Համագործակցություն բժիշկ-լիմֆոլոգ Օլիվեր Գյուլտիկի հետ

ՄԵՐ ՀՅՈՒՐՆ ԷՐ ԳԵՐՄԱՆԱՑԻ ՆՇԱՆԱՎՈՐ ԲԺԻՇԿ-ԼԻՄՖՈԼՈԳ ՕԼԻՎԵՐ ԳՅՈՒԼՏԻԿԸ

«Առողջ կրծքագեղձ» նախագիծը, հավատարիմ մնալով իր առաքելությանն ու գործունեության ընդլայնման սկզբունքին, 2016թ. հունվարին հյուրընկալեց Գերմանիայից ժամանած նշանավոր բժիշկ–լիմֆոլոգ Օլիվեր Գյուլտիկին:

Կրծքագեղձի քաղցկեղի բուժման ժամանակ երբեմն հարկ է լինում հեռացնել թևատակի բոլոր (կամ միայն «պահակային») ավշային հանգույցները: Ըստ համաշխարհային գրականության, նման վիրահատություններից հետո մոտ 30-40% դեպքերում կարող է զարգանալ ձեռքի հետվիրահատական այտուց (տե՛ս նկարում): Այն երբեմն կարող է արտահայտված լինել և լուրջ անհանգստության պատճառ դառնալ, մինչև անգամ հանգեցնել հաշմանդամության: Այս տեսակ այտուցները բավական համառ ընթացք են ունենում և շատ դժվար են ենթարկվում բուժման:

Նման այտուցների բուժման ժամանակակից մեթոդներից է Գերմանիայի լիմֆոլոգիայի վերապատրաստման կենտրոնի տնօրեն Օլիվեր Գյուլտիկի կողմից առաջարկված մեթոդը: Այն կոչվում է «մանուալ լիմֆդրենաժ», որն իրենից ներկայացնում է հատուկ մերսման եղանակ և ունի բարձր արդյունավետություն: «Առողջ կրծքագեղձ» նախագծի և Օլիվեր Գյուլտիկի հետ համագործակցության շրջանակում անցկացվեց ուսուցողական սեմինար, որի ընթացքում գերմանացի բժիշկը խորհրդատվություն անցկացրեց մի շարք հիվանդների հետ, ապա անձամբ սկսեց նրանց բուժումը: «Առողջ կրծքագեղձ» նախագիծը պայմանավորվածություն է ձեռք բերել Օլիվեր Գյուլտիկի հետ Հայաստանից մի քանի մասնագետի վերապատրաստման վերաբերյալ, ինչը թույլ կտա մեր իսկ ուժերով օգնել կրծքագեղձի հետվիրահատական այտուցներից տառապող հիվանդներին:

Search

+