Կրծքագեղձի վերականգնողական վիրահատություններ

ԿԱՏԱՐՎԵՑԻՆ ԿՐԾՔԱԳԵՂՁԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2016թ. մայիսի 24-ից հունիսի 10-ը «Առողջ կրծքագեղձ» նախագծի և ամերիկահայ վիրաբույժ Արթուր Սալիբյանի հետ համագործակցության շրջանակներում Ուռուցքաբանության ազգային կենտրոնում կատարվեցին կրծքագեղձի վերականգնողական վիրահատություններ՝ մարմնի սեփական հյուսվածքներից և իմպլանտների կամ էկսպանդերների կիրառմամբ:

Կատարվել են նաև վիրահատություններ, երբ կուրծքը հեռացվում է ենթամաշկային եղանակով, այսինքն՝ պահպանվում են և՛ մաշկը և՛ պտուկը, միաժամանակ հեռացված կրծքագեղձի փոխարեն տեղադրվում է էկսպանդեր: Բժիշկ Սալիբիանի հետ համագործակցությունը թույլ է տվել ընդօրինակել նրա փորձը՝ հարստացնելով սեփականը: Հարկ է նշել, որ կրծքագեղձի քաղցկեղի բուժման համալիր մոտեցման գործում կարևորվում է կնոջ այս օրգանի պահպանումը: Մյուս կողմից, այն կարևորվում է նաև կնոջ հոգեբանական խնդրի հաղթահարման տեսանկյունից, քանի որ հիվանդների մեծամասնության համար կրծքագեղձի կորուստը ոչ միայն համարվում է ֆիզիկական թերություն, այլև դառնում է էմոցիոնալ խանգարումների պատճառ: Կինը գտնում է, որ կրծքագեղձը կորցնելով՝ զրկվում է իր հմայքից, կանացիությունից, սեքսուալությունից, հետևաբար քաղցկեղից բուժվելուց հետո դժվարությամբ է վերադառնում իր նախկին բնականոն կյանքին: Ուռուցքաբան-մամոլոգներն իրենց գործունեության ընթացքում ամեն կերպ փորձում են պահպանել կրծքագեղձը, բայց երբեմն հիվանդի ուշ դիմելիության պատճառով հնարավոր չի լինում պատշաճ բուժում ապահովել (կուրծքը պահպանելով), և ստիպված ենք լինում հեռացնել կրծքագեղձը: Իսկ վերոնշյալ վերականգնողական վիրահատությունների շնորհիվ կրծքագեղձի վերականգնումը հնարավոր է դառնում անմիջապես այն հեռացնելուց հետո (միաժամանակ), ինչպես նաև տարիներ կամ ամիսներ առաջ արդեն իսկ հեռացված կրծքագեղձի վերականգնումը:

Search

+