Ֆիբրոադենոմա
Ֆիբրոադենոմա․ ի՞նչ է դա և ի՞նչ անել։
Ֆիբրոադենոման բարորակ գոյացություն է, որը կազմավորվում է միաժամանակ կրծքագեղձի ինչպես գեղձային, այնպես էլ շարակցական հյուսվածքից: Դրանք կազմում են կրծքագեղձի գոյացությունների 13-15%: Այն ամենից հաճախ հանդիպում է աղջիկների սեռական հասունացման տարիքից մինչև 30 տարեկան ընկած ժամանակահատվածում: Մոտ 60% դեպքերում դրանք շոշափվում են, երբ մեծանում են չափերով: Շոշափելիս նրանք հիմնականում ունեն կլորավուն և հարթ եզրագծեր:
Ֆիբրոադենոմայի ամենաբնորոշ հատկանիշներից է նրա զգալի շարժողականությունը: Շոշափելիս մատերի տակից «փախչելու» հատկության պատճառով ֆիբրոադենոման երբեմն անվանում են «կրծքագեղձի մկնիկ»:
Ֆիբրոադենոման կրծքագեղձում կարող է լինել ինչպես մեկ գոյացության տեսքով, այնպես էլ տասնյակից ավելի:
Ախտորոշման համար անհրաժեշտ է կատարել ուլտրաձայնային հետազոտություն (սոնոգրաֆիա) կամ մամոգրաֆիա (եթե կա ցուցում): Երբեմն կատարվում է նաև բիոպսիա, այսինքն՝ գոյացությունից վերցվում է մի հատված, որն ուղարկվում է հետազոտության մանրադիտակի տակ:
Ֆիբրոադենոման հիվանդի կյանքին վտանգ չի սպառնում: Դրա դեղորայքային բուժումը հազվադեպ է կիրառվում, քանի որ գործնականորեն անօգուտ է: Բուժումը վիրահատական է, սակայն ֆիբրոադենոմաների միայն մեկ երրորդը կարիք ունի հեռացման: Օրինակ՝ բարդ ֆիբրոադենոմաները, մեծ չափսերի կամ ցավոտ ֆիբրոադենոմաները, ֆիլոիդ կամ տերևանման ֆիբրոադենոմաները, շատ հին ֆիբրոադենոմաները, կամ եթե նրանք առաջացել են արդեն 40 տարեկանից հետո: Վիրահատության անհրաժեշտությունը որոշում է բժիշկը: Մնացած դեպքերում բժշկի թույլտվությամբ այն կարելի է միայն հսկել:
10% դեպքերում գոյացությունը կանոնավոր մեծանում է: Գոյացությունը կարող է մեծանալ հղիության ընթացքում կամ տարատեսակ հորմոնալ դեղամիջոց(ներ)ի ընդունման արդյունքում:
Հազվադեպ, բայց ֆիբրոադենոման կարող է փոքրանալ կամ նույնիսկ անհետանալ: Հասարակ ֆիբրոադենոմայի առկայությունը կրծքագեղձի համար վտանգավոր որևէ ռիսկ չի ներկայացնում: Կան հետազոտություններ, ըստ որոնց, այն կանանց մոտ, ովքեր ունեն բազմակի ֆիբրոադենոմաներ կամ բարդ ֆիբրոադենոմաներ (իրենց մեջ կիստոզ ներառուկներով), իրենց կյանքի ընթացքում կրծքագեղձի քաղցկեղի 1.5-2 անգամ ավելի մեծ ռիսկ ունեն: Այստեղ խոսքը չի գնում առկա ֆիբրոադենոմայի չարորակացման, այլ ընդհանրապես, կրծքագեղձի մասին: