10 փաստ կրծքագեղձի մասին

Բազմիցս խոսվել է այն մասին, որ ամբողջ աշխարհում հոկտեմբեր ամիսը նշվում է որպես կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիս: Միամսյակի խորհուրդը «կրծքագեղձի քաղցկեղ» խնդրի մասին հանրության իրազեկումն է, որի շրջանակներում իրականացվում են տարբեր միջոցառումներ և ակցիաներ՝ ուղղված այդ հիվանդության վաղ ախտորոշմանը և որակյալ բուժմանը: Կրծքագեղձի քաղցկեղի մասին խոսելիս ցավալիորեն պետք է նշել, որ մեր օրերում նկատվում է այս հիվանդությամբ հիվանդացության աճի և երիտասարդացման միտում: Այնուամենայնիվ, կարևոր է իմանալ, որ կրծքագեղձի պարբերաբար հետազոտությունը թույլ է տալիս բացահայտել խնդիրն ամենավաղ փուլում, ինչն էլ բարձրացնում է լիովին բուժման հավանականությունը:

10 ՓԱՍՏ ԿՐԾՔԱԳԵՂՁԻ ՄԱՍԻՆ

  1. Կանանց մեծամասնության մոտ կրծքագեղձերը տարբեր չափերի են, և, որպես կանոն, ձախ կուրծքը մի փոքր մեծ է աջից: Շատ քիչ կանայք ունեն բացարձակ համաչափ կրծքեր: Մինչև 20% տարբերությունը նորմա է համարվում:
  2. Չարորակ նորագոյացություններից կրծքագեղձի քաղցկեղը՝ որպես մահվան պատճառ, զբաղեցնում է երկրորդ տեղը:
  3. Տղամարդիկ նույնպես հիվանդանում են կրծքի քաղցկեղով, սակայն, ի տարբերություն կանանց, տղամարդկանց մոտ այն 100 անգամ ավելի հազվադեպ է հանդիպում:
  4. Կանայք կարող են նվազեցնել իրենց մոտ կրծքագեղձի քաղցկեղի ռիսկը՝ հետևելով իրենց քաշին, չծխելով, սահմանափակելով ալկոհոլի օգտագործումը, կանոնավոր մարզվելով, հնարավորինս խուսափելով հորմոն-փոխարինող թերապիայից:
  5. Քաղցկեղի ուսումնասիրության միջազգային գործակալության պնդմամբ գիշերային հերթափոխի աշխատանքը բարձրացնում է կրծքագեղձի քաղցկեղի ռիսկը:
  6. Կրծքագեղձի քաղցկեղ ունեցող կանանց 85%-ի դեպքում ընտանիքի պատմության մեջ չի լինում կրծքագեղձի քաղցկեղով հիվանդ:
  7. Կրծքագեղձի քաղցկեղից լիովին բուժված կանայք ավելի շատ են, քան այն դեպքերը, երբ այդ հիվանդությունը դարձել է մահվան պատճառ:
  8. Կանանց 2%-ի մոտ մեկ կուրծքն ունենում է մի քանի պտուկ: Հաճախ կանայք կարծում են, թե դրանք խալեր են:
  9. Կրծքագեղձը «գիրանալու» կամ «նիհարելու» հակում ունի: Ձեռք բերած յուրաքանչյուր ավելորդ կիլոգրամն ավելացնում է կրծքի քաշը մոտ 20 գրամով, և հակառակը:
  10. Կանանց մոտովորապես 60%-ը կրում է սխալ ընտրված չափի կրծկալ:

Ի՞ՆՉ ԳԻՏԵՆՔ ՄԵՆՔ ՄԵՐ ԿՐԾՔԱԳԵՂՁԻ ՄԱՍԻՆ

Կրծքագեղձը ձևափոխված քրտնագեղձ է, որն արտադրում է կաթ։ Կրծքագեղձերը տեղակայված են կրծքային մկանների վրա՝ սովորաբար երկրորդ կողից մինչև վեցերորդը։ 
Հասուն կնոջ կրծքագեղձը բաղկացած է գեղձային հյուսվածքից և այն բաժանող շարակցական ու ճարպային հյուսվածքից։ Կրծքագեղձը պատող մաշկից ներս են գնում շարակցական հյուսվածքի շերտեր, որոնք բաժանում են կրծքագեղձը 15-20 հատվածների։ Հատվածների միջև եղած տարածությունը լցված է ճարպային ցանցաթաղանթով։ Ճարպային հյուսվածքը մեծ ծավալ է կազմում նաև կրծքագեղձի հիմքում, որտեղ այն միանում է կրծքավանդակի պատին։ Ճարպային հյուսվածքը կազմում է բարձիկ, որի վրա հենվում է գեղձը։ Հյուսվածքի ծավալից են կախված կրծքագեղձի ձևն ու չափը։ Կրծքի չափն ու ձևը հիմնականում կախված են դրա հիմքից՝ այսպես կոչված Կուպերյան կապաններից, ինչպես նաև՝ կրծքագեղձի մկաններից։ Պետք է նշել, որ կրծքագեղձի ձևը կախված չէ իր ներքին կառուցվածքից ու ֆունկցիոնալ վիճակից (կաթնարտադրություն)։ Որոշակի հենք է ապահովում նաև մաշկը։

Կրծքագեղձի 15-20 հատվածներից յուրաքանչյուրն իր հերթին բաժանված է ավելի փոքր մասնիկների: Դրանք բաղկացած են ճյուղավորված «խողովակներից», որոնց ծայրին կան միկրոսկոպիկ ալվեոլաներ։ Դրանցում է առաջանում կաթը, որն այնուհետև ծորաններով շարժվում է դեպի պտուկ։ Ընդ որում, յուրաքանչյուր ծորան ունի իր արտաքին բացվածքը (4-18)։

Պտուկը շրջապատող պիգմենտավորված տարածքը (այն կոչվում է ծծակամերձ շրջան կամ արեոլա) ունի մեծ քանակությամբ նյարդային վերջույթներ ու հատուկ մկանային բջիջներ։ Շնորհիվ նյարդային վերջույթների՝ կրծքով կերակրելու շրջանում կրծքագեղձն արձագանքում է հպմանը՝ կաթ արտազատելով։ Նյարդային վերջույթները դարձնում են պտուկը էրոգեն ոլորտ։ Սեռական գրգռվածության ընթացքում մկանային բջիջների կրճատումը բերում է պտուկի ձգվածության։

Search

+