապա ինձ շրջապատող մարդիկ հիշելու են, իսկ ես ցանկանում եմ խուսափել նման հիշողություններից։
Շատ հավանական է, որ ես սխալվում եմ։ Շատ հավանական է, որ այլ փորձ ունեցողներ կան, բայց սա իմ ընտրությունն է ու իմ որոշումը։
Ապաքինվելուց հետո ցանկություն ունեմ վերադառնալ առօրյանին, մոռանալ ու հիշողությունից ջնջել այն ամենը, ինչի միջով անցա։ Այս փորձից վերցնելով միայն ամենակարևորը՝ կյանքի արժևորումը, դասը, որն ինձ շատ բան սովորեցրեց։