Կրծքագեղձի քաղցկեղ: Ինչպես են վիրահատում
Կրծքագեղձի քաղցկեղի բուժման հարցում թե՛ պատմականորեն, և թե՛ ժամանակակից բժշկագիտության շրջանում առայժմ, որպես հիմնական մեթոդ, եղել և մնում է վիրահատական միջամտությունը: Ժամանակի ընթացքում ավելացել են քիմիաթերապիան, հորմոնալ թերապիան, ճառագայթային բուժումը և այլն: Շնորհիվ բուժման նոր մեթոդների զարգացման և քաղցկեղի զարգացման նոր տեսությունների բավականին մեծ փոփոխություններ են տեղի ունեցել վիրաբուժական մեթոդների առումով. գնալով նվազագույնի են հասցվում վիրահատության ծավալները՝ ըստ անհրաժեշտության: Անցյալում կար թյուր կարծիք, ըստ որի՝ անկախ ուռուցքի չափսերից՝ որքան ավելի մեծ տրամագծով հեռացվեն հյուսվածքները, այնքան հիվանդության բուժման արդյունքներն ավելի հաջող կլինեն:
Վիրահատության ծավալը որոշելիս՝ պետք է հաշվի առնել կրծքագեղձի և ուռուցքի չափերը, երբեմն նաև՝ կրծքագեղձի մեջ ուռուցքի տեղակայումը: Ապացուցողական բժշկությունը, որը ներառում է բազմաթիվ բժիշկների և կլինիկաների փորձի ամփոփումը, եկել է այն եզրահանգման, որ կրծքագեղձն ամբողջությամբ հեռացնելը չի բարելավում բուժման արդյունքները (եթե, իհարկե, դրա համար չկան խիստ ցուցումներ, օրինակ՝ կրծքագեղձում մի քանի օջախների առկայությունը): Այսօր նախընտրելի է պարզապես հեռացնել ուռուցքը: Մինչև 2.5-3սմ ուռուցքի դեպքում, եթե կուրծքը շատ փոքր չէ, կարելի է կրծքագեղձից հեռացնել միայն գոյացությունը (իհարկե, առողջ հյուսվածքների սահմաններում), իսկ 3սմ-ից ավելի մեծ չափերի դեպքում ցանկալի է իրականացնել նախավիրահատական բուժում՝ քիմիաթերապիայի կամ, ըստ ցուցումների, հորմոնալ թերապիայի միջոցով փոքրացնել ուռուցքը, հասցնել այն հնարավորինս փոքր չափերի, այնուհետև վիրահատել՝ պահպանելով կրծքագեղձը:
Իհարկե, դեղորայքային բուժումից առաջ պետք է ուռուցքի բիոպսիա կատարել, մանրամասն տվյալներ ստանալ դրա մասին՝ ճիշտ բուժում անցկացնելու համար: Լինում են դեպքեր, երբ քիմիաթերապիայի ամբողջ կուրսը հիվանդը ստանում է նախավիրահատական շրջանում, և վիրահատությունից հետո մնում է միայն ճառագայթային բուժումը: Վերջինս շատ կարևոր նշանակություն ունի օրգանպահպան (այսինքն կուրծքը չհեռացնելու) վիրահատությունների դեպքում, քանի որ ամրապնդում է տեղային բուժման արդյունավետությունը: Նշենք նաև, որ վերջերս սկսել ենք իրականացնել ուռուցքի նշագրում միկրոինվազիվ մեթոդով: Այն արվում է նախավիրահատական շրջանում՝ բիոպսիայի ժամանակ, սոնոգրաֆիայի հսկողության տակ: Այսինքն, ուռուցքի եզրերին կամ հենց անմիջապես նրա մեջ դրվում են հատուկ մետաղից փոքրիկ մարկերներ, որոնք հետագայում պարզ երևում են մամոգրաֆիայի ժամանակ: Դա թույլ է տալիս հետևել ուռուցքի չափերի փոփոխվելուն դեղորայքային բուժման ընթացքում: Նույնիսկ եթե ուռուցքն այնքան փոքրանա, որ այլևս չշոշափվի կամ չհայտնաբերվի սոնոգրաֆիայով ու մամոգրաֆիայով, տեղադրված մարկերների շնորհիվ հայտնի է դառնում առաջնային ուռուցքի տեղակայումը: Իսկ սա շատ կարևոր է օրգանպահպան վիրահատության համար: Այս մեթոդը միայն վերջերս ենք սկսել կիրառել Հայաստանում, սակայն ցավոք, առայժմ Հայաստանում դա լայն կիրառություն չի ստացել, մինչդեռ ամբողջ աշխարհում այն լայն տարածում ունի: Վիրահատությունից հետո ստացված արդյունքը հսկողության տակ պահելու նպատակով, սովորաբար, ուռուցքը հեռացնելուն պես այն ուղարկվում է հյուսվածքաբանական հետազոտության՝ պարզելու համար՝ արդյոք ուռուցքի եզրերը «մաքուր» են, այսինքն՝ զերծ են արդյոք ուռուցքային բջիջներից:
Բացի այդ, վերջերս լրացուցիչ ևս մի մեթոդ է կիրառվում. հեռացված ուռուցքի շրջանում տեղադրվում են հատուկ մետաղական ամրակներ, որոնք հետագայում ճառագայթային թերապևտին հստակ ցույց են տալիս ուռուցքի նախկին տեղակայումը: Սա թույլ է տալիս, որ ճառագայթային թերապիան ավելի դիպուկ և նպատակային լինի, և ճառագայթները հասնեն հենց ուռուցքի հեռացված հատվածին՝ հետագայում դրա կրկնվելուց խուսափելու համար:
Կրծքագեղձ
Կրծքագեղձը պահպանելուց բացի կարևոր ենք համարում նաև նրա արտաքին էսթետիկ տեսքի պահպանումը: Օնկոպլաստիկայի օրենքներին հետևելով և պարզապես ճիշտ ու հաճախ ոչ խորամանկ կտրվածքներ կատարելով՝ կարելի է նվազագույնի հասցնել գեղձի դեֆորմացիան, հմտորեն թաքցնել հետվիրահատական սպին:
Ամբողջ աշխարհում և, ցավոք, նաև Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղն ունի երիտասարդացման միտում, այսինքն՝ շատանում են դեպքերը, երբ այդ հիվանդությունը հանդիպում է ավելի երիտասարդ կանանց շրջանում: Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղի դեպքերի մոտ 30%-ը հանդիպում է ռեպրոդուկտիվ, այսինքն՝ ծննդաբերելու հնարավորություն ունեցող տարիքում: Սովորաբար երիտասարդ կինն ավելի ծանր է տանում կրծքագեղձի կորուստը: Այս ամենը հաշվի առնելով՝ առավել շատ է կարևորվում քաղցկեղը բուժել առանց կրծքագեղձի հեռացման: