BI-RADS հապավումը եզրակացության մեջ

ՀԱՆԴՒՊԵ ՞Լ ԵՔ ԱՐԴՅՈՔ BI-RADS ՀԱՊԱՎՈՒՄ ԿՐԾՔԱԳԵՂՁԻ ՁԵՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ:

Այսօր կրծքագեղձի հետազոտությունների եզրակացություններում ավելի հաճախ կարելի է հանդիպել BI-RADS դասակարգումը: Վերջերս պացիենտներից հաճախ ենք լսում, որ համացանցում ինֆորմացիա են փնտրել BI-RADS-ի մասին և կարդալով այն անհանգստացել: Ոմանք էլ անգամ առանց որևէ ինֆորմացիա կարդալու ի սկզբանե անհանգստացել են անգլերեն տառերով գրված և “կոդավորած” իրենց “անհասկանալի” այդ եզրակացությունից:

Ցավոք, Սովետական Միության նախկին տարածքում ճառագայթային ախտորոշման ոչ բոլոր բժիշկներն են տիրապետում (կամ ճշգրիտ տիրապետում) այս դասակարգմանը: Նույնը վերաբերում է նաև կրծքագեղձի հիվանդությունների բուժմամբ զբաղվող բժիշկներին: BI-RADS-ը (Breast Imaging Reporting and Data System) թարգմանելով հայերեն՝ կարելի է մեկնաբանել այսպես՝ կրծքագեղձի վիզուալիզացման արձանագրման և մեկնաբանության համակարգ: Համառոտ ձևակերպմամբ՝ BI-RADS-ը հետազոտության եզրահանգման կոդավորման ձև է, որը պետք է կարճ արտացոլի կրծքագեղձում առկա փոփոխությունները:

BI-RADS – 0՝ Կատարված հետազոտության նկարներով հնարավոր չէ գալ միանշանակ եզրահանգման և անհրաժեշտ է կրկնակի, ավելի մանրամասն հետազոտություն: Նման պատասխանն ընդունելի է միայն սկրինինգային հետազոտությունների ժամանակ:

BI-RADS – 1՝ Մամոգրաֆիկ նորմալ պատկեր, այսինքն՝ չկան գոյացություններ, կասկածելի կալցիֆիկատներ, կրծքագեղձի կառուցվածքային փոփոխություններ:

BI-RADS – 2՝ Բարորակ փոփոխություններ: Անհրաժեշտ են պլանային հետազոտություններ:

BI-RADS – 3՝ Ամենայն հավանականությամբ (97-98%) բարորակ գոյացություն: Կրկնակի հետազոտության անհրաժեշտություն 3-6 ամիս անց (ըստ բժշկի ցուցման):

BI-RADS – 4՝ Կասկածվում է չարորակ ուռուցք, անհրաժեշտ է բիոպսիա մորֆոլոգիական քննությամբ՝ ախտորոշումը ճշտելու նպատակով:

BI-RADS – 5՝ Առկա բոլոր փոփոխությունները խոսում են չարորակ ուռուցքի մասին: Անհրաժեշտ է բիոպսիա մորֆոլոգիական քննությամբ՝ բուժման ճիշտ սխեմա ընտրելու համար:

BI-RADS – 6՝ Այս կատեգորիային պատկանում են արդեն իսկ մորֆոլոգիապես հաստատված չարորակ ուռուցք ունեցող պացիենտները: Հաճախ այս կատեգորիան օգտագործվում է քաղցկեղի կրկնություն հայտնաբերելիս՝ բուժումից հետո կամ թերապևտիկ բուժման ընթացքում ուռուցքի փոփոխությունները գնահատելու ժամանակ:

Պետք է նշել, որ շատ կարևոր է ախտորոշում կայացնող բժշկի կողմից BI-RADS կատեգորիայի ճիշտ գնահատումը՝ հիպերդիագնոստիկայից խուսափելու նպատակով, երբ հիվանդն անհիմն դասվում է բարձր կատեգորիայի և ընկնում ավելորդ քաշքշուկի մեջ, կամ հակառակը, երբ իրականում ունենալով ավելի լուրջ խնդիր՝ սխալմամբ դասվում է ցածր կատեգորիայի, ինչն էլ դառնում է թանկարժեք ժամանակի կորստի պատճառ:

Search

+